12:52
04/16/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ես խոստանում եմ այն, ինչն իսկապես կարող եմ անել

2016-11-04 10:16

Սիսիանի քաղաքապետ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ

«Դե Ֆակտո» N124 (2016թ.) 


-Պարո՛ն Սարգսյան, Սիսիանի քաղաքապետի ընտրություններն ավարտվեցին Ձեր հաղթանակով՝ թեժ պայքարի պայմաններում: Ինչպե՞ս կգնահատեք ընտրությունների ողջ գործընթացը:

-Որևէ խնդիր չեմ տեսնում թեժ ընտրապայքարի մեջ, քանի որ ընտրությունները հենց այդպես էլ պետք է ընթանան, ես առավել կարևորում եմ դրանց արդար և թափանցիկ ընթացքը: Ես առաջադրել էի իմ թեկնածությունը` նպատակ ունենալով բարելավել իմ հայրենի Սիսիան քաղաքի վիճակը, լուծել ազգաբնակչության առջև ծառացած խնդիրները, և այժմ ուրախ եմ, որ ստացել եմ այդ հնարավորությունը:

-Դուք քաղաքական կենսագրություն չունեք, մի փոքր կպատմե՞ք` ինչ ուղի եք անցել:

-Սիրով: Ծնվել եմ 1978թ. ապրիլի 28-ին Սիսիան քաղաքում, միջնակարգ կրթությունս ստացել եմ տեղի թիվ 2 դպրոցում: 1995թ. ընդունվել եմ Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, ավարտել եմ «Ազգային էկոնոմիկա» բաժինը, 2000-2002թթ. ծառայել եմ Հայոց բանակում: 2002թ. ընդունվել եմ Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի Օրենբուրգի ինստիտուտ: 2003թ. աշխատանքի եմ անցել ՀՀ մաքսային ծառայությունում` որպես ավագ տեսուչ, 2005թ. նշանակվել եմ Սյունիքի տարածաշրջանային մաքսատան զննման բաժնի պետ: 2008թ. բաժնի կարգավիճակը փոխվեց, այն առանձնացավ Սյունիքի մաքսատնից, դարձավ վարչություն, որը մինչև այսօր ղեկավարում եմ: Ճիշտ է, ես քաղաքական կենսագրություն չունեմ, սակայն բախտ եմ ունեցել հայրիկիս` Լավրենտ Սարգսյանի հետ շատ ժամանակ անցկացնելու և նրա հետ ներգրավված լինելու նաև քաղաքական գործընթացներում: Քաղաքապետի պաշտոնում նրա աշխատած հիանալի տասը տարիներն աչքիս առջև են, ինչը մեծ դպրոց է ինձ համար: Քաղաքապետի պաշտոնն ինձ համար կրկնակի անգամ պարտավորեցնող է, քանի որ նախ՝ պետք է կարողանամ առավելագույնս բարելավել քաղաքիս վիճակը և հետո` բարձր պահել հայրիկիս անունը և անցած ճանապարհը:

-Այնուամենայնիվ, ինչո՞ւ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը:

-Պետք է նշեմ, որ ես ինքնաբավ մարդ եմ, կյանքում հասել եմ այն ամենին, ինչին ձգտել եմ: Երբևէ նպատակ չեմ ունեցել առաջադրվելու որպես Սիսիանի քաղաքապետի թեկնածու, այլապես նախորդ ընտրություններին կառաջադրեի իմ թեկնածությունը: Բացի այդ, ես ունեմ Երևանի գրանցում, ինչը ինձ իրավունք չէր տալիս առաջադրվելու, եթե այդպիսի նպատակ ունենայի, տարիներ առաջ կփոխեի գրանցումս, որպեսզի այն խոչընդոտ չհանդիսանար ինձ համար:
Ամեն ինչ սկսվեց նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, երբ Հայաստանում և արտերկրներում բնակվող ընկերներս, Սիսիանի բնակչության որոշակի հատված, հատկապես` երիտասարդությունը, ինձ ոգևորեցին այն գաղափարով, թե ես կարող եմ իմ քաղաքին օգտակար լինել, բարեխղճորեն լուծել քաղաքի առջև ծառացած խնդիրները, քանի որ Սիսիանը նաև իմ քաղաքն է, որտեղ ապրում եմ ընտանիքիս հետ միասին: Արտերկրում ապրող ընկերներս խոստացան անպայմանորեն աջակցել իմ նախաձեռնություններին, ծրագրերին: Այդ ժամանակ, գնահատելով իմ կարողություններն ու վերարժևորելով իմ զգացմունքները հարազատ քաղաքիս նկատմամբ, ինքս էլ համոզվեցի, որ իսկապես կարող եմ ստանձնել այդ պաշտոնը և փորձել օգտակար լինել հայրենի քաղաքիս: Փոխեցի գրանցումս, և երբ ժամանակը եկավ, դրեցի թեկնածությունս Սիսիանի քաղաքապետի ընտրություններում:

-Պարո՛ն Սարգսյան, ի՞նչ ծրագրեր եք իրականացնելու որպես քաղաքապետ:

-Նախ ուզում եմ նշել, որ ես այն մարդկանցից եմ, ով իր ասած յուրաքանչյուր խոսքի համար մեծ պատասխանատվություն է կրում, իր խոստման տերն է: Այդ պատճառով ձգտել եմ չափազանցված և չիրականանալի դրույթներ չներգրավել իմ նախընտրական ծրագրում, խոստանալ այն, ինչ իսկապես կարող եմ անել: Մինչև այսօր այդպես եմ ապրել. շատերն են ինձ դիմել տարբեր խնդիրներով, երբևէ որևէ մեկին չեմ մերժել, եթե փոքր-ինչ հնարավորություն է եղել նրանց օժանդակելու, ապա առանց երկմտելու օգնել եմ:
Քանի որ ինքս ապրում եմ Սիսիանում, քաջատեղյակ եմ քաղաքիս խնդիրների մասին: Այսօր Երևան քաղաքի գրեթե բոլոր բակերում կարելի է տեսնել մանկական խաղահրապարակներ, որոնք դարձել են երեխաների ամենօրյա խաղի վայրը, իսկ մեր քաղաքում երեխաները զուրկ են խաղահրապարակներից, բարեկարգ բակերից: Ինձ համար առաջնային խնդիր է բարեկարգել բակային տարածքները, ստեղծել նվազագույնը 4-6 խաղահրապարակ երեխաների համար:
Կարևոր եմ համարում լուծել նաև քաղաքի փողոցների ասֆալտապատման խնդիրը, ինչպես նաև կազմակերպել կանոնավոր աղբահանություն, որպեսզի մեր քաղաքը մշտապես մաքուր լինի:
Մեծ ցանկություն ունեմ բարելավելու Սիսիանի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը, քանի որ հայտնի է` Սյունիքի մարզում այդ առումով ամենահոգսաշատ քաղաքը Սիսիանն է, որտեղ չկա արտադրություն, աշխատատեղերով ապահովող որևէ մեծ կազմակերպություն: Պետք է փորձեմ ներդրումներ ներգրավել, գործի դնել իմ բոլոր անձնական և գործնական կապերը, հանդես գալ նախաձեռնություններով, դիմել պետական տարբեր կառույցների առկա խնդիրների լուծմանն աջակցելու խնդրանքով:
Պետք է զարկ տալ նաև Սիսիանում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը, արտադրանքի իրացմանն ու պահանջարկի ավելացմանը:
Ծրագրերը շատ են և բազմաոլորտ, որոնք մանրամասն ներկայացված են իմ նախընտրական ծրագրում:

-Պարո՛ն Սարգսյան, Ձեր հայրը` Լավրենտ Սարգսյանը, շուրջ տասը տարի զբաղեցրել է Սիսիանի քաղաքապետի պաշտոնը: Որքանո՞վ է նրա աշխատանքն օրինակ Ձեզ համար:

-Հայրս վառ անհատականություն է, ստեղծարար մարդ, ում օրինակն իսկապես ուսանելի է յուրաքանչյուր հայորդու համար: Ես մշտապես ձգտում եմ չշեղվել նրա կողմից ինձ ավանդված արժեքներից և սկզբունքներից, որոնք այնքան ճշմարիտ են, այնքան մաքուր ու պարզ և միևնույն ժամանակ` իմաստուն: Նա ինձ համար մեծություն է, ումից ամեն օր սովորելու բան ունեմ:
Հայրս մինչև Սիսիանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելը, ղեկավարել է Սպանդարյանի շինվարչությունը: Նրա կողմից կառուցվել են ՀՀ-ում, հատկապես` Սիսիանում, կարևոր նշանակության կառույցներ, ինչպիսիք են` Որոտանի կասկադը, Տոլորսի ջրամբարը և այլն:

-Հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանը Ձեր ընտանիքի ընկերն է եղել, ում անունով կոչել եք Ձեր ստեղծած այգին` Սահյանաձոր: Եթե չեմ սխալվում, նա անգամ տողեր է նվիրել Ձեզ...

-Այո՛, Համո Սահյանը շատ ժամանակ է անցկացրել մեզ մոտ, հայրիկիս հետ շրջել այս կողմերում: Նրանց հանդիպումներին ես հաճախ եմ ներկա եղել, ինչն էլ առիթ է եղել մեծ բանաստեղծի հետ շփվելու և նրա կողմից ինձ ուղղված տողերին արժանանալուն:
Երբ հայրիկս անցավ իր վաստակած հանգստին, որոշեց, որ պետք է այգի հիմնենք, որի հարևանությամբ` Համո Սահյանի տուն թանգարանը: Այսօրվա գեղեցիկ ծիրանենիներով, դեղձենիներվ ու այլ մրգատու ծառերով հարուստ Սահյանաձորը նախկինում ամայի տարածք էր, որը մենք լիովին բարեկարգեցինք և ստեղծեցինք գեղեցիկ վայր, ուր կարելի է ներշնչվել մեծանուն բանաստեղծի ստեղծագործություններով, այցելել թանգարան և վայելել հաճելի հանգիստ բնության գրկում:


-Կխնդրեմ մի փոքր պատմեք Ձեր ընտանիքի մասին և նշեք, թե ինչ պատգամ եք ստացել Ձեր հորից, որը ձգտում եք փոխանցել Ձեր երեխաներին:

-Ամուսնացած եմ, ունեմ սիրելի կին, 3 երեխա` երկու տղա, մեկ աղջիկ: Ես մեծացել եմ այնպիսի հարուստ արժեհամակարգ ունեցող ընտանիքում, որի ավանդույթները և արժեքները մեծ տեղ ունեն նաև իմ ստեղծած փոքրիկ ընտանիքում: Երեխաներս սիրով երկար ժամանակ են անցկացնում իրենց տատիկի, պապիկի հետ:
Իմ երազանքն է, որ իմ երեխաներն իմ ընտանիքի արժեհամակարգի կրողը լինեն` ապրեն ազնիվ, արժանապատիվ կյանքով, սիրեն իրենց հայրենիքն ու ժողովրդին, իրենց գիտելիքներն ու կարողությունները ներդնեն հայրենիքի հզորացման գործում: Տղաս սովորում է առաջին դասարանում, դեռ փոքր է, բայց ես իր մեջ արդեն տեսնում եմ սիսիանցու վեհությունն ու հայրենասիրությունը, կամային բարձր որակները: Գոհ եմ իմ երեխաներից:

 

 

Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...