16:45
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կրթությունը սկսվում է ծնված օրվանից եւ շարունակվում մինչեւ մահ.ԷԴՎԱՐԴ ԱՎԵՏԻՍՅԱՆ

2016-09-23 11:11

«Դե Ֆակտո» N123 (2016թ.)


1999 թվականից Երևանում գործում է «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոց ու համայնքային կենտրոնը: Դպրոցը ստեղծելու մտահղացումը կապված է Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների որդու՝ Էդվարդ Ավետիսյանի, նրա կնոջ՝ Փամելա Ավետիսյանի, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) 1987-2000 թթ. գործադիր տնօրեն, վերապատվելի դոկտոր Մովսես Ճանպազյանի անվան հետ: Դպրոցը կյանքի ուղեգիր ստացավ այս նվիրյալ անձանց համառ ջանքերի շնորհիվ: 1999 թվականի սեպտեմբերի 20-ին հանդիսավոր պայմաններում բացվեց «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոց ու համայնքային կենտրոնը, որի նպատակն է` կրթել ու դաստիարակել հայ ազգի այսօրվա և վաղվա սերունդներին: Դպրոցում սովորող երեխաները ստանում են բազմակողմանի կրթություն, հայեցի և քրիստոնեական լավագույն դաստիարակություն, վայելում են ուսուցիչների և դաստիարակների հարգանքն ու սերը: Այդ ամենը նպաստում է մանուկ, պատանի և երիտասարդ հայ անհատի նկարագրի, բարոյական բարձր կերպարի ձևավորմանը: «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոց ու համայնքային կենտրոնը տարբեր առիթներով արժանացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրերի, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան շնորհակալական նամակների, պատվոգրերի և խրախուսական տարբեր շնորհակալագրերի:


«Դե Ֆակտո» ամսագիրը դպրոցի հիմնադիր Էդվարդ Ավետիսյանի հետ զրուցել է նրա գործունեության, դպրոցի ստեղծման գաղափարի և այլ հարցերի շուրջ:

 

-Պարո՛ն Ավետիսյան, պատմեք, խնդրում եմ, Ձեր մասին: Ե՞րբ և որտե՞ղ եք ծնվել, ովքե՞ր են Ձեր ծնողները, ում պատվին էլ անվանակոչել եք Ավետիսյան դպրոցը:


-Ծնվել եմ 1937 թվականի հուլիսի 23-ին, ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի Փոթակետ քաղաքում: Ծնողներս Արևմտյան Հայաստանից էին` Խարբերդից: Նրանք ցեղասպանությունից հետո տեղափոխվել էին այստեղ ապրելու: Նրանց համար կրթությունը շատ կարևոր էր: Կարծում եմ` իմ առաջին բառը եղել է կրթությունը: Մենք չորս երեխա էինք: Մեր ընտանիքում կրթությունը շատ կարևոր տեղ էր զբաղեցնում: Ծնողներս գումար չունեին, բայց նրանք միշտ օգնում էին մարդկանց` նրանց տալով իրենց ժամանակն ու գիտելիքները: Մարդիկ այն ժամանակ փորձում էին գտնել Հայոց ցեղասպանությունը վերապրած իրենց հարազատներին: Մայրս կարողանում էր կարդալ և գրել և՛ հայերեն, և՛ անգլերեն: Ամեն օր աշխարհի տարբեր ծայրերից նամակներ էին գալիս. նա օգնում էր գտնել այս կամ այն մարդուն, փնտրում էր այս կամ այն անունը: Նրանք շատ մեծահոգի էին. ոչ միայն փորձում էին մարդկանց օգնել գտնել իրենց հարազատներին, այլ նաև գումար էին հավաքում հայ համայնքի համար: Նրանք օգնել են շատ մարդկանց, որոնք ոչինչ չունեին: Դա նրանց ապրելակերպն էր: Ետ նայելով` հասկանում եմ, որ նրանց համար, իրականում, շատ դժվար էր: Ծնողներս իրենց ժամանակն էին նվիրում ուրիշներին, իսկ դա ամենաթանկ նվերն է, քանի որ, երբ դու նվիրում ես քո ժամանակը, այն այլևս հնարավոր չէ վերադարձնել:

 

Դպրոցը ծննդյան օրվա նվեր էր մայրիկիս


-Ե՞րբ Ձեզ մոտ հղացավ Ավետիսյան դպրոցը կառուցելու միտքը:


-Դպրոցը ծննդյան օրվա նվեր էր մայրիկիս: Հայրս մահացավ 1952 թվականին, երբ ես ընդամենը 14 տարեկան էի: Մեր ընտանիքի ամբողջ հոգսը մորս ուսերին էր: Դպրոցը կառուցվել է մորս ու հորս պատվին: Մայրիկիս
90-ամյակին ընդառաջ որոշեցինք ծննդյան հավաքույթ կազմակերպել: Նա ասաց, որ ոչինչ չի ցանկանում: Այդ ժամանակ զարմուհիս` Լորին, և նրա քույրը` Դեբորան, եկան ինձ մոտ և ասացին. «Մենք ուզում ենք տատիկի համար հավաքույթ կազմակերպել: Մենք կանենք բոլոր կազմակերպչական աշխատանքները: Դու կստորագրե՞ս չեկերը, գումար կտա՞ս»: Ես էլ ասացի. «Դուք կազմակերպում եք ամեն ինչ, իսկ ես ստորագրում եմ չեկերը»: Հավաքվել էր շուրջ 100 մարդ: Մարդիկ կային, ում մայրս 30-40 տարի չէր տեսել` հին ընկերներ, բարեկամներ և ծանոթներ: Մեր նվերը նրան եղավ դպրոցի հիմնադրումը, որն էլ նրա երախտիքն էր Խարբերդի գերմանական որբանոցի դպրոցում ստացած իր կրթությանը: Այսպիսով, մենք հիմնեցինք «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցը, իսկ հետո ընդլայնեցինք այն` դարձնելով համայնքային կենտրոն: Աշխարհի բոլոր երկրներում էլ կան դպրոցներ, որոնք բացվում են 09:00-ին և փակվում` 15:00-ին, իսկ 15:00-ից հետո ոչինչ չի կատարվում, բայց մենք պետք է ներգրավեինք համայնքին: Կան երիտասարդներ, տարեց մարդիկ, ովքեր կարող են դպրոցի շենքն օգտագործել տարբեր զբաղմունքների համար: Գուցե նրանք ցանկանում են շախմատի մրցաշար կազմակերպել: Պետք է թույլ տալ նրանց ներգրավվել այդ ամենում, սովորել, ընկերներ ձեռք բերել: Հաղորդակցությունը սկսվում է համայնքային կենտրոնից: Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր աշակերտները ստանան լավագույն կրթությունը, որ կարող ենք տալ նրանց: Ցանկանում ենք ոգեշնչել նրանց: Երեխաները չեն վճարում իրենց կրթության համար: Նրանք կարող են նույն կերպ կրթությունը շարունակել Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Միակ պահանջը համալսարան ընդունվելն է: Եթե գումար չունեք, ապա դա խնդիր չէ, ՀԱՀ-ը կվճարի: Եթե բացարձակ ոչինչ չունեք, ապա գոյություն ունի 100% կրթաթոշակ: Մենք ամբողջացրել ենք պրոցեսը` մանկապարտեզից մինչև Հայաստանի Ամերիկյան համալսարանի մագիստրատուրա հասցնելով: Հաջորդ տարի Ամերիկյան համալսարանում բակալավրի առաջին շրջանավարտները կունենանք, ինչպես նաև առաջին շրջանավարտները` Ավետիսյան դպրոցում: Մեր աշակերտները կարող են շարունակել ուսումը Ամերիկյան համալսարանում: Հուսանք, որ ապագայում համալսարանում նաև դոկտորի աստիճան կլինի:

-Քանի՞ աշակերտ է այժմ ուսանում դպրոցում:


-Ավետիսյան դպրոցում այժմ շուրջ 400 աշակերտ է ուսանում: Նրանք բոլորը Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանից են: Ամեն ինչ ստուգվում է` ով ես դու, որտեղից ես, ծնողներ ունես, թե` ոչ: Ընդունելության գլխավոր չափանիշը ֆինանսական կարիքն է: Ավելի շատ ուշադրություն է դարձվում նրանց, ովքեր կարիքի մեջ են: Ամեն ինչ սկսվում է նրանից, թե ով ավելի քիչ միջոցներ ունի: Մի անգամ մի կին բողոքում էր, որ իր երեխաներին չեն ընդունել դպրոց: Նա լավ աշխատանք ունի, ամուսինը գործարար է: Ինչի՞ց են բողոքում: Նրանք իրենց բողոքը ոչ թե ինձ, այլ կառավարությանը պետք է ուղղեն, որովհետև սա չպետք է լինի բարձրորակ կրթություն ապահովող միակ դպրոցը: Եթե բոլոր դպրոցներն այս մակարդակի լինեն, բողոքներ չեն լինի: Մեզ ևս 200 այսպիսի դպրոց է անհրաժեշտ, և մենք պետք է բարձր աշխատավարձ վճարենք ուսուցիչներին: Նրանք այս երկրի ամենակարևոր բաղադրիչն են` առաջինը ծնողներն են, երկրորդը` ուսուցիչները:

 

Ստանալու պարգեւն այնքան աննշան բան է,

երբ այն համեմատում ես քո տվածի հետ:



-Ի՞նչը կամ ո՞վ էր Ձեր ոգեշնչման աղբյուրը:


-1955 թվականին, երբ ես քոլեջ ընդունվեցի, կրթաթոշակ էի ստանում: Դա ամբողջական կրթաթոշակ չէր, սակայն բավականին հարմար էր: Այն ժամանակ ուսման վարձը 575 դոլար էր, իսկ այժմ` 50,000, անհավատալի է: Դասախոսներիցս մեկի օգնությամբ ես անցում կատարեցի ամբողջական կրթաթոշակի: Երբ քոլեջն ավարտեցի, ես երաժիշտ էի: Հանդես էի գալիս սիմֆոնիկ նվագախմբերի, բալետի և օպերայի լավագույն երաժիշտների հետ: Քանի որ այդպիսի հաջողության էի հասել, որոշեցի վերադառնալ ուսուցչիս մոտ և վարձահատույց լինել նրան: Նա իտալացի էր: Գնացի նրա մոտ ու ասացի. «Ես ցանկանում եմ վարձահատույց լինել Ձեզ»: Նա հարցրեց, թե ինչ ի նկատի ունեմ` ասացի, որ ցանկանում եմ վարձահատույց լինել իրեն: Նա փոքր-ինչ տխրեց: Ես փորձում էի վարձահատույց լինել նրան, իսկ նա բողոքում էր: Մենք շուրջ 10 րոպե վիճաբանում էինք: Նա իսկական տաքարյուն իտալացի էր. բարկացավ, կարմրեց և ասաց. «Դու ցանկանում ես վարձահատո՞ւյց լինել ինձ: Ուզում ես ինչ-որ բան անե՞լ»: Ես ասացի. «Այո, այո»: Նա էլ ինձ ասաց, որ ես դա ուրիշ մեկի համար անեմ, և ես համաձայնեցի: Դա էր իմ ոգեշնչումը, ինչպես նաև ընտանիքիս կողմից մարդկանց օգնելու պատրաստականությունը: Աջակցություն ստանալով, երբ դու ինչ-որ բան ես ձեռք բերում, մտածում ես, որ այն աշխարհի ամենաֆանտաստիկ հրաշքն է, սակայն նմանատիպ աջակցություն ստանալով, պետք չէ վարձահատույց լինել, այսօր ես ասում եմ. «Վարձահատույց մի՛ եղեք ինձ: Արեք դա ուրիշ մեկի համար»: Հույս ունեմ, որ մեր աշակերտները լավ են սովորում այս դասը, որովհետև այն նստարանը, որ նրանք են այսօր զբաղեցնում, վաղը զբաղեցնելու է ուրիշ մեկը: Նրանք բոլորը միևնույն կարիքներն ունեն, մի՛ մոռացեք նրանց: Ինչ-որ մեկին օգնելուց առաջացած զգացողությունն աննկարագրելի է: Ստանալու պարգևն այնքան աննշան բան է, երբ այն համեմատում ես քո տվածի հետ: Դրանք հավասար չեն: Դրանց միջև հսկայական տարբերություն կա: Դպրոցի հիմնադրումը լավագույնն անելու, լավագույն մասնագետներ գտնելու, լավագույն ուսուցիչների աշխատանքի ընդունելու, վերջին տեխնոլոգիաներով հագեցած լավագույն շենքն ունենալու մեծագույն մարտահրավեր էր ինձ համար: Ես իմ գումարը կներդնեմ կարիքավոր երեխաների կրթության համար, որովհետև ես նրանցից մեկն եմ և գիտեմ, որ նրանք այլ միջոցներ չունեն: Դու կամ սովորում ես, կամ ոչ: Երբ սովորում ես, զարգանում ես: Նրանք, ովքեր չունեն միջոցներ, այլընտրանք չունեն: Հարուստ ընտանիքների երեխաները կարող են մտածել. «Գուցե ես չեմ ուզում շատ սովորել այսօր»: Ես չեմ հասկանում նման մտածելակերպը: Այսինքն, հասկանում եմ, բայց դա ինձ համար անընդունելի է: Եվ դու տալիս ես այդ պարգևը նրանց, ովքեր ամենաքիչն ունեն, որովհետև նրանք արդյունքի են հասնելու: Ես դա երաշխավորում եմ: Այս երեխաները կապացուցեն դա ձեզ: Մեր ուսուցիչները` որոնք շատ նվիրված են, ոչ մի ջանք չեն խնայի երեխաների ուսման համար: Ի՞նչ է պատահում, երբ երեխան չի հասցնում դասերը: Գիտե՞ք, բոլորը չեն կարող միևնույն արագությամբ սովորել, որոշներն արագ են սովորում, մյուսները` միջին արագությամբ, բայց կան երեխաներ, որոնք չեն հասցնում դասերը: Ուսուցչի պարտականությունն է նման երեխաների հետ դասերից հետո պարապել և նրանց հասցնել մյուսների մակարդակին: Դու ուսուցիչ ես և պատասխանատու ես դրա համար: Այս կերպ ստացվում է, որ բոլորը դպրոցում կրթության միևնույն մակարդակն ունեն: Դու անում ես դա մեկ անգամ, երկու անգամ, անում ես դա, երբ երեխան հիվանդ է: Դա քո աշխատանքն է:

-Դուք առաջարկեցիք Հայաստանի Ամերիկյան համալսարանի նոր մասնաշենքի նախագիծը: Գիտենք, որ այն անվանակոչվել է` ի պատիվ Ձեր եղբոր: Խնդրում եմ, պատմեք նախագծի մասին:


-Ամերիկյան համալսարանում Փարամազ Ավետիսյանի անվան շենքի նախագիծը մեծ ձեռքբերում էր: Ես ամբողջովին ներգրավված էի դրանում` աշխատելով Միհրան Ագբաբյանի և նախագահի հետ: Ուղղակի հրաշալի էր, որ մենք կարող էինք այդպիսի նվեր անել նրանց համար, ովքեր դժվար ժամանակների միջով էին անցնում, քանի որ մենք այսօր էլ շարունակում ենք տառապել Ցեղասպանության հետևանքով: Ես Միհրան Ագբաբյանին ասացի. «Դուք պետք է բակալավրի ծրագիր ունենաք այստեղ»: Այն ժամանակ Ամերիկյան համալսարանում միայն մագիստրոսի ծրագիր կար, ես ասացի. «Դուք ավելացնում եք բակալավրի ծրագիրը, իսկ ես այդտեղ շենք եմ կառուցում»: Ինչո՞ւ, որովհետև ես ցանկանում եմ, որ այդ շենքում Արևմուտքի չափանիշներով կրթություն մատուցվի` ազնիվ կրթություն` երբ ուսանողները կաշառք չեն տալիս: Երբ եղբայրս` Փարամազը մահացավ, մենք որոշեցինք անվանակոչել շենքը նրա պատվին. նա հոյակապ ուսանող էր: Նա միայն մեկ B+ գնահատական ուներ: Ստացել էր 6 ակադեմիական պարգևներից 4-ը: Ծիծաղելին այն էր, որ այդ B+ գնահատականը Փարամազը ստացել էր այն առարկայից, որին կատարյալ տիրապետում էր: Նա նույնիսկ կարող էր դասավանդել այդ առարկան, բայց ցածր գնահատական ստացավ, քանի որ դասախոսը ինչ-որ սխալ քիմիական բանաձև էր գրել գրատախտակին, իսկ Փարամազն ասել էր. «Դա ճիշտ չէ: Գնացեք լաբորատորիա և փորձեք, կտեսնեք, թե ինչ կստանաք»: Եղբայրս ճիշտ էր, իսկ դասախոսը` սխալ, բայց նրա գնահատականը A-ի փոխարեն B+ էր: Նա բողոքել էր դասախոսին, բայց ոչ գնահատականի համար, այլ ուղղակի ասել էր, որ այդպես չվարվի մյուս ուսանողների հետ:
Փարամազը դեղագետ էր: Նա օգնում էր մարդկանց: Մեր ընտանիքում բոլորս այդպես էինք դաստիարակվել` առանց երկմտելու օգնել մարդկանց, տալ այն, ինչ կարող էինք և ունեինք, և մենք միշտ լսել ենք այդ բառը` կրթություն:

-Նաև օգնել եք հասցնել Նորք Մարաշի սրտաբանական հիվանդանոցը ամերիկյան հիվանդանոցների մակարդակին...


-Նորք Մարաշի սրտաբանական հիվանդանոցը զուրկ էր ենթակառուցվածքներից: Մենք երեք տարում հիվանդանոցը ամերիկյան հիվանդանոցի մակարդակի հասցրեցինք: Ամերիկյան համալսարանում նաև ունենք Հանրային առողջապահության և գիտական հետազոտությունների կենտրոն: Հաղթանակ գյուղում էլ ավարտեցինք դպրոցի շինարարության աշխատանքները: Նրանք ինձ ասացին. «Մենք Ձեր անունը կգրենք այնտեղ»: Բայց ես ասացի, որ պետք չէ իմ անունը գրել. «Գրեք Հայաստանի Ամերիկյան համալսարանի ընկերներ»: Ոչ ոք իմ անունը չի հիշելու, բայց Ամերիկյան համալսարանի անունը կարող է ինչ-որ նշանակություն ունենալ: Գուցե երեխաները կցանկանան գնալ համալսարան և լավ կրթություն ստանալ այնտեղ: Ծիծեռնակաբերդում էլ ծառեր ենք տնկել, և այնտեղ էլ է գրված «Ամերիկյան համալսարանի ընկերներ»: Դրանք բաներ են, որոնք անում ենք, որպեսզի օրինակ ծառայենք այլոց համար: Դուք երբևէ ոչ մի տեղ իմ անունը չեք տեսնի գրված, ես դա երաշխավորում եմ:

-Ավետիսյան դպրոցի մասին խոսելիս այն մշտապես կապում եք Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ: Կարո՞ղ ենք ենթադրել, որ համալսարանը Ձեզ համար Ավետիսյան դպրոցի շարունակությունն է:


-Այո, որովհետև Ամերիկյան համալսարանն ու Ավետիսյան դպրոցը հասել են կատարելության մակարդակի: Մենք ուղղակի չենք ցանկանում, որպեսզի այդ կապը խախտվի: Գուցե Ավետիսյան դպրոցի աշակերտները ցանկանում են ուսումը շարունակել մեկ այլ համալսարանում, դա նորմալ է, բայց ես ցանկանում եմ, որպեսզի դա հնարավոր լինի բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են դա: Հարցը ուսման վճարը չէ: Եթե դու քննություն հանձնես ու ընդունվես, նրանք կվճարեն քո ուսման վարձը` 100%-ով: Նրանք երբեք վարձի պատճառով չեն մերժի ինչ-որ մեկին: Մենք ուզում ենք երեխաներին լավագույնը տալ: Ինչպես ավելի վաղ նշել էի` ես Միհրան Ագբաբյանին ասել էի, որպեսզի նա Ամերիկյան համալսարանում բակալավրի ծրագիր ներդնի: Համալսարանն ունենում էր բակալավրի ծրագիր, ես ստեղծում էի այս դպրոցը, և մենք ուղիղ կապ էինք ստեղծում ամերիկյան, արևմտյան կրթության համար, որի կարևորագույն բաղադրիչը քննադատական մտածողությունն է: Դու հարց ես ուղղում ուսուցչիդ, դասախոսիդ, նրանք էլ հարց են ուղղում քեզ` քո կարծիքն ակնկալելով այս կամ այն հարցի շուրջ: Այն տեղեկատվությունը, որ դու ստանում ես, քո մտածողության միայն սկիզբն է, իսկ հետո դու մեծանում ես քննադատելու, քննադատական մտածողության այդ պրոցեսով:

-Քանի որ Դուք երեխաներ չունեք, թվում է, թե վերաբերվում եք այդ երեխաներին Ձեր երեխաների պես...

-Մենք շատ ուշ ամուսնացանք` երկուսս էլ առաջին անգամ: Որոշեցինք, որ մեծ տարիքում երեխաներ ունենալը լավ չէ. դու դառնում ես քո երեխաների «պապիկը»: Մենք մեզ ավելի լավ ենք զգում` աջակցելով այս երեխաներին: Շատ ուրախ ենք դրա համար: Մենք մի կողմում կկանգնենք ու կհետևենք, թե ինչպես են նրանք մեծանում: Նրանք գրեթե իմ երեխաներն են, քանի որ ես ցանկանում եմ, որպեսզի նրանք լավագույն կրթությունը ստանան: Ես ծնող չեմ, բայց, ինչպես արդեն ասացի, կկանգնեմ մի կողմում ու կհետևեմ, թե ինչպես են նրանք հաջողության հասնում: Նրանք կարող են ինձ հետ կապ չունենալ: Միակ բանը, որ ցանկանում եմ լսել այն է, որ նրանք հաջողության են հասել:

 

 

Որոշեցինք, որ մեծ տարիքում երեխաներ ունենալը լավ չէ.

դու դառնում ես քո երեխաների «պապիկը»:

 

-Պարո՛ն Ավետիսյան, գիտենք, որ հայտնի կլառնետահար եք եղել: Կպատմե՞ք Ձեր պրոֆեսիոնալ կարիերայի այդ շրջանի մասին:


-Ինձ բախտ է վիճակվել հանդես գալ օպերայի, բալետի և սիմֆոնիկ նվագախմբերի ամենահայտնի երաժիշտների հետ: Ես նվագում էի Boston Pops նվագախմբում: Մենք ճամփորդում էինք ամբողջ աշխարհով: Սեփական ինքնաթիռ ունեինք, որը միայն մեր նվագախմբի համար էր նախատեսված: Բացի Միացյալ Նահանգներից, որպես մենակատար հանդես էի գալիս Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության նվագախմբի, ինչպես նաև Հայաստանի ազգային կամերային նվագախմբի հետ: 1998 թվականին ես հրավիրյալ երաժիշտ էի Բոստոնի քույր քաղաք Հանչժոուում: 10 տարի շարունակ դասավանդել եմ նաև Բոստոնի համալսարանում: Ես վերադարձել էի այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել էր: Երբ հաջողության հետ նաև ֆինանսական վիճակս լավացավ, ես մտածեցի, որ ներդրումներ կատարելու ճիշտ ժամանակն է: Դա նման էր խաղատուն գնալուն: Դու գնում ես այնտեղ, շահում ես, մեկ խաղադրույք ես կատարում, մեկը` շահում: Հաջորդ անգամ երկուսն ես կատարում, շահում ես չորսը: Ես չափազանց հաջողակ էի: Ժամանակն էր, որպեսզի ինչ-որ բան անեի իմ այդ հաջողության հետ: Չեմ կարող բառերով նկարագրել, թե ինչ է ինձ համար նշանակում, ինչպես այս օրերին են ասում, «վարձահատույց լինել»: Դա ինձ աննկարագրելի հաճույք է պատճառում:

-Բացի բարեգործական գործունեությունից, ներկայումս ի՞նչ գործունեություն եք ծավալում:


-Մասաչուսեթս նահանգի Բելմոնտ քաղաքում Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիա է գործում: Նրանք ինձ առաջարկել էին Տնօրենների խորհրդի անդամ լինել, ես հաճույքով համաձայնեցի: Մենք շատ պատասխանատու, կրթված խորհուրդ ունենք: Ամսվա մեջ մեկ անգամ մեզ մոտ դասախոսություններ են կարդում: ԱՄՆ-ի ռազմածովային վարչության նախկին քարտուղար Փոլ Իգնեյշըը՝ (նա 100%-ով հայ է) դասախոսություն է կարդացել մեզ համար: Չնայած նա 95 տարեկան է, հրաշալի վիճակում է գտնվում` թե՛ ֆիզիկապես, թե՛ մտավոր առումով և սուր միտք ունի: Այդտեղ ինտելեկտի մակարդակն այսպիսին է: Բացի ասոցիացիայից, Մասաչուսեթսի Ուոթերթաուն քաղաքում կա ևս մեկ հաստատություն` Ամերիկայի Հայկական թանգարանը: Այն ունի մետաղադրամների, պատմության, գրքերի և հայկական մշակույթի նմուշների մեծ հավաքածուներ:

 

Փորձում էի տեսնել,

թե արդյոք կարող եմ անցնել

ծնողներիս անցած ուղին:



-Պարո՛ն Ավետիսյան, այս տարի Դուք «Էլիս Այլնդ» շքանշանի արժանացաք: Պատմեք մի փոքր Ձեր զգացողությունների մասին:


-Այո, այս տարի արժանացել եմ «Էլիս Այլնդ» պատվո շքանշանի: Ցեղասպանությունից մազապուրծ եղած ներգաղթյալները պետք է անցնեին Էլիս Այլնդով: Նրանք հետազոտություն էին անցնում, ստուգվում էր նրանց առողջական վիճակը, ամեն ինչ... մինչ կկարողանային երկիր մուտք գործել: Ամեն տարի Կազմակերպությունների Ազգային էթնիկ կոալիցիան պատվում է 100 անձի՝ ներգաղթյալների ժառանգների, ովքեր վարձահատույց են եղել ԱՄՆ-ին և իրենց հայրենիքին: Ես ամերիկացի եմ՝ ի՞նչ եմ արել ԱՄՆ-ի համար: Ես հայ եմ՝ ի՞նչ եմ արել Հայաստանի համար: Եվ սրանք հիմնական չափորոշիչներն են: Շքանշանին արժանանալու համար հազարավոր դիմումներ են ուղարկվում: Ինձ համար մեծ պատիվ էր այդ մրցանակին արժանանալը: Մրցանակի հանձնման արարողության ժամանակ ելույթ ունենալու համար նրանք 4 հոգու էին ընտրել, որոնցից մեկը ես էի: Երբ կանգնեցի, առաջին բանը, որ ասացի, հետևյալն էր. «Ես ընդունում եմ այս մրցանակը՝ ի հիշատակ իմ ծնողների: Նրանց բախտ էր վիճակվել 1915 թվականին Օսմանյան Կայսրության հետապնդումներից հետո հաստատվել այս երկրում»: Ես կարծում եմ, որ չափազանց հաջողակ եմ: Ես ստիպված չեմ եղել տանել Ցեղասպանության օրերի նվաստացումները, անցնել այն ամենի միջով, ինչի միջով անցել են մարդիկ: Ես երբեք չեմ ապրել այն, ինչ ապրել են այն ժամանակ մարդիկ: Եվ ուրեմն՝ ո՞վ եմ ես, որ բողոքեմ: Մենք ծնողներ ունեինք, որ մտածում էին մեր մասին: «Էլիս Այլնդ» շքանշանը ստանալիս ես հիշողությունների գրքում գրեցի, որ փորձում էի ծնողներիս հետքերով գնալ: Փորձում էի տեսնել, թե արդյո՞ք կարող եմ անցնել նրանց անցած ուղին: Չեմ կարծում, որ կարող եմ անել դա, բայց շարունակելու եմ այդ ուղին մինչև ես էլ կկարողանամ լինել մեկը, «ով հաճելի երազներով կննջի իր մահճում»:

-Դուք մշտապես խոսում եք կրթության մասին: Կարծում եք, որ մարդու հաջողությունը կրթության, կրթված լինելու, գիտելիքներ ձեռք բերելու և ուսանելու մե՞ջ է:


-Մարդ երբեք չի դադարում սովորել: Դա սկսվում է քո ծնված օրվանից և շարունակվում մինչև մահ: Սովորելու շատ ձևեր կան՝ ոչ միայն դպրոցում սովորելը, այլ նաև տարբեր մարդկանց այցելելը, տարբեր փորձառություններ ձեռք բերելը: Դու պետք է իմանաս, թե ինչպես պետք է շփվել մարդկանց հետ, ինչպես ընկերներ ձեռք բերել, ինչպես գլուխ հանել տարբեր իրավիճակներում: Երբ ինչ-որ բան չի ստացվում, չպետք է հանձնվես, այլ պետք է ասես. «Իսկ ի՞նչ կարող եմ սովորել ես դրանից»: Սրանք բոլորը կրթության մի մասն են, որ երբեք չի ավարտվում: Այն օրը, երբ կրթությունդ սպառվի, դու էլ կսպառվես: Այդ պատճառով էլ ուսումնական հաստատությունն ավարտելը «սկիզբ» են անվանում: Ի՞նչ է սկիզբը: Դա քո կյանքի սկիզբն է: Դա միայն քո առաջին կրթությունն է: Երկրորդ կրթությունը ստացածդ գիտելիքն օգտագործելն է: Շարունակաբար կրթություն ստանալը կյանքի երջանկությունն է: Դու դա ոչ թե կրթություն ես անվանում, այլ՝ կյանքի փորձ: Իսկ հետո դու սկսում ես ազատության արժևորումը: Ի՞նչ է ազատությունը: Ազատություն չի նշանակում ցանկացած պահի անել այն, ինչ ցանկանում ես: Ազատությունն իր մեջ պատասխանատվություն է կրում: Եթե ազատություն ես ցանկանում, պետք է պատասխանատու լինես: Այս պատասխանատվությունը պետք է զարգացնես դասերից դուրս: Դասերը քեզ սովորեցնում են փաստեր, հրաշալի բաներ, տեխնոլոգիաներ, բժշկություն և այլն: Օրինակ, դպրոցի կառուցման աշխատանքների ժամանակ ես 3-4 անգամ այցելում էի Հայաստան: Գիտեք, պետք է պատասխանատու լիես, համոզվես, որ ամեն ինչ նորմալ է: Մենք այդ հարցում շատ հաջողակ էինք: Հայաստանում աշխատողները շատ տաղանդավոր և պատասխանատու են: Ավետիսյան դպրոցում և Ամերիկյան համալսարանում լավագույն շինարարներն էին աշխատում: Նրանք իրենց բոլոր կարողություններն էին ներդրել աշխատանքներում: Մենք նոր տեխնիկա ներդրեցինք: Նրանք երբեք չէին աշխատել այդ տեխնիկայով, բայց սովորեցին: Իսկապես իրենց գործի մասնագետներն էին: Ես հավերժ կհիշեմ նրանց մարդկային հատկանիշները, նվիրվածությունն ու ջանքերը:

 

Ուշադի՛ր հետեւեք նոր սերնդին...

նրանք տարբերվում են

 

-Ինչի՞ մասին եք երազում:


-Երազում եմ, թե ինչպես կարող ենք բարելավել վիճակը Հայաստանում և ԱՄՆ-ում: Ինչպես կարող ենք հասնել խաղաղության: Ինչպես կարող ենք գործ ունենալ թուրքերի հետ: Ստամբուլում շատ հայեր կան: Հրանտ Դինքին բոլորս էլ գիտենք: Մեր դպրոցում նրա անունով երկու դասասենյակ ունենք: Անցյալ տարի ես հանդիպեցի Հրանտի կնոջը` Ռաքել Դինքին, երբ վերջինս ԱՄՆ-ում էր: Նա հոյակապ, հրաշալի անձնավորություն է: Այնքան բանի միջով է անցել և այժմ էլ շարունակում է անցնել: Ես ամեն կերպ փորձում եմ օգնել նրանց, նաև ծրագրում եմ այցելել Թուրքիա, ուղղակի Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո Էրդողանի հուզական վիճակն այնքան էլ լավ չէ, խաղաղվելուց հետո կայցելեմ: Ես ցանկանում եմ, որ Դինքի գրվածքներն ու իր պատմությունը հասանելի լինի համացանցում: Այստեղ է ի հայտ գալիս, թե հայերը ինչ յուրահատուկ տեղ են զբաղեցնում աշխարհում: Ի՞նչ ունենք մենք: Ունենք տաղանդ և ուղեղներ, դրանում խոսք լինել չի կարող, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների դաշտում մենք ուղղակի փայլում ենք: Ամերիկյան համալսարանում տեղեկատվական տեխնոլոգիաների ծրագրերը զարգացնելու մեծ առաջընթաց կա: Սա շատ կարևոր է: Ինչո՞ւ, որովհետև դու կրթություն ես ստացել, ինչո՞ւ, որովհետև դու պատասխանատու ես, դու ստեղծել ես մի բան, որ աշխարհում բոլորը կարող են օգտագործել: Սա է ազատությունն ու պատասխանատվությունը: Դու ազատ ես ստեղծագործելու հարցում: Իսկ ինչպե՞ս ես ազատության հասնում. քննադատական մտածողության շնորհիվ: Որտեղի՞ց է ի հայտ գալիս քննադատական մտածողությունը, կրթությունից: Հայաստանը դրախտի վերածվելու պոտենցիալ ունի: Այն կզարգանա, երբ նոր սերունդն իր ձեռքը վերցնի ամեն ինչ:

-Ի՞նչ եք զգում ամեն անգամ Հայաստան այցելելիս: Ո՞րն է Ձեր ամենասիրելի վայրը:


-Հայաստանում ամենաշատը սիրում եմ մարդկանց` հատկապես երիտասարդներին: Նրանք են ապագայի հույսը: Ես զարգացող Հայաստանի մասին եմ երազում: Հույս ունեմ, որ նոր սերունդն այդ հույսն իրականություն կդարձնի, և գիտեք, դա արդեն տեղի է ունենում: Ես Հայաստանում էի «Էլեկտրիկ Երևան»-ի ցույցի ժամանակ: Տեսել եմ, թե ինչպես էր երիտասարդությունը պայքարում: Դա դաս էր կոռումպացված անձանց համար: Այն առաջին էր, բայց դրան շատերը կհաջորդեն: Ուշադի՛ր հետևեք նոր սերնդին, միացե՛ք նրանց: Նրանք տարբերվում են և շատ բան են փոխելու, իմ ու իրենց երազանքներն իրականություն են դարձնելու:

 


Հարցազրույցը`
Շողիկ Փահլևանյանի

 

 


 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...