16:38
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Որակյալ կրթությունը բարեկից ապագայի երաշխավորն է

2016-06-16 12:34

«Դե Ֆակտո» N 120 (2016թ.)

Երեւանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցը եղել, եւ մնում է ֆիզիկամաթեմատիկական գծով լավագույն կրթօջախներից մեկը կրթության ոլորտում: Իր 51-ամյա գործունեության ընթացքում դպրոցը տվել է շրջանավարտներ, ովքեր գիտության եւ տնտեսության առաջամարտիկներն են, ովքեր առանձնանում են իրենց ճկուն մտածողությամբ եւ զարգացած տրամաբանությամբ:

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի տնօրեն Հայկազն Նավասարդյանը


-Պարո՛ն Նավասարդյան, դուք եղել եք այս կրթօջախի սաներից, որքանո՞վ է հաջողվել այս տարիների ընթացքում զարգացնել կրթական համակարգը Ձեր դպրոցում:


-Դպրոցի ստեղծման օրվանից՝ 1965 թվականից ի վեր, կարողացել ենք պահպանել դպրոցի ավանդույթներն ու սովորույթները: Մենք ունեցել ենք այնպիսի մանկավարժներ, որոնք մեզ տվել են լավագույնը. սովորեցրել լինել լավ մարդ, հայրենասեր և խելացի: Տարիների ընթացքում այդ արժեքները չեն փոխվել, առայսօր այն փոխանցվում է սերնդեսերունդ: Արդիականացնելով կրթությունը և նոր որակներ տալով այդ ոլորտին, մենք կարողացել ենք այս տարիների ընթացքում հանրապետությունում մնալ լավագույն կրթօջախներից մեկը:

-Մի քանի տարի առաջ աշակերտները կարող էին դպրոց ընդունվել 8-րդ դասարանից, արդյո՞ք փոխվել է ընդունելության շեմը:


-Այո՛, տարիներ առաջ դպրոց ընդունվում էին 8-րդ դասարանից, իսկ այժմ ընդունելություն է կատարվում 7-րդ դասարանից սկսած: Այս պահին դպրոցն ունի 625 աշակերտ: 1989 թվականից Ստեփանակերտ քաղաքում գործում է ֆիզմաթ դպրոցի մասնաճյուղը, որտեղ այժմ սովորում է շուրջ 280 աշակերտ: Կատարում ենք ընդունելիություն 7-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում: 90-ական թվականներից մինչ այսօր դպրոցում խորացված ուսուցանվում է ֆիզիկա, մաթեմատիկա և ինֆորմատիկա առարկաները:
Ուսուցման պրոցեսում երեխաների մոտ ձևավորում ենք ոչ ստանդարտ մտածողություն, հենց այդ ամենի շնորհիվ է, որ մեր շրջանավարտները տարբերվում են:

-Ձեր սաների նվաճումները միջազգային օլիմպիադաներում անքննելի է, մի փոքր կներկայացնե՞ք վերջին տարիների ձեր գրանցած հաջողությունները:


-ՀՀ դպրոցականների հավաքականը միջազգային օլիմպիադաններին մասնակցում է դեռ 1992 թվականից: Մի բան է աշակերտներին սովորեցնել միայն դասագրքերով և բավարարվել դրանով, մեկ այլ բան է օժտված, աշխատասեր աշակերտներին ակտիվ ներգրավել օլիմպիական խմբակներում և տալ ավելին: Այժմ դպրոցում գործում են մաթեմատիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի, աստղագիտության, քիմիայի և կենսաբանության օլիմպիական խմբակներ: Վերջին տարիների ընթացքում մեր սաները կարողացել են նվաճել մոտ 80 մեդալներ միջազգային տարբեր օլիմպիադաներում: Օրինակ, անցյալ տարի 20 մեդալներից 14-ը մեր դպրոցի սաներն էին նվաճել, ընդ որում տարբեր առարկաներից: Մեր աշխատանքը նաև գնահատվում է պետության ղեկավարության կողմից, այդ ամենի վկայությունը եղավ այն, որ նախորդ տարի մեր դպրոցի հիմնադրման 50-ամյակի միջոցառմանը մասնակցեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով գովասանքի խոսքերից բացի նաև պատրաստակամություն հայտնեց աջակցել դպրոցին:
Իմ կարծիքով, այսօր միջազգային ասպարեզում Հայաստանը կարող է ճանաչելի դառնալ սպորտով, արվեստով և բնական գիտություններով:

-Պարո՛ն Նավասարդյան, խոսեցինք նվաճումներից, կցանկանայինք նաև իմանալ՝ այսօր ի՞նչ խնդիրների առջև է կանգնած ֆիզմաթ դպրոցը:


-Հանրապետությունում, հատկապես մարզերում, կրթության որակը միջին և բարձր դասարաններում չի գտնվում բարձր մակարդակի վրա: Եթե աշակերտների գիտելիքների հիմքը լավ չի դրված, ապա նրանք մեզ մոտ սովորելու ժամանակ դժվարությունների առաջ են կանգնում, որն էլ լուրջ խնդիր է ֆիզմաթ դպրոցի համար:
Այսօր մենք խնդիր ունենք նոր մասնաշենքի կառուցման, որովհետև տարածքը մեզ հնարավորություն չի տալիս կազմակերպել արդյունավետ ուսուցում: Ունենք քիմիայի և ֆիզիկայի ժամանակակից լաբորատորիաներ, սակայն այլ լաբորատորիաների կարիք նույնպես կա:
Ֆիզմաթ դպրոցում դասավանդվում է բոլոր ավագ դպրոցների ուսումնական ծրագրով, եթե այսօր մեր դպրոցի աշակերտները ապացուցել են, որ իրենք միջազգային ասպարեզում մեդալակիրներ են, հետևաբար ֆիզմաթի համար նշաձողը պետք է փոխվի, ինչո՞ւ չթողնել ֆիզմաթն ունենա իր առանձին ծրագրերը, ժամաքանակը, դասագրքերը, որը նույնպես շատ կարևոր խնդիր է մեզ համար:
Իմ կարծիքով հանրակրթությունը պետք է ավարտվի 9-րդ դասարանով: Մինչ 10-րդ դասարան աշակերտները պետք է ստանան ընդհանուր կրթություն, այնուհետև պետք է երեխան մասնագիտական կողմնորոշում ձեռք բերի և ուսումը շարունակի այդ ուղղությամբ:

-Պարո՛ն Նավասարդյան, ո՞րն է հաջողության Ձեր բանաձևը որով լավագույններից մեկն եք հանրակրթության ոլորտում:


-Լավագույնի տիտղոսը ձեռք ենք բերել մեր կատարած աշխատանքների շնորհիվ: Այսօր մեր առջև խնդիր ենք դրել, հնարավորինս չափով օգտակար լինել հանրակրթությանը: Ունենք և՛ մաթեմատիկայի և՛ ֆիզիկայի խնդիրների ժողովածուներ, որոնցից օգտվում են ՀՀ տարբեր մարզերի մաթեմատիկայի և ֆիզիկայի ուղղվածություն ունեցող դպրոցները: Հրապարակել ենք Ֆիզիկայի փորձերի հատուկ ձեռնարկ, որը հաջողված փորձաշրջան է անցել մեր դպրոցում:
Ցանկացած փոփոխություն հանրակրթության ոլորտում, որն ուղղված չէ կրթության որակի բարձրացմանը անիմաստ եմ համարում:

 

 

 

Հարցազրույցը՝
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...