18:10
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Երջանիկ եմ, որ կարողացել եմ կյանքում իմ արժեքներին եւ սկզբունքներին հավատարիմ ապրել եւ Աստծո առաջ խիղճս մաքուր պահել

2017-03-11 10:38

Հանապազօրյա հացն Աստծո պարգևած այն բարիքն է, որը ստեղծելիս պետք է լցվել մեծ սիրով ու ջերմությամբ, աշխատել առավելագույնս ազնիվ ու արդար` ապահովելով ժողովրդին հայկական, ավանդական, սրբազան հացով:

Այդպիսի գործունեությամբ է զբաղվում ՀՀ հացարտադրության շուկայում առաջատար` «Սևանի հացի գործարան» ՓԲԸ-ի ղեկավար Աշոտ Ավետիսյանը, ով շուրջ 35 տարի է մեծ սիրով ու նվիրումով, բարեխղճությամբ աշխատում է ժողովրդին ամեն օր ապահովել թարմ և որակյալ հացով:

    « Դե Ֆակտո» N 129 (2017թ.)   

-Պարո՛ն Ավետիսյան, հետաքրքիր է իմանալ, թե ինչպես մասնագիտությամբ մաթեմատիկը ներգրավվեց հացարտադրության որոտում, և արդեն 35 տարի է աշխատում է այդ ոլորտում` ղեկավարելով հանրապետությունում առաջատար համարվող «Սևանի հացի գործարան» ՓԲԸ-ն:


-Կարծում եմ` կյանքում ոչինչ պատահական չի լինում, և յուրաքանչյուր մարդ զբաղվում է այն գործով, որն իրեն հոգեհարազատ է` անկախ մասնագիտությունից: Ծնվել եմ Սևանի շրջանի Լճաշեն գյուղում, գերազանցությամբ ավարտել Լճաշենի միջնակարգ դպրոցը` զորակոչվել եմ Սովետական բանակ: Ծառայությունից հետո ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունս սկսել եմ Գազի պետական կոմիտեում` որպես մաթեմատիկ- ծրագրավորող: Երեք տարի այնտեղ աշխատելուց հետո տեղափոխվել եմ հացամթերքների նախարարություն` աշխատելով որպես մատակարարման բաժնի պետ: 1993թ. մինչև օրս, աշխատում եմ Սևանի հացի գործարանում: Սկզբնական շրջանում աշխատել եմ որպես փոխտնօրեն, իսկ վերջին 25 տարիներին ղեկավարում եմ Սևանի հացի գործարանը, 97 տոկոսով ՓԲԸ-ի սեփականատերն եմ:
Պետք է նշեմ, որ մաթեմատիկի տրամաբանությունն ու գիտելիքները մեծապես նպաստել են իմ աշխատանքային հաջողությանը, մշտապես ընթացել եմ ազնիվ, բայց ճիշտ հաշվարկված ուղով: Ինձ երջանիկ մարդ եմ համարում, որ կարողացել եմ կյանքում ապրել իմ արժեքներին և սկզբունքներին հավատարիմ, ստեղծել և ժողովրդին ապահովել հանապազօրյա հացով և Աստծո առաջ խիղճս մաքուր պահել: Դժվար է, բայց ճշմարիտ է այդպես ապրելը:

-Իսկապես, մարդու գոյությունն առանց հացի դժվար է պատկերացնել, և այն ստեղծելու և տարածելու գործում պատասխանատվության չափաբաժինը շատ մեծ է: Քանի՞ մասնաճյուղ ունի գործարանը, հանրապետության ո՞ր քաղաքներում և գյուղերում է տարածվում Սևանի հացը, և ո՞րն եք համարում Սևանի հացի գործարանի արտադրանքի պահանջվածության և հաջողության գրավականը:

-Սևանի հացի գործարանը հանրապետության ամենախոշոր հացարտադրող ընկերությունն է, որն ունի 34 մասնաճյուղ և մատակարարում է Սևան, Գավառ, Դիլիջան, Հրազդան, Երևան քաղաքները` հարակից գյուղերով: Մենք ունենք շուրջ 400 աշխատակից, որոնց մեծամասնությունը պրոֆեսիոնալ հացթուխներ են, իրենց գործի վարպետը: Մենք նաև ստեղծել ենք լավաշի թխման համար նախատեսված հատուկ հոսքագիծ, որի շնորհիվ հաջողվում է կարճ ժամանակում մեծ քանակությամբ և բարձր որակով լավաշ արտադրել` պահպանելով հայկական ավանդական լավաշի համն ու հոտը: Եվ ամենակարևորը` այդ ամենն արվում է մեծ սիրով ու բարեխղճությամբ: Եթե ամփոփեմ, ապա մեր հաջողության գրավականը համերաշխ և արհեստավարժ կոլեկտիվի թիմային աշխատանքի, սիրո ու նվիրումի, արտադրական արդի տեխնոլոգիական միջոցների, որակյալ հումքի (ալյուրի) կիրառումն է և սանիտարահիգիենիկ նորմերի խստիվ պահպանումը:

-Շուկայում մեծ հաջողություն է վայելում հատկապես Սևանի հացի գործարանի լավաշը: Ի՞նչ առավելություններ այն ունի:

-Այո, լավաշը մեծ սեր է վայելում ինչպես մեր հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Դեռևս ԽՍՀՄ ժամանակներում լավաշը մշտապես համարվել է լավագույն հացատեսակը և կազմակերպվող բոլոր մրցույթներում հաղթող է ճանաչվել` արժանանալով ոսկե մեդալի: Այսօր էլ լավաշն ամբողջ աշխարհում հայտի է` որպես ցածր թթվայնությամբ հացատեսակ, որը դյուրամարս է և առողջարար: Եթե հացի մեջ խոնավությունը
40-45 տոկոս է, ապա լավաշի մեջ` 6-10 տոկոս: Այն ավելի շուտ է հագեցնում քաղցի զգացողությունը: Եվ չպետք է մոռանալ, որ լավաշն ավելի մատչելի է իր արժեքով, քան սովորական հացը, ինչը ևս մեկ խթան է, որ ժողովուրդը նախապատվությունը տա լավաշին:
Լավաշի արտադրության մեջ կատարած մեր նորարարության` հատուկ հոսքագծի ստեղծման շնորհիվ` մեզ հաջողվում է արտադրել օրական 700-800 կգ լավաշ, ինչը հնարավորություն է տալիս անընդհատ ընդլայնելու մեր արտադրական ծավալները, բացել նոր մասնաճյուղեր:

Մեր գերնպատակն է, որ հայկական լավաշը բարձր գնահատվի

եւ հայկական բրենդ ճանաչվի ողջ աշխարհի կողմից:

 

-Արտադրության ո՞ր մասն է կազմում լավաշի արտադրությունը, ամսական որքա՞ն հացամթերք է վաճառվում:

-Գործարանի արտադրության շուրջ 65 տոկոսը կազմում է լավաշի արտադրությունը, իսկ մնացած 35-ը` հացատեսակների: Արտադրում ենք շուրջ 60 տեսակի հաց: Պետք է նկատել, որ լավաշի պահանջարկը գնալով աճում է, որին զուգընթաց` մենք ընդլայնում ենք մեր արտադրական ծավալները և մասնաճյուղերի քանակը:
Մեր արտադրանքի 90 տոկոսը սպառվում է Երևանում, հատկապես` ձմռան ամիսներին, քանի որ մարզերում բնակչության մեծամասնությունը զբաղվում է տնային հացաթխմամբ և հաց չի գնում: Մեր մասնաճյուղերից միայն երեքն են մեծ, որոնցում ներդրված է առաքման ծառայությունը, իսկ մնացածը փոքրիկ արտադրություններ են, որոնցում հաճախորդների աչքի առաջ` տեղում, թխվում և վաճառվում է թարմ լավաշ և հաց` տվյալ տարածքի պահանջարկին համապատասխան: Մեր ժողովուրդը սիրում է թարմ, տաք հաց գնել և ճաշակել:

Կյանքում ամեն ինչ անցողիկ է` գումար, պաշտոն, մնայուն են մարդկային

լավ փոխհարաբերությունները, սերն ու հարգանքը:

-Ինչպիսի՞ գնահատականի է արժանացել Սևանի հացի գործարանի լավաշը Հայաստանի սահմաններից դուրս:

-Նախ ուզում եմ նշել, որ մեր արտադրած լավաշը 2013թ.-ի ամենամյա ազգային մրցանակաբաշխությունում, համաժողովրդական քվեարկության արդյունքում, ճանաչվել է լավագույնը և արժանացել «Տարվա լավագույն ավանդական հաց» անվանակարգին:
Հավելեմ նաև, որ Սևանի հացի գործարանի լավաշը բարձր գնահատականի է արժանացել նաև մեր երկրի սահմաններից դուրս, դա է պատճառը, որ մեր կողմից արտադրվող հոսքագծերը բավականին մեծ պահանջարկ ունեն արտաքին շուկայում: Մենք արդեն հոսքագծերի պատրաստման բազում պատվերներ ենք ստացել տարբեր երկրներից: Վերջերս մեկ պատվեր իրականացրեցինք Գերմանիայի համար:
Մեր ցանկությունն է` գերնպատակը, որ հայկական լավաշը տարածվի ողջ աշխարհում, գնահատվի և պաշտոնապես հայկական բրենդ ճանաչվի ողջ աշխարհի կողմից:

-Պարո՛ն Ավետիսյան, ի՞նչ կարևորություն ունեն Ձեզ համար պարգևատրումները:

-Կարծում եմ` սիրով և պատասխանատվությամբ կատարված աշխատանքը մշտապես բարձր է գնահատվում: Գործարար նոր կապերի ստեղծման, սպառողին մեր տեսականին ներկայացնելու նպատակով Սևանի հացի գործարանը պարբերաբար մասնակցում է սննդարդյունաբերական ցուցահանդեսների, մասնավորապես` արդեն մի քանի տարի է, ինչ գործարանը մասնակցում է ArmProdEXPO սննդարդյունաբերական մասնագիտացված ցուցահանդեսին: Ցուցահանդեսում` որպես տեղական շուկայում լավագույն հացամթերք արտադրող ընկերություն, Սևանի հացի գործարանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից պարգևատրվեց ոսկե մեդալով: 2015թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի «Մերկուրի» մրցանակաբաշխության ընթացքում Սևանի հացի գործարանը գրանցեց հերթական հաղթական ձեռքբերումը: Ոսկե մեդալով պարգևատրվել ենք նաև ՀՀ բնապահպանության նախարարության կողմից:

-Հետաքրքիր է, Ձեր աշխատողների մեծամասնությունը սևանցինե՞ր են, և Ձեզ համար ավելի հեշտ է սևանցիների՞ հետ աշխատել, թե՞, օրինակ, երևանցիների:

-Անկեղծորեն պետք է ասեմ, որ սևանցիներին շատ եմ սիրում, քանի որ մենք նույն տարածաշրջանում մեծացած մարդիկ ենք և իրար շատ լավ ենք հասկանում: Բացի այդ` սևանցիներն աշխատասեր, հյուրասեր, ազնիվ, ինտելեկտուալ, Սևանա լճի նման պարզ ու թափանցիկ մարդիկ են, նրանց հետ շփվելն ու աշխատելը պարզապես հաճույք է:
Իմ աշխատանքային կոլեկտիվի մեծամասնությունը սևանցիներ են, և մենք երկար տարիներ միմյանց հետ հաշտ ու համերաշխ աշխատում ենք: Բնականաբար, ինձ համար նրանց հետ աշխատելն ավելի հեշտ է, սակայն մենք հաջողությամբ մեր կոլեկտիվ ենք ներգրավում նաև այլ մարզերի ու բնակավայրերի մարդկանց, երևանցիներին և շարունակում ենք նրանց հետ ևս արդյունավետ աշխատել:

 

Ինչպես ընտանիքում, այնպես էլ պետության ներսում,

պետք է տիրի սիրո եւ համերաշխության մթնոլորտ:


-Դուք այնքան սիրով ու նվիրվածությամբ եք վերաբերում սևանցիներին, այնքան ջերմ հարաբերություններ ունեք նրանց հետ, որ դարձել եք նրանց հոգսերն ու խնդիրները կիսող անձ, ձեռք բերել բարեգործի համբավ: Կպատմե՞ք այդ մասին:

-Իսկապես այդպես է, ես չեմ կարող անտարբեր գտնվել որևէ մեկի նկատմամբ, ով խնդիր ունի և դիմում է ինձ օգնության համար: Ես մշտապես ձգտում եմ իմ խղճի հետ հաշտ ապրել, և եթե կարողանում եմ իմ համեստ միջոցներով օգտակար լինել նրանց, ապա անում եմ դա: Երևի թե դա է նաև պատճառը, որ նրանք մեծ հարգանք և սեր են զգում իմ հանդեպ, ինչը ուրախացնում է ինձ: Ի վերջո, կյանքում ամեն ինչ անցողիկ է` գումար, պաշտոն, մնայուն են մարդկային լավ փոխհարաբերությունները, սերն ու հարգանքը: Դրանցով կարելի է հպարտանալ և իմաստավորել կյանքը:

-Քանի որ առաջիկայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, ուզում եմ հարցնել, ի՞նչ ակնկալիքներ ունեք նոր ձևավորվելիք խորհրդարանից:

-Իմ մեծագույն ցանկությունն է, որ նորաստեղծ խորհրդարան մուտք գործեն այնպիսի գործիչներ, որոնք ունեն թե՛ տեսական, թե՛ գործնական հմտություններ: Այսօր ես` որպես գործարար, աշխատանքի ընթացքում տեսնում եմ օրենսդրական բազմաթիվ բացեր, որոնք խոչընդոտում են գործարարի աշխատանքին, քանի որ ստեղծվում են օրենքներ, որոնք գործնականում կիրառելի չեն: Ես կցանկանայի, որ Ազգային ժողովում աշխատեին տնտեսության ոլորտում փորձ ունեցող մարդիկ, որպեսզի կարողանային ճիշտ զգալ թույլ օղակները և փորձել ուժեղացնել դրանք, որպեսզի մեր տնտեսությունն առավել կայուն զարգացում ապրեր:
Բացի այդ` իմ մեծագույն ցանկությունն է, որ մեր ժողովուրդն ընտրություն կատարի սրտով, ընտրի այն մարդուն, ում վստահում է իր և իր երկրի ճակատագիրը, ում սիրում է, և այդ սերը փոխադարձ է: Կարծում եմ` մեզանում պաշտոնյաների և ժողովրդի միջև անջրպետ կա, որը պետք է հաղթահարել: Ինչպես ընտանիքում, այնպես էլ պետության ներսում, պետք է տիրի սիրո և համերաշխության մթնոլորտ, որպեսզի հաջողություն լինի: Գուցե ռոմանտիկ թվամ, բայց իրոք այսպես է:

-Պարո՛ն Ավետիսյան, Դուք մեծ սիրով ու նվիրվածությամբ եք աշխատում, իսկ ունե՞ք Ձեր գործը շարունակող վստահելի անձնավորություն:

-Այո, ես ունեմ որդի, ով դեռևս փոքր տարիքից հետևում է իմ աշխատանքին, ակամա դրա մասնակիցը դառնում: Իսկ այսօր արդեն լրջորեն սովորում է աշխատանքային կարևոր սկզբունքները, խնդիրների լուծման ուղիները: Ես նրան եմ փոխանցում իմ փորձը, գիտելիքները: Ի վերջո, նա է իմ գործը շարունակողը:

-Քանի որ խոսեցիք Ձեր որդուց, կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Կարծում եմ` լավ ընտանիք ունենալը ամենամեծ հարստությունն է, և ես երջանիկ եմ, որ ունեմ շատ լավ ընտանիք, որին անչափ սիրում եմ և նվիրված եմ: Ունեմ հիանալի կին (նա շուրջ տասնհինգ տարի տնօրինել է Սևանի արվեստի դպրոցը) և երկու զավակներ` որդի և դուստր: Դուստրս բժշկուհի է, նա ինձ պապիկ է դարձրել, պարգևել երկու թոռնիկներ, որոնց անչափ սիրում եմ, ազատ ժամանակս նրանց նվիրում: Որդիս իրավաբան է՝ Երևանի պետական համալսարանի և Կառավարման ակադեմիայի շրջանավարտ: Նրանք երկուսն էլ գերազանցությամբ են ավարտել դպրոցը, համալսարանը, և ինձ ու կնոջս համար միայն հպարտանալու առիթներ ստեղծել: Մեր ընտանիքում կարևորագույն արժեքներ են որակյալ կրթությունը, հայրենասիրությունը, սերը և համերաշխությունը, որոնք մեզ հաջողվել է փոխանցել մեր երեխաներին:

 

Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...