17:41
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը վերականգնում է ավանդույթները` ընթանալով զարգացման ուղով

2016-10-05 17:31

  «Դե Ֆակտո» N123 (2016թ.)

Շուրջ 83 տարի գործող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (նախկինում` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ) ապրում է գիտակրթական լիարժեք ու բովանդակային կյանքով` պահպանելով ավանդույթներն ու հարստացնելով դրանք: Պոլիտեխնիկի պատրաստած կադրերը, ինչպես նախկինում, այսօր ևս միայն հպարտանալու առիթներ են ստեղծում` ներգրավվելով ՀՀ տնտեսության կարևորագույն ոլորտներում:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, Միջազգային և Հայաստանի ինժեներական ակադեմիաների իսկական անդամ, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը կրողն է պոլիտեխնիկական ավանդույթների ու արժեքների և կարևորում է դրանց վերականգնումը, պահպանումն ու զարգացումը այսօրվա համալսարանում: Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանն այսօր բուռն զարգացում է ապրում, որի մասին գուցե ավելի քիչ է խոսվում, սակայն փաստերն ինքնին խոսուն են:
Պոլիտեխնիկի ներկայիս զարգացումների և ապագա հեռանկարների մասին առավել մանրամասն` Ոստանիկ Մարուխյանի հետ մեր հարցազրույցում:

-Պարո՛ն Մարուխյան, Դուք հարուստ կենսագրություն ունեք, որը հիմնականում կերտել եք այս պատերի ներսում և շատ լավ տիրապետում եք գիտա-կրթական ոլորտի կազմակերպման, կառավարման մեխանիզմներին, առկա պահանջներին:

Որքանո՞վ է հաջողվում ինտեգրվել եվրոպական բարձրագույն կրթատարածք և ապահովել միջազգային չափանիշերին համապատասխան տեխնոլոգիական կրթություն, բուհն ընդգրկվա՞ծ է միջազգային հավատարմագրման գործընթացում:


-Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի առաջնահերթություններից մեկը համալսարանի գործունեության միջազգայնացումն է: Այդ առումով 2015-2016թթ. ուսումնական տարին բավականին արգասաբեր էր և աչքի ընկավ երկկողմ համագործակցության նոր պայմանագրերի կնքմամբ, տարաբնույթ դրամաշնորհային հին և նոր նախագծերի արդյունավետ իրականացմամբ, ինչպես նաև արտասահմանյան բուհերում ուսանողական համակազմի ներկայացուցիչների թվաքանակի մեծացմամբ: Այսօր համալսարանում ընթացող Tempys նախագծերը ստեղծում են բոլոր անհրաժեշտ նախադրյալները եվրոպական գործընկերների հետ համագործակցության շրջանակներում իրականացնել ուսումնական ծրագրերի արմատական բարելավում, նոր ուսումնամեթոդական գրականության ստեղծում, և դասավանդման և ուսումնառության կազմակերպման գործընթացների նպատակային կատարելագործում:
Ինչ վերաբերում է միջազգային հավատարմագրմանը, ապա վերջինիս նախնական (վերլուծական) փուլը ավարտված է և ս.թ. սեպտեմբերից սկսվում է բուն հավատարմագրման գործընթացը:

-Գաղտնիք չէ, որ մեր երկրի կարևորագույն պաշտոններ զբաղեցնող մի ստվար զանգված հենց այս բուհի շրջանավարտներ են: Ամփոփելով բուհի վերջին տասնամյակի գործունեությունը` ի՞նչ հաջողություններ կնշեք, որոնցով հպարտանում եք:

-Համալսարանի կարևոր ձեռքբերումներից պետք է հատուկ արձանագրել եվրոպական գործընկեր համալսարանների հետ համատեղ մի շարք մագիստրոսական կրթական ծրագրերի գծով կրկնակի դիպլոմների շնորհման համակարգի ներդրումը, ինչը տալիս է հնարավորություն ուսանողների ուսումնառության, որոշակի մասի (մինչև մեկ տարի), իրականացումը բարձր վարկանիշ ունեցող եվրոպական մի շարք համալսարաններում:
Ոչ պակաս հետաքրքիր և լայն հեռանկար ունեցող նախագծերից է նաև «ԱՊՀ երկրների ցանցային համալսարան» ծրագիրը, որը էապես ընդլայնում է ուսանողների փոխանակման հնարավորությունները: Համատեղ մշակված և սահմանված ընթացակարգով հաստատված կրթական ծրագրերով ուսումնառության ավարտը ևս արձանագրվում է կրկնակի դիպլոմների շնորհմամբ: Մասնավորապես` 2015թ. վերոնշյալ նախագծի իրականացման արդյունքում երկու մագիստրոսական ծրագրերով ուսումնառության կազմակերպումը հեղինակավոր Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի հետ հնարավորություն ընձեռեց ՀԱՊՀ-ի թվով 6 ուսանողների մեկ տարի ուսանել և թեզի պաշտպանության արդյունքում ստանալ նաև Բաումանի անվան համալսարանի դիպլոմը:


Լուրջ ձեռքբերում պետք է համարել նաև Tempus RETHINK նախագծի իրականացումը և հաջող ավարտը, որի շրջանակներում Իսպանիայի Կորունիայի համալսարանի հետ մշակված, կրկնակի աստիճանաշնորհմամբ եզրափակվող մագիստրոսական երկու կրթական ծրագրերը` «Բնապահպանության տեխնոլոգիա և կառավարում» և «Շրջակա միջավայրի պաշտպանություն» ուղղություններով, հնարավորություն են տալիս ստանալ երկու համալսարանների ավարտական փաստաթուղթ (դիպլոմ):
Պետք է նաև շեշտադրել եվրոպական մեկ այլ` Erasmust ծրագրում մեր համալսարանի բավականին հաջող և արդյունավետ ներգրավվածությունը:


Վերոնշյալը հնարավորություն տվեց համալսարանին մասնակից դառնալ ևս 5 նոր նախագծերի, որոնք, ըստ էության, նպատակաուղղված են ուսանողական (այդ թվում` նաև ասպիրանտական) շարժունության գործընթացի խթանմանը` կրեդիտների որոշակի թվաքանակի ձեռքբերման ճանապարհով: Նախապես մշակված և ստորագրված երկկողմանի միջհամալսարանական համաձայնագրերի հիման վրա մեր ուսանողներն ու ասպիրանտները իրականացնում են իրենց արտոնված շարժունության իրավունքը Բրագանսայի պոլիտեխնիկական համալսարանում (Պորտուգալիա), Գրենադայի համալսարանում (Իսպանիա) և Վառնայի կառավարման համալսարանում (Բուլղարիա):
Համալսարանն անդամակցում է միջազգային ասոցիացիաների բազմազան խմբերի` Եվրոպական համալսարանների ասոցիացիա (EUA), Սևծովյան համալսարանների ցանց (BSUN), ԱՊՀ երկրների ցանցային համալսարան (հձհծթ), ՌԴ տեխնիկական համալսարանների ասոցիացիա, Մեքենաների և մեխանիզմների տեսության միջազգային ֆեդերացիա (IFTOMM) և այլն:


Վերջին տարվա լուրջ ձեռքբերումը պետք է համարել նաև Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) հովանավորությամբ ստեղծված STARNET ծրագրում համալսարանի ընդգրկվելը, ընդ որում` հիմնադիր անդամի կարգավիճակով: Վերջինս նոր հնարավորություններ է ստեղծում միջուկային էներգետիկայի գծով մասնագետների պատրաստման որակի բարելավման առումով` հատկապես ուսումնամեթոդական բնույթի նյութերի հայթայթման և առարկայական առանձին մոդուլների հեռավար իրականացման առումով:
Նույն բնագավառում այս տարի համալսարանն ունեցավ ևս մեկ ձեռքբերում. դա նորաստեղծ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի համապատասխան ամբիոնի Մոսկվայի հանրահայտ ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի (ԾԼՂԼ) ԱՊՀ բազային ամբիոնի մասնաճյուղային կարգավիճակի հաստատագրումն էր, որի առաջին արդյունքներն արդեն ակնհայտ են և կարծում եմ` խիստ հեռանկարային:
Այստեղ իր մեծ դերակատարությունն ունեցավ արդեն 10 տարուց ավելի համալսարանում գործող ԱՄՆ-ի էներգետիկայի դեպարտամենտի աջակցությամբ ստեղծված և ժամանակակից սարքավորումներով ու կազմտեխնիկայով հագեցված Միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոնի առկայությունը և արդյունավետ գործունեությունը:


Համալսարանն արդեն երկար տարիներ անդամակցում է առաջատար արտասահմանյան բուհեր և գիտահետազոտական կենտրոններ միավորող կոնսորցիումների:
Համալսարանի ոչ ակադեմիական միջազգային գործընկերների շարքացանկից են` Synopsys, National Instruments, Microsoft, Cisko, Caspersky Lab, Autodesk, IAEA, Nokia, Orange, Synergy International Systems, Chronimet Mining, Impex High Tech և մի շարք այլ առաջատար միջազգային ընկերություններ և հաստատություններ:
2015-2016 ուս. տարում թվով 48 ուսանողներ տարբեր ժամկետներով իրենց ուսումնառությունը տարբեր կրթական ծրագրերով իրականացրել են ՌԴ-ում, Կորեայում, Իտալիայում, Գերմանիայում, Չեխիայում, Բուլղարիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Հունգարիայում, Լիտվայում և Վրաստանում:

-Գիտությունն ու կրթությունը անքակտելիորեն կապված են միմյանց հետ, արդյո՞ք հաջողվում է կրթական ծրագրերը կազմել և իրականացնել այնպես, որ ուսանողն իրեն նաև գիտնական զգա:

-Վերջին հինգ տարիների ընթացքում արմատապես լրամշակվել են հետազոտողի կրթական ծրագրի ուսումնական պլանները (հատկապես հեռակա ուսուցման ձևի և հայցորդների մասով):
Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննության հարցաշարերը ևս քննախույզ վերլուծության արդյունքում ենթարկվել են լուրջ փոփոխությունների:
2015թ. գիտական աստիճանաշնորհման անվանացանկի փոփոխություններով պայմանավորված` նորովի լրամշակվեցին և հաստատվեցին մասնագիտական (որակավորման) քննությունների ծրագրերը և վերջնականապես ամրագրվեց ՀԱՊՀ-ում հայցորդների համակարգի ձևավորման և գործառույթների իրականացման կանոնակարգը: Համալսարանական գիտական ներուժի թվական տվյալներն այսօր արտահայտվում են 70 գիտությունների դոկտոր-պրոֆեսորներով և ավելի քան 400 գիտությունների թեկնածու դոցենտներով: Հետազոտողի ծրագրով ուսումնառություն անցնող ասպիրանտների և հայցորդների թիվը գերազանցում է 150-ը:
Նրանք այն անձիք են, ովքեր պետք է համալրեն պրոֆեսորադասախոսական կազմը և հանրապետության մի շարք գիտահետազոտական կազմակերպությունները բարձրորակ գիտական կադրերով: Համալսարանի համար շարունակական միջոցառումներ են դարձել ներհամալսարանական, հայաստանյան և միջազգային տարաբնույթ գիտաժողովները, այդ թվում` պոլիտեխնիկական ավանդական տարեկան գիտաժողովը, երիտասարդ գիտնականների դպրոցները, ուսանողական օլիմպիադաները:
Համալսարանի աշխատակիցները, ասպիրանտներն ու ուսանողները բավականին արդյունավետորեն իրենց մասնակցությունն են բերում հանրապետական և միջազգային բազմաթիվ մրցույթներին:
Մեր աշխատակիցների ձեռքբերումներն արժևորվել են տարբեր մրցանակներով և պարգևներով:
Փաստերն ինքնին խոսուն են: ՀՀ նախագահի ամենամյա մրցանակին արժանացել են ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Վ. Մելիքյանը (2009թ.), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հ. Թերզյանը (2010թ.), պրոֆ. Օ. Գասպարյանը (2012թ.), պրոֆ. Վ. Առուստամյանը և պրոֆ. Ս. Խուդավերդյանը (2013թ.), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ս. Դավթյանը և պրոֆեսոր Ա. Տոնոյանը (2015թ.):
ՀՀ նախագահի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ամենամյա մրցանակների արժանացած առաջավոր ասպիրանտների և ուսանողների թվաքանակն այսօր արդեն գերազանցում է 150-ը:
Համալսարանը հետազոտական գործունեության խրախուսման նպատակով ձևավորել է պարբերական մրցույթների անցկացման գործուն համակարգ հետևյալ անվանակարգերով` «Լավագույն մենագրություն», «Լավագույն դասագիրք», «Լավագույն գիտական հոդվածաշար», «Լավագույն ուսումնական ձեռնարկ» և այլն:
Հատկանշական է նաև այն արձանագրումը, որ հինգ տարվա կտրվածքով ասպիրանտուրայի դիմորդների թվաքանակը աճել է գրեթե 40 տոկոսով, իսկ ընդունվածների թիվը` մոտ 40 տոկոսով, ընդ որում` ավելի մեծ թվով մասնագիտությունների ընդգրկմամբ:
Նկատելի աճ է արձանագրվել թեկնածուական ատենախոսությունների պաշտպանությունների առումով` ժամկետում պաշտպանում են առկա ուսուցման ասպիրանտների 75 տոկոսը: Համալսարանի ասպիրանտներն ու հայցորդները տարբեր մրցույթների և դրամաշնորհների են ներկայացրել սեփական գիտական նախագծերը և մասնավորապես` վերջին երեք տարիներին շահել թվով 9-ը ծրագրային դրամաշնորհներ:

-Բուհն ունի երկու տասնյակ ֆակուլտետներ, որոնք ապահովում են երկրի տարբեր ոլորտներին համապատասխան կադրերով, ի՞նչ ծրագրեր է իրականացնում համալսարանը ինժեներական-հետազոտական մտքի` տնտեսության մեջ լավագույնս ներդնելու ուղղությամբ:

-Համալսարանը մեծ տեղ է տալիս գիտական հետազոտությունների կիրառական արդյունավետության բարձրացմանն ու արդյունքների առևտրայնացմանը խթանող պայմանների և նախադրյալների ստեղծմանը: Համալսարանը ինժեներական-հետազոտական մտքի կենտրոն է, և պատահական չէ, որ այսօր մեզ մոտ գործում են թվով 21 բազային գիտահետազոտական լաբորատորիաներ` տեխնիկա-տեխնոլոգիական բնագավառի գրեթե բոլոր և այժմեական ուղղություններով: Դրանք են` միկրո և նանոէլեկտրոնիկա, էներգետիկա և էլեկտրատեխնիկա, ռոբոտատեխնիկա, հելիոտեխնիկա, ավտոմատացված համակարգեր և մոդելավորում, ռենտգենային կառուցվածքային հետազոտություններ և այլն:
Վերջին տարիներին համալսարանում ստեղծվել և արդյունավետությամբ գործում են ժամանակակից սարքավորումներով համալրված գիտակրթական արդիական ենթակառուցվածքներ` Միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնավարժանքային կենտրոնը, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները, Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնահետազոտական և նորարարական կենտրոնը, ճարտարագիտական լաբորատորիաները Գյումրու, Վանաձորի և Կապանի մասնաճյուղերում: Համալսարանը ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներով համալրելու և գիտակրթական նոր տեխնոլոգիաների կիրառման նպատակով կառուցվել է ՀԱՊՀ տեղեկատվական ցանց իր սերվերային հանգույցով, ստեղծվել են հեռաուսուցման լսարաններ, Երևանի կրթահամալիրում և երեք մասնաճյուղերում: 2015թ. դեկտեմբերին մեկնարկել է 274 մլն. դրամ ընդհանուր ծավալով «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ» դրամաշնորհային ծրագիրը: Նման ծրագրերը միտված են Հայաստանի և համալսարանի գիտական և նորարարական աշխատանքների խթանմանը, դրանց արդյունքների ներդրմանն ու ապրանքայնացմանը:

-Դուք շուրջ երեք տարի պատգամավորական աշխատանք եք կատարել, եղել 22 օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, ՀՀ Սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ,

ԱԺ լիագումար նիստում այն ներկայացնող համազեկուցող և երկու պատգամավորական բարեկամության խմբերի նախագահ` Հայաստան-Հունաստան, Հայաստան-Իտալիա: Որքանո՞վ է այդ փորձը օգնում Ձեզ այսօր ռեկտորի պաշտոնում:

-Ցանկացած փորձառություն օգնում է կյանքում և աշխատանքում հաջորդ քայլն առավել ճիշտ և արդյունավետ կատարել: Ինձ համար իսկապես կարևոր էր ներգրավվածությունը Աժ աշխատանքներում, մասնակցությունը հատկապես ինձ հոգեհարազատ կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումների իրականացմանը: Այն հատկապես հաջողությամբ կիրառվեց 2006-2011թթ. ընթացքում համալսարանում փաստաթղթային փաթեթների մշակման ժամանակ` կանոնադրական փաստաթղթեր, կանոնակարգեր, գիտելիքների գնահատման ընթացակարգեր և այլն: Դրանք, բնականաբար, աղերսներ ունեին մի շարք օրենքների հետ, մասնավորապես` ՀՀ կրթության մասին օրենքի, ՀՀ բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքի, Գիտատեխնիկական քաղաքականության մասին օրենքի:
Ես հատկապես անմիջականորեն ակտիվ մասնակցություն եմ ունեցել ՀՀ բարձրագույն և հետբուհական կրթության օրենքի քննարկմանը, և երբ վերջերս մենք քննարկեցինք ՀՀ բարձրագույն և հետբուհական կրթության օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը, որը հղվել էր մեզ որոշակի քննարկումների, դիտարկումների անցկացման համար, ամենամանրամասն և քննախույզ վերլուծությունը մեր համալսարանի կողմից էր արվել: ՀՀ կրթության և գիտության նախարարը փաստեց դա` նշելով, որ այդպիսի մանրամասնությամբ մշակված հազվադեպ փաստաթղթեր են ստացել:

-Դուք ՀԱՊՀ Էներգետիկայի դեպարտամենտի «Ջերմաէներգետիկա և շրջակա միջավայրի պաշտպանություն» ամբիոնի վարիչն եք եղել, ի՞նչ կարևոր նշանակություն և դերակատարում ունի այդ ամբիոնն այսօր:

-Իսկապես, ես ՀՀ ԱԺ պատգամավորական աշխատանքը կատարելուն զուգահեռ` վարել եմ նախ «Շրջակա միջավայրի պաշտպանություն» ամբիոնը, որը ես եմ ստեղծել: Հետագայում այն միավորվեց «Ջերմաէներգետիկա» ամբիոնին և ստեղծվեց «Ջերմաէներգետիկա և շրջակա միջավայրի պաշտպանություն» ամբիոնը. հանգամանքներն այնպիսին էին, որ պետք էր անպայման միավորել դրանք: Որոշակի ժամանակահատված ես կատարեցի ամբիոնի վարիչի պարտականությունները, իսկ այժմ այն վարում է մեր երիտասարդ կադրերից մեկը` իմ ասպիրանտը, և բավականին հաջողությամբ: Դրա վկայությունն այն է, որ ամբիոնը դարձել է Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտի ԱՊՀ երկրների բազային ամբիոնի մասնաճյուղային հարթակը: Դա շատ ուրախալի է, սակայն նաև մեզ պարտավորեցնում է կատարել որոշակի առաջանցիկ աշխատանքներ, իրականացնել նոր և բարդ ծրագրեր: Այդ ծրագրի շրջանակներում մեզ մոտ կազմակերպվում են միջոցառումներ` նրանց և մեր դասախոսական կազմի ներգրավմամբ: Հոկտեմբեր ամսին այստեղ կլինի մեծ սեմինար-խորհրդակցություն, որին կմասնակցեն Ռուսաստանի և Ղազախստանի ներկայացուցիչները, իսկ մեր ամբիոնը կծառայի որպես այդ խորհրդակցության հարթակ:
Ամբիոնին զուգահեռ` հաջողությամբ գործում է արդեն վերը նշված Միջուկային անվտանգության տարածաշրջանային կենտրոնը: Վստահորեն կարող եմ ասել, որ այն տարածաշրջանում ամենահաջողվածներից է իր գործիքամիջոցներով, կահավորանքով: Ամեն ամառ այնտեղ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների համար կազմակերպվում են դասընթացներ, որտեղ դասավանդող կողմ են հանդես գալիս նաև ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի միջուկային անվտանգության համապատասխան մասնագետները: Հիմնական ուղղվածությունը այդպիսի վարժանքների, հետևյալն է` միջուկային օբյեկտում վթարի վերացման ուղիները, կանխարգելումը: Դասընթացի ավարտին մասնակիցները ստանում են սերտիֆիկատներ:
Ես երկար ժամանակ կատարում էի նաև կենտրոնի ղեկավարի պաշտոնը, այսօր սահմանափակվում եմ միայն գիտական ղեկավարի աշխատանքով:

-Ի՞նչ նոր ծրագրեր, գաղափարներ կան, որոնք անհրաժեշտ եք համարում բուհում ներդնել:

-Վերջերս բուհ այցելեց ՀՀ Էներգետիկայի նախարարը: Մենք երկարատև քննարկում-զրույց ունեցանք, որի ընթացքում ես բավականին լուրջ առաջարկ արեցի, այն է` կենտրոնի հիմքի վրա ձևավորել ևս մեկ կառույց, որը կարող է Հայաստանում միջուկային էներգետիկայի բնագավառում մասնագետների պատրաստման որակը մեկ աստիճանով բարձրացնել: Այսօր ատոմակայանը վերակառուցվում է, գործարկման ժամկետը երկարացվում է, և այդ գործընթացում մեր պրոֆեսորադասախոսական կազմը կարող է իր ներդրումն ունենալ նաև այլ գործառույթների իրականացման առումով: Այժմ մշակում ենք անհրաժեշտ որոշակի փաստաթղթային փաթեթներ, հատկապես` անվտանգության բնագավառում տարաբնույթ մոդուլներ, որոնք կարող են ծառայել ոչ միայն ուսանողությանը: Մենք մինչև տարեվերջ կհրատարակենք մի դասագիրք-ձեռնարկ, որի համահեղինակն եմ:

-Որո՞նք են Ձեր ամենամեծ ձեռքբերումները:

-Նախ նշեմ, որ իմ ամենամեծ ձեռքբերումների շարքում ինձ համար ամենաթանկն այն ընտանիքն է, որից սերում եմ, և որի պատիվը, կարծում եմ, բարձր եմ պահում: Մեր արմատները Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից են, ընտանիք, որը հայտնի է եղել Խորհրդային Հայաստանում իր հարուստ պատմությամբ, և այսօրվա իմ ընտանիքը` զավակներս, կինս, թոռներս, որոնք իմ գերդաստանի արժեքների և ավանդույթների կրողներն են:
Հպարտ եմ, որ էներգետիկայի բնագավառում «Շրջակա միջավայրի պաշտպանություն» մասնագիտությունը ՀՀ-ում ես եմ ներդրել, և այսօր մեր շատ շրջանավարտներ այդ մասնագիտությամբ աշխատում են: Կարևորում եմ այն հանգամանքը, որ իմ գիտելիքներն ու հմտությունները չեմ ներփակել իմ մեջ, ես փոխանցել եմ դրանք իմ ուսանողներին, աշակերտներին, ովքեր թվով 13 թեկնածուական դիսերտացիա են պաշտպանել իմ ղեկավարությամբ, և այսօր երբ նայում եմ էներգետիկ օբյեկտների որոշակի օղակների ղեկավարներին, գրեթե բոլորն իմ ասպիրանտներն են եղել: Հպարտ եմ նրանցով, քանի որ իսկապես գերազանց մասնագետներ են:
Կարևոր ձեռքբերում եմ համարում նաև Միջուկային անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ստեղծումը, ինչը մեծ ջանք ու եռանդ պահանջեց: Շատերն էին կասկածում, որ հնարավոր է նման առաջադեմ քայլ կատարել, և, բարեբախտաբար, դա մեզ հաջողվեց:
Պետք է նշեմ, որ ես շատ համառ անձնավորություն եմ, և ողջ կյանքիս ընթացքում ձգտել եմ հասնել իմ գրեթե բոլոր նպատակներին, եթե խոստումներ եմ տվել, ապա անպայման իրականացրել եմ, եթե ոչ` հիմնավորել եմ:
Բնականաբար, ինձ քննադատողներ և իմ գաղափարները չկիսողներ էլ կլինեն, բայց ես դա բնական եմ համարում: Եթե խստապահանջ եմ եղել, բարձր պատասխանատվություն պահանջել, գուցե ավելի շատ, քան պետք էր, ապա դա արել եմ միմիայն հանուն աշխատանքի արդյունավետության, հաջողության և ապագա սերունդների համար ամուր հիմքեր ստեղծելու համար:

-Ո՞րն եք համարում համալսարանի այսօրվա թիվ մեկ խնդիրը:

-Պոլիտեխնիկը պետք է վերադառնա իր ավանդույթներին, քանի որ մենք հիանալի ավանդույթներ ենք ունեցել, որոնք արժեքային համակարգ են ստեղծել իրենց շուրջ և փոխանցվել սերունդներին: Մեկ քայլ արդեն կատարել ենք` վերաբացվել է Հանքավանի մեր մարզաառողջարանային ճամբարը, որտեղ 210 ուսանող Հանրապետության բոլոր բուհերից և ԼՂՀ-ից 6 օր միջոցառում են անցկացրել` «Միասնությունը ուժ է» խորագրով: Բավականին հաջող ավարտեցինք լողավազանի տանիքի շինարարությունը, ցանկանում ենք վերականգնել նախկին պատշաճ վիճակը, որին շատերն են սպասում, քանի որ պոլիտեխնիկի լողավազանը հայտնի է իր մատչելիությամբ ու հարմարավետությամբ:
Պոլիտեխնիկը խորհրդային տարիներից ունի մանկապարտեզի երկու մասնաշենք, այժմ գործում է միայն մեկը: Մեր մանկապարտեզ են հաճախում ոչ միայն մեր դասախոսների երեխաները, այլ նաև նախապես հերթագրված այլ երեխաներ: Ուզում ենք այն նույնպես վերանորոգել:
Մեծ ցանկություն ունենք մեր մի շարք մասնաշենքերում վերանորոգման լուրջ աշխատանքներ կատարել, քանի որ դրանցում վերջին ժամանակներս ավելի շատ կոսմետիկ վերանորոգում է իրականացվել:

-Կա՞ն ֆինանսական աղբյուրներ, որոնք օժանդակում են համալսարանին:

-Մեզ շատ է օգնում «Պոլիտեխնիկ» գիտակրթական հիմնադրամը: Նման նախաձեռնություն մեր բուհական համակարգում առաջին անգամ է իրականացվել, որի նախաձեռնողն էր երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը: Այդ աշխատանքներին գործուն մասնակցություն ունեցան մի շարք ընկերություններ` «Գրանդ Քենդի», «Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Մաքուր երկաթ»: Վերջերս հիմնադրամը մեզ մեծ նվեր մատուցեց` հնարավորություն ընձեռելով արդիականացնելու մեր հին կաթսայատունը երեք նոր, եվրոպական արտադրության կաթսաներով:
Ուրախալի իրողություն է նաև այն, որ մեր նախկին` 1956թ.շրջանավարտը, ով ապրում է ԱՄՆ-ում, վերջերս իր անձնական միջոցներից 100 հազար ԱՄՆ դոլար նվիրաբերեց համալսարանին: Մենք պետք է ստեղծենք նրա անունով հիմնադրամ, որն ուղղված է լինելու ուսանողական կրթաթոշակների տրամադրմանը: Մասնավորապես` տարեվերջում այդ գումարից եկող տոկոսներով մեր լավագույն 30 ուսանողները 200 հազարական դրամ կրթաթոշակ կստանան:

-Գո՞հ եք այս ուստարվա ընդունելությունից:

-Կարող եմ ասել, որ այս տարվա ընդունելությունից իսկապես գոհ եմ, քանի որ ակնկալիքներս արդարացված են: Մեր համալսարան ընդունվողների թիվը ներկայումս գերազանցում է 900-ը, ևս 180-ը դիմել են քոլեջներից, որոնք կշարունակեն իրենց կրթությունը մեր բուհի համապատասխան մասնագիտության երկրորդ կուրսում:
Գոհ եմ նաև մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություններից, որոնց ժամանակ բարձր մրցակցություն կար:
Խիստ մրցակցության պայմաններում ընթացավ մեր ավագ դպրոցի ընդունելությունը: Դիմորդների թիվը գերազանցում էր 560-ը, որոնցից շատ խստապահանջ ընտրություն կատարեցինք. ընդունվեցին միայն 316-ը:
Գոհ եմ նաև քոլեջի ընդունելությունից, կրկին առկա էր բարձր մրցակցություն:

-Որո՞նք են ամենապահանջված մասնագիտությունները:

-Ամենապահանջված մասնագիտություններից են` «Համակարգչային ճարտարագիտություն», «Տեղեկատվական անվտանգություն», «Ինֆորմատիկա» մասնագիտությունները, որոնց գծով մեր բուհն առաջատար դիրքերում է, միայն այս տարի ընդունվել է 316 դիմորդ, որը բավականին մեծ թիվ է: Դրան հակառակ` 16 դիմորդ է ընդունվել «Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության» ֆակուլտետը: Կարծում եմ` ճիշտ չէ, մեր դիմորդների այս մասնագիտության նկատմամբ անտարբերությունը, քանի որ քիմիական տեխնոլոգիաներն իրենց տեղն ունեն նաև սնունդ և տնտեսական ապրանքներ արտադրող տարբեր ձեռնարկություններում, որոնք այսօր Հայաստանում մեծ թիվ են կազմում:
Հաջող էր «Միկրոէլեկտրոնիկա», «Էներգետիկա», «Տրանսպորտային համակարգերի» մասնագիտությունների ընդունելությունը: Ցավով պետք է նշեմ, որ քիչ դիմորդներ ունեցանք մեքենաշինական ուղղություններով:
Ամենազարմանալին այն է, որ կրկին քիչ դիմորդներ արձանագրվեցին ՀՀ-ում ամենաբարձր վարձատրվող մասնագիտությունների գծով` «Ընդերքաբանության և մետալուրգիա»:
Մեր ակնկալիքները արդարացան «Մաթեմատիկայի» և «Տնտեսագիտության» մասնագիտությունների ընդունելության հետ կապված: Ինչպես գիտեք, մենք ունենք տնտեսագիտության 6 ոլորտ: Հաջող էր նաև «Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի» ֆակուլտետի ընդունելությունը: Կապի գծով` համագործակցում ենք հայաստանյան օպերատորների հետ, մասնավորապես` սերտորեն աշխատում ենք «Յուքոմ» ընկերության հետ, որը մեզ մոտ լսարան է ստեղծում: Եվ, իհարկե, հպարտանում ենք Sysnopsys-ով, որի հիմնական կազմը մեր ուսանողներն են:

-Կարծում եմ` ՀՀ նախագահի մրցանակին արժանացած ուսանողներն այսօր Ձեզ հպարտանալու տեղիք են տալիս:

-Այո՛, մեր թվով 10 ուսանողներ արժանացան ՀՀ նախագահի առաջին և երկրորդ մրցանակներին: Նրանցից 2-ը սովորում են բակալավրում, 2-ը` մագիստրատուրայում, 3-ը` ասպիրանտուրայում, 1-ը` վարժարանում և 2-ն էլ սփյուռքահայ ուսանողներ են:
Ինձ համար հաճելի էր, որ որակական նման առաջընթաց ունեն մեր ուսանողները:

-Պարո՛ն Մարուխյան, Ձեզ հետ զրույցի ընթացքում հնարավոր չէ չնկատել Ձեր սերն ու նվիրվածությունը Պոլիտեխնիկին: Երևի թե պատահական չէ նաև, որ Ձեր երեխաները ընտրել են Ձեր ուղին:

-Երեխաներս ընտրել են իմ մասնագիտական ուղղվածությունը, բայց որոշակի ժամանակահատվածից հետո ուղղակիորեն գնացել են մի քիչ այլ ճանապարհով:
Աղջիկս ընտրեց Պոլտիեխնիկի էներգետիկայի ֆակուլտետի տնտեսագիտական ուղղվածությունը, այնուհետև ընդունվեց Ամերիկյան համալսարան, զուգահեռ` մեզ մոտ ավարտեց մագիստրատուրան: Այնուհետև Ամերիկյան համալսարանից տեղափոխվեց Լոնդոնի սոցիալ-քաղաքական գիտությունների համալսարանը, ավարտեց այն, ամուսնացավ այնտեղ: Նա ինձ երկու հրաշք բալիկների պապիկ է դարձրել: Այժմ դասավանդում է Չեստեր քաղաքի (Անգլիա) քոլեջում:
Տղաս ընտրել էր իմ մասնագիտությունը` «Ջերմային էլեկտրակայաններ», սակայն ավարտելուց հետո ներգրավվեց Synopsys Armenia ընկերությունում, վերամասնագիտացավ չիպ դիզայնի գծով, և այսօր այնտեղ բավականին հաջողությամբ աշխատում է:

 


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...