17:15
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Գեղարքունիքի մարզի ավանդապատումներ

2016-10-17 14:34

 «Դե Ֆակտո» N123 (2016թ.)

Հայոց պատմությունն ուսումնասիրելու համար աղբյուր են հանդիսանում տարբեր մենագրությունները, հուշերը, պատմիչների աշխատությունները, սեպագիր արձանագրությունները, ավանդապատումները և այլն:
Հայաստանի ցանկացած մարզ կամ քաղաք ունի իր պատմությունն ու ավանդապատումները, բարքերը, սովորույթներն ու տեսարժան վայրերը: Սակայն, ցավոք, տարիների ընթացքում դրանք հիմնականում կամ մոռացության են մատնվում կամ չեն պահպանվում սերունդների կողմից:


Ավանդապատումների հիմնական աղբյուր են հանդիսանում մեր պատմիչների կողմից թողած աշխատությունները, տվյալ շրջանի ավագ սերնդի հիշողությունները, սեպագիր ու վիմագիր արձանագրությունները, ինչպես նաև տարիների ընթացքում կատարված մեր ու խորհրդային վաստակավոր գիտնականների կատարած ուսումնասիրությունները:


Ավանդապատումների շարք ունի մեր քերթողահայր ու
5-րդ դարի պատմիչ Մ. Խորենացին: Սակայն ավանդապատումների վառ օրինակ է հանդիսանում մեր հարուստ կենցաղն ու մշակույթը:
Ավանդապատումներով է, որ մինչև օրս գոյատևում ու պետք է գոյատևենք պահպանելով մեր պապերից մեզ մնացած երկիրը: Առանց ավանդապատումների չենք ունենա հարուստ մշակույթ, ազգագրություն, պատմություն և վերջապես կրոն:
Մի քանի խոսքով ես ցանկանում եմ ներկայացնել Գեղարքունիքի ավանդություններն ու պատմական վայրերը:

 

Գեղարքունիք գավառը գրավում էր Գեղամա լճի` Սևանա լիճ, ավազանի խոշորագույն մասը, իսկ ավազանի մյուս փոքրիկ մասը կազմում էր Սոդք գավառը: Գեղարքունիքը տարածվում էր լճի հյուսիս-արևմտյան կողմում, իսկ Սոդքը` հարավ-արևելյան: Գեղարքունիքն ու Սոդքը միասին կոչվել են նաև Գեղամա երկիր:
Ըստ ավանդության, Գեղարքունիք անունը կապվում է ավանդական Գեղամի անվան հետ: Այդ են վկայում այժմյան Գավառի` Կամո, Մարտունու և Վարդենիսի շրջանների, ինչպես նաև նախկին Կարմիրի շրջանի մի քանի գյուղերի արձանագրությունները, որոնք հնում մտնում էին Վարդենիսի շրջանի մեջ և պատմականորեն կապված են եղել նրա հետ: Հնում այս բոլոր լճափնյա շրջանները միասին կոչվել են Գեղամա երկիր և բաժանված են եղել երկու գավառի` Գեղարքունի, որը համապատասխանել է ներկա Գավառի և Մարտունու շրջաններին,և Սոդք, որի մեջ, բացի Վարդենիսի ներկա շրջանից, մտնում էին Կարմիրի շրջանի լճափնյա մի քանի գյուղեր:
Միջին դարերում այս շրջաններն ունեցել են զանազան անուններ, Կամոյի շրջանը կոչվել է Ծմակ գավառ, ապա` Գավառ, որը ժողովրդի մեջ գործածական է Քյավառ ձևով:


Մարտունու շրջանն իր ամենամեծ ավանի անունով կոչվել է Կոթի գավառ, ապա նաև այժմյան շրջկենտրոնի հին անունով` Կզնուտ գավառ:
Վերջին դարերում բոլոր այս շրջանները կոչվել են Գեղաքունի-Գեղարքունի-Գեղարքունիք: Այս անվան ծագումը շատ հին է. դեռևս ուրարտական պետականությունից առաջ ներկայիս Գավառի շրջանում ապրել է Գել անունով մի ցեղախումբ, որին նվաճած ուրարտացիներն իրենց արձանագրությունների մեջ այդ երկրամասն անվանում են Վելիքուխի և Գելակունի ձևերով: Սրանք իրենց լեզվական առանձնահատկությամբ նույն իմաստ ունեն և նշանակում են Գելերի երկիր: Հենց այդ Գելակունի երկրանունն էլ ձևափոխվել է Գեղարքունի-Գեղարքունիք ձևերի:
Պատմական Հայաստանի վարչական հին բաժանմամբ լճափնյա այս երկրամասը մտնում էր Սյունիք նահանգի մեջ և կազմում էր նրա երկու գավառը` Գեղարքունի և Սոդք: Երկրամասի տերն էր Սյունյաց նախարարական տան մի ճյուղը: Գեղարքունիքի իշխանական նստոցը Կոթ ավանն էր` այժմ Ներքին Գետաշեն, ուր միանում էին Արարատյան դաշտից եկող երկու ճանապարհները և որտեղ կանգնած է 9-րդ դարի վերջին կառուցված Կոթա Սուրբ Աստվածածին նշանավոր վանքը:
Ինչ վերաբերվում է Սոդքին` Վարդենիսի շրջան, ապա նրա թե՛ սահմանները և թե՛ իշխանական տան պատկերն այդքան էլ պարզ չեն: Հնագույն շրջաններում Սոդքից արևելք գտնվող Վայկունիք գավառն արդեն 13-րդ դարում միացած էր Սոդքին, և Ստեփանոս Օրբելյանը Սոդք գավառի գյուղերի իր ցանկում ընդգրկել է նաև այդ գավառի գյուղերը` իշխանական նստոց Ծար ավանի հետ միասին:


Լճափնյա այս շրջանները պարսից տիրապետության օրոք կառավարել են հայ մելիքները, որոնցից առավել նշանավոր էր Շահնազարյանների տոհմը` նստոց ունենալով Մեծ Մազրա գյուղը, ապա` Պուղիկյանների տոհմը, որ տիրում էր ներկա Մարտունու շրջանի մեծ մասին` նստոց ունենալով Փառականք կամ Փառակունիս գյուղը, որը հետագայում կոչվել է Վերին Քյոլաղռան, իսկ ըստ Սեդրակ Բարխուդարյանի հաղորդած տվյալների` նշված բնակավայրը անբնակ է:
Գեղարքունին ծայրից ծայր հատող այդ ճանապարհների վրա մինչև օրս մնում են մի շարք հին հուշարձաններ: Այսպես. Վայոց ձորից եկող ճանապարհի վրա, Սելիմի լեռնացքի կատարին 14-րդ դարի սկզբներում կառուցված հոյակապ քարավանատունն է, իսկ ուղու վտանգավոր հատվածների եզրերին ուղեցույց հանդիսացող Ցից քարերը: Սևանից դեպի Կամո ընթացող հատվածի վրա, Ադկալա-Հայրավանք գյուղերի մոտ, տարածված են «Ազատ քաղաքի» ավերակները, ուր կան մեծ շինություններ, հավանաբար նաև քարավանատան ավերակներ, որոնց եզրին, լճափին մոտ, միջնադարյան ամուր և բարձրաբերձ պարիսպներով ու բուրգերով մի բերդ է, իսկ ճանապարհի եզրին կանգնած է խաչքար-ճանապարհախաչը 1274թ. արձանագրությամբ: Ակադեմիկոս Մանանդյանն այս վայրը համարում է Դվին-Պարտավ Շավանում 1956թ. հայտնաբերվեց մի արձանագրություն, որի բովանդակությունից հետևում է, որ այդ ուղու պահպանությունը պետական գործ է համարվել:
Գեղարքունիքը ճանաչված է իր բերդերով, վանքերով և այլն: Ներկայացնենք դրանցից մի քանիսի, ինչպես նաև որոշ գյուղերի ավանդապատումներից` ըստ Ա.Ղանալայանի «Ավանդապատում» աշխատության:
Վոթոյի բուն. գտնվում է Սևանի շրջանի Դդմաշեն գյուղից դեպի հյուսիս: Այս քարայրում ապրել է Վոթո` Վարդան անունով մի ավազակ: Նա մարդկանց վնաս չի հասցրել, փախել է իշխանությունից ու օրենքից: Քարայրի ներսը, քարի վրա հրացանաձև բնական մի երկարուկ փոս կա: Ասում են, թե դա Վոթոյի հրացանի տեղն է: Այսօր էլ այդ քարայրը կոչվում է Վոթոյի բուն:


Շավոյի ձոր. գտնվում է Սևանի շրջանի Դդմաշեն գյուղի մոտ: Շավոն քուրդ է եղել: Ապրելով հայերի մեջ`նա որոշում է ընդունել քրիստոնեություն: Շավոյի հետ քրիստոնեություն են ընդունում նաև նրա կինն ու տղան` Հովհաննեսը: Հովհաննեսն ամուսնանում է տեղացի մի հայ աղջկա հետ: Թե՛ Շավոն և թե՛ նրա որդին շատ քաջ ու անկախ մարդիկ են եղել: Շավոյի անունով ձորը կոչվել է Շավոյի ձոր:
Դավա-յաթաղ. գտնվում է Սևանի շրջանի Դդմաշեն գյուղի յայլայում: Ուղտերի քարավանը դադար է առել այս հովտում: Ուղտապանը հանգիստ է տվել ուղտերին և գիշերը քնել նույն տեղում: Դրանից էլ հովտի անունը մնացել է Դավա-յաթաղ` ուղտերի իջևան:
Աղմաղանի աղբյուրները. գտնվում են Գեղամա լեռներում: Այստեղ ժամանակին բազմաթիվ աղբյուրներ են եղել: Նաղի-խանն ուղտերի քարավաններով բուրդ է կրել տալիս և խցանում բոլոր աղբյուրների ակունքները, որպեսզի իր հակառակորդներն աչք դնեն այդ ջրառատ վայրերին:


Վարդենիկի աղբյուրը. գտնվում է Մարտունու Վարդենիկ գյուղի մոտ: Այս աղբյուրի ջրի մասին ասում են, թե ունի հրաշալի զորություն, ով որ լվացվում է և խմում, մազերը ոսկեզօծվում են և փափկում աբրեշումի պես:
Օրգանիզմում քար ունեցողներն էլ գալիս են, խմում այս աղբյուրի ջրից, որից հետո քարը մաշվում ու ընկնում է:
Ծակ քար. գտնվում է Մարտունու շրջանում: Այստեղ կա մի սառնորակ ու առատահոս աղբյուր, որի ջուրը ձմեռը չի սառչում և որը յոթ ջրաղաց է աշխատեցնում: Այդ աղբյուրն իր համար ճանապարհ է բացել` հետզհետե մաշելով ու ծակելով մոտակա ապառաժ քարը, որից գյուղը ստացել է Ծակքար անունը:


Մաշտոցներ. գտնվում է Սևանա կղզու արևելյան ափին: «Լինել տեղւոյն ի ժամանակէ անտի սրբոյն Մաշտոցայ, և տեղի առանձին ճգնութեան նորա, ուր երբեմն առանձնացեալ ի միաբանութեանց անտի աղօթից և խնդրուածոց պարապէր և հազիւ ուրեմն յետ քանի ինչ աւուրց: Եւ խրճիթն այնք իսկ անուանին ցարդ Մաշտոցներ»:


Վարսեր. գտնվում է Սևանի շրջանում, կղզուց հարավ-արևմուտք: Մի աղջիկ մոտակա գետն ընկնելով խեղդվել է: Ջուրը տարել է նրա դիակը: Գետի երեսին փռված երևացել են խեղդված աղջկա մազերը: Տեսնողները ձայն են տվել իրար. «Վարսե’րը, վարսե’րը»: Դրանից հետո գյուղի անունը դրել են Վարսեր` նախկին անունը` Չըռչըռ:


Վարդենիսի բերդ. գտնվում է Մարտունու շրջանի Վարդենիկ` Գյոզալդարա գյուղի մոտ: Այստեղ ապրել է Վարդենիս անունով մի գեղեցիկ աղջիկ: Շատերն են ուզեցել տիրանալ նրան, բայց նա սիրել է միայն Վարդին: Երբ Վարդենիսն իմանում է, որ Վարդը զոհվել է թշնամու դեմ մղված անհավասար կռվում, հայտնվում է բերդի պարիսպների վրա և սկսում է նետահարել թշնամուն: Պարսից արքայազնը խոստանում է Վարդենիսին դարձնել իրենց աշխարհի տիկնաց տիկինը, եթե նա համաձայնվի իր կինը դառնալ: Վարդենիսը մերժում է նրա առաջարկը և շարունակում է կռվել պարսից զորքի դեմ: Երբ կտրվում է նրա հույսը, բերդի աշտարակից իրեն ձորն է նետում և ինքնասպան լինում: Դրանից հետո բերդի անունը դնում են Վարդենիսի բերդ:
Գանձավանք կամ Անգիր վանք. գտնվում է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մոտ: Այս ամայի վանքը տեղացիների ասելով կոչվում է նաև Անգիր վանք, որովհետև նրա մեջ ոչ մի գրի նշան չկա:
Սևանա վանք. գտնվում է Սևանա կղզում: «Ի կառուցել մեծին Գրիգորի զայս եկեղեցի, կոչեաց և անուն տեղւոյս Այս է վան, որ հոլովելով աղաւաղանօք ի լեզուս, եհաս առ յետագայսն և առ մեզ անուամբս Սևան»:
Սուրբ Հովհաննես. գտնվում է Սևանի Դդմաշեն գյուղի հյուսիսում: Եղել է Հովհաննես անունով մի մարդ: Երիտասարդ ժամանակ նա ավազակությամբ է զբաղվել: Երբ ծերացել է, եկել է այստեղ, աղբյուրների մոտ քոլիկ-տնակ է շինել, ապրել մեջը, սնվել հովիվների և գյուղացիների տված կերակուրի փշրաքներով: Քավելու համար իր գործած մեղքերը, Հովհաննեսը դարձել է ճգնավոր: Մի օր էլ նրան գտել են մեռած: Հովհաննես ճգնավորի տնակ-մատուռը հետո դարձել է սրբավայր`Սարի Սուրբ Հովհաննես անունով:
Քարեջանի քռա. գտնվում է Սևանի շրջանի Դդմաշեն գյուղի դաշտում: Քարեջան անունով մի քարհատ է եղել, աղքատ, բայց քարի պես ամուր ու աշխատավոր մարդ: Դրա համար էլ նրան տվել են Քարեջան անունը: Երկար ժամանակ զբաղվելով քարհատությամբ` Քարեջանը քար է մատակարարել գյուղի քարտաշներին ու տուն կառուցողներին: Այն տեղը, որտեղից ժամանակին քար է կտրել Քարեջանը, կոչվում է Քարեջանի քռա, բնական քարակույտ, կապան:
Այվազի քռա. գտնվում է Սևանի շրջանի Դդմաշեն գյուղի հյուսիսային կողմում: Այվազ անունով մի մարդ մանգաղը վերցրած գալիս է այստեղից խոտ քաղելու: Հենց որ մոտենում է քռային, քարերի տակ բուրդ է տեսնում: Կարծում է, թե հովիվները խուզել են ոչխարը և աղայից թաքցրել, որ մութն ընկնի գան տանեն: Բուրդը գրկում է թե չէ, տեսնում է ի՜նչ բուրդ` արջ է: Այվազին հաջողվում է ետևի կողմից բռնել և սեղմել արջի ամորձիները: Արջը թուլանում է և ուժեղ գոռում: Մոտիկ տեղից օգնության են հասնում: Սակայն մինչև մարդկանց գալը, Այվազը սպանում է արջին և շալակով բերում գյուղ: Քարքարոտ այդ տեղը դրանից հետո կոչվում է Այվազի քռա:


Քարացած քավոր կամ Աթարի դեզ. գտնվում է Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղի ձորում: Սա մի ժամանակ քակորի ամրոց է եղել, որ պատկանել է մի շատ հարուստ մարդու: Աղքատը եկել է այդտեղից մի երկու քակոր տանելու: Ագահ հարուստը չի թողել: Աղքատն անիծել է և ամբողջ քակորը քար է դարձել:


Սեւանա լիճ


Ա. Սևանա լճի տեղում առաջ ցամաք է եղել` անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով: Գյուղին մոտիկ բլրի տակ եղել է մի ջրառատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի մեծ փակիչը և ապա զգուշությամբ հարմարեցնում տեղում:


Մի երեկո գյուղի հարսներից մեկը ջրի է գնում աղբյուրը, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս տուն` մոռանալով փակել ակունքը: Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմ, երբ հասնում է տնակներին, բնակիչները փախչում են, ասելով՝ «Քար դառնա ով բաց է թողել ակունքը»: Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրը անընդհատ հոսելով գոյացնում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը` Հարսնաքարը:
Բ. Վանեցիները գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին`որոշելով, որ դա էլ մի Վան է: Բայց հետո տեղի ցուրտ ու դաժան կլիման դուր չի գալիս նրանց: Նրանք հիշում են իրենց երկրի մեղմ ու տաք բնությունը, իրենց բարեկեցիկ կյանքը և դառնորեն կանչում. Սև Վան եկավ մեր գլխին, սև Վան: Ու այդպես էլ լճի անունը մնում է Սևան:


Նորատուս` նախկինում Նորադուզ. Հայաստանի հնագույն բնակավայրերից է, մեկը Գեղարքունի գավառի այն սակավաթիվ գյուղերից, որի հին անունը պահպանվել է մինչ օրս: Մինչև 19-րդ դարի սկիզբը եղել է Ծմակ գավառի` Կամոյի շրջան վարչական կենտրոնը: Զաքարյանների ժամանակ այստեղ է նստել նրանց կառավարիչը, որն արձանագրությունների մեջ կոչվում է դեմեթար, մեփորել կամ առաջնորդ: 16-րդ դարում Գեղարքունյաց մելիքական չորս տոհմերից մեկը` Ազարյանները, մելիք Բարիքի օրոք իրենց նստոցը մոտակա Գանձակ կամ Քյոսամահմատ գյուղից տեղափոխվում են Նորատուս:


Գյուղի մեջ և նրա շրջակայքում կան մեծ թվով միջնադարյան հուշարձաններ և արձանագրություններ:
Սև և կարմիր սարերը. գտնվում են Գեղամա լեռնաշղթայի վրա:


Սև սարը ժամանակին եղել է մի բռնակալ մարդ, որը քար է դարձել ժողովրդի անեծքով, իսկ Կարմիր սարը` մուրազաբեր մի աղջիկ, որին ուժով տիրացել է բռնակալը: Չկարողանալով վայելել աղջկա սերը` Սև սարը մինչև հիմա ամպի պես որոտում է, գոռում նրա վրա ու չի կարողանում մոտենալ: Ասում են, թե դրա համար Սև սարը լալիս է անզոր կատաղությունից և իր վրեժը հանում մարդկանցից: Ամառվա կեսին մեկ էլ տեսար մթնում է, բուք ու բորան անում, խեղդում մարդ ու անասուն: Առաջին սարի հողը սև է, դրա համար էլ Սև սար է կոչվում, երկրորդինը` կարմիր, դրա համար էլ Կարմիր սար է կոչվում:


Շամիրամի բլուր. գտնվում է Գեղամա լեռան արևմտյան ստորոտում:


Ի գալ տիկնոջն Շամիրամայ պատերազմաւ ի վերա գեղեցկին Արայի հայկազնոյ`յստորոտի այսր բլրակի բանակեցաւ նա զօրոքն ասորւոց: Յայս անուն անուանեցաւ ըստ հին աւանդութեանն:
Վիշապի քարերը. գտնվում են Գեղամա լեռների ստորոտում, Կալադիպի բերդի մոտ:
Էստեղ չորսը խատ (հատ) վիշապի քար կա, խոսքը վիշապ կոչված քարակոթողների մասին է, զնջլներ (շղթաներ) վրեն քցուկ, գցած: Ոնց որ օցը գա պառկի: Մեծերն ասում են վիշապ էրկնքից իչե, որ ժողովուրթը վերջացնե, ըդրա խամար (դրա համար) աստվածությունը ըդրանց (դրանց) դարցրեր ա քար:
Չամչի աղբյուր. գտնվում է Կարմիրի շրջանի Հին Բաշքենդ գյուղում:
Մի տղա սիրելիս ա ըլել մի ախչկա, համա, հերն ու մերը տալիս չեն ըլմ: Էս տղեն քնըմ ա, չամիչը ածըմ ջբերը`գրպանները,կյալի ըխչկանը վեր ունըմ, տանըմ էտ ըխպրի աղբյուր կուշտը, ըտի չամիչ ա տալի ու իրան նպատակին հասնըմ: Տրա մհար էլ համար էտ ախպրի անըմը մընըմ ա Չամչի ախպուր:


Մեծեփի ամրոց. գտնվում է Սևան քաղաքից մեկ կիլոմետր դեպի հյուսիս ընկած մի բաձունքի վրա, որը Փամբակի լեռնաշղթայի ամենահարավային գագաթներից մեկն է: Բարձունքն արևելքից, հարավից և արևմուտքից խիստ թեքությամբ, կոնաձև վեր է խոյանում, որի լանջերը ծածկված են հրաբխային տուֆի կամ այլ կոնգլոմերատի բեկորներով: Գագաթը շրջապատից բարձր է մոտ 600 մետր և խիստ դժվարամատչելի է: Տեղացինրի մոտ բարձունքը հայտնի է «Մեծեփ» անունով, որի վրա կա ավերա մի մատուռ, նույն անունով:
Գագաթի կոնֆիգուրացիային համապատասխան, եզրերով անցնում են կիկլոպյան ամրոցի պարիսպների հիմքերը, որոնց բարձրությունը տեղ-տեղ պահպանվել է մեկ-երկու շար քարերով: Ամրոցն ունի 225 մետր երկարություն և 25-30 մետր լայնություն: Պարիսպների վրա կան երեք աշտարակի հետքեր, որոնցից մեկը կառուցած է միջնաբերդի հյուսիս-արևմտյան անկյունում, մյուս երկուսը, նույն չափերով, գտնվում են հյուսիս-արևելյան անկյուններում: Այդ աշտարակների միջև ընկած պարսպի կենտրոնում երևում է ամրոցի մուտքի բացվածքը: Հյուսիս-արևմտյան աշտարակից մոտ 50 մետր հեռու սկսվում է արտաքին պարիսպը: Այս պարսպին զուգահեռ, հյուսիս արևելյան լանջով 35-40 մետր հեռու նկատվում է երրորդ պարիսպը, սակայն նա չի շարունակվում մինչև վերջ: Պարիսպների կառուցվածքը նույնն է, ինչ Լճաշենի ամրոցի հին շրջանի պարիսպները, միայն այստեղ քարերն ավելի փոքր ու տափակ են:
Ամրոցի ներսում և դրանից դուրս նկատվում են կացարանների ավերակների հետքեր: Մեծեփը գտնվում է Լճաշենից մոտ հինգ կիլոմետր հեռավորության վրա: Այստեղից դեպի չորս կողմ բացվում են գեղատեսիլ հորիզոններ: Լեռան գագաթից երևում է լճի գրեթե ամբողջ հայելին, ափերով հանդերձ, իսկ դեպի արևմուտք` Հրազդան գետի հովիտը, Սևան-Երևան խճուղիով մինչև Հրազդան քաղաքը: Այս բոլորը թույլ են տալիս ենթադրելու, որ Մեծեփ անունով լեռան գագաթին եղած կիկլոպյան ամրոցը, հավանորեն, հանդիսացել է Լճաշենի ամրոցի հեռավոր մատույցներում մի պահակային կետ:
Լճաշենի ամրոցի մոտ, երկու կիլոմետր դեպի հյուսիս, վերջերս բացված լճի հատակում, բազմաթիվ դամբարանների հետ հայտնաբերվեց նաև մի փոքր բնակավայր, որի ընդհանուր տարածությունը քիչ է կես հեկտարից: Այս բնակավայրի ավերակները գտնվում են երկարավուն մի բլրակի վրա, որն իր շրջապատից բարձր է 5-6 մետր: Դիտելով հյուսիսային ծայրամասում պահպանված, կանոնավոր շարքով պարսպի հատվածը (12 մետր), կարելի է ենթադրել, որ այստեղ հնում եղել է ինչ-որ կառույց, որը կապված է եղել Լճաշենի ամրոցի հետ, գուցե, որպես մոտակա պահակակետ: Հնարավոր է նաև, որ այդպիսի պահակային կետ է ծառայել Ցամաքաբերդ գյուղից դեպի հարավ ընկած բարձունքի գագաթին եղած երբեմնի ամրոցը, որը մինչև լճի իջնելը մի թերակղզի էր: Այդտեղից երևում է ինչպես Լճաշենի ամրոցը, այնպես էլ Մեծեփի գագաթը: Այս ամրոցը, ինչպես և Սևանա կղզում եղած ամրոցը նույնպես պաշտպանել են Լճաշենի մատույցները հանկարծակի հարվածներից Սևան-Դիլիջան ուղղությամբ:

 

Գարիկ Ավետիսյան

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...