2017-01-13 15:08
Լուիզա Իգրարյան
«Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի տնօրեն
«Դե Ֆակտո» N 127 (2016թ.)
21-րդ դարում զարգացումներն այնքան արագ են ընթանում, որ երբեմն դժվար է դրանց հետևելը: Եվ այդ պայմաններում հաջողության են հասնում այն կազմակերպությունները, որոնք բաց են նորի հանդեպ, ձգտում են իրենց աշխատանքում ներդնել նորարարական գաղափարներ և տեխնոլոգիաներ` շարժվելով ժամանակի թելադրանքին և պահանջներին համապատասխան: Այդպիսի կազմակերպություն է «Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը, որն առաջնորդվում է «Միշտ առաջ» կարգախոսով և իր աշխատանքը դարձնում է առավել մատչելի ու հասանելի` շնորհիվ աշխատանքում նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունների ներդրման:
Բարձր գնահատելով «Գլոբալ Կրեդիտ»-ի ինովացիոն գործունեությունը` «Դե Ֆակտո» ամսագիրը այն ճանաչել է «Տարվա ինովացիոն վարկային կազմակերպություն»: ՈՒՎԿ-ի ինովացիոն գործունեության մասին առավել մանրամասն զրուցեցինք գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանի հետ:
-Տիկի՛ն Իգրարյան, նախ շնորհավորում ենք Ձեզ «Գլոբալ Կրեդիտ»-ի` «Տարվա ինովացիոն վարկային կազմակերպություն» ճանաչվելու առթիվ, կազմակերպությունն արժանացել է նաև «Տարվա լավագույն վարկային կազմակերպություն» կոչմանը «Համազգային վստահություն» խորհրդի կողմից: Որքանո՞վ եք կարևորում նման մրցանակները:
-Անչափ հաճելի է և ոգևորող նման գնահատականների արժանանալը, հատկապես, երբ դրանք օբյեկտիվ են: Ինչ վերաբերում է իմ գոհունակությանը, ապա պետք է նշեմ, որ տարեսկզբին մենք մեր առջև բարձր պահանջներ և խնդիրներ ենք դնում, և ողջ տարվա ընթացքում ձգտում, առաջին հերթին ինքներս մեզ, մեր հաճախորդներին գոհացնել, առավել հեշտացնել նրանց կյանքը մեր կողմից առաջարկվող նոր վարկատեսակներով և դառնալ շուկայի առաջատարը: Բայց երբևէ մեր առջև խնդիր չենք դնում արժանանալ այս կամ այն մրցանակին, իսկ եթե ստանում ենք, ապա դա լինում է մեր ողջ տարվա տքնաջան, համառ աշխատանքի արդյունքը:
-Ինչպիսի՞ն էր 2016թ. Ձեզ համար:
-2016թ. բարդ տարի էր նախ և առաջ երկրի համար թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով, ինչը, բնականաբար, անդրադառնում է բոլոր ոլորտների վրա: Սակայն պետք է նշեմ, որ բոլոր դժվարություններով հանդերձ` 2016թ. հաջող աշխատանքային տարի էր մեզ համար, որի ընթացքում կայուն աճ արձանագրեցինք` ունեցել ենք և՛ վարկային ներդրումների աճ, և՛ կապիտալի աճ: Մենք ամեն տարի կանոնադրական կապիտալի համալրում ենք կատարում, այս տարի այն կազմել է 500 մլն. դրամ, արդյունքում` մեր կանոնադրական կապիտալը կազմում է 1մլրդ 500 մլն դրամ:
-Տարեվերջին «Գլոբալ կրեդիտն» ունեցավ նոր պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում: Ինչպիսի՞ ծավալներ և եկամտաբերություն ունեին դրանք:
-Կազմակերպությունն արդեն երկրորդ անգամ ունեցել է պարտատոմսերի թողարկում, որն ավանդի այլընտրանքային գործիք է: Սույն թվականի նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ մեր պարտատոմսերի թողարկումը` 1մլն. ԱՄՆ դոլար և 200 մլն. ՀՀ դրամ ծավալներով: Այս նոր պարտատոմսերն ունեին բավականին բարձր եկամտաբերություն` դոլարայինը տարեկան 9%, իսկ դրամայինը` 14 %: Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, ապա այս տարի ընկերությունը կրկնապատկեց ազգային արժույթով թողարկման ծավալը, և հաշվի առնելով նախորդ տարվա պահանջարկը` երկարաձգեց նաև մարման ժամկետը: Դրամայինի համար սահմանվեց 2 տարի, դոլարայինի համար` 3 (նախորդ 1 և 2 տարվա փոխարեն): Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս պարտատոմսերը տեղաբաշխվեցին նաև ֆիզիկական անձանց միջև` որպես բանկային ավանդի այլընտրանք: Դիտարկելով նախորդ և այս տարվա տեղաբաշխումը` կարող եմ փաստել, որ «Գլոբալ Կրեդիտին» վստահում են ֆինանսական կառույցներ, որոնց կարծիքը ձևավորվում է մասնագիտական գիտելիքների և վերլուծության արդյունքում:
Մենք կարեւորում ենք նորարարությունների դերը մեր աշխատանքում, քանի որ դրանք կոչված են առավել
հեշտ եւ հարմարավետ դարձնելու ժամանակակից մարդու կյանքը` խնայելով նրա ժամանակը եւ ջանքերը:
-Ի՞նչ առավելություններ ունեն պարտատոմսերը` ի տարբերություն ավանդների:
-Ի տարբերություն ավանդների, որոնք ժամկետից շուտ մարման դեպքում վերահաշվարկվում են տվյալ ժամկետի դեպքում կիրառվող տոկոսադրույքով, պարտատոմսերի դեպքում եկամուտը, անկախ մարման և վաճառքի ժամկետից, հաշվարկվում է նախանշված տոկոսադրույքով: Բացի այդ, այն հանդիսանում է իրացվելի ակտիվ, որը, ի տարբերություն ավանդի, կարելի է ցանկացած պահի վաճառել և ստանալ վաճառքի օրվա դրությամբ կուտակված եկամուտը, իսկ պահանջարկի մեծացման ժամանակ կարելի է ակնկալել նաև հավելյալ եկամուտ:
-Տիկի՛ն Իգրարյան, «Գլոբալ Կրեդիտը» նորարարությունների սիրահար է, ՏՏ ոլորտի ձեռքբերումները սահուն կերպով դառնում են կազմակերպության արդյունավետ գործիքներ: Կպատմե՞ք Ձեր ինովացիոն ծրագրերի մասին:
-Մենք կարևորում ենք նորարարությունների դերը մեր աշխատանքում, քանի որ դրանք կոչված են առավել հեշտ և հարմարավետ դարձնելու ժամանակակից մարդու կյանքը` խնայելով նրա ժամանակը և ջանքերը: Քայլելով ժամանակին համընթաց և կարևորելով մեր հաճախորդի պահանջները` մենք ձգտում ենք հեշտացնել վարկերի տրամադրման գործընթացը: Այդպիսին են մեր մի խումբ նոր վարկատեսակները, որոնք տրամադրվում են ամբողջությամբ կամ մասամբ առցանց: Դրանք հիմնականում սպառողական, փոքր և միջին բիզնեսին ուղղված վարկերն են, որոնք նպաստում են հանրության կենսամակարդակի բարձրացմանը: Մասնավորապես` «Ակնթարթային միկրովարկ», «Գումարային շտապօգնություն», «Sms վարկ»: 2016թ. վերջում «Իդրամ» ընկերության հետ համագործակցության արդյունքում ներդրվել է նոր վարկատեսակ:
Պետք է նշեմ, որ այս վարկերի գումարային չափը սահմանափակ է, այսինքն` դրանք տրամադրվում են առավել փոքր խնդիրներ ակնթարթորեն լուծելու համար: Ընդամենը պետք է մուտք գործել մեր կայք, լրացնել համապատասխան հայտը, և մեր մասնագետների կողմից դրա վերլուծությունից հետո կարճ ժամանակահատվածում ստանալ դրական կամ բացասական պատասխան:
«Sms վարկ»-ի դեպքում բոլոր գործընթացները կատարվում են առցանց: «Գումարային շտապօգնություն» վարկատեսակը կարելի է ստանալ և՛ առցանց դիմումի, և՛ գրասենյակ այցելելու միջոցով: «Ակնթարթային միկրովարկ»-ի դեպքում առցանց դրական պատասխան ստանալուց հետո անձը պետք է ներկայանա գրասենյակ և կարճ ժամանակում ստանա իր վարկը, այսինքն` այս դեպքում մենք կարևորում ենք գոնե մեկ անգամ հաճախորդին տեսնելու հանգամանքը և անձամբ տրամադրելու իր վարկը, ինչը կրկին ժամանակատար չէ:
«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ի եւ «Իդրամ» ընկերության համագործակցության արդյունքում` այսուհետ
«Իդրամ» հաշիվը հնարավոր կլինի համալրել «Գլոբալ Կրեդիտ»-ից ստացած վարկի միջոցով:
-Ինչպիսի՞ համագործակցություն է սպասվում «Իդրամ» ընկերության հետ:
-«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ի և «Իդրամ» ընկերության համագործակցության արդյունքում` այսուհետ «Իդրամ», հաշիվը հնարավոր կլինի համալրել «Գլոբալ Կրեդիտ»-ից ստացած վարկի միջոցով: Այս նոր ծառայության շնորհիվ` «Իդրամ»-ի օգտատերերը կարող են դիմել և վայրկյանների ընթացքում վարկ ստանալ իրենց հաշվին` օրվա յուրաքանչյուր պահի, ցանկացած վայրից: Իրենց հաշիվը համալրել կարող են «Իդրամ»-ի պրեմիում օգտատերերը, ովքեր համակարգում նույնականացված են գործող անձնագրով: Ծառայությունը նրանց համար հասանելի է ինչպես «Իդրամ» բջջային դրամապանակով, այնպես էլ www.idram.am կայքում: Գումարն անմիջապես փոխանցվում է «Իդրամ» հաշվին, որից այն հնարավոր է օգտագործել տարբեր եղանակներով` իրականացնելով կոմունալ և այլ տեսակի առցանց վճարումներ, ինչպես նաև կատարել փոխանցումներ:
-Որքանով տեղյակ եմ, Դուք ունեք նաև սոցիալական ուղղվածության վարկեր: Կխնդրեմ ներկայացնել դրանք:
-Այո՛, մենք մեծ կարևորություն ենք տալիս սոցիալական վարկատեսակների ներդրմանը, որոնք նպաստում են մեր ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը: Այդպիսին են էներգաարդյունավետ վարկավորման ծրագրերը, որոնք ներդրված են մեր կազմակերպությունում: Դրանցից օգտվելով` մեր հաճախորդները հնարավորություն են ստանում վերանորոգել իրենց բնակարանը (առաստաղը, դռներն ու լուսամուտները և այլն)` տնտեսելով ծախսվող էլեկտրաէներգիայի, գազի դիմաց վճարվող գումարները` չգրավադրելով իրենց գույքը, և նաև ստանալ բոնուս մեր կողմից` գումարի 10 տոկոսի չափով: Այս վարկատեսակի շրջանակներում տրվում է մինչև 2,2 մլն. դրամ` 10 տարի ժամկետով, ինչը ևս մեկ կարևոր պայման է դրա պահանջվածության համար:
Ունենք սոցիալական բնույթի ևս մեկ ծրագիր, որն իրականացնում ենք «Հաբիթաթ ֆոր Հյումանիթի Արմենիա» ընկերության հետ համատեղ: Դրա շրջանակներում իրականացվում է արևային էներգիայով գործող սարքերի, արևային ջրատաքացուցիչների ֆինանսավորման ծրագիր: Առաջին հերթին անապահով ընտանիքներին ծառայելու նպատակ հետապնդող, էներգախնայողությանն ուղղված այս ծրագիրը թույլ է տալիս ազատվել գազի և էլեկտրաէներգիայի դիմաց կատարվող մեծ ծախսերից: Ծրագրից օգտվողները հնարավորություն ունեն ստանալու և՛ էներգիայի, և՛ տաք ջրի այլընտրանքային աղբյուր: Էներգախնայող այս ծրագիրն իրականացվում է ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում:
Ավելացնեմ, որ սոցիալական ուղղվածության այս ծրագրերը բավականին մեծ պահանջարկ ունեն, ինչը հաշվի առնելով` մեր կազմակերպությունը շարունակելու է դրանք իրականացնել և հնարավորության դեպքում` ընդլայնել:
«Գլոբալ Կրեդիտ»-ի թիմին հաջողվում է որակյալ ծառայություններ մատուցել,
երբեք չձգձգել վարկավորման գործընթացը,
ավելորդ փաստաթղթեր չպահանջել եւ հնարավորինս կարճ ժամկետներում տրամադրել վարկերը`
արժանանալով հաճախորդի համակրանքին եւ վստահությանը:
-Ինչպիսի՞ պահանջարկ ունեն հիփոթեքային, գյուղատնտեսական վարկերը:
-Հիփոթեքային, ինչպես նաև գյուղատնտեսական վարկավորման պահանջարկը շատ մեծ է, և մեր կազմակերպությունն առաջատար դիրքեր ունի այդ շուկայում:
Հպարտությամբ պետք է նշեմ, որ մենք շուրջ 5-6 տարի է մասնակցում ենք «Մատչելի բնակարան` երիտասարդ ընտանիքներին» պետական ծրագրին, որին, ի դեպ, ոչ բոլոր վարկային կազմակերպություններն են մասնակցում: Մեզ մոտ այդ վարկատեսակի պահանջարկը բավական մեծ է: Դրան խթան հանդիսացան հիփոթեքի տրամադրման պայմանների մեջ իրականացված փոփոխությունները` տարիքային սահմանաչափի բարձրացում, վարկային միջոցի գումարի փոփոխություն և այլն, ինչը դրական արձագանք գտավ հասարակության շրջանում, նպաստեց պահանջարկի աճին: Այսօր երիտասարդ ընտանիքների մեծ մասը ձգտում է նոր բնակարան ձեռք բերել` օգտվելով իրենց համար նախատեսված մատչելի ծրագրից:
Գյուղատնտեսական վարկավորման ոլորտում մեր ընկերությունը նույնպես դրսևորում է բարձր ակտիվություն` իրականացնելով մեծ և փոքր գյուղացիական տնտեսությունների մատչելի և օպերատիվ ֆինանսավորում Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու մարզերում, ինչպես նաև Արցախում:
-Ըստ Ձեզ` ինչո՞վ է պայմանավորված հաճախորդների համակրանքը, վստահությունը «Գլոբալ Կրեդիտ»-ի նկատմամբ:
-Կարծում եմ` մեր թիմին հաջողվում է որակյալ ծառայություններ մատուցել, երբեք չձգձգել վարկավորման գործընթացը, ավելորդ փաստաթղթեր չպահանջել և հնարավորինս կարճ ժամկետներում տրամադրել վարկերը: Որոշման կայացման արագությունը մեր ՈՒՎԿ-ում շատ բարձր հիմքերի վրա է դրված: Ինչպես նաև մենք շատ ենք կարևորում մարդկային մոտեցումը ինչպես միմյանց, այնպես էլ հաճախորդների նկատմամբ: Մենք փորձում ենք ամեն կերպ հասկանալ, օգնել նրանց, ինչպես նաև հորդորում ենք գիտակցել իրենց պարտավորությունները և լինել պարտաճանաչ:
Սիրում եմ Ամանորն անցկացնել ընտանիքիս հետ, տոնական
տրամադրություն ստեղծել տանը եւ երեխաներիս հետ վայելել
ամանորյա հրաշքի սպասումը:
-Ինչպիսի՞ մասնագիտական թիմ է աշխատում «Գլոբալ Կրեդիտ»-ում:
-«Գլոբալ Կրեդիտ»-ի աշխատակիցներն ունեն բարձրագույն մասնագիտական կրթություն, հիմնականում բոլորը տնտեսագետներ են, ովքեր ամեն օր աշխատում են իրենց գիտելիքների և հմտությունների զարգացման ուղղությամբ: Մենք խրախուսում ենք դա` հաճախակի կազմակերպելով իրենց մասնակցությամբ սեմինարներ, քննարկումներ, ինչպես նաև պարբերաբար անցկացնում ենք աշխատակիցների ատեստավորում, ինչը հնարավորություն է տալիս օբյեկտիվ գնահատական տալ նրանց աշխատանքի որակին:
-2017թ. հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք:
-Ծրագրեր շատ ունենք, այդ թվում` միջազգային համագործակցության, սակայն ժամանակից շուտ չեմ ուզում բարձրաձայնել դրանք, թող լինեն անակնկալ մեր հաճախորդների համար:
-Առջևում Ամանորն է, սիրո՞ւմ եք այդ տոնը, և ի՞նչ կմաղթեք մեր ժողովրդին:
-Սիրում եմ Ամանորը, այն ինձ համար ընտանեկան տոն է, որը նախընտրում եմ անցկացնել ընտանիքիս հետ, տոնական տրամադրություն ստեղծել տանը և երեխաներիս հետ վայելել ամանորյա հրաշքի սպասումը:
Իսկ այս նախատոնական օրերին փորձում ենք ուրախացնել մեր աշխատակիցներին, գնահատել նրանց աշխատանքը, այնպես անել, որ իրենց սիրված և գնահատված զգան:
Ուզում եմ շնորհավորել բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը, մաղթել նախ և առաջ խաղաղ երկինք, առողջություն և հաջողություն:
«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ
Հասցե՝ ՀՀ ք. Երևան,
Սասնա Ծռեր 2
Հեռախոս՝ +374 10 70 70 10
+374 10 70 70 11
Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի
Վերադառնալ