16:21
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Իշխանությունը ժողովրդի համար է, այլ ոչ թե ժողովուրդը՝ իշխանության

2017-03-04 14:31

Համայնքի ղեկավարի պաշտոնն ինձ համար, նախ եւ առաջ, պատասխանատվություն է եւ ծառայություն:

Չկա առավել գերակա շահ, քան համայնքի, նրա բնակիչների ընդհանուր շահը:


ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Սեւանի քաղաքապետ

 « Դե Ֆակտո» N 129 (2017թ.) 

-Պարո՛ն Մուրադյան, 2016թ. տարեվերջին Դուք բավականին լարված ընտրապայքարի արդյունքում ընտրվեցիք Սևանի քաղաքապետի պաշտոնում: Այսօր հետադարձ հայացքով նայելիս` ինչպե՞ս կգնահատեք ընտրությունների ընթացքը, հետընտրական գործընթացները:

-2016թ. հոկտեմբերի 2-ին Սևան համայնքում կայացան ՏԻՄ ընտրություններ: Նախընտրական գործընթացը լարված էր, բավականին պատասխանատու: Քարոզարշավի ընթացքը հագեցած էր. իմ առջև դրել էի մի քանի խնդիր` ներկայանալ ընտրողին, գնալ երկխոսության, ներկայացնել այն ծրագրերը, որոնք կյանքի էի կոչելու իմ ընտրվելու դեպքում: Միաժամանակ, պետք է դիմակայեի մի շարք մարտահրավերների, չկորցնեի սառնասրտությունս ստեղծված լարվածության պատճառով:
Որքանով դա հաջողվեց` ցույց տվեցին ընտրության արդյունքները: Իհարկե, ինձ համար անչափ ոգևորիչ էր այն իրողությունը, որ ընտրվել եմ Սևան համայնքի ղեկավար, սակայն առավել մեծ էր այն պատասխանատվությունը, որը ես ստանձնել էի:
Նոյեմբերի 4-ին անցա համայնքի ղեկավարի լիազորությունների կատարմանը: Տեղական ինքնակառավարումն ինձ համար բոլորովին նոր ոլորտ էր, որը պահանջում էր այլ մոտեցումներ և աշխատաոճ: Չնայած առաջին օրերի դժվարություններին` կարողացա անմիջապես ներգրավվել այս գործընթացում, որը որքան էլ բարդ ու բազմաշերտ, միևնույն ժամանակ, հետաքրքիր է և մեծ աշխատանք է պահանջում:
Ասեմ, որ ի թիվս մի շարք խնդիրների` համայնքային բյուջեի պարտքերի առումով էլ թեթև ժառանգություն չենք ստացել, որի հաղթահարումը սկզբում թվում էր անհնարին, սակայն հավասարակշիռ և ճկուն կառավարման շնորհիվ` փորձում ենք դուրս գալ ստեղծված իրավիճակից, ավելին` չխաթարել համայնքի բնականոն գործունեությունը:
Անցած ամիսների ընթացքում ուսումնասիրել եմ համայնքային բոլոր ոլորտները ստացել ամբողջական տեղեկատվություն, համադրել մարդկային և ֆինանսական ռեսուրսները, ուրվագծել զարգացման հեռանկարները:

-Նախընտրական ժամանակահատվածում Slaq.am կայքին տված հարցազրույցում նշել էիք, որ Ձեր թեկնածության առաջադրման հիմքում պաշտոնի համար պայքարը չէ, այլ Սևան քաղաքում առկա խնդիրները լուծելը: Ի՞նչ խնդիրներ կան Սևան քաղաքում, որոնք հրատապ լուծման կարիք ունեն:

-Մտահոգ Սևանի ցավոտ խնդիրներով` արդյունավետ ծրագրերի իրականացման հեռանկարով էի առաջադրել թեկնածությունս: Լավ էի պատկերացնում, թե ինչ խնդիրների կարող եմ բախվել: Միանգամից ասեմ, որ հիմնախնդիրների պակաս չկա քաղաքում, որոնք ամբողջությամբ ներառված են Սևան համայնքի 5-ամյա զարգացման ծրագրում: Այդ հիմնախնդիրներն ամենուր են` ճանապարհաշինությունից մինչև բակեր ու հրապարակներ, լուսավորության ցանցից մինչև բնակարանային ֆոնդ, կոմունալ տնտեսության աշխատանքների կազմակերպումից մինչև կրթամշակութային շենքերի հիմնանորոգում:
Թվարկումը կարելի է երկար շարունակել: Ցավոք սրտի, համայնքի ֆինանսական հնարավորությունները սուղ են, խնդիրները` շատ և առաջնահերթ: Իհարկե, այս հիմնախնդիրները բնորոշ են հանրապետության մի շարք համայնքների ևս:
Համայնքը կենդանի օրգանիզմ է, որի կենսունակության ապահովման համար խնդիրները պիտի ստանան լուծում` անկախ դրանց մեծ ու փոքր լինելուց: Այս պահին աշխատում ենք հենց այդ ուղղությամբ և որպես խնդիրներին հակակշիռ` աշխատում ենք ստեղծել ապահով, հարմարավետ, բարեկարգ միջավայր` գնահատելով մեր հնարավորությունները, համագործակցային ուղղությունները, համայնքի առանձնահատկությունները:

-Այսօր ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար կարևոր է ղեկավարի կողմից նկատված, իր հոգսերին և խնդիրներին աջակից լինելը: Ձեզ համար կարևոր աշխատանքային սկզբունք է` «Իշխանությունը ժողովրդի համար է, այլ ոչ թե ժողովուրդը՝ իշխանության» գաղափարը: Ինչպե՞ս եք տեսնում Ձեր գաղափարախոսության իրականացման ճանապարհը, արդյո՞ք Ձեր առջև դժվար առաջադրանք չեք դրել:

-Կարծում եմ` այսպիսի առաջադրանք իր առջև պետք է դնի յուրաքանչյուր համայնքի ղեկավար, ոչ միայն դնի, այլ նաև իրականացնի այն: Համայնքի ղեկավարի պաշտոնն ինձ համար, նախ և առաջ, պատասխանատվություն է և ծառայություն: Չկա առավել գերակա շահ, քան համայնքի, նրա բնակիչների ընդհանուր շահը: Իսկ թե ինչպիսի համայնք ենք թողնելու վաղը, պայմանավորված է այսօրվա աշխատանքով: Աշխատանքում կարևորում եմ արդյունավետ կառավարումը, որը հնարավոր չէ առանց բյուջետային գործընթացի ճշգրիտ կազմակերպման, կադրային արդյունավետ քաղաքականության, բաց և թափանցիկ աշխատաոճի, ներդրումային ծրագրերի իրականացման, համայնք-բնակիչ երկխոսության: Ու այս ճանապարհին ինձ համար կարևորը համայնքի բնակիչների շահերի պաշտպանությունն է, հիմնախնդիրների` ուշադրության կենտրոնում պահելը և դրանց լուծումներ գտնելը: Իմ գաղափարախոսության իրականացման ուղեկիցներն էլ լինելու են երիտասարդների նոր գաղափարներն ու թարմ շունչը, պրպտուն միտքը, ավագների փորձառությունն ու գիտելիքները:

-Այս տարին բավականին ձնառատ է, արդյո՞ք հաջողվում է ապահովել ճանապարհների անցանելիությունը, համայնքն ապահովվա՞ծ է անհրաժեշտ տեխնիկայով:

-Ասել, որ «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ն անհրաժեշտ տեխնիկայով ապահովված է, իհարկե, հեռու է իրականությունից, սակայն դա բնավ էլ խոչընդոտ չէ եղանակային պայմաններին դիմակայելու համար: Սևանցիները կվկայեն, որ այս ձյունառատ օրերին երբևիցե խնդիր կամ անհարմարություն չեն ունեցել տեղաշարժի հետ կապված: Միաժամանակ հավելեմ, որ կազմակերպության տեխնոպարկը հարստացնելու և համալրելու ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ: Կարծում եմ` ժամանակն է` տեխնիկապես առավել պատրաստ դիմակայելու եղանակային ցանկացած անակնկալի` ապահովելով մարդկանց երթևեկն ու տրանսպորտային միջոցների անխափան գործունեությունը:

-Ի՞նչ ծրագրեր են նախատեսված համայնքում իրականացնել 2017թ. ընթացքում:

-Արդեն նշեցի, որ տարին լինելու է բարդ և աշխատանքով ծանրաբեռնված: 2017-ի և առաջիկա տարիների ծրագրերը ներառված են համայնքի 5-ամյա զարգացման ծրագրում: Դրանք բազմաբովանդակ են և տարողունակ: Կան ծրագրեր, որոնց իրականացման համար անհրաժեշտ են ֆինանսական ոչ փոքր ներդրումներ, մի մասն էլ բանակցային փուլում է: Կան աշխատանքներ, որոնք անհետաձգելի են և ընթացիկ տարում անհապաղ պետք է իրականացվեն:
Այս օրերին համայնքում իրականացվում են ծրագրեր, որոնք մեկնարկել են դեռևս անցյալ տարի: Թվարկեմ դրանցից մի քանիսը` հիմնանորոգվում են Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի շենքը /ՀՀ կառավարության կողմից տրամադրված ֆինանսական միջոցներով/, Սևանի թիվ 2 «Զարթոնք» մանկապարտեզի շենքը /ֆինանսավորումը` Տարածքային զարգացման հիմնադրամի/: Ի դեպ, մանկապարտեզի հիմնանորոգումից հետո այն ամբողջովին կկահավորվի: Համաշխարհային բանկի վարկային միջոցներով, «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում կառուցվում է «Սևանի Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մասնաշենք:
Համայնքում իրականացվում են «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարում» և «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրերը:
Տարվա ծրագրերից առանձնացնեմ նաև երկուսը` «Գագարին գյուղի ջրահեռացման ցանցի և ջրամբարի բաշխիչ ցանցի կառուցում, բարելավում», «Սևան քաղաքի ջրահեռացման համակարգի բարելավում» /ֆինանսավորումը` Գերմանական վերակառուցման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի/:
Տարողունակ ծրագրերի կողքին ընթացիկ աշխատանքներն են` փոսալցումներ, գիշերային լուսավորության ցանցի շահագործում, կանաչապատում, բարեկարգում, բնակարանային ֆոնդի պահպանում, համայնքային կազմակերպությունների գործունեության ապահովում:

 

Սեւան քաղաքի այսօրն ու վաղը կապվում է զբոսաշրջության հետ,

որը նաեւ համայնքի զարգացման գերակա ուղղություններից մեկն է:

 

-Սևանը, հատկապես ամռանը տուրիստական գոտի է, ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու` տուրիզմի զարգացմանն ուղղված:

-Քաղաքի այսօրն ու վաղը կապվում է զբոսաշրջության հետ, որը նաև համայնքի զարգացման գերակա ուղղություններից մեկն է: Սևանն ունի զբոսաշրջիկներ ընդունելու մեծ հնարավորություն. այն գտնվում է միջպետական ճանապարհի հանգուցակետում: Եթե Դիլիջանում, Ծաղկաձորում հանգստի կազմակերպման ձևերը գրեթե չեն տարբերվում, ապա Սևանում դրանք էականորեն տարբեր են, միաժամանակ` Երևանը ամռան ամիսներին բեռնաթափվում է Սևանի հաշվին:
Ես չեմ ուզում, որ Սևանը միայն ամռան երկու-երեք ամիսներին լինի գրավիչ` մյուս ամիսներին մատնվելով «անգործության»:
Մեր տարածաշրջանում առկա ռեսուրսները, Սևանի ապակենտրոնացված համագործակցության լավագույն օրինակներն արտերկրի տարբեր քաղաքների հետ լուրջ նախադրյալներ են Սևանը ողջ տարին զբոսաշրջային գոտի դարձնելու համար:
Կարծում եմ` զբոսաշրջային քաղաքի կարգավիճակ ստանալով` Սևանը կստանա երկրորդ շնչառություն, կկատարվեն հիմնարար ներդրումներ, ինչն էլ համայնքի զարգացման համար լուրջ հեռանկար կստեղծի:

-Ինչպիսի՞ն է Սևան քաղաքում գործարարության զարգացման միտումները, արդյո՞ք ծրագրեր իրականացվելու են Սևանում ներդրումները խթանելուն ուղղված:

-Դեռևս անցյալ տարեվերջին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ իրավամբ նկատեց. «Մենք պետք է ձեզ հետ աշխատատեղ ստեղծենք, պետք է ձեզ հետ աշխատող մարդու համար բարենպաստ պայմաններ ստեղծենք, որպեսզի ստեղծվի հավելյալ արժեք: Եթե հավելյալ արժեք ստեղծենք, եթե հավելյալ աշխատատեղ ստեղծվի, քայլ առ քայլ գնալու ենք առաջ»:
Արդեն իսկ կան նախնական պայմանավորվածություններ գործարարների հետ, մոտ ապագայում ի մի բերելով առաջարկությունները, քարտեզագրելով ներդրումների հնարավոր ոլորտները` փորձելու ենք ստեղծել բարենպաստ միջավայր համայնք գումար բերողի, ներդրում կատարողի համար, որը ենթադրում է աշխատատեղերի ստեղծում, բնակչին իր քաղաքին կապելու հնարավորություն, ենթակառուցվածքների զարգացում:
Այս ճանապարհին օգտագործելու ենք նաև արտերկրի մեր գործընկերների փորձն ու հնարավորությունները:
Համոզված եմ, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` «փոխել սկզբունքային վերաբերմունքը դեպի գործարարը» մոտեցումը որդեգրելով` կարող ենք արձանագրել հաջողություններ:
Տեղական իշխանությունները կանգնելու են գործարարի կողքին` օգտակար լինելու պատրաստակամությամբ, ինչու ոչ, նաև կենսունակ գաղափարներով:

 

 

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...