17:25
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Պետք է ամեն ջանք գործադրենք մեր հող հայրենին շենացնելու համար

2017-03-02 11:26


ԿԱՐԵՆ ԲՈԹՈՅԱՆ
ՀՀ ԱԺ պատգամավոր

 

                                                         « Դե Ֆակտո» N 129 (2017թ.) 

 

-Պարո՛ն Բոթոյան, նախորդ տարին բավականին լարված էր թե՛ արտաքին և թե՛ ներքին քաղաքական զարգացումներով: Ըստ Ձեզ` ինչպիսի՞ տարի կլինի 2017թ.:


-Իսկապես, 2016թ. լի էր ներքին և արտաքին քաղաքական զարգացումներով, մարտահրավերներով: Հատկապես ապրիլյան պատերազմը ցավալի հետք թողեց մեր պատմության մեջ, թեև սահմանային լարվածությունն ու դիվերսիոն փորձերը դեռևս շարունակվում են, ստիպում զգոն լինել և պատրաստ` հակահարվածի:
Կարծում եմ, որ 2017 թվականը ևս զարգացումներով լի տարի է լինելու, հուսամ` ավելի քիչ մարտահրավերներով, քան նախորդ տարին էր:

-Կարծում եմ` կհամաձայնեք, որ 2016թ. ԱԺ աշխատանքները, ընդունված օրենքները բավականին նշանակալի էին և հիշարժան: Արդյո՞ք հավատում եք, որ այդ փոփոխությունները ՀՀ համար կկերտեն զարգացման առավել արդյունավետ ուղի:

-2016 թվականի խորհրդարանական աշխատանքներն իսկապես բավականին նշանակալի են եղել, համոզված եմ, որ բոլոր բարեփոխումներն ի նպաստ Հայաստանի Հանրապետության են իրականացվել: Հատկապես ուզում եմ առանձնացնել սահմանադրական բարեփոխումները, ընտրական նոր օրենսգիրքը, որոնք իրենց մեջ պարունակող նոր մոտեցումներով ու դրույթներով մեր երկիրը կտանեն զարգացման առավել արդյունավետ ուղով:
Վստահ եմ, որ եթե առաջիկայում ևս օրենսդրական փոփոխություններ լինեն, ապա դրանք նույնպես խթանելու են ՀՀ-ի զարգացումն ու առաջընթացը:

-Ի՞նչ կարծիք ունեք երկրի խորհրդարանական կառավարման մոդելի մասին, ի՞նչ հեռանկար է այն խոստանում Հայաստանին:

-Ես իմ քվեարկությամբ արդեն իսկ իմ դրական տեսակետն եմ հայտնել Հայաստանի խորհրդարանական կառավարման մոդելի վերաբերյալ: Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ խորհրդարանական մոդելը ՀՀ-ի համար լավագույն տարբերակներից մեկն է, այդ մոդելի կիրառմամբ` շատ բան է փոխվելու, որի պտուղները կքաղենք այն ժամանակ, երբ այն արդեն գործնականում կիրառելի դառնա:

-Դուք ընտրվել եք Գեղարքունիքի մարզի թիվ 23 ընտրատարածքից, և այս հինգ տարիների ընթացքում բազում աշխատանքներ եք իրականացրել Ձեր ընտրատարածքի համայնքների համար: Ամանորին ընդառաջ` նվերներով ուրախացրեցիք Սևան, Վարդենիս, Ճամբարակ քաղաքների և հարակից գյուղերի 1-4-րդ դասարանի աշակերտներին, նախադպրոցական բոլոր հաստատությունների սաներին, ԵԿՄ պատանի երկրապահներին, ինչպես նաև սեփական միջոցներով լուծեցիք Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոցի ջեռուցման համակարգի խնդիրը: Կխնդրեմ ամփոփեք Ձեր կողմից իրականացված աշխատանքը:

-Անկեղծ ասած` չեմ սիրում խոսել արված աշխատանքի մասին, իսկ գնահատականը թողնում եմ ժողովրդին: Գուցե իմ տեսանկյունից ամեն ինչ իդեալական է, իսկ ժողովրդի` ոչ, նախընտրում եմ ստանալ օբյեկտիվ գնահատական: Ես ճիշտ եմ համարում խոսել այն ծրագրերի մասին, որոնք պետք է ապագայում իրականացվեն, իսկ դրանք քիչ չեն: Ես պարբերաբար հանդիպումներ եմ ունենում իմ ընտրատարածքի բնակչության հետ, նրանց հետ քննարկում այն խնդիրները, որոնք առկա են իրենց համայնքներում, ու միասին փորձում ենք գտնել դրանց լուծումները:

-Անմիջակա՞ն եք նրանց հետ շփման մեջ:

-Այո՛, առհասարակ, կյանքում ես անմիջական մարդ եմ, սիրում եմ մարդկանց հետ ազատ շփվել, լսել նրանց կարծիքը: Այդպես շատ ավելի հեշտ է ապրել և աշխատել: Իմ հարաբերությունները բնակչության հետ ընկերական են, իմ հեռախոսահամարը մարզում գրեթե բոլորը գիտեն, եթե ինչ-որ ժամանակահատված ինչ-ինչ պատճառներով չենք հանդիպում, ապա հեռախոսազանգերի միջոցով ես անպայման տեղեկանում եմ իրենց խնդիրների մասին ու լուծումներ գտնում: Կարծում եմ` յուրաքանչյուր պատգամավոր պետք է գիտակցի, որ եթե իրեն վստահել են և իրենց քվեարկությամբ ընտրել նրան` որպես Աժ պատգամավոր, ապա նա պարտավոր է այդ վստահությունն արդարացնել և հնարավորինս նպաստել նրանց խնդիրների լուծմանը:

-Նոր սահմանադրությամբ մեծամասնական ընտրակարգն այլևս չի գործում, այսօր բոլոր թեկնածուները պատրաստվում են ռեյտինգային ընտրություններին: Երբևէ ուսումնասիրե՞լ եք` ինչպիսին է Ձեր վարկանիշը թիվ 23 ընտրատարածքում և առաջիկա ընտրություններին նախապատրաստվո՞ւմ եք:

-Առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվում եմ մասնակցել, իսկ ինչ վերաբերում է իմ վարկանիշի ուսումնասիրությանը, ապա երբևէ այդ ուղղությամբ քայլեր չեմ ձեռնարկել: Ես իմ թեկնածությունը կառաջադրեմ, իսկ քվեարկության արդյունքները ցույց կտան, թե ինչ վարկանիշ ունեմ, ու արդյո՞ք ժողովուրդը կրկին ցանկություն ունի, որպեսզի աշխատեմ օրենսդիր մարմնում:

-Ի՞նչ կարծիք ունեք ընդդիմադիր դաշտի վերադասավորումների, դաշինքների մասին. իշխանությանը հակակշիռ ընդդիմություն տեսնո՞ւմ եք:

-Քաղաքական նման զարգացումները նորմալ երևույթներ են, Ձեր նշած վերադասավորումները` ևս: Բոլոր ընտրությունների ժամանակ էլ իշխանական և, հատկապես, ընդդիմադիր քաղաքական ուժերը փորձում են համախմբվել և միասնական ուժերով հանդես գալ` ընտրողների առավել մեծ բանակ իրենց հետևից տանելու համար: Իսկ թե որքանով են այդ ուժերը վստահություն և հավատ ներշնչում ժողովրդին, ցույց են տալիս ընտրությունների արդյունքները: Կարծում եմ` առաջիկա խորհրդարանական ընտրությունները կտան բոլոր հարցերի պատասխանները, որոնք այսօր այդքան էլ հստակ չեն:

-Դուք ընդգրկված եք ԱԺ մի քանի հանձնաժողովներում, ո՞ր հանձնաժողովն է Ձեզ առավել հոգեհարազատ:

-Բոլոր հանձնաժողովներն էլ իրենց աշխատանքային յուրահատկություններն ունեն, ու բոլորն էլ հոգեհարազատ են ինձ, չեմ ցանկանում դրանցից որևէ մեկն առանձնացնել, քանի որ յուրաքանչյուրի աշխատանքն իր նպաստն է բերում ժողովրդի բարօրության ապահովմանը:

-Ապրիլյան պատերազմը ցավալի, արյունոտ հետք թողեց մեր պատմության մեջ, թեև, ըստ էության, կրակոցներն ու դիվերսիոն հարձակումների փորձերը թշնամու կողմից շարունակվում են: Ինչպիսի՞ իրավիճակ էր առաջնագծում երբ Դուք այցելեցիք այնտեղ:

-Եթե մի քանի խոսքով կարելի լիներ ասել, ապա առաջնագծում միայն ուժ կա, կամք ու պատրաստակամություն ցանկացած պարագայում պաշտպանելու սեփական հայրենիքը: Ավելին` առաջնագծում լինելուց հետո յուրաքանչյուր ոք ավելի է ոգեշնչվում հայրենասիրական գաղափարներով, ուժով և հավատով լցվում` տեսնելով մեր խիզախ հայորդիների անօրինակ կերպարները: Եվ առավել ուժգնանում է ցանկությունը ամեն ինչ անելու, որ հայ զինվորը որևէ բանի կարիք չունենա ու նույն ոգով շարունակի պաշտպանել իր հայրենիքի սահմանները:

-Այդ օրերին ողջ հայ ժողովուրդը միասնականորեն ձգտում էր իր օժանդակությունը ցուցաբերել հայ զինվորին, Դուք ևս անտարբեր չեղաք: Կպատմե՞ք այդ մասին:

-Այդ ժամանակահատվածում բոլորն են իրենց օժանդակությունը ցուցաբերել հայ զինվորին, իմ օգնությունը չէի ցանկանա առանձնացնել, կարևորն այն էր, որ հայ ժողովուրդը համախմբվել էր ու անում էր ամեն ինչ իր զինվորի կողքին լինելու համար:


-2016թ. տարեվերջին Դուք ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ Սանկտ Պետերբուրգ մեկնած պատվիրակության անդամ էիք: Ինչպե՞ս անցավ այդ այցը:

-Այցի շրջանակներում հանդիպում տեղի ունեցավ ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոչինի հետ, ինչպես նաև մասնակցեցինք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և լիագումար նիստերին, հանդիպեցինք Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Պետք է նշեմ, որ նման այցերը բավականին արդյունավետ են, քանի որ հնարավորություն են ստեղծում մեկ ընդհանուր հարթակում բարձրաձայնելու և քննարկելու տարածաշրջանում առկա խնդիրները և միասնական, խելամիտ որոշումներ կայացնելու:

-Նորից վերադառնալով առաջիկա ընտրություններին` ուզում եմ հարցնել` ինչպիսի՞ ընտրություններ և ձևավորված խորհրդարան եք ուզում տեսնել, ինչպիսի՞ աշխատանք եք ակնկալում իշխանական և ընդդիմադիր ուժերի կողմից:

-Կարծում եմ` բոլորն էլ մեկ ակնկալիք ունեն` ունենալ բաց, թափանցիկ ու հանրության համար արդյունավետ աշխատող խորհրդարան: Ես կարծում եմ, որ մենք հենց այդպիսի խորհրդարան ենք ունենալու:

-Ըստ Ձեզ` ինչո՞վ կտարբերվի ձևավորվելիք խորհրդարանը նախորդներից:

-Գուշակություններ չեմ սիրում անել, ժամանակը ցույց կտա:

-Կանանց ներգրավվածությունը ԱԺ աշխատանքներում գնալով մեծանում է, արդյո՞ք հայ կնոջ կերպարի մեջ տեսնում եք հաջողված քաղաքական գործչի:

-Իհարկե, ես ողջունում եմ կանանց ներգրավվածությունը բոլոր ոլորտներում: Այս տարիների ընթացքում բոլորս ենք համոզվել, որ կնոջ դերը մեծացել է երկրում, ու դա շարունակական բնույթ է կրելու:

-Ինչպիսի՞ Հայաստանի մասին եք երազում:

-Երազել պետք չէ, ուղղակի պետք է յուրաքանչյուրս մեր գործն ազնիվ անենք, ժամանակին ու ճիշտ, ինչի շնորհիվ` մեզ կհաջողվի մեր հայրենիքն առավել հզոր ու զարգացած դարձնել: Այսօր մենք ունենք անկախ պետականություն, որը բարձրագույն արժեք է, մենք սիրում ենք մեր հայրենիքը և պետք է ամեն ջանք գործադրենք մեր հող հայրենին շենացնելու համար:

 

 

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...