21:48
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Յուրաքանչյուր բիզնես պետք է առաջնորդվի սոցիալական պատասխանատվության սկզբունքով»

2013-01-12 10:55

Այսօր ողջ հանրապետությանը ծանոթ են ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանի կողմից Տավուշի մարզում իրականացվող լայնածավալ ծրագրերը: Դրանք, ոչ միայն բիզնես ծրագրերն են` կապված ծխախոտագործության հետ, այլև աջակցության ծրագրեր: Հայաստանում, թերևս, չկա մեկ այլ ընտրատարածք, որտեղ իրագործվեն աջակցության նման խոշոր ծրագրեր:

Հարցազրույց ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանի հետ

 - Հարգելի՛  պարոն Վարդանյան, Դուք պատգամավոր եք ընտրվել թիվ 40 ընտրատարածքից, որը ընդգրկում է հիմնականում Տավուշի մարզի համայնքները: Ի՞նչն է Ձեզ կապում Տավուշի մարզին:

- Տավուշի մարզի հետ ինձ շատ բան է կապում: Տարիներ առաջ, երբ մենք սկսեցինք Հայաստանում ծխախոտագործության վերականգնումը, սերտորեն համագործակցում էինք  Տավուշի մարզի հետ, քանի որ այստեղ ծխախոտագործությունը գյուղատնտեսության ավանդական ճյուղերից մեկն էր: Առկա էին բարենպաստ բնակլիմայական պայմաններ, և ժողովուրդը մասնագիտացած էր այդ գործում: Սա հաջողության գրավականներից մեկն էր: Մարզի բնակչության հետ հաճախակի շփումների արդյունքում ես քաջատեղյակ էի մարզի խնդիրներին, ժողովրդի հոգեբանությանը, և այդ հանգամանքն էր, որ նպաստեց փոխադարձ վստահության ձևավորմանն ու արդյունավետ համագործակցությանը:

- Պարո՛ն Վարդանյան, իսկ ինչով են պայմանավորված աջակցության այդ լայնամասշտաբ ծրագերի իրականացումը Տավուշի մարզում:

- Ես համոզված եմ, որ բիզնեսը պետք է ունենա սոցիալական պատասխանատվություն: Սա ողջ զարգացած աշխարհում ընդունված նորմ է: Կցանկանայի, որ Հայաստանում նույնպես այն դառնա ընդունված նորմ: Եթե դու ինչ-որ տարածքում իրականացնում ես բիզնես գործունեություն, ապա հենց այդ տարածքում պետք է ստանձնես սոցիալական պատասխանատվությունը: Մեր դեպքում այդ պատասխանատվությունը հատկապես տեղին էր, եթե հաշվի առնենք, որ Տավուշի մարզը հիմնականում ընդգրկում է սահմանամերձ համայնքները, որոնք գտնվում են սպառման շուկաներից մեծ հեռավորության վրա և ունեն բազմաթիվ չլուծված խնդիրներ: Սահմանամերձ համայնքները մեր երկրի համար ունեն նաև ռազմավարական նշանակություն: Ծանր սոցիալական խնդիրները խթանում են արտագաղթը: Իսկ սահմանամերձ գյուղերից արտագաղթը սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը: Այնպես որ, մեր կողմից իրականացվող աջակցության ծրագրերը տեղին են և կարևոր: Այս տարիների ընթացքում մեր ծրագրերը երբեք չեն ընդհատվել և առաջիկայում էլ շարունակվելու են:

Համայնքների գազաֆիկացում, խմելու և ոռոգման ջրի ջրագծերի կառուցում կամ վերանորոգում, համայնքային ճանապարհների վերանորոգում, դպրոցների, մանկապարտեզների, մշակույթի տների վերանորոգում, գյուղտեխնիկայի տրամադրում, բուժհիմնարկների վերանորոգում ... սրանք մասն են այն բազում ծրագրերի, որոնք իրականացվել են Միքայել Վարդանյանի աջակցությամբ:

- Իսկ հատկապես ո՞ր ոլորտներ են ընդգրկում ծրագրերը:

- Ծրագրերում ընդգրկված ոլորտները բազմազան են: Շեշտը մենք դրել ենք կենսական կարևորություն ունեցող խնդիրների վրա: Համայնքների գազաֆիկացում, խմելու և ոռոգման ջրի ջրագծերի կառուցում կամ վերանորոգում, համայնքային ճանապարհների վերանորոգում, դպրոցների, մանկապարտեզների, մշակույթի տների վերանորոգում, գյուղտեխնիկայի տրամադրում, բուժհիմնարկների վերանորոգում և այլն: Հաճախ տարբեր միջազգային կազմակերպություններ իրականացնում են ծրագրեր` մի պայմանով, որ համայնքը պետք է համաֆինանսավորի: Համայնքները, որպես կանոն, համաֆինանսավորման համար համապատասխան գումար չունեն: Մենք առանց բացառության բոլոր դեպքերում տրամադրում ենք համայնքի փոխարեն այդ համաֆինանսավորումը: Չի եղել մի դեպք, երբ համաֆինանսավորման բացակայության պատճառով այդ համայնքներում ծրագրերը իրականացված չլինեն: Իհարկե, կան խնդիրներ, որոնք վեր են առանձին անձի կամ կազմակերպության ուժերից, և անհրաժեշտ է պետության միջամտությունը, սակայն մենք արել և անելու ենք այն ամենը, ինչ հնարավոր է: 

-Պարո՛ն Վարդանյան, իսկ ինչպիսին է մարզում գյուղատնտեսության ոլորտի վիճակը, խոսքս հատկապես ծխախոտագործության մասին է:

- Մարզի գյուղատնտեսության հիմնական ճյուղերը ծխախոտագործությունը և խաղողագործությունն են: Ինչ վերաբերվում է ծխախոտագործությանը, ապա հատկապես «Վերջինիա» տեսակի տեղայնացումից հետո ծխախոտագործությունը մեծ զարգացում է ապրում: «Վերջինիայի» դեպքում գյուղացին ընկերությանն է հանձնում ոչ թե չորացված, այլ կանաչ զանգված: Սա ազատում է գյուղացուն ծխախոտի տերևի չորացման ժամանակատար և աշխատատար գործից, բացի այդ` գյուղացին ավելի արագ է ստանում իր եկամուտը: «Վերջինիան» չորացման հատուկ խցիկներում չորացվում է կրակով: Այսօր ողջ Հանրապետության տարածքում տեղադրված 216 չորացման խցիկներից 92-ը տեղադրված են միայն Տավուշի մարզում: Սա նշանակում է, որ ծախոտի տերևի համար մշակվում է մոտ 400-500 հեկտար հողատարածք, և գյուղացին այս տարի կմթերի մոտ 8-10 հազար տոննա կանաչ զանգված: Մթերման ծավալներն ամեն տարի աճում են:  

 

2011թ. արդյունքներով այս ընկերությունները արտահանում են նույնքան սիգարետ, որքան սպառվում է Հայաստանի ներքին շուկայում

 - Հետաքրքիր է, արդյո՞ք  այդ ծխախոտահումքից պատրաստված սիգարետը Հայաստանի սահմաններից դուրս պահանաջարկ ունի:

- Վերջին շրջանում «Գրանդ Տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունների կողմից արտադրված սիգարետների արտահանման ծավալները էապես աճել են: Կարող ենք արձանագրել, որ 2011թ. արդյունքներով այս ընկերությունները արտահանում են նույնքան սիգարետ, որքան սպառվում է Հայաստանի ներքին շուկայում: Այս թվերը վկայում են պատրաստի արտադրանքի բարձր որակի մասին: Հանքարդյունաբերությունից զատ Հայաստանի արտահանման հատվածում մեր սիգարետի արտահանումը իր ծավալներով գրավում է երկրորդ տեղը հայկական կոնյակից հետո:

- Իսկ ինչպիսի՞ն է արտահանման աշխարհագրությունը:

- Մեր արտադրանքն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Շվեդիա, Բելգիա, Ֆրանսիա, Վրաստան, Եգիպտոս, Իրաք, Կիպրոս, Թուրքմենիա: Տարեցտարի արտահանման աշխարհագրությունը նույնպես ընդլայնվում է:

Նոր աշխատատեղերի ստեղծումը նպաստում է գործազրկության մակարդակի կրճատմանը և կանխում արտագաղթը

- Իսկ այդ հաջողությունները ինչպե±ս են անդրադառնում «Գրանդ Հոլդինգում» աշխատատեղերի քանակի վրա:

- Ծխախոտագործության շնորհիվ մարզերում ստեղծվում են տասնյակ հազարավոր աշխատատեղեր: «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող ձեռնարկությունները մայրաքաղաքում միայն վերջին մեկ տարվա ընթացքում ստեղծել են 1500 աշխատատեղ: Իսկ, ընդհանուր առմամբ, «Գրանդ Հոլդինգի»  կազմի մեջ մտնող բոլոր ձեռնարկություններում աշխատատեղերի թիվը հասնում է 6 հազարի: Համոզված եմ, որ աշխատատեղերի ստեղծման գործընթացը կշարունակվի թե՛ մայրաքաղաքում, թե՛ գյուղական վայրերում: Աշխատատեղերի ստեղծման գործը մենք հատկապես կարևորում ենք, քանի որ այն նպաստում է երկրում գործազրկության կրճատմանը և արտագաղթի տեմպերի նվազմանը:

- Դուք իրավամբ ազգանվեր գործունեություն եք իրականացնում, որն անշուշտ բարձր է գնահատվում ողջ ազգի կողմից: Շնորհակալություն հետաքրքիր և սպառիչ պատասխանների համար և հաջողություն Ձեզ հետագա բիզնես և բարեգործական բոլոր ծրագրերի իրականացման մեջ:

        Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի

«Դե Ֆակտո» N67 (2011թ.)



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...