19:02
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ՝

2016-07-19 11:35


միշտ հաղթելու տրամադրվածությամբ

 

«Դե Ֆակտո» N121 (2016թ.)

Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երևանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից ունի նաև Գերմանիայի քաղաքացիություն:
Մանկության տարիներին ՀՀ-ում լրջորեն զբաղվել է հեծանվասպորտով, եղել է Հայաստանի բազմակի չեմպիոն:
IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճել է 2005 թվականին` նոկաուտով առավելության հասնելով նիգերիացի Իկեկե Քինգսլիի նկատմամբ: Այդ տիտղոսն Աբրահամը պաշտպանել է մինչև 2009 թվականը:
Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 49 մենամարտ, որոնցից 44-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 7 անգամ Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ (ըստ գերմանական հեղինակավոր "Box Sport" ամսագրի վարկանիշի), 4 անգամ հռչակվել է «Բեռլինի լավագույն մարզիկ»:
Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» շքանշանակիր է (2007թ.հունիսի 1-ից):
2007 թ. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում օլիմպիական շարժման զարգացմանը մատուցած ծառայությունների համար Արթուր Աբրահամին պարգևատրել է ՀԱՕԿ-ի շքանշանով:
2011 թվականի սեպտեմբերի 16-ին` ՀՀ անկախության 20-ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» (Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար): 2013 թվականի հունվարի 9-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Արթուր Աբրահամին պարգևատրել Սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով:
2014 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Արթուր Աբրահամին հանձնել է շնորհակալագիր` միջազգային հարթակներում Հայաստանի և հայկական սպորտի պատիվը բարձր պահելու, փայլուն հաղթանակների ու Հայաստանում բռնցքամարտի զարգացմանը մեծապես աջակցելու համար:
2015 թվականի հոկտեմբերի 14-ին արժանացել է «Երևանի պատվավոր քաղաքացի» տիտղոսին:


-Դուք 2004 թվականից ապրում և սպորտային գործունեություն եք ծավալում Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, 2015-ի Բեռլինի լավագույն մարզիկի կոչում եք ստացել, ի՞նչ էր դա Ձեզ համար:


-2015 թվականին 4-րդ անգամ արժանացա «Բեռլինի լավագույն մարզիկ» տիտղոսին: Դա ինձ համար մեծ պատիվ է: Դա ավելի շատ է ինձ ոգեշնչում, որ ավելի լավ արդյունքներ ցույց տամ:

-Հունիսի 16-ին Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում ունեք Ձեզ համար շատ կարևոր մենամարտ, ինչպե՞ս է տրամադրվածությունը:

-Ինչպես միշտ` հաղթական: Ես իմ բոլոր մենամարտերից առաջ էլ երկար պատրաստվում եմ և ամեն անգամ մտնում եմ ռինգ` միայն հաղթելու մտադրությամբ և տրամադրվածությամբ:

-Ի՞նչ կասեք մրցակցիդ մասին:

-Երիտասարդ, ուժեղ բռնցքամարտիկ է: Իհարկե, պետք է հաղթեմ նրան:

-Չհաշված մի քանի պարտությունները հիմնականում հաղթում եք մրցակիցներին, ո՞րն է Ձեր սպորտային հաջողության գաղտնիքը:

-Գաղտնիք չկա` երկար պատրաստվել, չարչարվել, մարզիչիս հետ միասին մշակել ճիշտ մարտավարություն, հավատալ սեփական ուժերիս ու ռինգում ճիշտ գործել:

-Ո՞ւմ հետ կայացած մենամարտն եք համարում ամենաբարդը և ինչո՞ւ:

-2006 թվականի սեպտեմբերի 23-ին Գերմանիայի Վեթցլար քաղաքում կայացած կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ հանդիպումը կառանձնացնեմ: Այդ ժամանակ Միրանդան ռինգում շատ կեղտոտ մարտ վարեց` բազմիցս խախտելով կանոնները: Մենամարտի միջնամասում ես ծնոտի կրկնակի կոտրվածք ստացա, սակայն մարտը հասցրեցի մինչև եզրափակիչ գոնգ ու միավորներով հաղթեցի` պահպանելով միջին քաշային կարգում IBF չեմպիոնի տիտղոսը:

-Հաճա՞խ եք լինում Հայաստանում:

-Իհարկե, տարվա մեջ
4-5 անգամ գալիս եմ: Այստեղ իմ տունն է, իմ հարազատներն են, ընկերներս, արմատներս, մանկությունս...

-Մի փոքր խոսենք անձնական կյանքից: Ամուսնանալուց հետո բազմաթիվ անգամ եք ասել, որ 3 տղա եք ցանկանում ունենալ, իսկ 4-րդ երեխան չե՞ք ցանկանա աղջիկ լինի:

-Ինչու ոչ, դեմ չեմ…

-Եթե Ձեր երեխաները որոշեն զբաղվել այս մարզաձևով, դեմ կլինե՞ք:

-Ոչ, դեմ չեմ լինի, ամեն մարդ ինքն է ընտրում իր կյանքի ուղին, բայց ես էլ, ինչպես իմ ծնողները, հոգու խորքում չեմ ցանկանա, որ իմ զավակները նման դաժան մարզաձևով զբաղվեն:

-Եվ վերջում, ո՞րն է Արթուր Աբրահամի ամենանվիրական երազանքը:

-Երեք որդի ունենալ...

 

 

 

 

 

 

 

Հարցազրույցը՝
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...