2017-01-08 22:08
«Դե Ֆակտո» N 127 (2016թ.)
Թովմաս Շահվերդյան
Աշտարակի քաղաքապետ
-Պարո՛ն Շահվերդյան, շնորհավորում ենք Ձեզ Աշտարակի քաղաքապետի պաշտոնը ստանձնելու համար, դուք բավականին երիտասարդ ղեկավար եք, կներկայացնե՞ք՝ աշխատանքային ինչ ուղի եք անցել:
-Շնորհակալ եմ: Այդ հարցը դեռևս նախընտրական շրջանից հետաքրքրել է բոլորին, թե ինչպես կարող է 26-ամյա երիտասարդը ղեկավարել մի ամբողջ քաղաքային տնտեսություն և ապահովել շոշափելի առաջընթաց: Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, աշխատանքային կենսագրությամբ՝ գործարար: Կարծում եմ, որ երկուսի համադրմամբ կարող եմ լինել օրինակելի համայնքի ղեկավար՝ հիմնախնդիրներին իմ ձեռագրով լուծում տալ և համայնքում գրանցել հաջողություններ և դրական փոփոխություններ: Դեռևս համայնքի ավագանու անդամ լինելու ժամանակահատվածում ուսումնասիրելով համայնքային հիմնախնդիրները, փորձեցի գտնել դրանց լուծման իմ տարբերակները: Դրանք, իմ կարծիքով, իրատեսական են, որի համար էլ երիտասարդ տարիներս որոշեցի ներդնել ի շահ իմ ծննդավայրի բարօրության:
-Որպես քաղաքապետ, ո՞րն է եղել Ձեր առաջին նախաձեռնությունը:
-Խիստ կանոնակարգել աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները, նախապատրաստվել մեր քաղաքի համար շատ կարևոր, օրախնդիր դարձած, քաղաքային զբոսայգու վերականգնման աշխատանքներին:
-Ի՞նչ խնդիրներ կան այսօր մշակութային, սպորտային ոլորտներում:
-Քաղաքի միակ գործող մշակույթի տունը, իր տեխնիկական հնարավորություններով, չի բավարարում այսօրվա պահանջներին, ունի խիստ վերանորոգման կարիք: Կարելի է ասել, որ բոլոր կրթամշակութային ենթակառուցվածքներըպայմանների կտրուկ բարելավման կարիք ունեն, որը մեր միջոցներով հնարավոր չէ իրականացնել: Մարզական կյանքի լավագույն նորությունը` նորակառույց մարզադպրոցի շահագործման հանձնելն է:
-Գործազրկությունը և արտագաղթն այսօր մեր երկրի համար թիրախային խնդիրներ են: Ինչպիսի՞ իրավիճակ է Աշտարակ քաղաքում:
-Աշտարակը նույնպես անմաս չէ մեր երկրում կատարվող զարգացումներից: Արտագաղթը, գործազրկությունը, անտարբերությունն ու հիասթափությունը համակել է նաև մեր քաղաքի բնակիչներին: Բայց ես ցանկանում եմ, որ բոլոր աշտարակցիները լավ ապրեն, աշխատանք ունենան, քաղաքը ծաղկի ու դառնա զբոսաշրջության կենտրոն: Ես այնպիսի բնավորություն ունեմ, որ եթե իմ ուժերի վրա վստահ չլինեմ, որևէ գործ չեմ ձեռնարկի, իսկ եթե վստահ եմ և հնարավորություն ունենալով այն չօգտագործեմ, հետո ինձ կսկսեմ մեղադրել, թե ինչո՞ւ չօգտագործեցի այն:
-Պարո՛ն Շահվերդյան, ունե՞ք ընդունելության օրեր և ի՞նչ խնդիրներով են հիմնականում քաղաքացիները Ձեզ դիմում:
-Քաղաքացիների ընդունելություն կատարում եմ գրեթե ամեն օր: Դիմում են տարբեր խնդիրներով` անձնական, համայնքային, անլուծելի և այլն: Աշխատում եմ բոլորին էլ գոհացնել:
-Դուք, որպես քաղաքապետ, այսօր ո՞ր ոլորտն եք առավել կարևորում:
-Չէի ասի թե կան առավել կարևոր և պակաս կարևոր ոլորտներ: Օրենքով համայնքի ղեկավարին վերապահված բնագավառներն ուղղված են ծառայությունների մատուցմանը: Կասեմ միայն մեկ բան, մեր համայնքի բնակիչների համար տարբեր ոլորտային ծառայությունները պետք է լինեն հասանելի, որակյալ, մնայուն և տեսանելի: Իսկ եթե փորձեմ առանձնացնել, առաջնահերթ կնշեի քաղաքի սանիտարական մաքրումն ու աղբահանությունը, քաղաքաշինությունը, նախադպրոցական կրթությունը, մշակույթն ու սպորտը:
-Ինչպիսի՞ն եք պատկերացնում Աշտարակ քաղաքը հինգ տարի անց:
-Այնպիսին, ինչպիսին ամրագրել ենք մեր համայնքի հնգամյա զարգացման ծրագրում` «Աշտարակ համայնքը պատմամշակութային և տուրիզմի կենտրոն է՝ արդիականացված ենթակառույցներով, ծառայությունների մատուցման նոր որակով, գործազրկության ցածր ցուցանիշներով: Աշտարակը նաև ավանդական մշակույթի զարգացման օրինակելի քաղաք է»:
-Մոտենում է մեր բոլորիս կողմից սպասված գեղեցիկ տոնը՝ Ամանորը, այս տարի ի՞նչ ձևաչափով է այն անցկացվելու քաղաքում:
-Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի Աշտարակը լինելու է ավելի գունագեղ, տոնական և լուսավոր հանդերձանքով: Քաղաքի գլխավոր տոնածառը լինելու է մարզում ամենամեծը, ամենաշքեղն ու խորհրդավորը: Իսկ մնացածը թողնենք Ամանորի խորհրդին:
-Ի՞նչ սպասելիքներ ունեք Ամանորից, չէ որ այն խորհրդանշում է երազանքների իրականցում և ինչու չէ, նաև նոր կյանքի սկիզբ, ինչպե՞ս եք նախատեսել այն անցկացնել:
-Ամանորն ավանդական տոն է, իհարկե դիմավորելու եմ ընտանիքիս հետ` ընտանեկան ջերմ միջավայրում:
-Դուք բավականին ծանրաբեռնված գրաֆիկով եք աշխատում, կարողանո՞ւմ եք ազատ ժամանակ տրամադրել Ձեր ընտանիքին:
-Աշխատանքային այս գրաֆիկով աշխատելը նորություն չէ: Ես ու իմ թիմը սովոր ենք նման աշխատելաոճի: Իսկ եթե ազատ ժամանակ ունենում եմ, դա անց եմ կացնում ընտանիքիս հետ:
Օրվա մեջ պարտադիր ժամանակ եմ հատկացնում նաև մենակ մնալուն, խորհելու և հետագա անելիքներս պլանավորելու համար:
-Պարո՛ն Շահվերդյան, ի՞նչն է կյանքում ամենաարժեքավորն ու ամենաթանկը Ձեզ համար:
-Ընտանիքիս պատիվը: Ես իրավունք չունեմ այն ենթարկելու փորձության:
Հարցազրույցը՝
Սյուզաննա Ղուկասյանի
Վերադառնալ