2016-10-19 22:27
«Դե Ֆակտո» N124 (2016թ.)
ՀՀ Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում շուրջ 20 տարի գործող «Գլորիա» ֆաբրիկան` տնօրեն Բագրատ Դարբինյանի ղեկավարությամբ, կայուն զարգացում ապրելով` այսօր արդեն միջազգային ճանաչում ունի, համագործակցության լայն շրջանակներ, որոնց թվում են համաշխարհային բրենդներ ներկայացնող ընկերություններ: Դա իսկապես մեծ աշխատասիրության, ինչու ոչ, նաև հայրենասիրության արդյունք է, քանի որ մարզում ստեղծել նման հզոր արտադրամաս, հազարից ավելի աշխատատեղեր, բավականին դժվար է, պահանջում է մեծ ներդրում, ջանքեր և հայրենիքի ու հայրենի ժողովրդի նկատմամբ մեծ սեր: Բագրատ Դարբինյանի ջանքերն ու ձգտումները բարձր գնահատվեցին ՀՀ կառավարության կողմից, որն աջակցեց «Գլորիա» կարի ֆաբրիկայի զարգացման գործընթացին, և արդյունքն այսօր ավելի, քան տեսանելի է:
«Գլորիա» ֆաբրիկայի զարգացման, հաջողությունների և Բագրատ Դարբինյանի գործունեության հաջողության գրավականի մասին առավել մանրամասն` նրա հետ հարցազրույցում:
-Պարո՛ն Դարբինյան, կարծում եմ` կհամաձայնեք, որ մարզերում արտադրությունների ստեղծման և զարգացման առկայության դեպքում ՀՀ տնտեսությունն առավել մեծ քայլերով կզարգանա և մասամբ կլուծվի աշխատատեղերի խնդիրը: Այդ առումով հատկանշական է ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործող «Գլորիա» կարի ֆաբրիկան, որը Ձեր ջանքերով և ՀՀ կառավարության աջակցությամբ մեծ քայլերով զարգացում է ապրում: Կխնդրեմ մի փոքր պատմեք նախ Ձեր, Ձեր անցած ուղու և «Գլորիա»-ի ստեղծման մասին:
-Սիրով: Ծնվել եմ 1962թ., Ախալքալաքի շրջանում: Սակայն շատ կարճ ժամանակահատված անց ընտանիքով տեղափոխվել ենք ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաք: Ընտանիքում երեք երեխա ենք, ես, եղբայրս և քույրս: Հայրս մանկավարժ էր, մայրս` տնային տնտեսուհի: Բնականաբար, ապրել ենք համեստ կյանքով, քանի որ հայրս իր մանկավարժի աշխատավարձով ճոխ ապրելակերպ չէր կարող ապահովել մեզ համար: Սակայն ի պատիվ իմ ծնողների` մենք բոլորս բարձրագույն կրթություն ենք ստացել, հասել մեր նպատակներին:
Ես ավարտել եմ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1985թ. սկսել եմ աշխատել Վանաձորի կարի արտադրական միավորումում` որպես ինժեներ-շինարար: Այն հզոր միավորում էր, ուներ 7-8 մասնաճյուղ: Բարեբախտաբար, իմ աշխատանքային որակներն ու ձգտումները բարձր գնահատվեցին միավորման տնօրեն Ռաֆայել Մխիթարյանի կողմից: Նա իմ կարիերայի առաջխաղացումը տեսնում էր կարի գծով մասնագիտանալու մեջ, և նրա խորհրդով ու աջակցությամբ 1995թ. ընդունվեցի Մոսկվայի տեքստիլ արդյունաբերության ինստիտուտ: Այն ավարտելուց հետո վերադարձա հայրենիք` աշխատելու ինձ հարազատ դարձած կարի միավորումում, սակայն արդեն որպես պլան բաժնի պետ, այնուհետև գլխավոր տնօրենի տեղակալ, հետո` երկրորդ մասնաճյուղի տնօրեն:
Խորհրդային Միության փլուզումից հետո Վանաձորի կարի արտադրական միավորման մասնաճյուղերը սեփականաշնորհվեցին տարբեր անհատների կողմից և սկսեցին առանձին-առանձին գործել: Միավորման երրորդ մասնաճյուղը ես սեփականաշնորհեցի, և 1996թ. սկսեց գործել «Գլորիա» կարի ֆաբրիկան:
Ինչ վերաբերում է մարզում տեղական արտադրությունների գործարկմանը, ապա դա լավագույն լուծումն է ոչ միայն տնտեսության, այլ նաև այլ խնդիրների: Այսօր աշխատատեղերի պակասը, հատկապես մարզերում, ծանր դրության մեջ է դրել բնակչությանը: Կարծում եմ` հայ գործարարները պետք է մտածեն մարզերում տեղական արտադրությունների ստեղծման մասին, որը կլինի նրանց հայրենասիրության լավագույն դրսևորումը:
-Զարգացման ի՞նչ փուլեր է անցել ֆաբրիկան:
-Պետք է նշեմ, որ սեփականաշնորհումից հետո գրեթե անճանաչելիորեն վերափոխվեցին կարի ֆաբրիկայի շենքային պայմանները, ավելացավ աշխատատեղերի թիվը: Շենքը գտնվում էր վատթար վիճակում, որը հիմնովին վերակառուցվեց, վերանորոգվեց, իսկ աշխատողների թիվը գործունեության առաջին տարիներին 100-120-ից հասավ 600-700-ի, իսկ այսօր ֆաբրիկան 1400 աշխատակից ունի:
Բնականաբար, սկզբնական շրջանում մեր արտադրատեսականին լայն չէր, կարում էինք ավելի պարզ ձևվածքներով հագուստներ, իսկ որակը միջին էր, չեմ կարող համեմատել այսօրվա կարի որակի և բարդության հետ: Սակայն կամաց-կամաց ֆաբրիկայում զարգացավ աշխատանքային բարձր կուլտուրան, ֆաբրիկան սկսեց կարել առավել բարդ ձևվածքներով հագուստների լայն տեսականի: Իհարկե, այդ ամենն իրականացավ շնորհիվ մեր համագործակցության շրջանակների ընդլայնման և ՀՀ կառավարության աջակցության:
Արդյունքում` պետք է փաստեմ, որ «Գլորիա» կարի ֆաբրիկան կարճ ժամանակահատվածում կարողացավ հասնել մեծ հաջողությունների, քանի որ մեր աշխատանքային թիմը ֆաբրիկայի գործունեության առաջին իսկ օրվանից` որպես կուռ ամբողջություն, ձգտել է զարգացման, չի վախեցել դժվարություններից, և այսօր մեր մշտական պատվիրատուների թվում են համաշխարհային ճանաչում ունեցող բրենդներ ներկայացնող ընկերությունները:
Ես` որպես հայ մարդ, գործարար, ով ամեն ջանք գործադրում է, որ ֆաբրիկան զարգանա, նոր աշխատատեղեր ստեղծվեն,հոգեպես հանգիստ եմ և վստահ, որ իմ երկրի իշխանությունը միշտ պատրաստ է աջակցելու ինձ:
-Դուք նշեցիք, որ ՀՀ կառավարությունը մեծապես աջակցել է Ձեզ, տվել է արտոնություններ: Ձեզ համար առավել կարևոր էր կառավարության ֆինանսակա՞ն, թե՞ բարոյական աջակցությունը` այն գիտակցումը, որ պետությունը Ձեր կողքին է:
-Շատ նուրբ հարց եք տալիս: Այն ժամանակ, երբ մենք դիմեցինք ՀՀ կառավարությանը, մեզ իսկապես շատ շտապ ֆինանսական աջակցություն էր պետք, մենք պետք է սկսեինք համագործակցել իտալական ընկերության հետ, որն իր պատվերն իրականացնելու համար աշխատանքային բարձր չափանիշեր էր ներկայացրել, որոնք մենք պետք է անպայման ապահովեինք: Այն է` վերանորոգել արտադրության տարածքը, ապահովել աշխատանքային հիգիենիկ և հարմարավետ պայմաններ, ֆաբրիկան զինել նորագույն սարքավորումներով: Այդ ամենը մեծ ներդրում էր պահանջում: Նրանք սարքավորումների հարցում մեզ աջակցեցին, բերեցին դրանք, որոնց արժեքը 3-4 մլն եվրո էր, իսկ ԱԱՀ-ն կազմում էր մոտ 1 մլն եվրո: ՀՀ կառավարությունն այդ ժամանակ մինչև 2018թ. երկարաձգեց ԱԱՀ-ի վճարման ժամկետը: Բացի այդ, մեր կողմից ներկրվող նոր սարքավորումների համար պարտադիր մաքսատուրքի վճարման ժամկետը մեկ տարով երկարաձգվեց:
Մեզ համար մեծ օժանդակություն էր նաև ՀՀ նախագահի աջակցությամբ ցածր տոկոսադրույքով տրամադրված վարկը, որի շնորհիվ կարողացանք ընդլայնել արտադրությունը:
Առանց պետության վերը նշված աջակցության` չէինք կարող մեր նպատակային ծրագրերն իրականացնել: Սակայն պետք է նշեմ նաև, որ շատ կարևոր էր պետական օժանդակության բարոյական կողմը, այն գիտակցումը, որ դու մենակ չես: Դա փաստում են նաև նախկին և ներկա վարչապետերի այցելությունները «Գլորիա» ֆաբրիկա: Ես` որպես հայ մարդ, գործարար, ով ամեն ջանք գործադրում է, որ ֆաբրիկան զարգանա, նոր աշխատատեղեր ստեղծվեն, հոգեպես հանգիստ եմ և վստահ, որ իմ երկրի իշխանությունը միշտ պատրաստ է աջակցելու, եթե դրա կարիքը կա, ինչպես նաև համոզված եմ, որ ՀՀ կառավարությունը ոչ միայն իմ, այլ բոլոր այն գործարարների կողքին է, ովքեր իսկապես աշխատում են, զարգացնում տեղական արտադրությունը, ստեղծում նորանոր աշխատատեղեր: Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ՀՀ կառավարությանը:
-Համագործակցության ի՞նչ շրջանակներ ունեք, և հագուստների ի՞նչ տեսականի է արտադրում «Գլորիան»:
-Գործունեության սկզբում արտադրում էինք բանվորական հագուստ, ներքնաշորեր: Այդ տարիներին տարածաշրջանում անկայուն վիճակ էր և մենք, բացի ռուսաստանյան շուկայից, այլ շուկաներ մուտք գործել չէինք կարողանում, բարդ էր նաև հոգալը ֆաբրիկայի գործունեության ծախսերը, աշխատողների աշխատավարձերը, քանի որ պատվերների քանակն այդքան էլ մեծ չէր: Սակայն ես ՌԴ-ում գործող իմ բիզնեսի շահույթը ներդնում էի ֆաբրիկայի գործունեության մեջ, որպեսզի այն թեկուզ կարճ ժամանակով չդադարի աշխատել, աշխատողներն աշխատավարձ ստանան, չկորցնենք մեր որակյալ կադրերին: Իսկ Ռուսաստանում ապրող իմ ընկերներն աջակցում էին պատվերների ներգրավման հարցում:
2008թ. մեզ հաջողվեց առաջին պայմանագրերը կնքել ամերիկյան, եվրոպական ընկերությունների հետ` իտալական, գերմանական: Առաջին համագործակցությունը «Ամերիկս ինթերնեյշնլ» ընկերության հետ էր, որը մեզ պատվիրեց մանկական բաճկոններ: Այդ ժամանակվանից սկսած` մեր արտադրանքի որակական չափանիշերը բարձրացան` համապատասխանելով միջազգային նորմերին: Մեր արտադրանքի որակն ու աշխատանքային կուլտուրան էլ ավելի կատարելագործվեց եվրոպական ընկերությունների հետ համագործակցության արդյունքում: Այդ ընկերությունների թվում են` London Fog, Oshkosh, Gerry, Amerex Group, Massimo Dutti, Gerry Weber, LEBEK, KՆBLER, B/P, HB SCHUTZBEKLEIDUNG և այլն: Համագործակցում ենք նաև AUDI, Mercedes, BMW ընկերությունների հետ, արտադրում ենք նրանց ինժեներատեխնիկական աշխատողների հագուստները:
«Գլորիա» կարի ֆաբրիկայի կողմից են կարվել նաև Սոչիի օլիմպիական խաղերին մասնակցող լեռնադահուկորդների հագուստները:
Մենք արտադրում ենք տղամարդու, կանացի և մանկական հագուստների լայն տեսականի: Մասնավորապես` բաճկոններ, համազգեստներ, կիսավերարկուներ, կոստյումներ, շրջազգեստներ, տաբատներ, վերնաշապիկներ, արտահագուստ` նախատեսված տարբեր արտադրություններում աշխատելու համար: Մենք կարում ենք բանվորական, բժշկական, վիրաբուժական, պաշտպանիչ(արդյունաբերական) հագուստներ: Գիտեք, որ հատկապես Գերմանիայում զարգացած է մեքենաշինությունը, մետալուրգիան և աշխատողների անվտանգությունն ապահովող արտահագուստները շատ պահանջված են այնտեղ: Մենք ուրախ ենք, որ դրանց մեծ մասը մենք ենք կարում: «Գլորիան» գերմանական արդյունաբերական աշխատողների համար ամսական 70 հազար աշխատանքային պաշտպանիչ հագուստ է արտադրում:
Մենք համագործակցում ենք նաև ՀՀ պաշտպանության նախարարության հետ, կարում ենք հիմնականում սպայական անձնակազմի ձմեռային հագուստները:
-Տեղական շուկայում «Գլորիայի» արտադրանքը չի՞ սպառվում:
-Անկեղծ ասած` տեղական շուկայի համար մենք չենք արտադրում, քանի որ այն լի է տարբեր որակների և արժեքների հագուստներով` բերված այլ երկրներից, որոնց արժեքն ավելի մատչելի է, քան մեր արտադրանքի արժեքը: Մենք կարում ենք միմիայն բարձր որակի արտահագուստ, իսկ դուք գիտեք, որ մեր մենթալիտետում ընդունված է միջազգային բրենդների արտադրանքը գնել բարձր գնով: Այսինքն` գնորդների այն հատվածը, որը կարող էր գնել մեր արտադրանքը, ավելի շատ նախընտրում է եվրոպական բրենդային հագուստ գնել: Իհարկե, դա կարծրատիպ է, որը պետք է կոտրել, ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում այդպես էլ պետք է լինի, հայը պետք է նախապատվություն տա իր երկրի արտադրանքին և հպարտանա, որ կրում է այն, պարզապես ժամանակ և համբերություն է պետք այդ ամենին հասնելու համար:
-Խոսեցիք սարքավորումների մասին: Քանի՞ սարքավորում ունի ֆաբրիկան և ժամանակակից ի՞նչ եղանակներով է կարվում «Գլորիայի» արտադրանքը:
-Մենք ունենք ժամանակակից բարձրակարգ սարքավորումներ, որոնք թույլ են տալիս իրականություն դարձնել յուրաքանչյուր երևակայական մոդել: Ունենք շուրջ 3000-4000 սարքավորում, սակայն երբ մոդելները փոխվում են, փոխվում են նաև սարքավորումները: Մենք տարեկան 500-600 հազար ԱՄՆ դոլարի ներդրում ենք կատարում: Այսինքն` մեզ մոտ սարքավորումների համալրման գործընթացը երբեք չի դադարում և սահմանափակվում: Օրինակ` իտալական և գերմանական ընկերությունների հետ աշխատելիս մենք ժամանակ առ ժամանակ թարմացնում ենք սարքավորումների կազմը, քանի որ նրանք պահանջում են, որպեսզի իրենց պատվերը կարվի տվյալ սարքավորմամբ: Նրանց համար կարևոր է նաև, թե որտեղ ես արտադրում, ինչպիսի պայմաններ են ապահովված աշխատողների համար, ինչպիսին է արտադրամասի օդափոխությունը, հիգիենիկ վիճակը, արդյոք կա՞ն վթարային ելքեր: Նրանք այդ ամենը ոչ միայն պահանջում են, այլ նաև ստուգում են, ամեն տարի այցելում են ֆաբրիկա և իրենց աչքով տեսնում ու գնահատում մեր աշխատանքը: Ինչ վերաբերում է սարքավորումների աշխատանքին, ապա դրանք աշխատում են արդի ձեռքբերումներին համարժեք մեթոդներով, օրինակ, լազերով են կտրում, ավտոմատ կարում կոճակները և այլն:
-Կադրային խնդիր ունե՞ք, ինչպե՞ս է տեղի ունենում սերնդափոխությունը:
-Քանի որ հատուկ ուսումնական կենտրոններ չկան, որոնք մեզ կապահովեն որակյալ մասնագետներով, մենք ինքներս ենք պատրաստում մեզ համար կադրեր: Եվրոպական ընկերությունների հետ աշխատանքը մեզ հնարավորություն տվեց նաև կադրերի վերապատրաստման հնարավորություն ձեռք բերել: Մեր լավագույն կադրերը որակավորվում են, ծանոթանում վերջին նորություններին և ներդնում դրանք մեր աշխատանքում:
Մեր աշխատակիցների ավագ սերնդի ներկայացուցիչներն իրենց աշխատանքային հմտությունները փոխանցում են նոր սերնդին, իսկ իրենք աշխատում են այնքան ժամանակ, որքան իրենց ուժերը ներում են: Մենք աշխատողների համար տարիքային սահմանափակում չենք դնում, սակայն մեզ մոտ աշխատանքը լավ տեսողություն, արագություն է պահանջում, և երբ իրենք զգում են, որ այլևս չեն կարողանում ապահովել անհրաժեշտ աշխատանքային որակներ, անձամբ են հրաժարվում աշխատանքից: Մեր աշխատանքային կոլեկտիվն աշխատում է մեկ ընտանիքի նման, թեև նրանց թիվը 1400 է: Ի դեպ` մենք ինքներս ենք 20 ավտոբուսներով մեր աշխատակիցներին ամեն օր տեղափոխում աշխատանքի և այնտեղից` տուն:
-Հումքի ընտրության հարցում ի՞նչ չափանիշերով եք առաջնորդվում:
-Մենք նախընտրում ենք ճաշակով և որակով հումք, որը ներկրում ենք տարբեր երկրներից: Կարևորելով որակը` մենք անպայման հետևում ենք նաև նորաձևության միտումներին կտորների, աքսեսուարների գույների, տեսակների ընտրության հարցում:
-«Գլորիան» ամեն տարի աճ է արձանագրում, ի՞նչ կանխատեսումներ ունեք այս տարվա հետ կապված:
-Իսկապես, մեր ֆաբրիկան ընթանում է զարգացման ճանապարհով` ամեն տարի կայուն աճ արձանագրելով: Իհարկե, ֆինանսական ճգնաժամերն անդրադառնում են մեր աշխատանքի վրա, բայց քանի որ մեր ընկերության համագործակցության շրջանակները լայն են, ամեն տարի պարտադիր որոշակի աճ արձանագրվում է` 5 կամ 10 տոկոս: Այս տարի ակնկալում ենք մոտ 12 տոկոս աճ:
Մենք ունենք ժամանակակից բարձրակարգ սարքավորումներ, որոնք թույլ են տալիս իրականություն դարձնել
յուրաքանչյուր երևակայական մոդել` հետևելով նորաձևության միտումներին:
-Ապագա ի՞նչ ծրագրեր ունեք:
-Մեր ապագա ծրագրերը կապված են ֆաբրիկայի գործունեության և համագործակցության շրջանակների ընդլայնման, նոր շուկաներ գրավելու հետ, որոնց ուղղությամբ անընդհատ աշխատանքներ ենք իրականացնում:
Այժմ նոր արտադրամաս ենք կառուցում: Ցանկանում ենք արագ ավարտին հասցնել շինարարական աշխատանքները և շահագործել տարածքը, քանի որ պատվերների քանակը մեծացել է, կարիք ունենք նաև նոր աշխատակիցների, որոնց ներկայիս արտադրամասում աշխատանքի ընդունել չենք կարող, ազատ տարածք չունենք: Նոր արտադրամասի գործարկմամբ կբացվեն նաև նոր աշխատատեղեր:
-Պարո՛ն Դարբինյան, ո՞րն եք համարում Ձեր հաջողության գրավականը:
-Իմ հաջողության գրավականն առաջին հերթին իմ աշխատասիրություն է, պատասխանատվության բարձր զգացումը և հետևողական աշխատանքը: Ես աշխատանքում կարևորում եմ ամեն մանրուք և հետևում եմ, որ ամեն ինչ իդեալականին մոտ արվի, ինքս հետևում և մասնակցում եմ աշխատանքային ողջ գործընթացին: Ինձ հաճախ հարցնում են, թե ինչու չեմ որևէ մեկին նշանակում այդ գործը կատարելու համար: Գուցե դա նրանից է, որ ես ինքս մասնագետ եմ և տիրապետում եմ աշխատանքային նրբություններին, որին գումարվում է իմ սերն աշխատանքի հանդեպ և բարձր ձգտումները: Ես նույնիսկ իմ ամենավստահելի աշխատողի աշխատանքին հետևում եմ: Եվ ինձ համար որևէ տարբերություն չկա, թե ով է պատվիրատուն, ինչ քանակության պատվեր է կատարել: Մեր ֆաբրիկան նույն բարձր չափանիշերով աշխատում է մեր բոլոր պատվիրատուների համար:
Կարծում եմ` իմ հետևողականության և պատվիրատուների նկատմամբ ուշադրությամբ է նաև պայմանավորված մեր հաջողությունը: Ես միշտ կարևորում եմ գործընկերոջ շահը, ելնում նրա պահանջներից, ինչը բարձր է գնահատվում նրանցից յուրաքանչյուրի կողմից, հարգանք և վստահություն ստեղծում մեր ընկերության հանդեպ, ինչպես նաև նպաստում նոր գործընկերների ներգրավմանը:
Բարի համբավը յուրաքանչյուր գործում կարևոր է, հատկապես, եթե իրական հիմքեր ունի: Իսկ «Գլորիա» կարի ֆաբրիկան իր գործունեության 20 տարիների ընթացքում կարողացել է բարի համբավ ձեռք բերել միջազգային շուկայում:
Իմ ընտանիքը կյանքիս մեծագույն ուրախությունն ու երջանկությունն է, և ես հույս ունեմ, որ իմ աշխատասիրությունը, հայրենասիրությունը, բարոյական արժեքները կարողացել եմ փոխանցել երեխաներիս, և վաղը նրանցով հպարտանալու շատ առիթներ կունենամ:
Իմ հաջողության գրավականն առաջին հերթին իմ աշխատասիրություն է,
պատասխանատվության բարձր զգացումը և հետևողական աշխատանքը:
-Որո՞նք եք համարում կյանքում բացարձակ արժեքներ:
-Ինձ համար կյանքում բացարձակ արժեքներ են հայրենիքը, ընտանիքը, ազնվությունը, բարությունը, բարոյական բոլոր հիմնարար սկզբունքները և աշխատասիրությունը, ձգտումը, համառ պայքարը հասնելու հաջողության: Ես իմ ողջ կյանքի ընթացքում ձգտել եմ չշեղվել վերը նշված արժեքներից, դրանց ներքո ապրել և իմ շրջապատին վարակել դրանցով:
-Պարո՛ն Դարբինյան, մենք գիտենք, որ Դուք հրաշալի ընտանիք ունեք: Մի փոքր պատմեք Ձեր ընտանիքի, երեխաների մասին, ինչպիսի՞ արժեքներ եք փոխանցել նրանց:
-Իսկապես հիանալի ընտանիք ունեմ, կինս և երեք դուստրերս իմ կյանքի մեծագույն ուրախություններն են: Երկու աղջիկներս ուսանողուհիներ են, մեկն ընտրել է հոգեբանություն, իսկ մյուսը` մոդելավորում մասնագիտությունը: Երրորդ աղջիկս դեռ շատ փոքր է, բայց հույս ունեմ նա էլ կընտրի իմ մասնագիտությունը:
Կարծում եմ` ծնողի օրինակը, ապրելակերպը, արժեքները, ընտանեկան ավանդույթները մեծ ազդեցություն ունեն երեխաների դաստիարակության վրա: Հուսով եմ, որ իմ աշխատասիրությունը, հայրենասիրությունը, բարոյական արժեքները կարողացել եմ փոխանցել երեխաներիս, և վաղը նրանցով հպարտանալու շատ առիթներ կունենամ:
Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի
Վերադառնալ