2016-11-02 14:09
Մեղրի նորաստեղծ համայնքի ղեկավար ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
«Դե Ֆակտո» N124 (2016թ.)
-Պարո՛ն Զաքարյան, արդեն 8 տարի է, ինչ ղեկավարում եք Ագարակ քաղաքային համայնքը և այսօր Մեղրի նորաստեղծ համայնքի ղեկավարն եք: Որքանո՞վ եք արդյունավետ և նպատակահարմար համարում ««ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, ըստ որի` Մեղրու վարչական շրջանի բնակավայրերը միավորվել են Մեղրի համայնքի մեջ:
-Ես լիովին արդյունավետ և ճիշտ եմ համարում օրենսդրական այս փոփոխությունը, քանի որ կարծում եմ, որ համայնքների խոշորացումը ժամանակի հրամայականն է և ՏԻՄ կարողությունների բարձրացման դրական կողմերից մեկը: Դա տրամաբանական, ճիշտ ուղի է, որը հնարավորություն կտա միավորել ՏԻՄ կարողությունները` ստեղծելով առավել ճկուն գործող համակարգ:
Համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում` միավորվել են Մեղրիի տարածաշրջանն ընդգրկող երկու քաղաքային և 11 գյուղական համայնքները` ձևավորելով Մեղրի խոշորացված համայնքը: Սեպտեմբերի 18-ին կայացան համայնքի ղեկավարի և ավագանու ընտրությունները: Հայաստանի հանրապետական կուսակցությունը առաջադրել էր իմ թեկնածությունը: Ձայների մեծամասնությամբ Մեղրիի ղեկավարի պաշտոնում ես ընտրվեցի, ինչի համար խորին շնորհակալությունս եմ հայտնում իմ համաքաղաքացիներին վստահության համար և հավաստիացնում, որ կարդարացնեմ նրանց սպասումները:
-Ի՞նչ արձագանք գտավ համայնքների խոշորացման գաղափարը և որոշումը բնակչության շրջանում:
-Կարծում եմ` յուրաքանչյուր ճիշտ որոշում միշտ ունենում է ընդդիմախոսներ, և դա բնական է: Պետք է նշեմ, որ համայնքների խոշորացման ծրագիրը հիմնականում դրական արձագանք գտավ Մեղրու տարածաշրջանի բնակչության շրջանում, նրանց շատ փոքր մասը դժգոհություններ ունի: Բոլորն էլ հասկանում են, որ պետության կողմից ձեռնարկված այս քայլը ինքնանպատակ չէ, և բխում է իրենց շահերից:
Անցած 20 տարիների ընթացքում ՏԻՄ համակարգն իր դերը կատարել է և բազմիցս ապացուցվել է, որ դրա արդյունավետության մակարդակը գնալով իջնում է, քանի որ, կարելի է ասել, ճոխություն է 13 հազար բնակչության պարագայում 2 քաղաքային և 11 գյուղական համայնքապետարան պահելը` իրենց աշխատակազմով: Նոր իրավական կարգավիճակը հնարավորություն կտա տնտեսել պետության հատկացրած և բնակչությունից գանձվող գումարները և ծախսել առավել նպատակահարմար: Բացի այդ` համայնքներում առկա խնդիրները գրեթե նույնն են և շատ դժվար է տարբերակել դրանք, քանի որ ընդհանրական բնույթ են կրում, միահյուսված են:
-Ուրիշ ի՞նչ խնդիրներ կլուծի համայնքների խոշորացումը:
-Մենք ունենք մեր տարածաշրջանում առկա պոտենցիալը ճիշտ օգտագործելու խնդիր, ինչը լավագույնս կլուծվի համայնքների խոշորացման պարագայում: Մեկ ղեկավարն առավել արդյունավետորեն կարող է գտնել խնդիրների լուծումները և վերահսկել դրանց իրականացումը:
Յուրաքանչյուր համայնք ունի իր առավելություններն ու խոցելի տեղերը, պետք է կարողանալ կենտրոնացնել ռեսուրսներն ու դրանց զարգացման շնորհիվ` լուծել խնդիրները: Օրինակ` Ագարակ քաղաքը, շնորհիվ պղնձամոլիբդենային կոմբինատի, մաքսակետի, ինչու ոչ, նաև զորամասի, իր զարգացման հզոր ռեսուրսներն ունի, իսկ Մեղրին իր աշխարհագրական դիրքով տարածաշրջանի սիմետրիկ կենտրոնն է` իր պատմական ավանդույթներով, սակայն զարգացումը խթանող ծրագրերի իրականացման կարիք ունի և այդ առումով ճիշտ է, որ խոշորացված համայնքի կենտրոնը Մեղրին լինի, որը պետք է կենտրոնի դեմք ունենա: Այդ ուղղությամբ պետք է լուրջ աշխատանքներ տանել:
-Որպես Մեղրի համայնքի ղեկավար` առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:
-Իմ ծրագիրը լի է Մեղրի խոշորացված համայնքի խնդիրների լուծմանն ուղղված բազում ծրագրերով:
Իմ առաջին խնդիրն է լինելու իրականացնել տարածաշրջանի ողջ ազգաբնակչության սոցիալական, կրթական համակարգի համահարթեցումը: Այսինքն` գյուղական համայնքների երեխաները, երիտասարդները նույն հնարավորությունները պետք է ունենան օգտվելու նախադպրոցական, արտադպրոցական, մշակութային, սպորտային և կրթական ծառայություններից, ինչ քաղաքային համայնքների մատաղ սերունդը: Ցավոք, վերջին տարիներին փոքր և թույլ համայնքների համայնքապետարանները հիմնականում կարողանում էին լուծել ինքնապահպանման խնդիր և նախադպրոցական, արտադպրոցական կրթության կազմակերպման հարցում թերանում էին:
Իմ ծրագրի կարևոր դրույթներից է նաև Մեղրի համայնքի աղբահանության, սանմաքրման, բնակավայրերի բարեկարգման աշխատանքների իրականացումը:
Կարևորում եմ նաև ողջ տարածաշրջանի բնակավայրերի միջև տրանսպորտային կապ ստեղծելու խնդիրը, որը խիստ անհրաժեշտություն է և իրատեսական ծրագիր:
Ինչպես նաև իմ ծրագրային դրույթներից է հետամուտ լինել Մեղրու ինքնահոս ոռոգման համակարգի երկրորդ` Ագարակ-Կարճևան հատվածի կառուցմանը, ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքների ու պատկան մարմինների հետ համապատասխան ծրագրերի իրականացմանը:
Պաշտոնավարման ընթացքում փորձելու եմ լուծել փոքր և մեծ ջրամբարների կառուցման հարցը, քանզի նաև դրանից է կախված տարածաշրջանի հետագա զարգացման ընթացքը: Չնայած «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունը բավականաչափ աշխատանքներ է կատարել տարածաշրջանում, բայց ծառայության բարձր որակը և շուրջօրյա ջրամատակարարումը, հատկապես Մեղրիում, օրակարգային է, ուստի` պետք է ուշադրության կենտրոնում պահել բնակիչներին բարձրորակ խմելու ջուր մատակարարելու հարցերը:
Կրկին պետք է բարձրացնել Նռնաձորի ռազմավարական նշանակության ճանապարհի հիմնանորոգման հարցը` նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ այն ԼՂՀ-ի սահմանի հետ հաղորդակցության կարևոր ուղիներից է: Բացի դրանից` հստակ ծրագրեր կազմելով` հնարավորություններ ստեղծել Նռնաձորի հողային ու բնակլիմայական բացառիկ ռեսուրսներն օգտագործելու համար:
Պետք է մշակել համայնքում իրականացվելիք երիտասարդական քաղաքականության հայեցակարգ, որի մեջ ներառել զբաղվածության խնդրի կարգավորման, ազատ ժամանցի և հանգստի խելամիտ կազմակերպումը, երիտասարդ ընտանիքների հիմնախնդիրների աստիճանական լուծումը, մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում բարենպաստ պայմանների ստեղծումը, երիտասարդության ռազմահայրենասիրական ու ֆիզիկական դաստիարակությունը և այլն:
Պետք է նշեմ, որ վերը նշված ծրագրում առկա բոլոր նախաձեռնություններն իրատեսական եմ համարում նաև այն պատճառով, որ մենք ունենք մարզպետ, ով հոգատար վերաբերմունք ունի ՀՀ Սյունիքի մարզի յուրաքանչյուր համայնքի խնդրի նկատմամբ, ինչը թույլ է տալիս առավել վստահ աշխատել` թիկունքում զգալով նրա աջակցությունը:
-Ի՞նչ խնդիրներ եք տեսնում համայնքի տնտեսական ոլորտում, հիմնականում որտե՞ղ է աշխատում համայնքի բնակչությունը:
-Պետք է նշեմ, որ մեր տարածաշրջանի բնակիչները հիմնականում աշխատում են Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում, ռուսական և հայկական զորամասերում, սակայն մենք ունենք տնտեսության դիվերսիֆիկացիայի խնդիր: Ցավոք, Մեղրու տարածաշրջանի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակն ամբողջությամբ կախված է համաշխարհային շուկայում պղնձի և մոլիբդենի գներից, որը ես համարում եմ կոշտ տնտեսական մոդել: Մենք մեծ պոտենցիալ ունենք գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու համար և պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Այդ տեսակետն ունի նաև ՀՀ կառավարությունը, որը վերջին տարիներին մեծածավալ աշխատանքներ է իրականացրել, մեծ ներդրումներ է կատարել ինքնահոս ոռոգման ցանցի կառուցման, բոլոր համայնքներում ներքին ցանցերի բարելավման ուղղությամբ, ինչը կարևոր նախադրյալ է գյուղատնտեսության զարգացման համար: Մենք պետք է նաև ջանանք ներդրումներ ներգրավել և ուղղել գյուղմթերքի վերամշակման ձեռնարկությունների ստեղծմանը, դրանց արտադրանքի արտահանմանը, ինչի արդյունքում կմեղմվի մեր ազգաբնակչության կախվածությունը կոմբինատից:
Մեծ հույսեր ունենք Իրան-Հայաստան վիզաների վերացման արդյունքում` տուրիստական հոսքի ավելացման հետ կապված:
-Ի՞նչ վիճակում են Մեղրի համայնքի մշակութային և սպորտային կենտրոնները:
-Մենք ծրագրում ենք Մեղրի համայնքում գործող բոլոր մշակութային օջախները զարգացնել և հասցնել Ագարակի արվեստի դպրոցի մակարդակին:
Ինչ վերաբերում է համայնքի սպորտային կյանքին, ապա պետք է նշեմ, որ մենք պատրաստվում ենք դիմել իշխանություններին Մեղրու տարածաշրջանում ՀՀ սպորտի նախարարության ենթակայության տակ գտնվող համալիր մարզադպրոց ստեղծելու խնդրանքով: Կարծում եմ` սահմանին ապրող երիտասարդությունը պետք է ուժեղ և կոփված լինի:
-Պարո՛ն Զաքարյան, ինչպե՞ս կբնութագրեք մեղրեցուն:
-Մեղրին պատմականորեն գտնվել է Գողթան և Սյունիք աշխարհների սահմանագծում, ինչի արդյունքում մեղրեցուն բնորոշ է սյունեցու համառությունը և Գողթան աշխարհի բազմաշնորհությունը:
-Ի՞նչ կմաղթեք մեղրեցիներին:
-Ես մեղրեցիներին և ողջ հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, քանի որ մեր բոլոր ծրագրերը հնարավոր է իրականացնել միմիայն խաղաղության պայմաններում:
Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի
Վերադառնալ