18:13
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Երազում եմ ազատագրված Արեւմտյան Հայաստանի առաջին դպրոցն ինքս կառուցել

2016-07-11 10:21

«Դե Ֆակտո» N121 (2016թ.)

Մեր գործունեության առաջին ձեռքբերումներից մեկը ՀՀ կառավարության Աղետի գոտու վերականգնման ծրագրի իրականացնումն է, որի շրջանակներում աղետի գոտում շուրջ 33 դպրոց ենք կառուցել եւ վերակառուցել:

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ), (նախկին` Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ - ՀՍՆՀ) գործադիր տնօրեն ԱՇՈՏ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ


  

-Պարո՛ն Կիրակոսյան, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը 1996 թ. գործունեություն է ծավալում` ուղղված աղքատ և խոցելի խմբերի բարելավմանը, որը նախորդ տարի վերանվանվեց Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ: Ամփոփելով շուրջ 20 տարիների գործունեությունը` ինչպե՞ս կգնահատեք այն, ի՞նչ ձեռքբերումներ կմատնանշեք:


-ՀՍՆՀ-ի հիմնական թիրախը իսկապես խոցելի և խիստ խոցելի համայնքներն են: Գործունեության այդ 20 տարիների ընթացքում հիմնադրամը շուրջ 950 ծրագիր է իրականացրել, որոնց մեծ մասը` 75-80 տոկոսը, կազմել են կրթության ոլորտում ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերը, իսկ մնացած 20-25 տոկոսը` խմելու և ոռոգման ջրագծերի անցկացման, բնապահպանական, մշակութային օջախների և այլ ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված ծրագրերը:
Մեր գործունեության առաջին ձեռքբերումներից մեկը աղետի գոտում դպրոցաշինության ծրագրերի իրականացումն է:
Հիմնադրամի հաջողություններից է նաև լոկալ ջեռուցման ծրագրի իրականացումը` դպրոցներում լոկալ կաթսայատների կառուցմամբ, որի ուղղությամբ առաջին քայլերը կատարեց ՀՍՆՀ-ն: Երբ ես այցելում էի Շիրակի մարզ, տեսնում էի երեխաներին այդ ցուրտ պայմաններում` վագոն-տնակներում նստած, որտեղ լույսի աղբյուր գրեթե չկար, մեծ ցավ էի ապրում, ինչը առիթ հանդիսացավ, որ կառավարությանն առաջարկեմ լոկալ ջեռուցման ծրագրեր իրականացնել:
Մյուս կարևոր ծրագրերն իրականացրել ենք սահմանամերձ և բարձր լեռնային գյուղերում: Այնտեղ մենք հսկայածավալ աշխատանքներ ենք կատարել, քանի որ դրանք ամենախոցելի համայնքներն են:

-2015թ.ՀՍՆՀ-ն վերանվանվեց տարածքային զարգացման հիմնադրամի, ինչի՞ հետ էր կապված անվանափոխությունը և ինչպիսի՞ն է լինելու այդուհետ հիմնադրամի գործունեությունը:

-Հիմնադրամը վերանվանվեց, քանի որ սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման, վերակառուցման մեր ծրագրերին ավելացավ մեր գործունեության երկրորդ բաղադրիչը` համայնքների և համայնքների խմբերի` տարածքների զարգացմանն ուղղված ծրագրերը: Փոխվեց ոչ միայն հիմնադրամի անվանումը, այլև բովանդակությունը, կառուցվածքը և գործելակերպը, սակայն հիմնադրամը պահպանեց իր սկզբունքները և փիլիսոփայությունը:

-Ի՞նչ աղբյուրներից է ֆինանսավորվել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը, և անվանափոխությունից հետո արդյո՞ք ֆինանսավորման աղբյուրների աճ կա, և ի՞նչ ծրագրեր պետք է իրականացվեն այս տարվանից սկսած:

-ՀՍՆՀ-ի հիմնական դոնորները եղել են Համաշխարհային բանկը, ՀՀ կառավարությունը` համաֆինանսավորման սկզբունքով համայնքների հետ միասին: Մասնակցություն են ունեցել նաև Անգլիայի կառավարությունը, «Ազնավուրը Հայաստանին», «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունները` հատկապես դպրոցաշինության ոլորտում, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, սփյուռքահայությունը, բազմաթիվ անհատ բարերարներ: Ունեցել ենք նաև մասնավոր բարերարներ:
Անհատ բարերարներից իր ակտիվությամբ առանձնանում է սփյուռքահայ ճարտարապետ Հովսեփ Սարաֆյանը, ով սփյուռքահայության շրջանակներում ներկայացնում է մեր ծրագրերը և դրանց իրականացման գործում ներգրավում այլ բարերարների ևս:
Այժմ մեր դոնորներին ավելացել են Ասիական զարգացման բանկը, որի ֆինանսավորմամբ իրականացվելու է ծրագիր ուղղված դպրոցների սեյսմիկ անվտանգության բարձրացմանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը, որոնց ֆինանսավորմամբ դրամաշնորհային ծրագրեր ենք իրականացնելու, ուղղված խոշորացվող համայնքներում տարածքային զարգացմանը: Նմանատիպ դրամաշնորհային ծրագիր նախատեսվում է նաև Եվրամիության հետ: Այժմ բանակցություններ են ընթանում նաև Եվրոպական ներդրումային բանկի հետ, որը նույնպես ցանկություն է հայտնել մասնակցություն ունենալ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում:

 

 

Համայնքներն իրենք են որոշում իրենց առաջնահերթությունները,

եւ թե ինչ ծրագիր են ցանկանում,

որ իրականացվի իրենց համայնքում:

Մենք ավելի շատ տեխնիկական օժանդակություն, ֆինանսավորում եւ շինարարության վերահսկողություն ենք ապահովում:



-Ի՞նչ դերակատարում ունեն համայնքները հիմնադրամի ծրագրերի իրականացման մեջ ներգրավվածության առումով:

-Նախ նշեմ, որ մենք չենք որոշում, թե ինչ ծրագրեր պետք է իրականացվեն համայնքներում, համայնքն ինքն է որոշում` ներկայացնելով իր առաջնահերթությունները: Մենք տեխնիկական օժանդակություն, ֆինանսավորում և շինարարության վերահսկողություն ենք ապահովում: Շինարարի ընտրության մրցույթները նույնպես անցկացվում են համայնքում. ամեն ինչ արվում է բաց և թափանցիկ:
Համայնքային ներգրավվածության առումով ևս մեկ հնարավորություն կա. սովորաբար շինարարական կազմակերպությունները նախընտրում են տվյալ համայնքից ընտրել աշխատողներ: Մեր ծրագրերում համայնքների առավելագույն ներգրավվածություն կա ծրագրի իրականացման բոլոր փուլերով` սկսած որոշումների կայացումից մինչև ծրագրի իրականացում և հետագա շահագործում և պահպանում:

-Ձեզ համար ի՞նչ կարևորություն ունի Ձեր ներգրավվածությունը հիմնադրամի աշխատանքներում: Նախկինում ի՞նչ աշխատանքներ եք իրականացրել:

-Ես մասնագիտությամբ շինարար եմ, աշխատել եմ շինարարության ոլորտում, դրանից հետո սովորել եմ Մոսկվայում, պաշտպանել եմ գիտական թեզ շինարարության էկոնոմիկայի ոլորտում: Մինչ այս պաշտոնը զբաղեցնելը, աշխատել եմ ՀՀ քաղաքաշինության նախարարությունում: Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնել եմ 1998թ.: Ես ինձ լավ և բավարարված եմ զգում, քանի որ զբաղվում եմ իմ մասնագիտական աշխատանքով: Մեր իրականացրած ծրագրերն ինձ հոգեհարազատ են, և կարևորն այն է, որ ես մասնակից եմ մեր երկրում իրական արժեքների ստեղծմանը:

-Աշխատանքայի ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում:

-Ինձ համար կարևոր սկզբունք է աշխատանքում դրսևորել պարտաճանաչություն, բարեխղճություն, նվիրվածություն: Ես ինքս այդպես եմ աշխատում և նույնը պահանջում եմ իմ աշխատակիցներից: Պետք է նշեմ, որ մենք ունենք հիանալի աշխատանքային թիմ, մասնագետներ, որոնք, որպես մի բռունցք, համերաշխ աշխատում են:

 


Ինձ համար կարեւոր գաղափար է արդարությունը եւ դրա հաստատումը ամենուր` թե՛ երկրում,

թե՛ ընտանիքում,

թե՛ աշխատանքային եւ մարդկային ցանկացած փոխհարաբերություններում:


-Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում կյանքում, մարդկային փոխհարաբերություններում:

-Ամենակարևորը` չվնասել մարդկանց, նախ և առաջ փորձել աջակցել և թեթևացնել նրանց հոգսերը:

-Կա՞ն բացարձակ ճշմարտություններ Ձեզ համար, եթե այո, ապա...

-Ինձ համար կարևոր գաղափար է արդարությունը և դրա հաստատումը ամենուր` թե՛ երկրում, թե՛ ընտանիքում, թե՛ աշխատանքային և մարդկային ցանկացած փոխհարաբերություններում:

-Մենք չենք կարող ընտրել հայրենիքը, ծնողներին և երեխաներին. գո՞հ եք ճակատագրից:

-Շատ գոհ եմ: Ես հիանալի ծնողներ եմ ունեցել, հայրս հայրենիքին նվիրված մարդ է եղել, երկար տարիներ զբաղեցրել է ՀՀ կառավարության ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը: Նա իր սերն ու նվիրվածությունը հայրենիքին փոխանցել է մեզ, դաստիարակել այդ ոգով ու արժեքային համակարգով:
Ես ունեմ հիանալի ընտանիք: Կինս բժշկուհի է, գիտաշխատող: Երեխաներս, ստացել են լավ կրթություն և կրում են իրենց ծնողներից փոխանցված արժեհամակարգը, սիրում են իրենց հայրենիքը և պատրաստ են իրենց գործով ծառայել նրան:

-Ինչի՞ մասին եք երազում այսօր:

-Մի երազանք ունեմ, որի մասին պատմել եմ մեր ներկայիս և նախկին վարչապետներին: Ես արմատներով Էրզրումից եմ, և իմ երազանքն է մեր ազատագրված Արևմտյան Հայաստանում առաջինն ինքս կառուցել դպրոցներ և մանկապարտեզներ: Այդ մասին առաջին անգամ պատմել եմ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանին: Երազում եմ նաև Արցախում ծրագրեր իրականացնել:

 


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...