2016-08-30 12:05
ՄՆԱՑԱԿԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Յուրաքանչյուր երկրի հզորացման ու զարգացման համար խթանիչ ուժ են հանդիսանում այն գյուղերը, որտեղ բնակչությանը զուգընթաց անխոնջ կերպով աշխատում են նաեւ համայնքի ղեկավարները: Ղեկավարներ, ովքեր սրտացավ են, ջանք ու եռանդ չեն խնայում գյուղի բնակչության կենսամակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Հենց այդպիսինն է Մնացական Վարդանյանը, ով 1982թ.-ից ընտրվելով Գեղամավանի գյուղական խորհրդի գործկոմի նախագահ, այնուհետեւ 1996թ.-ից` գյուղապետ, առաջին իսկ օրվանից լծվեց համագյուղացիների առջեւ ծառացած խնդիրների լուծմանը:
«Դե ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Գեղամավան համայնքի ղեկավար Մնացական Վարդանյանը:
«Դե Ֆակտո» N122 (2016թ.)
-Պարո՛ն Վարդանյան, շուրջ 35 տարի է, ինչ ղեկավարում եք Գեղամավան գյուղը: Սա, թերևս, խոսում է այն մասին, որ այս տարիների ընթացքում կարողացել եք շահել համագյուղացիների սերն ու հարգանքը: Ի՞նչ ձեռքբերումներ եք գրանցել այս տարիների ընթացքում:
-Այդ երկար 35 տարիների ընթացքում մի շարք աշխատանքներ են իրականացվել, որոնք գյուղի համար սոցիալ-տնտեսական մեծ նշանակություն ունեն: Գյուղում հիմքից կառուցվել են նոր դպրոցի շենքը, մշակույթի պալատը, կենցաղի տունը, մսուր մանկապարտեզի շենքը, մոտ 6 կմ երկարությամբ փողոցային լուսավորության ցանցեր են տեղադրվել, ասֆալտապատվել է 6կմ 80 մ ճանապարհ, ինչպես նաև գազաֆիկացվել է գյուղը, ջրամատակարարումն ամբողջությամբ փոխարինվել է նոր համակարգով:
Գյուղում թե՛ խմելու ջրից, թե՛ կենտրոնացված աղբահանությունից գյուղացիներն օգտվում են անվճար: Կառուցել ենք շատ գեղեցիկ, հարմարավետ, բարձր մակարդակով կահավորված հանդիսությունների սրահ, որը ևս անհրաժեշտության դեպքում տրամադրում ենք համագյուղացիներին անվճար:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ Հրազդան գետի երկու կողմերը ցանցապատվեցին, սակայն մեր կողմից էլ խնդրեցինք «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արսեն Գրիգորյանին, ով բարի կամք դրսևորեց և, ևս իրականացրեց շուրջ 500 մ երկարությամբ ցանցապատման և 2 նոր կամուրջների տեղադրման աշխատանքներ: Նախկինում բետոնե կամուրջներ էին, որոնցից մեկի փլուզման արդյունքում Հրազդան գետում խեղդման դեպք էր գրանցվել: Այժմ տեղադրվել է երկաթե 2 կամուրջ, որտեղ միայն մեկի արժեքը կազմեց 8 մլն. դրամ:
Գյուղն ունի հրաշալի մանկապարտեզ, որտեղ երեխաներն իրենց անհոգ մանկությունը կանցկացնեն: Մանկապարտեզի երկու մասնաշենքերն ամբողջությամբ վերանորոգվեցին` Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից: Շնորհակալությունս եմ հայտնում հիմնադրամի տնօրեն Աշոտ Կիրակոսյանին` ցուցաբերած աջակցության և հետևողականության համար: Նա հրաշալի ղեկավար է. մարդ, ով ցանկացած պահի իր աշխատակիցներին ուղարկում է բոլոր աշխատանքները հսկողության տակ վերցնելու համար, իսկ հիմնանորոգման աշխատանքները կատարվում են մեծ ճշգրտությամբ, ժամանակակից մեթոդներով և եվրոչափորոշիչներով: Ես նման պրոֆեսիոնալ աշխատանքի ականատես չեմ եղել, չնայած իմ ղեկավարման տարիներին կառուցվել է մշակույթի պալատը, հիմնանորոգվել է դպրոց: Մանկապարտեզի երրորդ մասնաշենքի կառուցման համար միջոցներ հատկացնելու խնդրանքով դիմել եմ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, քանի որ այն ընդգրկված էր Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրում: Արդյունքում եղավ համապատասխան հանձնարարական` Հայաստանի տարածքային զարգացման կենտրոնին և հանձինս պարոն Կիրակոսյանի սկսվեցին կառուցմանն ուղղված աշխատանքները: Մասնաշենքն ամբողջությամբ շահագործման կհանձնվի սեպտեմբերի կեսերին: Առաջին երկու մասնաշենքերի համար հատկացվել էր 120մլն. դրամ, իսկ երրորդ մասնաշենքի համար` 60մլն. դրամ: Ընդհանուր 180մլն. դրամի չափով գումար հատկացվեց մանկապարտեզի հիմնանորոգման համար: Հարակից գյուղերից ևս կարող են երեխաներ հաճախել, քանի որ մանկապարտեզը բավականին ընդարձակ է (120 տեղ), շատ գեղեցիկ ու հարմարավետ` հագեցած անհրաժեշտ բոլոր պարագաներով: Սա հնարավորություն է ընձեռել նաև նոր աշխատատեղերի ստեղծման համար: Գեղամավան գյուղից շուրջ 10 հոգի կաշխատեն մանկապարտեզում: Հաստատությունը գործելու է ամբողջ տարի, առանց ընդհատումների, քանի որ երեխաների համար անհրաժեշտ պայմաններն առկա են տարվա բոլոր եղանակներին հաճախելու համար:
Այս տարիների ընթացքում ահռելի աշխատանքներ են տարվել, որոնք չնկատել հնարավոր չէ: Բնականաբար, չեմ կարող ինքս իմ աշխատանքը գնահատել, բայց այն ինչը տեսանելի է, գործնական է:
-Որքա՞ն է կազմում բնակչության թիվն այսօր գյուղում և թվակազմի ինչպիսի՞ փոփոխություններ եք գրանցել այս տարիների ընթացքում:
-Բնակչության թիվը մեր գյուղում կազմում է 2036 մարդ: Այսօրվա պայմաններում չես կարող գտնել մի բնակավայր, որտեղ բնակչության թվի աճ գրանցվի: Եթե գյուղում հիմնավորվելու համար տուն չեն կառուցում, հետևաբար թվակազմի ավելացում լինել չի կարող: Այսօր տուն կառուցելու համար ահռելի միջոցներ են հարկավոր, իսկ այն միջոցները, որ կան, մարդիկ հազիվ կարողանում են իրենց կարիքները հոգալ: Իրավիճակն այժմ այնպիսին է, որ մարդիկ մեծ դժվարությամբ որոշակի գումար են հայթայթում Սևանում կամ մեկ այլ բնակավայրում մատչելի գնով տուն գնում և հաստատվում: 1982թվականին, երբ գյուղական խորհրդի գործկոմի նախագահ ընտրվեցի, այդ ժամանակ հրաշալի էր: Բնակչության թիվը 1700-ից դարձավ 2030: Այսօր գյուղացիների պայմանները թույլ չեն տալիս շինարարություն սկսել, մնալ և հաստատվել հայրենի գյուղում:
-Գյուղացիների առաջ ծառացած ի՞նչ խնդիրներ կան, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն:
-Աշխատատեղերի խնդիր ունի գյուղացին: Գյուղի բնակչությունն այսօր զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ: Մարդիկ կաթ-մածուն են վաճառում, միս են վաճառում, որպեսզի կարողանան ապրել, շուրջ 400-500 հոգի էլ արտագնա աշխատանքի են գնում: Մինչև 90-ականները Գեղամավան վարչական տարածքում գործել է 17 հիմնարկ-ձեռնարկություն (մսի կոմբինատ, հախճապակու գործարան, խոշոր մեքենաների վերանորոգման գործարան, թռչնաբուծական ֆաբրիկա և այլն): Բոլորը հզոր գործարաններ էին, որտեղ աշխատում էին մոտ 5000 մարդ` հանրապետության տարբեր շրջաններից: Այսօր մեծ մասը հողին է հավասարեցված:
-Իսկ կառավարության ներկայացուցիչներին երբևէ առաջարկով դիմե՞լ եք` որևէ հիմնարկ վերագործարկելու համար:
-Դիմում եմ միայն այն հարցերով, որոնք նրանք կարող են իրականացնել, իրենց իրավասությունների մեջ է մտնում: Չի եղել մի հարց, որ ես դիմեմ մարզպետին և այդ դիմումն անարդյունք լինի կամ բացասական պատասխան ստանամ, ինչն իրենց հնարավորությունների ներքո է եղել, իրենք կատարել են: Մնացածի առումով, պարզապես, ներդրողներ են հարկավոր, մեկը՝ ով կկատարի ներդրումներ, կբացի գործարան, որն էլ իր հերթին մի շարք հարցեր կլուծի:
-Բանասերի կրթությունն ու մանկավարժի փորձառությունը որքանո՞վ նպաստեցին պաշտոնավարմանը` վաստակելով համագյուղացիների սերն ու հարգանքը:
-Եթե մարդն իրոք մանկավարժ է և կրթություն է ստացել, ուրեմն իր համար ժողովրդի հետ աշխատելը դյուրին է: Շատ ավելի դժվար է երեխաների հետ աշխատելը, քան ժողովրդի: Եթե ինձ հաջողվել է 2 տարում այդպիսի տեղաշարժ գրանցել`ուսուցչից ուսմասվար, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այդ տարիներին այդքան էլ հեշտ չէր նման հաջողություններ գրանցելը, ապա ինձ համար ազգաբնակչության հետ աշխատելը շատ ավելի սահուն եղավ:
-Ի՞նչ վիճակում է գտնվում մշակութային կյանքը գյուղում:
-Ունենք հրաշալի մշակույթի պալատ, որտեղ գրեթե բոլոր խմբակները գործում են: Այս տարի կազմակերպվեցին դասընթացներ, որտեղ հրավիրյալ ուսուցիչների միջոցով` մասնակիցները ծանոթացան խոհարարական արվեստին, սովորեցին վարսահարդարման նրբությունները և իհարկե, դասընթացների ավարտին ստացան համապատասխան դիպլոմներ:
-Պարո՛ն Վարդանյան, այս տարի ևս կանցկացվեն գյուղապետի ընտրությունները: Առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը, և արդյո՞ք կան այլ թեկնածուներ:
- Համայնքների խոշորացման գործընթացը լայնամասշտաբ ձևով ընթանում է և քանի որ սա վերջին հնարավորությունն է ընտրվելու, ես կառաջադրվեմ: Մինչև այս պահը չկան այլ թեկնածուներ:
-Ամրագրելով Ձեր մնայուն տեղը քաղաքականության մեջ, կարիերայի ճանապարհին ունենալով նվաճումներ և ձեռքբերումներ, հաղթահարելով մի շարք դժվարություններ և փորձություններ՝ այսօր ի՞նչ ծրագրեր ունեք Ձեզ այդչափ հարազատ դարձած գյուղի համար, և ինչպիսի՞ տեսլականով:
-Մեկ տարի առաջ` Մոսկվայից Երևան ճանապարհին` Տուլայի շրջանում, ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվեցին մեր 3 համագյուղացիները: Գյուղապետարանի միջոցներով` նախաձեռնել եմ կառուցել մի հրաշալի պուրակ` նվիրված իրենց և արտերկրում զոհված բոլոր գեղամավանցիների հիշատակին: Բացի այդ, մտածում էի, որ կվերանորոգեմ գյուղապետարանի շենքը և դրանով կավարտեմ իմ քաղաքական կարիերան, բայց այսօր Աստծուց խնդրում եմ ինձ առողջություն տա, որպեսզի եկեղեցու հարցը լուծեմ: Եթե ես էլ չլինեմ, ով էլ լինի, այդ հարցն անպայմանորեն պետք է լուծվի, որովհետև այն առաջնահերթ խնդիր է դարձել մեզ համար: Մենք ունենանք մեր գյուղի աղոթատեղին:
-Պարո՛ն Վարդանյան, ինչպե՞ս կարողացաք փակել 2016 թ. բյուջեն:
-Եթե բյուջեն չկատարեմ, չեմ կարողանա այդքան ներդրում ունենալ: Միայն մանկապարտեզի համար 8 մլն. դրամի ներդրում եմ արել, որը քիչ գումար չէ գյուղապետարանի համար:
Ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ դա պետական վճարներ են և պարտաճանաչ կերպով կատարում են բոլոր վճարումները: Մենք էլ մեր հերթին, մեր կատարած աշխատանքներով ցույց ենք տալիս, որ չարաշահումներ չենք անում: Բոլոր աշխատանքներն արվում են բաց, թափանցիկ և տեսանելի:
-Շնորհակալություն:
Հարցազրույցը` Քրիստինա Միրզոյանի
Վերադառնալ