10:27
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Արմավիրի մարզի ավանդապատումները

2016-09-12 15:16

 «Դե Ֆակտո» N122 (2016թ.)

Հայաստանի ցանկացած մարզ կամ քաղաք ունի իր պատմությունն ու ավանդապատումները, բարքերը, սովորույթներն ու տեսարժան վայրերը: Սակայն, ցավոք, տարիների ընթացքում դրանք հիմնականում կամ մոռացության են մատնվում կամ չեն պահպանվում սերունդների կողմից:
Ավանդապատումների հիմնական աղբյուր են հանդիսանում մեր պատմիչների կողմից թողած աշխատությունները, տվյալ շրջանի ավագ սերնդի հիշողությունները, սեպագիր ու վիմագիր արձանագրությունները, ինչպես նաև տարիների ընթացքում կատարված մեր ու խորհրդային վաստակավոր գիտնականների կատարած ուսումնասիրությունները:
Ավանդապատումների շարք ունի մեր քերթողահայր ու 5-րդ դարի պատմիչ Մ. Խորենացին: Սակայն ավանդապատումների վառ օրինակ է հանդիսանում մեր հարուստ կենցաղն ու մշակույթը:
Ավանդապատումներով է, որ մինչև օրս գոյատևում ու պետք է գոյատևենք պահպանելով մեր պապերից մեզ մնացած երկիրը: Առանց ավանդապատումների չենք ունենա հարուստ մշակույթ, ազգագրություն, պատմություն և, վերջապես, կրոն:
Խոսենք Արմավիրի ավանդությունների ու պատմական վայրերի մասին:

Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով: Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը: Պատմական մեծ արժեք են ներկայացնում ուրարտական քաղաք Արգիշտիխինիլիի ավերակները: Դրանց հարևանությամբ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը` Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական և մշակութային խոշոր կենտրոն ու մնացել է այդպիսին մինչև նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը: Դրանից քիչ արևմուտք` Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում նշմարվում են այլ նշանավոր քաղաքի` Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի` Երվանդաշատի փլատակները: Պատմաճարտարապետական մեծագույն արժեք է ներկայացնում նաև Սարդարապատի հուշահամալիրը:
Արդար Դավիթ: գտնվում է Վաղարշապատից Օշական տանող ճանապարհի աջ կողմում: Դավիթ անունով մի մարդ ճգնելու տեղ է ընտրում այս այրը: Երեկոյան ժամերգություններին գալիս է Էջմիածնի տաճարն ու վերադառնում:
Կարճ ժամանակում արդար ու սուրբ մարդու անուն է վաստակում:
Էջմիածնի աշակերտներից և գյուղի բնակիչներից մի քանիսն անհայտանում են: Մի անգամ էլ, երբ Արդար Դավիթը սովորականի պես աղոթելիս է լինում տաճարում, լուսարարը նրա վերարկուի թիկունքին կարդում է հետևյալ մակագրությունը. «Ես այստեղ եմ»: Պարզվում է, որ «արդար» կոչված այս մարդը որսալով մանուկներին, տարել է իր այրը, մորթել ու կերել: Դավիթին հրավիրելով մի սենյակ զբաղեցնում են, իսկ ուղարկված մարդիկ գնում բերում են կենդանի մնացածին և շատ մարդկային ոսկորներ: Դավթին քարկոծում են: Դրանից հետո քարանձավը կոչվում է Արդար Դավթի անունով, իսկ կեղծ արդարներին էլ ասում են «Արդար Դավիթ»:
Կաթնաղբյուր: գտնվում է Էջմիածնից Օշական տանող ճանապարհին:
Երբ Մեսրոպ Մաշտոցը վախճանվում է Էջմիածնում, Վահան Ամատունին համաձայնություն է ստանում նրան իր հայրենի Օշականում թաղելու: Ճանապարհին նեղվելով շոգից ու ծարավից, հուղարկավորողները դագաղն իջեցնում են գետնին` մի փոքր հանգստանալու: Հանկարծ հրաշքով պատռվում է այնտեղ ընկած քարը և միջից սկսում է մի զուլալ ու կաթնահամ ջուր բխել: Բոլոր հուղարկավորները խմում են այդ ջրից և հագեցնում ծարավը: Այդ աղբյուրին Կաթնաղբյուր են ասում:
Խաթուն-Արխ` գտնվում է Էջմիածնի շրջանում: Առաջներում Խաթունարխ գյուղի տեղում անապատ է եղել, ուր ապրել են միայն օձեր ու կարիճներ: Ժամանակին այստեղով անցնում է մի ձիավոր երիտասարդ` Խաթուն անունով սիրած աղջիկը գավակին: Աղջիկը սաստիկ ծարավում է: Երիտասարդը ջուր է փնտրում, բայց ոչ մի տեղ չի կարողանում գտնել, և Խաթունը ծարավից նվաղում է սիրածի գրկում: Երիտասարդը որոշում է նրա հիշատակին ջրանցք կառուցել: Ծախսում է ամբողջ կարողությունը, կառուցում է ջրանցքը և Խաթունի անունով կոչում Խաթուն-արխ:

Արմավիր
Ա. Իսկ որդի Արամենակայ որդւոյ Հայկա` Արամայիս, շինէ իւր տուն բնակութեան ի վերայ ոստոյ միոյ առ եզերք գետոյն, և անուան է զնա յիւր անուն Արմաւիր:
Բ. Զկնի Արամենակայ` որդի նորա Արամայիս շինէ ի վերայ գետեզերն տուն բնակութեան, և անուան է զանուն նորա ըստ անուան իւրոյ Արամայիր, այսինքն` Արամայ իր:

Էջմիածին
Ա. Էջմիածնա տեղը տիլ ու տըլտլնոց` ցեխ ու ճահիճ էր. Լուսավորիչ դիվարեր էր` չըր գինի չգիտեր հուր զժամու հիմ թալեր դներ: Մըջ տեսիլքին` Քրիստոս հիջավ հերկնուց երկնքից, ոսկի ուռ ի ձեռք, բոլորմանի խազեց` շրջան գծեց, զտեղ ցուցուց: Լուսավորիչ էն լուսուն հելավ զհիմք թալեց: Հըման հիմքի քարեր Ծրդատ` Տրդատ Մասիսու սարեն կշալկեր, բերեր. շալկելու վախտ`ժամանակ Լուսավորիչ հետևանց կկարդեր ու կաղոթեր թագավորի համար: Անգամ մի Ծրդատու սիրտ կնեղվի էնոր պըտպտիկներուց` աղոթքից ու դառնա կ’ասի Չըմ ձանձրանա քարն ի պառեկիս մեջքիս կձանձրանամ պտպտիկն ի հետևիս: Էտ խոսքի վրա Լուսավորիչ ձեն կկտրի: Ծրդատա ոտքեր չուրի մինչ ծնկներ կխրվին գետնի մեջ, կասի. Դեհ պտպտա, պտպտիկդ ի հոգիս:
Բ. Առաչ ժամանակ, երբ որ Էջմիածնու վանքը ըսկըսըմ ին շինել, գիշեր անցնըմ ա վըզին, առավոտ վարպետներ գալիս ին Գրիգոր Լուսավորչի հետ, տեսնում ին, որ հիմքը քանդվել ա: Երազըմ Լուսավորիչ տենըմ ա, որ Հիսուս իրա հետ խոսըմա, ասըմա. Ըտեղ չարի յըղնաղ ա` խումբ, հոտ, ես ըդրանց ցիր ու ցան կանեմ: Մեկ էլ տենըմա , որ Հիսուս ձեռին մե ոսկե ուռ կա: Գալիս ա Էջմիածնու վանքի հիմքի մոտ, ուռովը ըսկըսըմ ա խփիլ: Երբ որ խըփըմա , չարի յըղնաղը ցիր ու ցան ա ըլըմ: Ըտրանից ետո վանքը շինըմ ին, նպատակին հասնըմ:

Գարիկ Ավետիսյան

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...