2016-11-19 10:44
«Դե Ֆակտո» N124 (2016թ.)
«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է «Տեքսուորլդ» ՍՊԸ տնօրեն Լարիսա Հարոյանը:
-Տիկի՛ն Հարոյան, ինչպե՞ս ստեղծվեց ընկերությունը և այս տարիների ընթացքում զարգացման ինչպիսի՞ ցուցանիշներ եք գրանցել:
-«Տեքսուորլդ» ՍՊԸ-ն պաշտոնապես հիմնադրվել է 2002թվականին: Սկսել ենք հնդկական կտորների վաճառքից, այնուհետև աստիճանաբար զարգացնելով գործունեությունը` անցել տեքստիլ արտադրանքի: Երևանի Զեյթուն համայնքում հիմնեցինք կարի ֆաբրիկա` սկզբնական շրջանում փոքր ծավալով, այնուհետև ընդլայնել ենք տեսականին և արտադրությունը:
Ընկերության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ պատրաստում ենք մասնագիտական արտահագուստների հնարավոր բոլոր տեսակները` իրենց անհրաժեշտ պարագաներով (պաշտպանիչ կոշիկներ, սաղավարտներ, դիմակներ, ձեռնոցներ, ամրագոտիներ, պարաններ, փրկարարական օղակներ): Մեր հաճախորդներն ամենատարբեր ոլորտներից են` շինարարից մինչև բժիշկ, զինվորից մինչև որսորդ: Մեզ մոտ կարող են գտնել նաև ամենանեղ մասնագիտությունների համար նախատեսված արտահագուստներ, այդ թվում` հանքափորի, նավթագործի, լեռնագնացի: Բացի այդ, արտահագուստներ ենք կարում հանրապետությունում գործող մի շարք հաստատությունների համար. ռեստորաններ, գործարաններ, սուպերմարկետներ, հյուրանոցային համալիրներ:
2004 թվականից գործող ընկերության ապրանքանիշ հանդիսացող «Յունիֆորմ» խանութ-սրահների ցանցն այսօր իր ապրանքների որակական հատկանիշներով մրցունակ է դարձել արտաքին շուկայում: Այս տարիների ընթացքում ընկերությունը ձեռք է բերել շատ մեծ վստահություն` համագործակցելով ֆրանսիական «Դելտապլյուս», ռուսական «Վոստոկ Սերվիս», «Մելանժ», բելառուսական «Մոգոտեքս», հնդկական «Սուվինիր» և այլ ընկերությունների հետ: Այսօր Վրաստանում ևս ունենք արտադրություն, որը նույն որակով արտադրանք է տալիս պատվիրատուներին: «Յունիֆորմ» խանութ-սրահներից միայն երեքը գտնվում են Թբիլիսիում, մեկը` Բաթումիում: Ընկերության ապրանքանիշը ներկայացնող գրասենյակներ և խանութներ բացվեցին նաև Մոսկվայում, Ռյազանում, 2014թ.-ին ևս մեկ խանութ-սրահ` Բելառուսում:
-Ի՞նչ է հարկավոր որակյալ արտադրանք ստանալու համար:
-Թյուր կարծիք կա ձևավորված, որ ժամանակակից տեխնիկան միայն բավարար է լավ արտադրանք ստանալու համար, սակայն դա այդպես չէ: Ներկայիս կարի մեքենաները, պարզապես, արագացնում են աշխատանքի ընթացքը, քանի որ շատ գործողություններ ավտոմատացված են: Որակյալ արտադրանք ստանալու համար անհրաժեշտ է կարգ ու կանոն, պարտաճանաչ և պատասխանատվության զգացումով օժտված աշխատակիցներ, հետևողականություն, ներդրումներ, լավ տեխնիկա, լինել հուսալի գործընկեր և շատ այլ բաներ: Միայն այս ամենի համադրումից կարող ենք ստանալ որակյալ և մրցունակ արտադրանք:
Այսօր ունենք ժամանակակից տեխնիկայով հագեցած խոշոր արտադրամաս` մոտ 100 աշխատակիցներով: Աշխատավայրում մեծ կարևորություն է տրվում աշխատողների մարդկային որակական հատկանիշներին, և կարող եմ ասել, որ մեզ հաջողվել է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքի նկատմամբ կա սրտացավություն, պատասխանատվության զգացում, միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունք: Սա շատ կարևոր հանգամանք է ցանկացած աշխատանքում հաջողություններ գրանցելու համար:
-Ասում են` բիզնեսը հավերժ պայքար է. ինչպե՞ս եք կարողանում դիմակայել մրցակցությանը:
-Մեր ընկերությունն առաջնորդվում է մի սկզբունքով` երբեք չնայել շուրջը, ունենալ հստակ ուղի և առաջնորդվել դրանով: Մեր ընկերությունում մենք կողմնակից ենք համագործակցություններին և բոլորին ընդունում ենք որպես գործըկեր: Կան մարդիկ, ովքեր կողմնակից չեն դրան, բայց եթե մարդ մտածում է, որ միայն ինքը պետք է լինի, ապա չարաչար սխալվում է: Ես ոչ ոքի մրցակից չեմ համարում, նրանք բոլորն էլ իմ գործընկերներն են:
-Տիկի՛ն Հարոյան, ինքնաբավ կին եք. ունեք ամուր ընտանիք, լավ ընկերներ, սիրելի աշխատանք: Հետաքրքիր է, ի՞նչ է անհրաժեշտ կնոջը բիզնես-աշխարհում ներկայանալու համար:
-Գործարար կնոջ համար կանացի դիվանագիտությունը, պարզապես, անհրաժեշտություն է: Ինքս հաշվապահ եմ և իմ մասնագիտությունն օգնում է բիզնեսում լինել հաջողակ: Աշխատանքում շատ կարևոր է լինել խստապահանջ, միևնույն ժամանակ պահպանելով կանացիությունն ու նրբանկատությունը:
Հարցազրույցը`
Քրիստինա Միրզոյանի
Վերադառնալ