16:01
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՅԱԴՎԻԳԱ ՆՈՎԱԿՈՎՍԿԱՆ՝

2016-06-14 10:20


հայ-լեհական համագործակցության ակունքներում

«Դե Ֆակտո» N 120 (2016թ.)

Մարդկային տեսակի գեղեցկությունը, հոգևոր հարստության սահմաններն ազգային պատկանելություն չունեն, դրանք համամարդկային արժեքներ են, որոնք կապում են համայն մարդկությանը, ազգերին` հնարավորություն ստեղծելով տարբեր լեզուներով շփվել մշակութային միևնույն դաշտում: Թերևս, դա է պատճառը, որ հաճախ փոխելով ապրելու վայրը, շրջապատը` մարդն իրեն օտար չի զգում: Այդպիսի զգացողությամբ այսօր Հայաստանում ապրում և բարեգործական ծրագրեր է իրականացնում ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկու տիկինը` մասնագիտությամբ ռեժիսոր Յադվիգա Նովակովսկան:

 

-Տիկի՛ն Նովակովսկա, նախ ուզում եմ նշել, որ անչափ հաճելի է հնարավորություն ունենալ ծանոթանալու և զրուցելու Ձեզ հետ` մի կնոջ, ով սիրով ու հոգատարությամբ է վերաբերվում հայերին` իր գործունեությամբ ամրապնդելով հայ և լեհ ժողովուրդների միջև ջերմ հարաբերությունները, խթանելով նրանց համագործակցությունը: Կխնդրեմ պատմեք` որքա՞ն ժամանակ է, որ Հայաստանում եք, ինչպե՞ս եք Ձեզ զգում այստեղ, և ի՞նչ կարծիք ունեք հայ ժողովրդի մասին:


-Ինձ համար ևս հաճելի է այս հանդիպումը: Ամեն նոր հանդիպում ինձ հնարավորություն է տալիս ծանոթանալու հայերի մենթալիտետի և բնավորության հատկանիշների հետ: Անկեղծ ասած` Հայաստանն ինձ հոգեհարազատ դարձավ իմ այցելության առաջին իսկ պահից: Մինչ այդ, իհարկե, ծանոթ էի հայոց պատմությանը, մասնավորապես հետաքրքրվել եմ Լեհաստանում հայերի գործունեությամբ՝ Լեհաստանի մշակույթի և քաղաքակրթության մեջ իրենց ունեցած դերով և ներդրմամբ: Սակայն գալով այստեղ` զգացի, թե ինչ հիանալի երկիր է Հայաստանը և ինչպիսի յուրահատուկ մարդիկ են հայերը:
Ինձ համար անչափ հուզիչ էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը: Նախագահին դեսպանի կողմից հավատարմագրերի հանձնման ժամանակ ՀՀ նախագահն ինձ ողջունեց իբրև հայ կնոջ, իբրև իր ազգակցի` ասելով. «Տիկինը մերն է»: Նա նկատի ուներ այն, որ արտաքնապես նման եմ հայուհիներին: Դա շատ հաճելի էր, հատկապես, որ նույնը ինձ ասել են Լեհաստանում բնակվող ինձ ծանոթ հայուհիները: 
Անկեղծ ասած` չգիտեմ հայկական արմատներ ունեմ, թե ոչ, պետք է ուսումնասիրեմ նախնիներիս ծագումնաբանությունը, սակայն ինձ համար սովորական է դարձել, որ փողոցում կամ մեկ այլ վայրում մարդիկ ինձ հետ հայերեն են խոսում` կարծելով, թե հայ եմ: Օրինակ, երբ դեսպանի հետ եմ լինում, նրա հետ խոսում են անգլերեն, իսկ ինձ հետ` հայերեն: Ապրելով Հայաստանում, հայերի շրջապատում` ես ինձ օտար չեմ զգում, ընդհակառակը` զգում եմ ինչպես տանը, արդեն ունեմ շատ մտերիմներ, ընկերներ: Համեմատում եմ առկա իրավիճակը Լատվիայի հետ, որտեղ նախկինում ապրել եմ, և որտեղ մի քանի տարի անց նոր կարողացել եմ «վստահություն ձեռք բերել»: Լատվիացիները, ի տարբերություն հայերի, փակ ժողովուրդ են և միանգամից չեն մտերմանում կամ հրավիրում օտար մարդկանց իրենց տուն: Այլ երկրների դեսպանների կանայք զարմանում էին, որ կարողացա մտերմանալ լատվիացիների հետ: Հայաստանում բոլորովին հակառակն է: Առաջին իսկ պահից զգում եմ մարդկանց բարիդրացիական վերաբերմունքը, ջերմությունն ու մտերմությունը: 
Հայաստան գալուց անմիջապես հետո հրավեր ստացանք հարսանիքի մասնակցելու, ինչը շատ զարմանալի էր մեզ համար, քանզի մեզ մոտ դա շատ ընտանեկան արարողություն է և հրավիրվում են միայն հարազատներն ու մտերիմները: Ինձ համար անչափ գնահատելի է հայերի այդպիսի ջերմ վերաբերմունքը օտարերկրացիների հանդեպ և ես ձգտում եմ նույնությամբ փոխադարձել այն: Հաճախ հրավիրում եմ հյուրերին դեսպանի կեցավայր, որպեսզի հայերը ծանոթանան լեհական ավանդույթների հետ և փոքր-ինչ հասկանան իմ երկրի առանձնահատկությունները:

 
Չկա ավելի շնորհակալ և օգտակար գործունեություն, քան բարեգործությունը:


-Կխնդրեմ մի փոքր պատմեք Ձեր հայաստանյան գործունեության մասին, մենք տեղյակ ենք, որ Դուք բարեգործական նախագծեր եք իրականացնում, որոնցում մասնակցություն ունի Ձեր ամուսինը` հարգարժան Եժի Մարեկ Նովակովսկին. ի՞նչ ծրագրեր են իրականացվել մինչև այսօր:


-Կարծում եմ` չկա ավելի շնորհակալ և օգտակար գործունեություն, քան բարեգործությունը: Ես նման գործունեություն կազմակերպել եմ նաև Լատվիայում, մասնավորապես` ուղղված այնտեղի լեհական համայնքին: Բարեգործական գործունեության ավանդույթը երկար պատմություն ունի Լեհաստանում, և ներկայումս գործում են բազմաթիվ հիմնադրամներ, որոնք աջակցում են օգնության կարիք ունեցող անձանց: Շատ ուրախ եմ, որ Երևանում գործում է «Յուլիայի սկյուռիկներ» հիմնադրամը, որի հիմնադիր նախագահը լեհահայ բժշկուհի Ջուլիետտա Կիվորկովան է: Վարշավայում գտնվող իր ժամանակակից, բարձր մասնագիտական մակարդակ ունեցող ատամնաբուժական կլինիկան շատ լավ համբավ ունի այցելուների շրջանում, իսկ հիմնադրամի շրջանակներում բժիշկներն անվճար բուժում են Լեհաստանի անապահով տարածքներում բնակվող երեխաների ատամները: Նույն այդ բժիշկները, բժիշկ Ջուլիետտայի նախաձեռնությամբ, արդեն մի քանի տարի է գալիս են Հայաստան և հիմնադրամի միջոցներով «Մարի Իզմիրլյանի անվան» պետական մանկատան նորաբաց ատամնաբուժական սենյակում բուժում են հաշմանդամություն ունեցող երեխաների ատամները: Երեխաների, տնօրինության, բժիշկների և աշխատակազմի հետ հանդիպումից ես մեծ տպավորություն ստացա: Հանդիպեցի տարբեր տարիքի հիանալի երեխաների, ովքեր ծանր հիվանդ են և հաշմանդամ: Շատերը ծննդյան իսկ պահից անկողնային վիճակում են: Դրա պատճառն անբուժելի հիվանդություններն են, որոնք երեխաներին հնարավորություն չեն տալիս ինքնուրույն տեղաշարժվելու: Բայց բոլոր երեխաները ժպտում էին բժիշկներին տեսնելուց, քանզի արդեն նրանց լավ ճանաչում են: Բժիշկ Կիվորկովան կազմակերպել է նաև մի խումբ կամավորների ներգրավումն ատամնաբուժական սենյակի աշխատանքներում, ովքեր վերապատրաստվել են իր կլինիկայում և աշխատում են այդ մանկատանը: Հաշմանդամ երեխաների ատամների բուժումը պահանջում է մասնագիտական բարձր գիտելիքներ և ինչպես վստահեցնում է բժիշկ Կիվորկովան, դա շատ կարևոր է, քանի որ այդ երեխաների ատամները նույնպես փչանում են. ինչպես բոլորը, նրանք էլ ունեն կարիես, իսկ նրանցից շատերի մոտ առկա են ատամների հետ կապված այլ լուրջ խնդիրներ, որոնց մասին հաճախ նրանք ի վիճակի չեն բարձրաձայնելու, և փչացած ատամները նույնպես հանդիսանում են այլ հիվանդությունների առաջացման դրդապատճառ: 


Որոշեցի միանալ այդ նախագծին: Մտածում էի, թե Լեհաստանից ինչ գործարարի կարելի է ներգրավել այդ ծրագրում: Եվ դիմեցի լեհ գործարար, «Կոլպակ» ՍՊԸ տնօրեն Սլավոմիր Բիենին, իսկ այնուհետ` «Լյուբավա Արմենիա» ՓԲԸ տնօրեն Յարոսլավ Ռուխին: Նրանք համաձայնվեցին համագործակցել մեզ հետ: Սլավոմիր Բիենի աջակցությամբ` Լեհաստանից երեխաների համար բերվեցին տակդիրներ, ներքնակներ, հենասայլակներ, և առաջիկայում նրա կողմից տրամադրված ֆինանսական միջոցների շնորհիվ պետք է ձեռք բերենք ստոմատոլոգիական ռենտգեն սարք, որը բժիշկներին հնարավորություն կընձեռի կատարելու արագ և ճիշտ ախտորոշում: Պարոն Ռուխը նույնպես լուրջ աջակցություն ցուցաբերեց մանկատանը: Կարծում եմ, որ և՛ լեհերը, և՛ հայերը նույն մոտեցումն ունեն երեխաների հանդեպ, և այժմ կարող ենք միասին աշխատել՝ հօգուտ նրանց: 


Մեծ հաջողություն էր, որ հանդիպեցի պարոն Բիենին, քանզի նա արդեն իսկ ծանոթ էր բարեգործական գործունեությանը: Նրա մայրը՝ Բարբարա Բիենը, դեռ 90-ական թվականներից զբաղվել է մամոգրաֆիական հետազոտություններ կատարող ավտոբուսների կազմակերպմամբ, որոնք շրջել են Լեհաստանով և կատարել կանանց անվճար հետազոտություն` կանխարգելելով քաղցկեղի առաջացումը և զարգացումը: Հպարտ եմ, որ Լեհաստանում կան բազմաթիվ նման մարդիկ, ովքեր իրենց անձնական կարիերայից և գործնական հաջողություններից դուրս, կարևորում են նաև այլոց կյանքը: 


Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տիկնոջ Ռուզաննա Խաչատրյանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ պատմեցի նրան մանկատան հետ կապված լեհական բարեգործական գործունեության մասին: Նա յուրահատուկ և նրբանկատ անձնավորություն է, ով զբաղվում է զինվորների և նրանց ընտանիքների ճակատագրերով ու անմիջապես ցանկություն հայտնեց մասնակցելու մանկատանը և բժիշկ Կիվորկովայի ատամնաբուժական սենյակին աջակցելու գործին: Եվ այսօր կարելի է խոսել հայ-լեհական հիանալի բարեգործական համագործակցության մասին, որը գնալով զարգանում է. որոշեցինք հայ-լեհական համատեղ ուժերով ստեղծել ատամնաբուժական բարեգործական ավտոբուս՝ դենտոբուս: Տիկին Ռուզաննան շատ լավ է հասկանում խնդրի կարևորությունը, քանզի մասնագիտությամբ ատամնաբույժ է, և կարծում եմ, որ ատամնաբուժական ավտոբուսի գաղափարն առաջիկայում կիրականացվի: Նման ավտոբուսի ստեղծումը կլուծի բուժկենտրոններից հեռու գտնվող Հայաստանի տարբեր շրջաններում բնակվող մանուկների, ինչպես նաև Երևանից հեռու զիվորական ծառայության մեջ գտնվող զինվորների ատամնաբուժական խնդիրները: Այդ նախագիծը մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում, բայց միգուցե հնարավոր լինի այն իրականացնել համատեղ ուժերով:


Բարեգործական գործունեությամբ զբաղվում է նաև ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունը, որի շրջանակներում իրականացվում են մի շարք ծրագրեր` ֆինանսավորվելով Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից: Քանի որ լեհերը շատ են սիրում ճամփորդել, և մեզ մոտ մեծ հավանություն են տալիս սարերով զբոսաշրջությանը, դեսպանատան ծրագրերում տեղ է գտել նաև ճանապարհային ցուցանակների տեղադրումը. նման ցուցանակներ են տեղադրվել, օրինակ, Տաթևի մոտակայքում և Շիկահող գյուղից դեպի Բերդիկար սար տանող ճանապարհին: Իրականացվել են նաև այլ բնույթի ծրագրեր: Միգուցե դրանք մեծ նախագծեր չեն, բայց` շատ կարևոր և անհրաժեշտ, ինչպիսիք են` պետքարանների կառուցումը, ջրի խողովակների անցկացումը: Դեսպանատան միջոցներով կառուցվել է նաև մրգերի չորանոց, ևս մեկը առաջիկայում կկառուցվի սահմանամերձ Այգեձոր համայնքում: «Դենդրոպարկ» կոչվող գեղատեսիլ այգում, որի տնօրենը արմատներով լեհ է, տեղադրվել են աղբամաններ, նստարաններ, ցուցանակներ: Նշեմ նաև, որ իրականացվել են Գյումրիի հարևանությամբ գտնվող գյուղական համայնքի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները, ինչպես նաև վերանորոգվել է Հրազդանի մանկատան բուժսենյակը: 


Ամփոփելով` ավելացնեմ, որ իրականացված ծրագրերը շարունակական են լինելու` միտված լուծելու հասարակության խոցելի խմբերի ցավոտ խնդիրները:

-Ի՞նչ ծրագրեր են իրականացվել հայ և լեհ երիտասարդների միջև մշակութային, գաղափարական շփման դաշտ ստեղծելու առումով:

-Երիտասարդները մեր ժողովրդների միջև մերձեցման և համագործակցության ապավենն են: Այդ առումով կարևոր է ուսանողների փոխանակման ծրագիրը, որի շրջանակներում հայ ուսանողները մեկնում են Լեհաստան սովորելու, իսկ լեհերը` Հայաստան: Այժմ Լեհաստանում սովորում է 200 հայ ուսանող: 
Վերջերս հանդիպում ունեցա այն հայ երիտասարդների հետ, որոնք ուսանել են Լեհաստանում և պետք է ասեմ, որ նրանք ունեն հիանալի կրթվածության մակարդակ ու աշխատում են Երևանի շատ կարևոր հաստատություններում: Այդ երիտասարդները հայ-լեհական մշակութային կապերի հաստատման և զարգացման կարևոր գրավականներ են, որոնց ակտիվությունը կարող է նպաստել նաև զբոսաշրջության, հայ-լեհական տնտեսական և գիտական կապերի զարգացմանը: 

-Դուք աջակցում եք մանկատան երեխաներին, ըստ Ձեզ` նրանք ամենաշատը ինչի՞ կարիք ունեն:

-Իմ կարծիքով` նրանք ամենաշատը սիրո կարիք ունեն: Ես դրանում համոզվեցի մանկատուն այցելելու, երեխաների հետ շփվելու ընթացքում: Նյութական օգնությունը կարևոր է, անհրաժեշտ, սակայն երեխաները ամենաշատը սիրո, ուշադրության և մարդկային ջերմության կարիք ունեն: Լեհաստանում, բացի պետական մանկատներից, բավական տարածված է խնամակալ ընտանիքների հասկացությունը: Այդ ընտանիքներում ապրում է մի քանի երեխա, իսկ պետությունը հոգում է նրանց ծախսերը: Սակայն ամենակարևորն այն է, որ այդ երեխաներն ապրում և դաստիարակվում են ընտանիքում: Շատ երեխաների, ինչպես նաև հաշմանդամ երեխաների, որդեգրում են: Այդ առումով «Մարի Իզմիրլյանի անվան» մանկատան երեխաների վիճակը ծանր է՝ մեծ թվով երեխաների հետ աշխատում է մեկ դաստիարակ, ով անկախ իր մեծ նվիրվածությունից, չի կարող յուրաքանչյուրին շատ ժամանակ տրամադրել և առավելագույն ուշադրության արժանացնել:


Շատ կուզենայի, որ հայերի մասին իմ  ֆիլմերը ցուցադրվեին հայկական հեռուստատեսությամբ,
 որպեսզի հայերը տեսնեին,
 թե ինչպիսի հարգանքով են լեհերը վերաբերվում իրենց:

-Դուք մասնագիտությամբ ռեժիսոր եք և մեծ հաջողությամբ դրսևորում եք ռեժիսորի Ձեր տաղանդը հեղինակային ֆիլմերում: Մի փոքր պատմեք, թե ինչո՞ւ որոշեցիք հայերի մասին ֆիլմեր նկարահանել, ինչպիսի՞ բովանդակություն ունեն դրանք և ո՞րն է հիմնական ասելիքը:

-Հայերի մասին առաջին ֆիլմերս նկարահանել եմ 20 տարի առաջ: Աշխատում էի լեհական հեռուստատեսության 1-ին ծրագրում և արդեն այն ժամանակվանից սկսել եմ անդրադառնալ Լեհաստանում բնակվող հայերին վերաբերող թեմաներին: «Ակնհայտ, ոչ ակնհայտ» ֆիլմաշարի հեղինակն եմ, որտեղ ներկայացրել եմ ազգային փոքրամասնությունների, այդ թվում` հայերի մշակութային և քաղաքակրթական ձեռքբերումները: Ստեղծվեց Fin de siecle ժամանակաշրջանի եվրոպական ձևաչափի հանրահայտ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի մասին ֆիլմը, ինչպես նաև հայկական պատմության, մշակույթի և Բալթիկ ծովի հարակից տարածքներում բնակվող հայերի Սուրբ ծննդյան տոների ավանդույթների մասին ֆիլմեր: 
Շատ կուզենայի, որ իմ ֆիլմերը ցուցադրվեին հայկական հեռուստատեսությամբ, որպեսզի հայերը տեսնեին, թե ինչպիսի հարգանքով են լեհերը վերաբերվում հայերին: XIV դարից ի վեր լեհ թագավորները շնորհել են հայերին ազնվական տիտղոսներ և զինանշաններ: Հայերը հանդիսանում են Լեհաստանի մտավոր և գործարար էլիտայի մի մասը: Կարծում եմ, որ քչերը Հայաստանում գիտեն դրա մասին և ուզում եմ, որ բոլորն իմանան:


Հայաստանում ինձ համար ամեն ինչ գեղեցիկ է` թե’ մարդիկ, թե’ բնությունը,
թե’ ճարտարապետությունը, և թե’ իմ տան պատուհանից երևացող Արարատ լեռի յուրօրինակ տեսարանը:

-Ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

-Ինձ հանդիպած յուրաքանչյուր անձ իր կյանքի պատմությունով կարող է ոգեշնչման աղբյուր դառնալ ինձ համար: Սիրում եմ լսել մարդկանց, իսկ հետո ամենահետաքրքիրների մասին պատմել վավերագրական ֆիլմերում:

-Հայ և լեհ ժողովուրդների միջև մշակութային ինչպիսի՞ ընդհանրություններ կան:

-Հայերը և լեհերը շատ նմանություններ ունեն, ընդհանուր առմամբ, տաղանդավոր են, նախաձեռնող, լավ արհեստավորներ են, հոյակապ առևտրականներ և կարողանում են կարճ ժամանակում աշխատանքային լուրջ հաջողությունների հասնել իրենց երկրից դուրս: Լեհաստանում հայերը շատ արագ ներգրավվում են տեղի հասարակության մեջ, օգնում միմյանց, ունեն լավ համբավ, աշխատում են տնտեսության և մշակույթի տարբեր ոլորտներում` ստանձնելով բարձր և հարգի պաշտոններ: Հայերը սկսել են Լեհաստան ներգաղթել XIV դարից ի վեր, և ուշագրավ է, որ «հին» ներգաղթյալները շատ ջերմ ընդունեցին 1990-ականների «նոր» ներգաղթյալներին: Այդ ժամանակաշրջանում մեր երկիր ներգաղթած հայերը զբաղվում էին առևտրով Լեհաստանի բոլոր շուկաներում, իսկ այսօր կայացել են ֆինանսապես, ունեն կայուն հասարակական կարգավիճակ: Մեզ կապում են նաև նմանատիպ պատմական ճակատագրերը. հայ ժողովուրդը հալածանքներով լի ուղի է անցել ցեղասպանության և պատերազմների տարիներին, իսկ լեհերը` Երկրորդ համաշխարհային պատերազմի, կոմունիզմի ու շրջափակման տարիներին:

 

-Ի՞նչ տպավորություն են գործել Ձեզ վրա հայկական պատմամշակութային կոթողները:

-Հայաստանն ինձ վրա այնպիսի մեծ ազդեցություն թողեց, որ ես լեհական հեռուստատեսությանն առաջարկեցի նկարահանել «Հայաստանը` լեհերի աչքերով» հաղորդաշար: Անցյալ տարի ամիսը մեկ անգամ ցուցադրվում էր այդ հաղորդաշարը, որի ընթացքում ներկայացվում էին Հայաստանի տարբեր ոլորտները, որոնց մասին պատմում էին Լեհաստանում բնակվող հայերը: Նրանք հիանալի խոսում են լեհերեն և ինչ-որ չափով կարողանում են լեհի աչքերով գնահատել հայկական իրականությունը: Ինձ համար շատ կարևոր էր նաև Հայաստանում գտնել հայ-լեհական շփման օրինակներ, որոնք ես փնտրեցի Մատենադարանում, Սերգեյ Փարաջանովի թանգարանում, «Էրեբունի» թանգարանում և այլն:
Ինչ վերաբերում է հայկական պատմամշակութային կոթողներին, բնաշխարհին, ապա պետք է ասեմ, որ Հայաստանում ինձ համար ամեն ինչ գեղեցիկ է` թե՛ մարդիկ, թե՛ բնությունը, թե՛ ճարտարապետությունը, և թե՛ իմ տան պատուհանից երևացող Արարատ լեռի յուրօրինակ տեսարանը: Սակայն ինձ խորապես հուզել է Ցեղասպանության հուշահամալիրը: Մինչև այն տեսնելը, իհարկե, տեղյակ էի Հայոց ցեղասպանության մասին, սակայն այդտեղ գտնվելուց հետո կարողանում ես հասկանալ սերնդեսերունդ փոխանցվող այդ ցավը: Ցավակցում եմ հայերին, և Լեհաստանից եկած բոլոր հյուրերիս միշտ ուղեկցում եմ այնտեղ: 
Ես տպավորված եմ հայկական եկեղեցիներով, հատկապես` Էջմիածնի Մայր տաճարով, որի մասին նույնպես ֆիլմ եմ նկարահանել` նպատակ ունենալով ցույց տալ լեհերին քրիստոնեության բնօրրանը: Ամեն քայլափոխին ձեռք տալով խաչքարերին ու քարերին, որոնցից կառուցված են եկեղեցիները, հասկանում եմ, թե որքան զարգացած երկիր է եղել Հայաստանը 4-5-րդ դարերում, և ինչպիսի պատմական հիշողություն են պարունակում իրենց մեջ այդ վայրերը: Դա մեծ երջանկություն է, որ կարող եմ ամեն օր հաղորդակցվել նրանց հետ:

-Մենք գիտենք, որ Դուք շատ լավ եք պատրաստում, հավանո՞ւմ եք հայկական խոհանոցը, ո՞ր ուտեստները կնշեք, որ առանձնապես Ձեզ շատ են դուր եկել:

-Այո՛, ես իսկապես շատ եմ սիրում պատրաստել: Հայկական խոհանոցը հարուստ է համեմունքներով: Հատկապես սիրում եմ յուրահատուկ հայկական մրգերը` յուրահատուկ քաղցրություն ունեցող ծիրանը, նուռը, ուտեստներից` ընկույզով համեմված սմբուկը, տոլման: Շատ համեղ են հայկական կանաչեղենով պատրաստված ուտեստները, քանի որ հայկական կանաչեղենը առանձնահատուկ համ և բույր ունի, որը յուրահատուկ է դարձնում յուրաքանչյուր ճաշատեսակ: Շատ եմ սիրում Ժինգյալով հացը՝ տասներկու տեսակի կանաչեղենով թխված լավաշը: Արցախ գնացող ընկերներիս մշտապես խնդրում եմ ինձ համար այնտեղից Ժինգյալով հաց բերել, որը լավագույն նվերն է ինձ համար: Իսկ ամեն անգամ Լեհաստան մեկնելիս անպայման ինձ հետ տանում եմ խառը կանաչեղեն, համեմ, քանզի այն լեհերը, ովքեր համտեսել են դրանք, չեն կարողանում առանց հայկական կանաչեղենի ապրել: 
Խոսեմ նաև հայկական խաշի մասին, որն ինձ մշտապես թվացել է շատ ճարպոտ և տհաճ ճաշատեսակ: Սակայն Ծաղկաձորի մասին ֆիլմի նկարահանման ժամանակ որոշեցի ցույց տալ, թե ինչպես են հայերը ձմռանը խաշ ուտում Թեղենիս լեռան գագաթին: Հենց այդ ժամանակ էլ համտեսեցի խաշը և լիովին փոխեցի կարծիքս: Իրոք շատ համեղ է, արժե այն ուտել: Իմ հայ ընկերներից շատերը պատրաստում են ավանդական ուտեստներ և հրավիրում մեզ իրենց տուն` համտեսելու, և ես առիթը բաց չեմ թողնում համեղ ճաշատեսակների բաղադրատոմսերը գրառելու, որոնք միգուցե հնարավորության դեպքում հրատարակեմ գրքի տեսքով:


Ես հիացած եմ հայուհիների գեղեցկությամբ, խնամվածությամբ և ընտանեկան արժեքներով:

 

-Ինչպիսի՞ զուգահեռներ կանցկացնեք հայ և լեհ կանանց միջև, Ձեզ հոգեհարազա՞տ է հայ կնոջ կերպարը, նրա արժեքները:

-Հայ կանայք աշխարհի ամենագեղեցիկ կանանց դասին են պատկանում, ինձ մոտ հիացմունք են առաջացնում հայուհիների խոշոր, սև աչքերը, որոնք արդեն նկատել էի Թեոդոր Աքսենտովիչի կտավներում, և խիտ, գեղեցիկ, երկար, սև վարսերն ու սպիտակ, թավշյա մաշկը: Հայ կանայք շատ խնամված են, միշտ դիմահարդարված, ճաշակով հագնված, զուսպ և նվիրված ընտանիքին ու երեխաներին:
Ես հիացած եմ նաև հայուհիների ներքին հանգստությամբ, նրանց հավատարմությամբ ընտանեկան արժեքներին, հնազանդությամբ, ամուսնուն լիովին հարմարվելու և նվիրվելու ունակությամբ: Նրանք ընտանեկան օջախի պահապաններն են, զբաղվում են տան գործերով, երեխաների դաստիարակությամբ, հազվադեպ են աշխատում մասնագիտությամբ և զբաղվում կարիերայով: Իսկ ամենահիանալին այն է, որ զրույցների ժամանակ նշում են, որ երջանիկ են: Այդ իսկ պատճառով շատ լավ եմ զգում իրենց շրջապատում, նրանցից բխում է ինքնաիրականացված լինելու զգացողությունը, իսկ դա ամենակարևորն է: 
Լեհուհիները փոքր-ինչ տարբերվում են հայուհիներից: Նրանք առօրյայում մրցակցում են միմյանց հետ: Իրավահավասարության հետ մեկտեղ, որի համար պայքարել են, սիրում են անկախությունն ու ազատությունը: Շատ են աշխատում, հաճախ վաստակում ամուսիններից ավելին, զբաղվում են կարիերայով, շատ աշխույժ են, ինչի հետևանքով քիչ ժամանակ ունեն ընտանիքի և իրենց համար: Ինձ անհանգստացնում է այն փաստը, որ երիտասարդ լեհուհիները սկսել են ավելի մակերեսորեն վերաբերվել ընտանիք ունենալու գաղափարին, արդիական է դարձել այն, որ լավ է ունենալ կողակից, քան օրինական ամուսին: Բարեբախտաբար, դեռ շատ լեհ կանայք ապրում են ըստ ավանդական սովորույթների` օրինական ամուսնական հարաբերություններում և, ընդհանուր առմամբ, նրանց մեծամասնությունը երջանիկ է և կյանքից գոհ: Վերջերս պայքարի արդյունքում լեհուհիները շատ իրավունքներ ստացան` կապված կանանց ինքնասիրության և հարգանքի հետ: Ընտանիքում բռնության ցանկացած տեսակի դրսևորում դատապարտվում է հասարակության կողմից: Գիտեմ, որ հայ կանայք դեռ մեծ ուշադրություն չեն դարձնում նման խնդիրներին, իսկ ըստ հետազոտությունների` նման երևույթներ առկա են նաև Հայաստանում:

-Կնոջ կյանքում սերը և ուշադրությունը առանձնահատուկ նշանակություն ունեն, առանց որոնց կինն իրեն լիակատար երջանիկ զգալ չի կարող: Ուրիշ ի՞նչ կարևոր նախադրյալներ կնշեք, որոնք կնոջ երջանկության գրավականներն են:

-Ինձ համար սիրուց, ընտանիքից բացի` երջանկության կարևոր աղբյուր է սիրելի աշխատանքը: Ես իմ կյանքը չեմ պատկերացնում առանց ստեղծագործական աշխատանքի: Զբաղվում եմ նրանով, ինչը շատ եմ սիրում: Ողջ կյանքս աշխատել և աշխատում եմ լեհական հեռուստատեսությունում, իմ աշխատանքը հիմնականում վավերագրական ֆիլմերի և թողարկումների ստեղծումն է: Գրում եմ սցենարներ, հետո նկարահանող խմբի հետ գնում նկարահանումների, որտեղ պատրաստում ենք նյութեր, իսկ աշխատանքի վերջնական փուլը մոնտաժն է, ինչի արդյունքում ստեղծվում է ֆիլմը: Ստեղծագործական ողջ ընթացքը լիովին կլանում է ինձ: Այդ ամենը պահանջում է ամուր նյարդեր, առաջացնում սուր զգացողություններ, բայց և պատճառում մեծ ուրախություն: Չեմ կարողանում մտքերով հեռանալ թեմայից: Անընդմեջ մտածում եմ նոր դրվագների մասին, թե էլ ինչ կարող եմ նկարահանել, ինչ հարցեր բարձրացնել, որպեսզի ֆիլմը լինի իրական և հետաքրքիր հեռուստադիտողի համար: 
Գործիս հետ կապված շատ եմ ճամփորդել: Եղել եմ շատ յուրահատուկ վայրերում՝ Կամչատկայում, շրջել ողջ Սիբիրով` Յակուտիայից մինչև Սախալին, Վլադիվոստոկ, Բուրյաթիա, Բայկալ, Տոմսկ, Եկատերինուրգ: Եվ այդ ամենը նրա համար, որպեսզի պատմեմ, թե ինչպես են այդտեղ ապրել լեհերը և ինչ են թողել իրենցից հետո այդ անծայրածիր երկրում: 
Մարդկանց, ֆիլմերիս հերոսների հետ իմ բոլոր հանդիպումները շատ կարևոր են ինձ համար: Շատերի հետ մինչ օրս կապ ունեմ՝ թեկուզ հեռախոսային, որովհետև մարդիկ և նրանց հետ հարաբերություններն ինձ համար ամենակարևորն են կյանքում:

 
Ինձ համար սիրուց, ընտանիքից բացի` 
երջանկության կարևոր աղբյուր է սիրելի աշխատանքը:

 

-Մի փոքր պատմեք Ձեր ընտանիքի մասին, արդեն հասցրե՞լ եք տատիկի կոչմանն արժանանալ:

-Մեր ընտանիքը մեծ չէ, մեր ծնողները վաղուց ողջ չեն: Ունենք մեկ դուստր, որը մեզ պարգևել է մեկ թոռնիկ: Հուսով եմ, որ աղջիկս շատ երեխաներ կունենա, քանի որ երբ փոքր էր, շատ էր ցանկանում քույր և եղբայր ունենալ, խոստանում էր, որ կունենա «ֆուտբոլային թիմ», այսինքն` տասներկու երեխա: Երանի թե այդպես լինի:
Միգուցե չպետք է խոստովանեմ, բայց չեմ պատկերացնում ինձ այն տեսակի տատիկի դերում, ով միմիայն զբաղվում է իր թոռնիկներով: Իհարկե, հաճույքով եմ հանդիպում թոռնիկիս հետ, խոսում ենք «Սկայպով», ուզում եմ, որ գա մեզ մոտ, որպեսզի մտերմանանք, տարբեր բաներ սովորեցնենք իրեն և մի քիչ երես տանք. չէ՞ որ տատիկ-պապիկները կարող են դա իրենց թույլ տալ: Սակայն թոռնիկս ծնողների հետ ապրում է Վարշավայում և ներկա պահին սիրում ենք միմյանց հեռավորությունից:

-Ինչպե՞ս եք վերաբերվում կանանց նվիրված տոներին, ի՞նչ նվերներ եք սիրում ստանալ:

-Կարծում եմ, երբ կանայք ուշադրության և հոգատարության են արժանանում տղամարդկանց կողմից, իրենց գնահատված և երջանիկ են զգում: Ես բարձր եմ գնահատում ՀՀ ղեկավարության կողմից կանանց մեկ ամիս նվիրելու գեղեցիկ նախաձեռնությունը և միշտ պատմում եմ լեհերին, թե ինչքան մեծարված են հայ կանայք: Մարտի 8-ից սկսած ինձ համար անմոռանալի մեկամսյակ էր Հայաստանում: Այդ մեկ ամսվա ընթացքում գեղեցիկ ծաղիկներով, նվերներով և հրավերներով լի բուռն ամիս ունեցա այստեղ: Անչափ հաճելի անակնկալ էր ՀՀ առաջին տիկնոջ Ռիտա Սարգսյանի կողմից Նիկոլայ Բասկովի համերգին մասնակցելու հրավերը, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարարի տիկնոջ կողմից թեյի հրավեր ստանալը: Հանդիպումը, որը կազմակերպել էր տիկին Նատալիա Նալբանդյանը, գեղեցիկ նախաձեռնություն էր, որի ընթացքում միմյանց հետ հաճելիորեն շփվեցին Հայաստանում հավատարմագրված դեսպանների տիկնայք:
Լեհաստանում, ցավոք, շատ շուտ մոռացվեց կանանց տոնը` մարտի 8-ը, և անգամ իմ ամուսինն այն համարում է կոմունիզմի ժամանակաշրջանից մնացած մասունք: Նախկինում ինձ և աղջկաս համար սիմվոլիկ կակաչ էր գնում, իսկ հիմա անգամ դա էլ չի ուզում անել: 
Բոլոր հայուհիներին ցանկանում եմ, որպեսզի ամեն օր լինեն երջանիկ` շրջապատված իրենց սիրող ընտանիքով, և որպեսզի Հայաստանում պատերազմ չլինի:

 

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի 
Լեհերենից թարգմանեց Վիկտորյա Առաքելյանը



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...