17:42
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ռուզաննա Մուրադյանը`

2017-01-06 15:52

 
խորհրդարանական իր գործունեության մասին

Դե Ֆակտո» N127 (2016թ.)

ՀՀ Ազգային ժողովի «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության պատգամավոր, մանկավարժական գիտությունների թեկնածու Ռուզաննա Մուրադյանն այսօր քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն է ծավալում: Խորհրդարանում աչքի է ընկնում իր պարտաճանաչությամբ, խոսքով ու վարքագծով: Հենց նրա հետ առիթ ունեցանք զրուցելու իր օրենսդրական եւ մանկավարժական գործունեության մասին:

 

-Տիկի՛ն Մուրադյան, 2012թ-ին ԱԺ պատգամավոր եք ընտրվել ՀՀԿ համամասնական ցուցակով, ինչպե՞ս եք գնահատում ԱԺ-ում այս տարիների ընթացքում օրենսդիր ոլորտում Ձեր կատարած աշխատանքը:
-Բնույթով լինելով ակտիվ անձնավորություն` ցանկացած գործի մեջ փորձում եմ հասնել հնարավորինս առավելագույն արդյունքի: Իսկ պատգամավորի աշխատանքը էլ ավելի պատասխանատվություն է ենթադրում, քանի որ պետք է փորձես արդարացնել այն բոլոր սպասումները, որ քեզանից ակնկալում է քո քաղաքական թիմը և, իհարկե, ժողովուրդը:


Ինչպես նշեցիք՝ պատգամավորական գործունեությունս սկսել եմ 2012թ.-ից, սակայն մինչ այդ էլ ակտիվորեն զբաղվել եմ հասարակական-քաղաքական գործունեությամբ՝ արդեն 10 տարի լինելով ՀՀԿ կանանց խորհրդի անդամ: 2006թ.-ից ղեկավարում եմ ՀՀԿ կանանց խորհրդի գաղափարաքարոզչական հանձնախումբը, որի գործունեության շրջանակներում Կանանց խորհրդով նախաձեռնում ենք տարբեր միջոցառումներ, քննարկումներ, սեմինարներ, դասընթացներ մարզերի տարածքային կազմակերպությունների ՀՀԿ կանանց ակտիվի հետ կանանց ներուժի զարգացման նպատակով կուսակցության գաղափարախոսության տարածման, ՀՀ կուսակցության ծրագրի և կանոնադրության, հիշարժան տարեթվերի, ազգային ինքնության պահպանման, հիմնարար արժեքների, հայ ընտանիքի, ազգային տոների և ավանդույթների և այլ թեմաներով:


Երբ ընտրվեցի ԱԺ պատգամավոր, սկսեցի ուսումնասիրել տարբեր երկրների քաղաքական գործիչների գործունեությունը: Ժողովրդավար երկրներում պատգամավորների շփումը իրենց ընտրողների հետ ոչ միայն սահմանափակվում է հանդիպումներով և քննարկումներով, այլև տարբեր սոցիալական ցանցերի և առցանց հարթակների միջոցով՝ անմիջական կապ ստեղծելով և հաղորդակցվելով հանրության հետ: Գործունեությունս ավելի բաց և թափանցիկ դարձնելու նպատակով՝ ստեղծեցի անձնական բլոգ muradyanruzanna.blogspot.am հասցեով, որը կարծես հաշվետվության յուրօրինակ ձևաչափ է տարիների ընթացքում կատարված աշխատանքի: Բլոգում ներկայացված են իմ բոլոր ելույթները, Ազգային ժողովում բարձրացված հարցերը, տարբեր լրատվամիջոցներին տրված հարցազրույցները, մամլո ասուլիսները և այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնց հեղինակ կամ համահեղինակ եմ եղել: Այս հարթակը շատ լավ հնարավորություն է տալիս մարդկանց ծանոթանալու իմ գործունեությանը և անմիջական կապ ստեղծել ինձ հետ` ուղղելով իրենց հուզող հարցերը: Նույն նպատակին է ծառայում նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իմ անձնական էջը, որի միջոցով ստանում եմ բազմաթիվ քաղաքացիների դիմումներ, հարցեր, նրանց կողմից բարձրացված խնդիրներ և փորձում եմ աջակցել դրանց լուծմանը: Շատ խնդիրներ փորձել եմ բարձրացնել նաև մամուլի տարբեր ակումբներում կազմակերպած ասուլիսներին և դեբատներին ու լուսաբանել հանրությանը մտահոգող հարցերն ու խնդիրներ:


Այս տարիների ընթացքում սերտ համագործակցելով հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ՝ հանդես եմ եկել մի շարք օրենսդրական առաջարկություններով ոչ միայն կրթության, այլ նաև վարչական, քաղաքացիական, բնապահպանական, առողջապահական, սոցիալական, մշակութային և այլ ոլորտների բարելավման նպատակով:

-Դուք հանդիսանում եք ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Որպես կրթության ոլորտի մասնագետ՝ որքանո՞վ են ոլորտի խնդիրները արդյունավետ լուծում ստանում Ձեր միջոցով:

-2011թ-ից ղեկավարելով «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը, որի անդամներն են ՀՀ տարբեր մարզերի դպրոցներ, այդ ցանցի գործունեությունը հնարավորություն է տալիս ինձ անընդհատ շփվելու քաղաքային, գյուղական, սահմանամերձ դպրոցների հետ, խորությամբ ծանոթանալու մանկավարժի, ծնողի, սովորողների հետ առնչվող ինչպես կրթական, այնպես էլ տարբեր ոլորտների խնդիրներին: Շատ կարևոր էր, որ հաջողվեց ստեղծել ակտիվ համագործության դաշտ ՀՀ բոլոր մարզերի դպրոցների և մանկավարժական համակազմի միջև, որի շրջանակներում կազմակերպվում են սեմինարներ, հանդիպումներ, քննարկումներ: Այս ցանցը շատ լավ հարթակ է հաճախ հանդիպելու մանկավարժների հետ, տեղերում ծանոթանալու տարբեր մարզերում առկա խնդիրներին ոչ միայն կրթական, այլև սոցիալական, առողջապահական, իրավական և այլ ոլորտներում:
Դասավանդելով նաև Երևանի պետական համալսարանում` մշտապես առնչվում եմ բարձրագույն կրթության ոլորտի խնդիրների հետ: Դիմում-նամակներով ինձ դիմում են բազմաթիվ քաղաքացիներ՝ բարձրացնելով տարբեր խնդիրներ, որոնք ներկայացնում եմ տարբեր գերատեսչություններին կամ խնդիրների լուծումը փորձում եմ տալ համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով:

-Դուք Ձեր գործունեությունը սկսեցիք շատ ակտիվ, այն գնահատեց նաև parliament monitoring անկախ կայքը՝ Ձեզ ընդգրկելով կայքի ամենաակտիվ պատգամավորների տասնյակում: Այս տարիների ընթացքում էլ միշտ աչքի եք ընկել Ձեր ակտիվ գործունեությամբ քաղաքական ոլորտում: Որպես կին քաղաքական գործիչ՝ ո՞րն է կյանքի և հաջողության Ձեր բանաձևը:

-Կարծում եմ, որ կատարելության ձգտելու, անընդհատ սովորելու և աշխատանքի մեջ հոգի դնելու գործելաոճը ապահովում է հաջողության հասնելու ճանապարհը: Իմ աշխատանքում ցանկացած խնդիր փորձում եմ դիտարկել ոչ թե դժվարությունների, այլ հնարավորությունների տեսանկյունից: Իմ կարծիքով` յուրաքանչյուր դժվարություն մի նոր հնարավորություն է գործը առաջ տանելու, զարգացման նոր աստիճանի հասնելու և բարձրացնելու քո պատրաստվածության մակարդակը:
Եվ ըստ իս` հաջողությունն այն է, երբ պատրաստվածությունդ հանդիպում է հնարավորությանը:


Հարցազրույցը՝ Սեդա Գասպարյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...