2016-06-10 10:32
Վիեննայի դիվանագիտական «ապտակն» ու Բաքվի «լողացող» քաղաքականությունը
«Դե Ֆակտո» N 120 (2016թ.)
Վիեննան՝ հետպատերազմյան դիվանագիտական հարթակ: Նախագահների հանդիպումը, Սարգսյանի պահանջներն ու դրանց արտացոլումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ: Ի՞նչ պայմանավորվածություն ձեռք բերեցին կողմերը և ի՞նչ տեղի ունեցավ Վիեննայի հանդիպումից հետո:
Վիեննայում ի վերջո մայիսի 16-ին կայացավ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը: Հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներից բացի՝ մասնակցում էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները:
Այս հանդիպմանը նախորդել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Վիեննայում տեղի էր ունեցել նաև Քերի-Լավրով հանդիպումը՝ նվիրված ԼՂՀ հարցով բանակցությունների վերսկսմանը: Հենց այդ հանդիպումների ժամանակ էլ պայմանավորվածություն է ձեռք բերվել Սարգսյան-Ալիև հանդիպման ձևաչափի մասին, որն էլ սահմանափակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ համատեղ նիստի ձևաչափով:
Հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները հանդես են եկել ճեպազրույցով: Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պայմանավորվել են ապահովել 1994թ. 1995թ. զինադադարի ամրագրման մասին համաձայնագրերը, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել շփման գծում ներդնել մշտադիտարկում և միջադեպերի հետաքննության մեխանիզմներ: ՌԴ ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ հերթական հանդիպումը կլինի առաջիկա ամիսներին, ինչը նշանակում է, որ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու մասին խոսելը դեռ վաղ է:
Նկատենք, որ Ադրբեջանը մշտապես առարկում էր շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրմանը:
Հանդիպումից երկու օր առաջ Բաքուն պնդեց, որ ոչ մի դեպքում չի ընդունի այդ առաջարկը: «Ադրբեջանը բազմիցս ընդգծել է, որ հետաքննության մեխանիզմները կարող են կյանքի կոչվել միայն հայկական ուժերի դուրս բերման դեպքում: Հակառակ պարագայում դրանք կամրապնդեն օկուպացիան»,- ասված էր Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ: Սակայն ընդամենը երկու օր անց ընդունեց այն՝ նախագահի մակարդակով:
Նախքան քառօրյա պատերազմը, Ալիևը գրեթե ամեն օր խոսում էր ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման հնարավորության, հարձակվելու իր իրավունքի մասին, սակայն Վիենայում հայտարարեց` ռազմական լուծում այլևս չի տեսնում:
Պայմանավորվածությունները պահպանելու և իրագործելու համար ակտիվ հայտարարություններով հանդես եկան համանախագահներն ու ԵԱՀԿ ղեկավարությունը:
Սերգեյ Լավրով (Ռուսաստանի ԱԳ նախարար).«ԵԱՀԿ կձևավորի կոնկրետ քայլեր, որոնք թույլ կտան ուսումնասիրել միջադեպերը շփման գծում»:
Ջոն Քիրբի (ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ).«Այժմ բոլորը պետք է կյանքի կոչեն իրենց ստանձնած պարտավորությունները»:
Ֆրանսիայի ԱԳՆ.«Սրանք շատ կարևոր հանձնառություններ են: Ֆրանսիան կողմերին կոչ է անում իրագործել դրանք»:
Վալտեր Շտայնմայեր (Գերմանիայի ԱԳ նախարար).«Որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր աջակցելու ենք հետաքննության մեխանիզմների ներդրմանը»:
Այսպիսով, հայկական կողմի առաջ քաշած հիմնական նախապայմաններից` մոնիթորինգի և հետաքննության մեխանիզմի ներդրումը, ընդունվել են, որը հնարավորություն կտա հստակ համոզմունքն ունենալ, թե ով է առաջինը խախտում հրադադարը, ինչին կարող է հետևել նաև համանախագահների հասցեական գնահատականները: Ինչ վերաբերում է երաշխավորված տևական խաղաղությանը, դժվար է ասել՝ ինչ արդյունք արձանագրել, սակայն հարցը վստահաբար չէր կարող շրջանցվել:
Հայկական կողմը հանդիպումներից ստացած արդյունքներից, կարծես թե, բավարարված է, սակայն փորձը ցույց է տվել, որ Ադրբեջանը ստանձնած պարտավորությունները, համանախագահներին տված երաշխիքները, առանց ճնշման չի իրագործում, քանի որ այս տարիների ընթացքում նախագահների միջև հանդիպումներ և պայմանավորվածությունները բազմիցս են եղել, որոնք չեն պահպանվել Ադրբեջանի կողմից:
Եվ այսպես, կարելի է արձանագրել, որ հայկական կողմի դիրքերն այս պահին բանակցային գործընթացում որոշակի առաջընթաց են արձանագրել պայմանավորվածությունների մակարդակով:
Ուշագրավ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վիեննայից Երևան վերադառնալու ճանապարհին օդանավում լրագրողներին տված այցը լուսաբանող հարցազրույցը, որտեղ վերջինս ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախաձեռնությամբ կայացած հանդիպումների արդյունքները: Նախագահը անդրադառնալով քառօրյա պատերազմի ժամանակ հայկական կողմի 800 հա կորցրած տարածքին, այն որակեց անկարևոր` ռազմավարական նշանակության առումով, որը տարատեսակ քննարկումների և քննադատությունների տեղիք տվեց: «Մեր նպատակը ստատուս քվոյի պահպանումը չէ», «Մեր զինված ուժերն ի վիճակի էին այդ ստատուս քվոն վերականգնել. ընտրության խնդիր էր՝ արդյո՞ք արժեր այդ 800 հեկտարի համար զոհել ևս 35-40 կամ 80 հայրենասեր տղաների», «Պետք է գնահատել արժեքը մետրի և մարդու»: Սա, թերևս խոսում է այն մասին, որ երկու երկրների միջև Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները, ադրբեջանական կողմի պահպանման դեպքում, Հայաստանը նախահարձակ գործողությունների չի դիմի` հաշտվելով այդ տարածքների կորստի հետ:
Ի՞նչ տեղի ունեցավ Ալիևի Բաքու վերադարձից հետո:
Ալիևի Բաքու վերադառնալուց անմիջապես հետո նրա խոսնակը հայտարարեց, որ Վիեննայում ոչինչ էլ չի եղել.«Կասպերշիկի առաքելության մեջ լուրջ փոփոխություններ չեն կարող լինել, այդ մասին հայտարարությունը Մինսկի խմբի դիրքորոշումն է, մենք դրան առնչվող որևէ պարտավորություն չենք ստանձնել»,- ասված է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարության մեջ: Մինչդեռ Վիեննայի հայտարարության տեքստի մեջ նշված է.«Կասպերշիկի առաքելության մեծացման, մեխանիզմների ներդրման և հրադադարի պահպանման համաձայնությունը ձեռք են բերել նախագահները»: Ակնհայտ է, որ նման հայտարարություն չէր կարող հրապարակվել նույնիսկ մեկ մասնակցի լիակատար համաձայնության դեպքում: Սա թերևս խոսում է Ադրբեջանի ղեկավարության անլրջության, «լողացող» քաղաքականության և հետագա անորոշության մասին:
Պետք է արձանագրել, որ Վիեննայից հետո լարվածությունը զգալիորեն թուլացել է, որն ամենայն հավանականությամբ կշարունակվի մինչև հունիս: Հուլիսի 7-8-ը Վարշավայում ՆԱՏՕ-ի վեհաժողով է սպասվում և չի բացառվում, որ այդ ընթացքում Ադրբեջանը կրկին նախահարձակ գործողությունների անցնի, որպեսզի հարցը մտցնի վեհաժողովի օրակարգ: Բոլոր դեպքերում հայկական կողմը պետք է պատրաստ լինի բոլոր հնարավոր սցենարների:
Վերլուծությունը` Քրիստինա Միրզոյանի
Վերադառնալ