18:08
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Տեղն իմ փոքրիկ հայրենիքն է, առանց որի ես իմ կյանքը չեմ պատկերացնում

2016-11-24 14:58

 «Դե Ֆակտո» N124 (2016թ.) 

Տեղ համայնքի ղեկավարի թեկնածու ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ 
 

-Պարո՛ն Շադունց, Դուք ներկայումս աշխատում եք Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղբաժնի պետի պաշտոնում: Ինչո՞ւ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը Տեղ համայնքի ղեկավարի ընտրություններում:  


-Նախ նշեմ, որ ես ծնունդով Տեղ գյուղից եմ, սիրում եմ իմ ծննդավայրը, տիրապետում եմ այնտեղի խնդիրներին և բախտ եմ ունեցել աշխատելու որպես Տեղ համայնքի ղեկավար 1998-2001թթ.: Համայնքի ղեկավարի աշխատանքային երեք տարիների ընթացքում ձգտել եմ հնարավորինս լուծել համայնքի առջև ծառացած խնդիրները: Իսկ մինչ համայնքապետ ընտրվելս, 1996թ.աշխատել եմ գյուղխորհրդի նախագահի աշխատակազմի քարտուղար, այնուհետև` տեղակալ:
2004թ. սկսել եմ աշխատել Սյունիքի մարզպետարանում, որտեղ զբաղեցրել եմ տարբեր պատասխանատու պաշտոններ:
Պետք է նշեմ, որ Տեղ համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու որոշումս կայացրել եմ Տեղ խոշորացված համայնքի մեջ մտնող համայնքների ղեկավարների պահանջի հիման վրա: ՀՀ Սյունիքի մարզպետը ևս խորհուրդ տվեց կատարել այդ քայլը, քանի որ արդեն շուրջ 20 տարի է, ինչ աշխատում եմ այս համակարգում, անձամբ ուսումնասիրել եմ բոլոր համայնքների խնդիրները, աշխատել եմ նրանց ղեկավարների հետ, ունեմ լավ փոխհարաբերություններ բոլորի հետ և, ի վերջո, Տեղն իմ փոքրիկ հայրենիքն է, առանց որի ես իմ կյանքը չեմ պատկերացնում...

-Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների խոշորացման ծրագիրը:

-Ընդհանրապես, ես նախընտրում եմ գնահատականներ տալ այն ծրագրերին, որոնք արդեն իրականացվել են, սակայն տեսնելով մյուս խոշորացված համայնքներում իրականացվող մեծածավալ աշխատանքները` պետք է նշեմ, որ համայնքների խոշորացումն այսօր խիստ արդիական ծրագիր է: Այն համայնքների զարգացման համար մեծ հնարավորություններ կստեղծի` ներգրավելով ֆինանսական միջոցներ` տարբեր աղբյուրներից: Ես լիահույս եմ, որտեղ Տեղ խոշորացված համայնքի մեջ մտնող համայնքներում առկա առաջնահերթ բազում խնդիրներ շուտափույթ լուծում կստանան:

-Տեղ համայնքը նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդավայրն է, ի՞նչ կարևոր ծրագրեր են իրականացվել համայնքում:

-ՀՀ նախագահի վերաբերմունքը համաչափ է բոլոր համայնքների նկատմամբ, և ես չեմ կարող ասել, թե նա իր ծննդավայրի խնդիրների նկատմամբ ավելի հոգատար վերաբերմունք ունի, քան մյուսների: Սակայն կարող եմ նշել մի քանի կարևոր ծրագրեր, որոնք իրականացվել են Տեղ համայնքում. լուծվել են խմելու ջրի, գազաֆիկացման խնդիրները, վերանորոգվել է մշակույթի տունը, հիմնովին վերակառուցվել է թիվ 1 միջնակարգ դպրոցը, որը փլուզված վիճակում էր:

-Ինչո՞վ է հիմնականում զբաղվում Տեղի բնակչությունը և ինչպիսի՞ն է համագործակցությունը մարզպետարանի հետ, արդյո՞ք ՀՀ Սյունիքի մարզում համայնքները համաչափ են զարգանում:

-Տեղ համայնքում գյուղացիական տնտեսություն վարող սուբյեկտները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և դաշտավարությամբ: Տեղում շուրջ 30 հազար մանր եղջերավոր անասուն կա, ինչը ես մեծ ռեսուրս եմ համարում: Կարելի է զարգացնել այն` ստեղծելով բրդի վերամշակման գործարաններ: Ճիշտ է, դա թանկ հաճույք է, սակայն կատարված ներդրումը հաստատ արդյունավետ կլինի, քանի որ մեր տարածաշրջանի անասունների բուրդը որակյալ է և մատչելի:
Համայնքում գործում են նաև կաթի վերամշակման փոքր գործարաններ, որտեղ աշխատում է մեր բնակչության մի մասը:
Ինչ վերաբերում է համայնքների համաչափ զարգացմանն ու մարզպետարանի հետ աշխատանքին, ապա պետք է նշեմ, որ ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատանքային կարևորագույն սկզբունքներից է` ապահովել համայնքների համաչափ զարգացումը, և նա հավասարապես ուշադիր է բոլոր համայնքների և նրանց խնդիրների նկատմամբ: Մարզպետարանը մշտական կապի մեջ է համայնքների ղեկավարների հետ, և նրանք արդյունավետորեն համագործակցում են:

-Մի փոքր պատմեք Ձեր ընտանիքի մասին, ի՞նչ արժեքներով եք դաստիարակել Ձեր երեխաներին:

-Ամուսնացած եմ, ունեմ հայկական ավանդական գեղեցիկ ընտանիք` սիրելի կին, երկու երեխա` մեկ աղջիկ և մեկ տղա: Նրանք անմիջականորեն իմ արժեքների կրողներն են, անգամ երբեմն զարմանում եմ, որ նրանց մեջ հայրենիքի, իրենց Տեղ գյուղի նկատմամբ սերն այդքան խորը արմատներ ունի: Տղաս կրթությունը ստացել է Եվրոպայում, շրջագայել տարբեր երկրներով, սակայն երբ իրեն հարցնում են, թե ծննդով որտեղից է, միանշանակ պատասխանում է` Տեղ գյուղից, և չի փոխում իր գրանցումը:
Աղջիկս բարձր առաջադիմությամբ սովորում է Գորիսի պետական համալսարանում և ցանկանում է ուսումը շարունակել Հայաստանի Ամերիկյան համալսարանում:

 

 

Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...