17:15
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՌՈԲԵՐՏ ՍԱՐԳՍՅԱՆ

2017-03-03 11:26

Նոր ձեւավորվող խորհրդարանում պատգամավորի աշխատանքի հանդեպ պատասխանատվությունն ավելանում է

« Դե Ֆակտո» N 129 (2017թ.)  

Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների պատգամավոր Ռոբերտ Սարգսյանն իր կիրթ ու բարի երեւանցու կերպարով այս տարիների ընթացքում հասցրել է վայելել քաղաքացիների վստահությունը:
Պատգամավորը, չնայած երիտասարդ տարիքին, կարողացել է ղեկավար աշխատանքի փորձ ձեռք բերել, իսկ քաղաքական դաշտում՝ առանձնանալ իր մարդկային որակներով:


«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցը թիվ 1 ընտրատարածքի պատգամավոր Ռոբերտ Սարգսյանն է:

 

 

-Պարո՛ն Սարգսյան, մինչ քաղաքականությամբ զբաղվելը, ի՞նչ աշխատանքային ուղի եք անցել:

-Երկար տարիներ աշխատել եմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում՝ առաջին կարգի մասնագետից հասնելով մինչև ղեկավար կազմի անդամի կարգավիճակին: Երկու տարի եղել եմ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի վճարումների ծառայության «Ավան» տարածքային բաժանմունքի պատասխանատու: Կարճ ժամանակահատված աշխատել եմ նաև ՀՀ բնապահպանության նախարարությունում:

-Հաճախ Ձեզ կարող ենք տեսնել վարչական շրջանների մշակութային և կրթական միջոցառումներին, ինչպե՞ս եք գնահատում երիտասարդների հետաքրքրվածությունը կրթամշակութային կյանքին:

-Վերջին տարիներին երևում է, որ մեր երիտասարդներն ակտիվորեն մասնակցում են ինչպես վարչական շրջանի սոցիալ-մշակութային կյանքին, այնպես էլ իրենց ներդրումն են ունենում դրա զարգացմանը: Նախորդ տարի Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ Ավանում գտնվող ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջում ներկա եղա ռազմահայրենասիրական մի միջոցառման, որը կազմակերպել էին մեր շնորհալի երիտասարդները: Պետք է նշեմ, որ շատ լավ սերունդ ունենք, որն իր գիտելիքներով ու նպատակասլացությամբ մեր հայրենիքի վաղվա օրն է ապահովելու:

-Պարո՛ն Սարգսյան, եկեք խոսենք ներքաղաքական վերջին զարգացումներից, ինչպե՞ս կգնահատեք նոր կառավարության աշխատանքը, ի՞նչ փոխեց Կարեն Կարապետյանն իր աշխատաոճով:

-Իմ հարցազրույցներից մեկում ես նշել եմ, որ նոր կառավարությունը հուսադրող է իր աշխատանքներով, և մարդիկ վարչապետից դրական սպասումներ ունեն: Ամեն դեպքում Կառավարությունը դեռ նոր է, և գնահատականներից դեռ վաղ է խոսել:

 

Հայրենիքի վտանգի դեպքում

բոլորս ենք զինվոր...

 

-Դուք ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ եք: Սահմանադրության համաձայն մեր երկիրն անցնում է կառավարման նոր ձևի, որքանո՞վ եք արդյունավետ համարում անցումը խորհրդարանական կառավարման համակարգին:

-ՀՀԿ խորհրդի վերջին նիստում երկրի նախագահ Սերժ Սարգսյանը մանրամասն խոսեց խորհրդարանական կառավարման համակարգի մասին: Ամենակարևոր մոտեցումն այդ համատեքստում խորհրդարանի քաղաքական դերի ու նշանակության ավելացումն է, ինչպես նաև կուսակցությունների դերի բարձրացումը:
Գալիք ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած կուսակցությունների ու դաշինքների թիվն արդեն փաստում է, որ նոր սահմանադրությունը նոր հնարավորություններ է ստեղծում կուսակցությունների կայացման և խոշորացման համար:

-Առջևում Ազգային Ժողովի ընտրություններն են: Հանրապետական կուսակցությունը ռեյտինգային ընտրակարգով առաջադրել է Ձեր թեկնածությունը: Ոմանք նշում են, որ Խորհրդարանում դուք աչքի չեք ընկել հրապարակային գործունեությամբ, ինչո՞ւ որոշեցիք նորից պատգամավոր դառնալ:

-Իմ ընտրողների հետ շփումը ցույց տվեց, որ ես դեռ անելիք ունեմ, պետք է շարունակեմ ներկայացնել նրանց շահերը և բարձրաձայնել նրանց հուզող խնդիրները: Հաճախ եմ լսում, որ ես ելույթներ չեմ ունեցել Ազգային Ժողովում, բայց ճիշտ չէ այդքանով սահմանափակել պատգամավորի աշխատանքը:
Վերջին 5 տարում ես որպես ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի, ապա նաև պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ մասնակցել եմ բոլոր նիստերին, հանձնաժողովներում նախագծերի քննարկմանն ու մշակմանը: Ամեն ամսվա վերջին հինգշաբթի օրը կազմակերպել եմ քաղաքացիների անհատական ընդունելություններ: Յուրաքանչյուր հինգշաբթի ներկա եմ եղել վարչական շրջանի բնակիչների ընդունելությանը: Իմ ընտրողների հետ հաճախակի եմ հանդիպել ու շարունակում եմ հանդիպել տարբեր ձևաչափերով: Փորձել եմ իմ ուժերի ներածին չափով օգտակար լինել մարդկանց, որևէ կերպ օգնելու, թեթևացնելու նրանց հոգսը:

-Պարո՛ն Սարգսյան, հասարակության մեջ կարծիք կա, որ այս ընտրությունները վճռորոշ են լինելու մեր երկրի ապագայի համար: Որպես գործող պատգամավոր՝ ի՞նչ կասեք այս մասին:

-Ես համաձայն եմ Ձեր այն մտքի հետ, որ այս ընտրությունները վճռորոշ են լինելու երկրի ապագայի համար: Նոր սահմանադրությամբ քաղաքական զարգացումները տեղափոխվում են նոր մակարդակ: Բայց ամենակարևորը, ինչ են տալու այս ընտրությունները մեր համաքաղաքացիներին, կփոխվի՞ արդյոք երկրի քաղաքական և տնտեսական վիճակը: Շատ կարևոր է, որ նոր խորհրդարանի քաղաքական համակարգը կառուցվի այնպես, որ լինի կանխատեսելի ու արդյունավետ, որպեսզի մեր ընտրողները նոր խորհրդարանում տեսնեն իրենց վստահության քվեն ներկայացնող պատգամավորների:

-Ասացեք խնդրեմ, ինչպիսի՞ն եք տեսնում նոր խորհրդարանը:

-Քաղաքական նոր իրավիճակով պայմանավորված, նոր խորհրդարանը պետք է լինի մեր պետության և ժողովրդի խնդիրները լուծող կառույց: Կարծում եմ, որ Ազգային ժողովում կհայտնվեն մարդիկ, ովքեր իսկապես ընդունելի կլինեն մեր քաղաքացիների կողմից և ի վիճակի կլինեն երկրի քաղաքական և տնտեսական խնդիրների լուծման պատասխանատվությունը վերցնելու իրենց վրա, քանի որ էապես բարձրանում է պատգամավորի աշխատանքի պատասխանատվությունը:

-Ինչպիսի՞ն է Ռոբերտ Սարգսյանն աշխատանքից դուրս:

-Լավ կլինի, որ այդ հարցն ուղղեք իմ ընկերներին ու ինձ ճանաչող մարդկանց:

 

Կարծում եմ, որ Ազգային ժողովում կհայտնվեն մարդիկ,

ովքեր իսկապես ընդունելի կլինեն մեր քաղաքացիների կողմից...

 

-Մի փոքր եկեք խոսենք Ձեր ընտանիքի մասին:

-Իմ ընտանիքը շատ չի տարբերվում հայկական ավանդական ընտանիքներից: Ունեմ չորս որդի, որոնց դաստիարակությունն ինձ համար առաջնահերթ է: Կինս զբաղվում է տան գործերով:
Համարում եմ, որ պետական պաշտոնյայի ընտանիքը, առավել ևս, պետք է լինի օրինակելի:

-Դուք կադրային զինվորականի ընտանիքից եք, ինքներդ՝ պահեստազորի սպա: Ըստ Ձեզ՝ ապրիլյան պատերազմն ի՞նչ փոխեց մեր կյանքում:

-Մեր ժողովուրդն աշխարհին մեկ անգամ ևս ապացուցեց, որ հայրենիքին սպառնացող վտանգի դեպքում բռնցքվել գիտի: Հայրենիքի վտանգի դեպքում մենք բոլորս ենք զինվոր:

-Ո՞րն է եղել Ձեր ծնողների խորհուրդը, որը փոխանցում եք Ձեր զավակներին:

-Ծնողներս շատ խորհուրդներ են տվել ինձ, բայց ամենահիշվողը, որ ամեն օր իմ մտքում է և տղաներիս միշտ ասում եմ, այն է, որ պետք հարգալից լինեն մեծերի նկատմամբ, լինեն ճշտապահ, պատասխանատու, ազնիվ և իրենց երկրին նվիրված քաղաքացիներ:

-Պարո՛ն Սարգսյան, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, ցանկանում ենք Ձեզ հաջողություն և նորանոր ձեռքբերումներ:

 

 

Հարցազրույցը`
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...