2017-01-08 14:50
«Դե Ֆակտո» N126 (2016թ.)
«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը
-Պարո՛ն Փարամազյան, շնորհավորում ենք Ձեզ Քաջարանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելու համար, կներկայացնե՞ք՝ ինչ աշխատանքային ուղի եք անցել:
-Աշխատանքային գործունեությունս սկսել եմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: 2003 թ-ից աշխատել եմ Քաջարանի քաղաքապետարանում, որպես իրավաբան: Եղել եմ ավագանու անդամ, մասնակցել հասարակական-բարեգործական ծրագրերի:
-Այսօր ի՞նչ անկատար խնդիրներ կան քաղաքում, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն:
-Համայնքում անկատար խնդիրները շատ են: Փորձում ենք դրանք դասակարգել ըստ առաջնահերթության և հերթով լուծում տալ բոլոր խնդիրներին: Առաջնային են կանանց համար աշխատատեղերի ստեղծումը, ժամանցային վայրերի՝ այգիների, պուրակների վերականգնման, վերանորոգման խնդիրները, համայնքում սպասարկման ոլորտում մատուցվող ծառայությունների որակական փոփոխության, արդիականացման խնդիրը:
-Ներկայացրել եք քառամյա ծրագիր, կնշե՞ք այն դրույթները, որ ընդգրկված են եղել Ձեր ծրագրում:
-Համաձայն ՏԻՄ օրենքի՝ հնգամյա ծրագիրը պետք է ներկայացնել համայնքի ղեկավարի լիազորությունները ստանձնելուց հետո եռամսյա ժամկետում: Համայնքի ղեկավարի լիազորությունները ստանձնել եմ նոյեմբերի 14-ին, առայժմ զբաղված ենք բյուջեի քննարկմամբ, զարգացման հնգամյա ծրագիրը պատրաստ կլինի սահմանված ժամկետում, իսկ մինչ այդ կլինեն հանրային լսումներ ու քննարկումներ, ինչի արդյունքում ընդունված դիտողություններն ու առաջարկությունները կներառվեն զարգացման ծրագրում: Ծրագրում կներառվեն նաև այն դրույթները, որոնք զետեղված են իմ նախընտրական ծրագրում՝ համայնքի բարեկարգում և կառուցապատում, բնակարանային ֆոնդի արդիականացում, կոմունալ ծառայությունների բարելավում, բնակիչների բարեկեցության ապահովում ու սոցիալական աջակցություն, հոգևոր-մշակութային կյանքի ակտիվացում և այլն:
-Այստեղ բնակչության մեծամասնությունն աշխատում է Հայաստանում գործող խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում, ընկերության գործունեությունը որքա՞ն նպաստավոր է քաղաքի զարգացման համար:
-Ընկերության գործունեությունը նպաստավոր է ոչ միայն մեր համայնքի և ողջ մարզի զարգացման համար, այլ նաև Հայաստանի Հանրապետության: Համայնքում առկա խնդիրների մեծ մասի լուծումն ակնկալում ենք ԶՊՄԿ-ի աջակցությամբ: Համայնքը ընկերության հետ կապված է փոխշահավետ համագործակցության բոլոր աղերսներով:
-Ինչպիսի՞ն է քաղաքի մշակութային և սպորտային կյանքը:
-Համայնքն ունի արվեստի դպրոց, որտեղ գործում են պարարվեստի, գեղարվեստի խմբակներ, երաժշտական բաժիններ, երգչախմբեր: Քաջարանում գործում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության համալիր մանկապատանեկան մարզադպրոց, որտեղ հաճախում է 310 երեխա: Մարզադպրոցում գործում են ըմբշամարտի, բռնցքամարտի, վոլեյբոլի, բասկետբոլի, ծանրամարտի, շախմատի, գեղարվեստական մարմնամարզության խմբակներ: ԶՊՄԿ-ի՝ հիմնովին վերանորոգված, ժամանակակից մարզագույքով կահավորված սպորտային համալիրը և մշակույթի պալատը ծառայում են համայնքի բնակիչների հոգևոր-մշակութային ու մարզական միջոցառումների համար: Քաղաքում լինում են ցուցահանդեսներ, համերգներ, կրկեսային միջոցառումներ: Պետական և եկեղեցական տոները նշվում են պատշաճ մակարդակով:
-Պարո՛ն Փարամազյան, ի՞նչ նոր ծրագրեր եք նախատեսում իրականացնել քաղաքի զարգացման և բարելավման ուղղությամբ
-Առաջիկայում նախատեսվում են արվեստի դպրոցի հիմնանորոգման աշխատանքներ, փակ լողավազանի կառուցում, բնակելի շենքերի մուտքերի լուսավորության ապահովում, կոմունալ ծառայությունների բարելավում, կանաչապատում և ծառատունկ: Գարնանը կվերսկսենք բարեկարգման ու կառուցապատման աշխատանքները:
-Ինչպիսի՞ն պետք է լինի Ձեր պատկերացրած, ինչու ոչ, նաև երազած Քաջարանը:
-Բարեկարգ, բարեկեցիկ, ակտիվ հասարակական առօրյայով, մշակութային, սպորտային կյանքով եռուն, ժպտացող քաղաք:
-Կա՞ որևէ գաղափարախոսություն, որով առաջնորդվում եք կյանքում:
-Պարզապես փորձում եմ չխախտել Աստվածաշնչի Ոսկե կանոնը՝ հուսախաբ չանել մարդկանց, խղճիս հետ հաշտ ու ներդաշնակ ապրել:
-Ըստ Ձեզ, ի՞նչ որակական հատկանիշներով պետք է օժտված լինի անհատը, որպեսզի կարողանա նման պատասխանատու և երկրի զարգացման համար կարևորագույն պաշտոնում աշխատել:
-Օժտված լինի կազմակերպչական հատկանիշներով, գործնական խելքով, պատասխանատվությամբ, եռանդով, ազնվությամբ և վեհությամբ: Համայնքապետը պետք է կարողանա իր անձն ու շահը ստորադասել ստանձնած պաշտոնին, գործի ի նպաստ համայնքի շահերին:
-Պարո՛ն Փարամազյան, շուտով մոտենում են հայերիս կողմից ամենասիրված տոները՝ Ամանորն ու Սուրբ ծնունդը, ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին:
-Առաջին հերթին՝ խաղաղություն, քանզի բոլոր ծրագրերը կարելի է իրագործել միայն խաղաղ պայմաններում, սահմաններում անխաթար անդորր, բոլոր զինվորներին բարի տունդարձ: Ժողովուրդը շատ է համբերել, բայց կրկին համբերություն, համախմբվածություն ու հավատ վաղվա օրվա նկատմամբ, իշխանությունների նկատմամբ, բարեփոխումների նկատմամբ: Լավատեսությունն արդեն իսկ լավ կյանքի երաշխիք է: Եվ վերջապես՝ կյանքի բոլոր ոլորտներում՝ ընտանեկան, հասարակական, քաղաքական հարաբերություններում, փոխըմբռնում եմ մաղթում մեր ժողովրդին:
Հարցազրույցը՝ Սյուզաննա Ղուկասյանի
Վերադառնալ