01:49
11/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայաստանի հավաքականը գրանցեց այնպիսի հաջողություններ, ինչպիսիք անկախությունից հետո չէինք ունեցել

2013-01-11 11:19

Առանց մրցավարի օգնության հնարավոր չէր հայերին հաղթել

2011թ. առանձնահատուկ դարձավ նաև հայկական ֆուտբոլի համար: Մեր հավաքականի գրանցած հաջողությունները ուրախացրեցին և ոգևորեցին շատերիս: Հուսով ենք, սա դեռ միայն սկիզբն է ֆուտբոլային զարթոնքի, և դեռ բազմիցս առիթներ կունենաք իսկապես հպարտանալու հայկական ֆուտբոլով: Ֆուտբոլային տարին ամփոփելու համար հարցազրույց ունեցանք ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ, ՀՖՖ ֆինանսական կոմիտեի նախագահ` Թովմաս Գրիգորյանի հետ:

-Պարո՛ն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում 2011 ֆուտբոլային տարին։

-2011 ֆուտբոլային տարին աննախադեպ էր, քանի որ Հայաստանի հավաքականը գրանցեց այնպիսի հաջողություններ, ինչպիսիք անկախությունից հետո չէինք ունեցել: Հավաքականի առավելագույն հաջողությունը եղել էր մեկ մրցաշրջանում 8 միավոր հավաքելը, խմբում 4-րդ տեղը գրավելը, առավելագույնը 8 գոլ խփելը, իսկ այս անգամ, ինչպես տեսաք՝ 17 միավոր, 3-րդ տեղ, 21 գնդակ։ Եվ պատահական չէր, որ մինչև մրցաշարի վերջին տուրը Հայաստանի հավաքականը եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորություն ուներ: Դա մեր հավաքականի արձանագրած ամենաբարձր ցուցանիշն էր Հայաստանի անկախության շրջանում: Աննախադեպ էր նաև նրանով, որ այսօր հավաքականները հազվադեպ են տեղական մարզիչով բարձր արդյունք գրանցում: Դա ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդեգրած քաղաքականությունն է՝ տեղական կադրերով հասնել հաջողության: Տարիներ առաջ շատերը չէին հավատում դրան, բայց տարիների արդյունքները գնալով ցույց տվեցին, որ զարկ տալով մանկապատանեկան ֆուտբոլին, տեղական մարզիչների մակարդակի բարձրացմանը՝ հնարավոր է արդյունքի հասնել: Եվ, ինչպես տեսաք՝ երիտասարդ մարզիչ Վարդան Մինասյանը բարձր արդյունք ցուցաբերեց Եվրո-2012-ում: 

-Հայաստանի այսօրվա հավաքականը իր որակներով կարո՞ղ է համեմատվել §Արարատ¦-73-ի հետ։

-Կարծում եմ, համեմատել պետք չէ։ §Արարատ¦-73-ը միանշանակ լեգենդար թիմ էր, բայց մեր աչքի առաջ այսօր այս հավաքականն է։ Եվ քանի որ այս հավաքականից սպասելիքները և պահանջները գնալով մեծանում են թե՛ ՀՖՖ-ի,  թե՛ ֆուտբոլասերների կողմից, դեռ այս թիմը չի նշվում որպես հավաքական-2011, իսկ §Արարատ¦՚3-ն ամփոփել է իր հաջողությունները 1973-ով: Մենք հույս ունենք, որ այս հավաքականը դեռ ունենալու է ավելի հաջող ելույթներ, բայց նույնիսկ այդ դեպքում էլ չարժե համեմատություններ անցկացնել:

-Ո՞րն էր, ըստ Ձեզ, եզրափակիչ փուլ չանցնելու պատճառը:

- Պատճառներից կարող եմ նշել փորձի պակասը, քանի որ մեր հավաքականը մասնակցող թիմերից ամենաերիտասարդներից մեկն էր: Եվս մեկ հանգամանք. օրինակ, երբ ռուսները մեզ հաղթում էին, ամբողջ ռուսական մամուլը գրում էր,թե միգուցե հնարավոր չէր հայերին հաղթել առանց մրցավարի օգնության և նման բաներ: Ինչպես տեսաք` վերջին խաղում էլ նման տհաճ միջադեպ տեղի ունեցավ: Այսինքն, եթե այդ 2 խաղերից մեկը կարողանայինք դրական արդյունքով ավարտել, մենք հաստատ Եվրո-2012-ում կլինեինք: Սակայն չանցնելը այդքան էլ չհիասթափեցրեց տղաներին և ֆուտբոլասերներին, և ես շատ ուրախ եմ, որ հայ ֆուտբոլասերը կանգնեց հավաքականի կողքին, այնինչ, ժամանակին երբ հավաքականը պարտվել է, ֆուտբոլասերները անմիջապես հիասթափվել են: Ի դեպ, ևս մեկ հաջողություն արձանագրեցինք 2010-11թթ. մրցաշարում. մենք ունեցանք ֆուտբոլասերների հսկայական բանակ, որը երբևիցե չի եղել։ Իսկ դուք գիտեք, որ ֆուտբոլը խաղում են ֆուտբոլասերների համար, և շատ կարևոր է, որ հավաքականն ունենա հավատարիմ ֆուտբոլասերներ, որոնց թիվը գնալով աճում է մեր հանրապետությունում: 

-Ինչպե՞ս եք պատրաստվում աշխարհի առաջնության նախընտրական խաղերին և ի՞նչ ակնկալիքներ ունեք։

-Այս հավաքականը աշխարհի և Եվրոպայի մյուս առաջնությունների նախընտրական փուլերում ավելի մեծ սխրագործություններ գործելու պոտենցիալ ունի: 2014 և 2016թթ. առաջնություններում այս հավաքականն ավելի հասուն կլինի և, համոզված եմ, ավելի լավ արդյունք կարձանագրի, չնայած այն բանին, որ գալիք՝ 2014թ աշխարհի առաջնության նախընտրական փուլի վիճակահանությունը մեզ համար այնքան էլ բարենպաստ չէր. բավականին ուժեղ մրցակիցներ ենք ունենալու։

-Դուք նաև ղեկավարում եք §Թալգրիգ¦ ընկերությունը, որն ունի իր ֆուտբոլային թիմերը, մասնակցում  է Հայաստանի ֆուտզալի և մանկապատանեկան ֆուտբոլի առաջնություններին և հաջողություններ է արձանագրում։ Կներկայացնե՞ք այդ թիմերը։

-§Թալգրիգը¦ ֆուտզալի երևանյան թիմ էր, բայց 2009թ.-ից որոշում կայացրեցի, որ §Թալգրիգ¦ ֆուտզալի թիմը հանդես կգա Վանաձորում, քանի որ Վանաձորը, հանդիսանալով ֆուտզալի ավանդույթներով հարուստ և ընդհանրապես ֆուտբոլային քաղաք՝ չուներ ֆուտզալի թիմ։ Այնտեղ ստեղծեցի ֆուտզալի բարձրագույն խմբի թիմ, այնուհետև հովանավորեցի ֆուտզալի մանկապատանեկան թիմը, ապա մի քանի` մեծ ֆուտբոլի մանկապատանեկան թիմեր: Ֆուտբոլային կյանքը, որքան հնարավոր է, փորձում եմ աշխուժացնել Վանաձորում:

-Ի՞նչ կմաղթեք Ամանորի կապակցությամբ ֆուտբոլասերներին և մեր ընթերցողներին։

-Ուզում եմ շնորհավորել բոլորի գալիք Նոր Տարին։ Ցանկանում եմ երջանկություն, ընտանիքներում խաղաղություն, ամրություն, սեր, իսկ ֆուտբոլային և սպորտային աշխարհին միանշանակ ցանկանում եմ հաղթանակներ և կոչ եմ անում՝ լինել իրենց սիրելի թիմերի հավաքականների կողքին:

 Հարցազրույցը՝ Կարեն Վարդանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...