2016-08-29 10:52
«Դե Ֆակտո» N122 (2016թ.)
Ֆրանցիսկոս Պապի եռօրյա այցն ու միջազգային մամուլի «հուսախաբությունը»
Ինչպե՞ս ընդունեց պաշտոնական Երևանը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին, ի՞նչ ուղերձներով հանդես եկավ Պապն առաջին քրիստոնյա երկրում, և ինչպիսի՞ «հուսախաբություն» ապրեց միջազգային մամուլը:
Հռոմի Պապը համաշխարհային հյուր էր, որին սպասում էր մի ողջ ժողովուրդ: Ակնհայտ է, որ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն առավել ընդունելի և հայության կողմից սիրելի դարձավ դեռևս մեկ տարի առաջ, երբ հանճարեղ Նարեկացու ծննդից մեկ հազարամյակ անց մեր Նարեկացուն վերահաստատեց սրբին արժանի պատվանդանին, օծելով Տիեզերական եկեղեցու վարդապետ, և Վատիկանի տաճարում մատուցած նույն պատարագի ժամանակ արտաբերեց «Ցեղասպանություն» բառը:
Եվ ահա, Պապն ուխտագնացության էր եկել առաջին քրիստոնյա երկիր: Երկիր, որտեղ վերջինիս սպասում էին մեծ խանդավառությամբ՝ բարձրաստիճան այրերից մինչև շարքային քաղաքացի: Երեք օր չկար ժողովուրդ և իշխանավոր: Հայաստանը ներշնչված էր Պապի բարությամբ, համեստությամբ և խոնարհությամբ:
Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի համեստ պահվածքն առավել ակնառու դարձավ, երբ Սրբազան քահանայապետը «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանից Մայր Աթոռ մեկնեց իր «Renault» ավտոմեքենայով, որը ոչ զրահապատ էր, ոչ էլ ապակիներն էին մգեցված: Սա, թերևս, խոսում էր հոգևոր առաջնորդի համեստության և հոգևորականին հարիր կեցվածքի մասին: Նա չուներ պերճանալու առիթ և չէր եկել իրեն ցուցադրելու համար: Նա եկել էր հատուկ կարգախոսով` «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր», որի լուսաբանման համար հավատարմագրված լրագրողների թիվն աննախադեպ էր` հասնելով շուրջ 600-ի:
Ակնհայտ էր, որ Պապի այցելությունն ուղղակի «ծփում» էր խորհրդանիշներով ու հաղորդագրություններով` ուղղված Թուրքիային, որպես այդ երկրի վրա ազդեցության տարբերակ: Հռոմի Պապի այցելությունը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ի հակադրություն Թուրքիայի իշխանությունների ժխտողական քաղաքականության, բարոյական հզոր քայլ էր: Ամբողջ աշխարհի առաջ Ֆրանցիսկոս Պապն ամենասրբազան վայրում բացեիբաց մարտահրավեր նետեց իր գործած սարսափելի հանցանքը պատմության էջերից ջնջելու փորձեր անող Թուրքիային: Նկատենք, որ քաղաքականության մեջ խորհրդանիշները շատ կարևոր դեր ունեն: Պատահական չէր, որ Գերմանիայի խորհրդարանում ցեղասպանության ճանաչման օրինագիծն ընդունվեց Բեռլինի դատարանում Սողոմոն Թեհլերյանի արդարացման օրը:
Պատահական չէր նաև, որ այցելության վայր էր ընտրված Խոր Վիրապը, այնտեղ դեպի Արարատ լեռը, իսկ այն ունի բիբլիական նշանակություն, այն է՝ դեպի փշալարերով պատված հայ-թուրքական սահմանն աղավնիներ բաց թողնելն էր: Այցելությունը Գյումրի, որտեղ տեղի ունեցան միջոցառումներ, որոնց հիմքում ընկած էր արևելյան եկեղեցիների համախմբման խորհուրդը՝ հատկապես Մերձավոր Արևելքում քրիստոնյաների նկատմամբ տեղի ունեցող արյունալի իրադարձությունների ֆոնին:
Այսպիսով, Նարեկացու մատյանից ներշնչված Հռոմի Ֆրացիսկոս Պապը եկավ և վերաիմաստավորեցինք Գյումրին` որպես հնագույն հայկական քաղաք, կանգնած փակ սահմանի առաջ, էջմիածինը` իբրև տիրոջ իջման վայր և Խոր Վիրապը` Արարատի վեհատեսիլ ու պահապան հայացքի առաջ:
Հատկանշական է, որ Պապի այցելությունը կատարվեց միայն Հայաստան, որով մեր երկիրը գոնե կաթոլիկ աշխարհի աչքում տարբերվեց մյուս երկու տարածաշրջանային երկրներից՝ Վրաստանից ու Ադրբեջանից: Դրանցից մեկն ուղղափառ քրիստոնեական երկիր է: Այդ երկու երկրներ Պապը կայցելի ամիսներ հետո, թեպետ ի սկզբանե նախատեսվում էր երեք երկրներ այցելել մեկ տարածաշրջանային այցի շրջանակներում: Ակնհայտ է, որ սա անընդունելի էր հայկական կողմի համար, որը համապատասխան դիվանագիտական աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ կանխել:
Թե ինչպես Ֆրանցիսկոս Պապը «հուսախաբ» արեց միջազգային մամուլին
Միջազգային լրատվամիջոցների կանխատեսումների համաձայն, Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայաստանյան այցի կուլմինացիան պետք է լիներ այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ, ըստ բազմաթիվ կանխատեսումների, Ֆրանցիսկոս Պապը չպետք է կրկներ դեռ նախորդ տարվա իր խոսքը` արտասանելով «ցեղասպանություն» բառը: Այս մասին Պապի եռօրյա այցի շրջանակներում գրել էին այնպիսի հեղինակավոր թերթեր, ինչպես «Guardian»-ը, «Independent»-ը, «Wall street journal»-ը, «Ռոյթերզ» գործակալությունը:
Ամենայն հավանականությամբ՝ նման կանխատեսումների հիմք էր հանդիսացել այն, որ այցից առաջ Պապի ուղերձում և Վատիկանի տարածած պաշտոնական հաղորդագրություններում ցեղասպանություն բառը բացակայում էր: Նկատենք, որ այցի պաշտոնական ժամանակացույցում Ծիծեռնակաբերդ այցելությունը նշվել էր որպես «այցելություն զանգվածային կոտորածների հուշարձան»: Այս ամենի վերաբերյալ ուշագրավ է եղել Պապի խոսնակ՝ Ֆեդերիկո Լոմբարդիի բրիֆինգի ընթացքում լրագրողներին տված պատասխանը. «Ի՞նչ կարիք կա պահանջել օգտագործել ցեղասպանություն բառն ու բոլոր հարցերի ժամանակ անդրադառնալ դրան»,-ասել էր նա՝ նշելով, որ ոչ ոք չի ժխտում տեղի ունեցած կոտորածը, բայց Վատիկանը չի ցանկանում դառնալ քաղաքական և գաղափարական քննարկումների հարթակ: Սա, թերևս, հիմք էր հանդիսացել միջազգային լրատվամիջոցների վերլուծաբանների համար, որ Պապն այս այցի ժամանակ պետք է խուսափեր ցեղասպանություն բառն արտասանելուց, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2015թ. ապրիլի 12-ի պատարագում հնչեցրած նրա գնահատականից հետո 10 ամսով խզվեցին Վատիկանի և Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունները և մեծ ջանքեր պահանջվեցին դրանք վերականգնելու համար:
Չմոռանանք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պապին հրապարակայնորեն քննադատեց այդ քայլի համար և խորհուրդ տվեց երկրորդ անգամ նույն սխալը թույլ չտալ: Ծիծեռնակաբերդում Ֆրանցիսկոս Պապը սահմանափակվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում գրառում կատարելով: Պապն անակնկալ կերպով դա արեց Նախագահական նստավայրում իր ելույթի ժամանակ, ընդ որում ելույթի նախնական տարբերակում նման բան նախատեսված չէր: Պապի այցը լուսաբանելու համար հավատարմագրված լրագրողներին նախապես ուղարկվել էր նրա ելույթի տեքստը, որի հետևյալ հատվածը Պապն այլ կերպ ընթերցեց, Մեծ Եղեռնի փոխարեն ասելով՝ «Ցեղասպանություն»:
Դատելով Պապի խոսնակի բրիֆինգի ժամանակ արած հայտարարություններից, Վատիկանի պաշտոնական հաղորդագրություններից, Պապի այցին ընդառաջ ուղերձից և ելույթի նախնական տեքստից, ակնհայտ է, որ իսկապես մտադրություն է եղել դիվանագիտական նկատառումներով խուսափել նախորդ տարվա հայտարարությունը կրկնելուց: Ֆրանցիսկոս Պապը, սակայն, հերթական անգամ ապացուցեց, որ ինքը ոչ թե դիվանագետ է, այլ հոգևոր առաջնորդ, որի գործողություններն առաջնորդվում են առաջին հերթին իր խղճի, մտքի և սրտի թելադրանքով:
Ինչպե՞ս արձագանքեց թուրքական մամուլը Պապի եռօրյա այցի վերաբերյալ
Ակնհայտ էր, որ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հայաստանյան այցը չէր կարող դուրս մնալ թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնից: Վերջիններս լայնորեն անդրադարձել են հատկապես ՀՀ նախագահի նստավայրում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի Պապի ելույթի շեշտադրումներին և ցեղասպանություն որակմանը: Թուրքական մամուլն ընդգծում է, որ Պապը Հայաստանում կրկին արտասանեց ցեղասպանություն բառը՝ տեր կանգնելով «հայկական պնդումներին»: Թուրքական Sabah պարբերականը Պապի ելույթը որակել է որպես սկանդալային` շեշտելով այն հանգամանքը, որ չնայած ելույթի տեքստում չի եղել ցեղասպանություն բառը, այդուհանդերձ, նա 1915թ. իրադարձությունները բնութագրել է որպես ցեղասպանություն: Թուրքական մեկ այլ՝ Yeni Safak պարբերականն էլ իր հոդվածում գրել է ելույթի բնագրից դուրս ցեղասպանություն եզրույթի կիրառման մասին և շեշտել նախորդ տարի նույն պատճառով Թուրքիայի և Վատիկանի հարաբերություններում առաջացած դիվանագիտական ճգնաժամի մասին, որը միայն վերջերս էր կարգավորվել:
HՖrriyet թերթն էլ անդրադարձել էր Պապի այցից առաջ Վատիկանի մամուլի խոսնակ Ֆ. Լոմբարդիի` ասուլիսի ժամանակ հնչեցրած խոսքերին, թե ցեղասպանություն բառի պատճառով չեն ցանկանում ընկնել հասարակական-քաղաքական ծուղակի մեջ, ինչն էլ մեկնաբանվել էր, որ Թուրքիայի հետ ևս մեկ ճգնաժամ չցանկանալու համար Ֆրանցիսկոս Պապը չի արտասանելու ցեղասպանություն բառը:
Այսպիսով, հետևելով ամբողջ ընթացքին, նկատելի է դառնում ևս մի հանգամանք. Հռոմի Պապը ցանկություն չի ունեցել իր այցի վերաբերյալ մեծ աղմուկ բարձրացնելու, որի մասին վկայում են թե՛ իր, և թե՛ Լոմբարդիի հայտարարությունները նախքան Հայաստան այցը, սակայն Պապն ուներ հստակ անելիքներ, որոնք իրագործեց առաջին քրիստոնյա երկրում` Հայաստանում: Պապի նախնական տեքստն ու հայտարարությունները պարզապես «շղարշ» էին, թե՛ միջազգային, թե՛ թուրքական մամուլի համար, վերջիններիս զերծ պահելով հնարավոր ագրեսիվ դրսևորումներից:
Վերլուծությունը՝ Քրիստինա Միրզոյանի
Վերադառնալ