12:47
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Միշտ համայնքի հետ եւ համայնքի համար

2016-09-02 10:28

«Դե Ֆակտո» N122 (2016թ.)

 «Դե Ֆակտո» ամսագրի այս համարում կզրուցենք Օհանավանի համայնքապետ Ալեքսան Ալեքսանյանի հետ: Կներկայացնենք համայնքում կատարված աշխատանքները, առկա խնդիրներն ու առաջիկա ծրագրերը:

-Պարո՛ն Ալեքսանյան, 2011 թվականից ղեկավարում եք Օհանավան համայնքը: Այս տարիների ընթացքում ի՞նչ աշխատանքներ եք կատարել:


-Այս տարիներին կատարվել են բազմաթիվ աշխատանքներ, կներկայացնեմ համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող ձեռքբերումները:
Իմ ղեկավարման տարիներին համայնքում կատարվել է ցերեկային լուսավորության համակարգի տեղադրում: Ամբողջությամբ փոխվել են խմելու ջրի խողովակները և այսօր համայնքն ունի 24 ժամյա անխափան ջրամատակարարում: Ինչպես նաև նշեմ, որ համայնքն ամբողջությամբ գազաֆիկացված է, և հավելեմ, որ Քասախ գետից 24 ժամյա գրաֆիկով անխափան ոռոգման ջուր ենք տրամադրում բնակիչներին:
Համայնքում պարբերաբար իրականացվում է աղբահանություն:
Այս տարվա փետրվար ամսից սկսել ենք մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները: Մանկապարտեզի գործարկելը մեր համայնքի համար շատ կարևոր է, քանի որ Օհանավան համայնքը մանկապարտեզ չի ունեցել դեռ 1998 թվականից: Հուսով ենք, տարվա վերջում կավարտենք վերանորոգման աշխատանքները:

-Որքա՞ն է Օհանավան համայնքի բնակչության թիվը և ո՞րն է նրանց հիմնական զբաղմունքը:

-Օհանավան համայնքն ունի 2500 բնակիչ: Համայնքի բնակչության մեծամասնությունը զբաղվում է պտղաբուծությամբ: Ունենք խնձորենու այգիներ: Տնամերձ այգիներում բնակչությունը զբաղվում է ծիրանի և կեռասի մշակմամբ:

-Ինչպիսի՞ հոգևոր-մշակութային կյանքով է ապրում համայնքը: Ինչպես գիտենք Օհանավանում կան պատմական նշանակություն ունեցող մնայուն արժեքներ, որոնցից է Օհանավան եկեղեցին:


-Օհանավան համայնքն առանձնանում է իր պատմամշակութային հարուստ ժառանգությամբ: Մեզ մոտ կան եկեղեցիներ, որոնք կարևոր նշանակություն ունեն համայնքի հոգևոր կյանքում: Օհանավանի ամենահին շինությունը համարվում է Հովհաննավանք եկեղեցին: Այն կառուցվել է չորրորդ դարի սկզբներին Գրիգոր Լուսավորչի կողմից: Հովհաննավանք եկեղեցին պատմության բոլոր ժամանակներում կարևոր դեր է կատարել Հայաստանի հոգևոր, կրթական և մշակութային կյանքում:
Վերջին տարիներին, ի շնորհիվ մեծ բարերարների, եկեղեցին վերանորոգվեց և այժմ այն գործում է՝ համարվելով պատմական նշանակություն ունեցող շինություն:

-Պարո՛ն Ալեքսանյան, առաջիկա ի՞նչ նոր ծրագրեր կան ուղղված համայնքի զարգացմանը:


-Մեծ ցավով պետք է նշեմ, որ համայնքը մինչ այժմ չունի բուժհաստատություն, առաջիկայում պետք է կառուցենք ժամանակակից բուժհաստատություն:
Միջհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ պետք է կատարվեն:
Այս տարի ցանկություն կա, բերքի տոնի հետ մեկտեղ տոնել նաև Օհանավան համայնքի ստեղծման օրը:
Ինձ համար աշխատանքում կարևոր կարգախոս է՝ միշտ համայնքի հետ և համայնքի համար:

Հարցազրույցը՝ Սյուզաննա Ղուկասյանի




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...