11:46
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Անդիմադրելի «Մառլենկան» կամ Չեխիայում հայկական հրաշքի ֆենոմենը

2016-06-08 12:04

«Դե Ֆակտո» N 120 (2016թ.)

Հայը դարեր շարունակ հիացրել ու զարմացրել է աշխարհին իր վառ երևակայությամբ, աշխատասիրությամբ, ճկուն մտածելակերպով ու մնայուն արժեքներ ստեղծելու իր տաղանդով: Երևի թե, քիչ են այն պետությունները, որտեղ հայի հետքը չլինի, որտեղ հայն իր տաղանդով չփայլի:

Հայի մտքի ու տաղանդի, սիրո ու նվիրումի գեղեցիկ արտահայտություն է չեխ-հայկական «Մառլենկա» բրենդն իր համային և որակական բարձր հատկանիշներով, որն արդեն շուրջ 13 տարի սեր ու հարգանք է վայելում աշխարհի 38 երկրներում` բարձր պահելով հայի անունը:

«Մառլենկայի» ստեղծման պատմության, ֆենոմենալ հատկությունների և աննախադեպ հաջողությունների ու այլ հարցերի շուրջ առավել մանրամասն զրուցեցինք «ՄԱՌԼԵՆԿԱ Ինթերնեշընլ» ընկերության նախագահ, չեխ-հայկական «Մառլենկա» տորթերի արտադրության սեփականատեր Գևորգ Ավետիսյանի հետ:

-Պարո՛ն Ավետիսյան, նախ ուզում եմ նշել, որ մեզ`հայաստանցիներիս համար անչափ հաճելի էտեղեկանալ, որ արտերկրում գտնվող մերհայրենակիցները հասել են մեծ հաջողությունների`չմոռանալով իրենց ազգային ինքնությունը, բարձրպահելով հայի անունը: Կխնդրեմ` մի փոքր պատմեք`կյանքի ինչպիսի ճանապարհ եք անցել, ինչպես եքհաստատվել Ֆրիդեկ-Միստեկում և ստեղծել «Մառլենկա» տորթեր արտադրող ընկերությունը:

-Շնորհակալ եմ նման գնահատականի համար: Պետք է նշեմ, որ Չեխիայում բնակություն հաստատել և սեփական ընկերություն ստեղծել երբևէ չեմ ծրագրել, սակայն կյանքի որոշակի փուլում ես ստիպված էի նման որոշում կայացնել: Ընտրեցի Չեխիան, քանի որ գեղեցիկ հիշողություններ ունեի այդ երկրի, հատկապես` Պրահայի հետ կապված…

Երբ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի Արդյունաբերական արվեստի բաժնում սովորելու տարիներին մեզ ուղևորության տարան Չեխիա, դա ինձ համար ճակատագրական հանդիպում էր գեղեցկագույն երկրի հետ, որին անմիջապես սիրահարվեցի ու մտածեցի` եթե երբևէ որոշեմ այլ երկրում ապրել, ապա` Չեխիայում: Այդ գեղեցիկ տպավորությունը, զգացողությունները տարիներ շարունակ բնակվում էին իմ ներսում, հաճելի հուշեր արթնացնում, սակայն չէի մտածում այնտեղ ապրելու մասին: Հայաստանում ես զբաղվում էի իմ սիրելի գործով` ինտերիերի դիզայնով, կահույքի պատրաստմամբ, ունեի իմ արհեստանոցը, աշխատանքային թիմը: Դա ինձ համար ստեղծագործական աշխատանք էր, որում ներդնում էի իմ դիզայներական և նկարչական ողջ երևակայությունը: Մեր աշխատանքները վաճառվում էին Երևանի կահույքի լավագույն խանութներում, անգամ հոդվածներ են գրվել թերթերում մեր աշխատանքների մասին:

Սակայն 1990-ականներին, երբ սկսվեց Արցախյան շարժումը, վատացան երկրի սոցիալ-տնտեսական պայմանները, և մեր պատվերները գնալով պակասեցին, ու դա բնական էր: Ես երկար ժամանակ փնտրտուքների մեջ էի` ինչ գործով զբաղվել ընտանիքս պահելու համար, սակայն ոչինչ չէր ստացվում: Եվ մի օր, երբ ելք էի փնտրում, հիշեցի Չեխիան, Պրահան, ու որոշեցի մեկնել այնտեղ և տեսնել` հնարավո՞ր է այդ երկրում ընկերություն բացել և աշխատել: Չէի ուզում որպես փախստական հաստատվել այնտեղ: Դա 1994թ. էր: Մեկ շաբաթով մեկնեցի Չեխիա` Օստրավա քաղաք, որը Չեխիայի երրորդ քաղաքն է: Սակայն չեխերեն չգիտեի, փնտրում էի որևէ իրավաբանի, որը կկարողանար ռուսերեն լեզվով պատասխանել իմ հարցերին և խորհուրդ տալ: Վեց օր շարունակ չհաջողվեց գտնել ռուսերեն իմացող որևէ իրավաբանի և յոթերորդ օրը, երբ արդեն անհույս վիճակում էի, մի գրասենյակի դուռ էլ թակեցի և անչափ ուրախացա, որ այնտեղի իրավաբանը ոչ վարժ ռուսերենով խոսեց հետս: Նա իմ փրկությունն էր: Մենք 4-5 ժամ զրուցեցինք, նա ինձ ասաց, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ընկերություն ստեղծելու համար: Ես եկա Հայաստան, հետո երկու ամսով նորից մեկնեցի Չեխիա, փաստաթղթային բոլոր հարցերը կարգավորեցի և ընտանիքիս հետ հաստատվեցի Չեխիայի Ֆրիդեկ-Միստեկ փոքրիկ քաղաքում:

-Հե՞շտ էր այնտեղ սեփական ընկերություն ստեղծել և աշխատել:

-Շատ դժվար էր, հատկապես, որ լեզուն չգիտեի, ծանոթներ չունեի, ինչպես նաև` մեծ գումար: Սկզբնական շրջանում` մոտ 6-7 ամիս, չէի կարողանում որևէ գործով զբաղվել, հետո որոշեցի բար վարձակալել: Սակայն այն նորմալ չէր աշխատում, իսկ ես ներդրել էին իմ ունեցած գրեթե ողջ գումարը: Ամեն օր նստում էի բարի դիմացի այգում, որտեղ կիսաքանդ եկեղեցի կար ու կարծես զրուցում Աստծո հետ: Ինձ հետ նման բան չէր պատահել, ճիշտ է, հայ քրիստոնյա եմ, բայց այդպիսի ներշնչանքով ու հավատով չէի խոսել Աստծո հետ, աղոթել: Նկատել էի, որ եկեղեցու խաչը թեքված էր, և մի օր նայելով եկեղեցուն, ասացի` ես կվերանորոգեմ քո խաչը: Իմ այդ որոշումը համընկավ եկեղեցու վերանորոգման աշխատանքների կազմակերպման հետ: Դիմեցի վերանորոգող կազմակերպությանը, որ թույլ տա խաչի վերանորոգումը ես իրականացնեմ, նրանք համաձայնեցին և ասացին, թե դա որքան կարժենա: Ես առանց մտածելու տվեցի իմ վերջին գումարը: Շուտով եկեղեցին պատրաստ էր, ինձ հրավիրեցին նրա բացմանը և ցույց տվեցին, որ խաչի տակ գտնվող հատվածում տեղադրված մագաղաթի վրա գրված են այն մարդկանց անունները, որոնք մասնակցել էին եկեղեցու շինարարությանը, այդ թվում` իմը: Ինձ համար անչափ հաճելի և հուզիչ էր այդ ամենը տեսնելը:

Եվ զարմանալի բան կատարվեց. բարը սկսեց կամաց-կամաց նորմալ աշխատել: Ես կարողանում էի ֆինանսապես աջակցել նաև Հայաստանում գտնվող քրոջս ընտանիքին: Սակայն շուտով որոշեցի նրանց էլ հրավիրել Չեխիա, որպեսզի միասին լինենք: Չեխիայում հաստատվելուց հետո քույրս ինձ ամեն օր խնդրում էր, անգամ պահանջում, որ աշխատանք գտնեմ իր համար: Եվ մի օր ես նրան առաջարկեցի թխել մեր հայկական ավանդական մեղրով տորթը` մտածելով, որ այն կառաջարկեմ մոտակա բարերին: Նա սիրով պատրաստեց այն, և ես սովորական թղթով այն փաթեթավորեցի և առաջարկեցի մոտակա բարերին: Նրանք սկզբում հրաժարվեցին ընդունել թխվածքը փաթեթավորման պատճառով, քանի որ Չեխիայում հիգիենայի շատ խիստ կանոններ են գործում, բայց ես խնդրեցի փորձել այն ներկայացնել հաճախորդներին, և եթե հավանեն, մենք իրենց պահանջներին համապատասխան կփաթեթավորենք տորթը: Մեղրով տորթը սիրվեց, սակայն պատվերները շատ չէին, իսկ բարերը գտնվում էին քաղաքի տարբեր հատվածներում, որտեղ հասնելն ինձ համար ժամանակի և նյութական մեծ կորուստ էր, սակայն չէի ուզում նեղացնել քրոջս: Եվ երբ արդեն վերջնականապես որոշել էի խոսել քրոջս հետ այդ գործը դադարեցնելու մասին, տասը տորթի պատվեր ստացանք: Դա մեծ ուրախություն էր մեզ համար, որից հետո պատվերները գնալով շատացան:

-Եվ ծնվեց Մառլենկան…

-Այո՛, ծնվեց Մառլենան` աղջիկս, ում անվանեցինք մորս անունով: Նրան` որպես փոքրիկի, Մառլենկա էինք կոչում, որով էլ կնքեցինք մեր հայկական բրենդային մեղրով տորթի արտադրությունը:

«Մառլենկան» պաշտոնապես հիմնադրվեց 2003թ. մայիսի 15-ին: Դա այն ժամանակ էր, երբ ես ստիպված էի փոքրիկ տարածք վարձակալել, որպեսզի այնտեղ սկսենք տորթերի արտադրությունը, որովհետև տանն արդեն հնարավոր չէր, պատվերները շատ էին, ինչպես նաև անհրաժեշտ էր ապահովել սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխան արտադրական պայմաններ և փաթեթավորում: Եվ եթե նախկինում մեր տուփերի վրա պարզապես գրվում էր «Մեղրով տորթ` հին հայկական ավանդական բաղադրատոմսով», ապա դրան ավելացավ «Մառլենկա» բրենդային անունը: Դա ճիշտ որոշում էր, որը նպաստեց մեր արտադրանքի սպառման ծավալների մեծացմանը, պահանջարկի ավելացմանը: «Մառլենկան» սիրվեց և ընդունվեց ոչ միայն Չեխիայում, այլ նաև նրա սահմաններից դուրս, այսօր արդեն` 38 երկրում:

-Զարգացման ի՞նչ փուլեր անցավ «Մառլենկան» հետագա տարիներին:

-Գնալով մեծացնելով վարձակալվող տարածքները` որոշեցի կառուցել սեփական արտադրամաս: Պետք է նշեմ, որ այդ ժամանակ Ֆրիդեկ-Միստեկ քաղաքից 30 աշխատող ունեի, ինչը բարձր էր գնահատվում տեղի իշխանությունների կողմից: Չեխիայում լավ օրենքներ են գործում, որոնց համաձայն` եթե աշխատանքային բորսայից այդ քանակի աշխատողներ ես ընդունում աշխատանքի, պարգևատրվում ես գումարով: Ես բավականին մեծ գումարային պարգևատրում ստացա, որը ներդրեցի «Մառլենկայի» արտադրամասի կառուցման աշխատանքներում: Կառուցվեց մեր առաջին մեծ արտադրամասը` իր հոսքագծով: Ի դեպ, մեր մեղրով տորթի հոսքագիծը աշխարհում միակն է, որը հատուկ մոտեցմամբ երեք տարում մեզ համար պատրաստել են հոլանդացիները:

Անցյալ տարի մենք ավարտեցինք մեր արտադրության երկրորդ կառույցը, որը երկու անգամ ավելի մեծ է, քան առաջինը: Այժմ կառուցում ենք երրորդը, որը Չեխիայի ամենաբարձրահարկ պահեստն է լինելու` 13 հարկանի, ամբողջովին ավտոմատացված մեխանիզմներով աշխատող: Այն հաջորդ տարի պատրաստ կլինի:

-Ինչպիսի՞ տեսականի ունեք, թխվածքների հատկապես, որ տեսակներն են առավել սիրված և պահանջված:

-Պետք է նշեմ, որ «Մառլենկա» մեղրով տորթն աննախադեպ հաջողություն ունեցավ շուկայում` իր տեղը գտնելով Չեխիայի բոլոր սուպերմարկետներում: Պահանջարկը, պատվերներն այնքան շատ էին, որ մենք շուրջ 6-7 տարի միայն մեղրով տորթ էինք արտադրում: 2009թ. սկսեցինք արտադրել «Մառլենկա» շոկոլադե մեղրով տորթը, որը դարձավ երկրորդ ամենասիրված արտադրատեսակը, հետո ավելացան 5 տեսակի մեղրային գնդիկները, որոնք դարձան Չեխիայի բրենդը, այնուհետև` նապոլեոն, փախլավա, մրգային ռուլետներ, էկլեր, տորթերի մեծ տեսականի: Այժմ թվով 20 տեսակի թխվածքներ ենք արտադրում:

Մեր ամենակարևոր և հաջողված արտադրատեսակներից են առանց գլյուտենի մեղրով գնդիկները, որոնք գլյուտեն չեն պարունակում և նախատեսված են ալերգիայով տառապող մարդկանց համար: Դրանք մեծ պահանջարկ են վայելում աշխարհի տարբեր երկրներում, քանի որ ալերգիան այսօր տարածված հիվանդություն է, իսկ ալերգիկների համար նախատեսված թխվածքները սովորաբար չոր են լինում և ոչ այնքան համեղ: «Մառլենկայի» այս արտադրատեսակի հաջողության գրավականն այն է, որ այն շատ համեղ է, փափուկ և ոչնչով չի զիջում սովորական թխվածքներին: Այն արտահանում ենք մինչև անգամ ԱՄՆ:

-Կարո՞ղ ենք ասել, որ «Մառլենկան» չեխ-հայկական բրենդ է, որը բարձր է պահում երկու երկրների անունը:

-Միանշանակ: Մեր ապրանքանիշի հայկական ծագման մասին գրված է արտադրանքի յուրաքանչյուր տուփի վրա, իսկ մեղրով գնդիկների տեսականու տուփերի մեջ պատկերված է Արարատ սարը, Խոր Վիրապի եկեղեցին: Ես արխիվներից ճշտեցի, որ առաջինը Չեխիայում սուրճ վաճառել սկսել են հայերը 17-րդ դարում, և չեխերին նրանք են սուրճ խմել սովորեցրել: Այդ տեղեկատվությունն անգլերեն ու չեխերեն լեզուներով նույնպես գրված է տուփերի վրա:

Բայց «Մառլենկայի» ծննդավայրը Չեխիան է, այն նաև չեխական բրենդ է, որը հաստատող պաշտոնական հավաստագիր ենք ստացել: Ֆրիդեկ-Միստեկի քաղաքային իշխանություններն առաջարկել են մեր տուփերի վրա պատկերել նաև քաղաքի խորհրդանիշը, նույն խնդրանքով դիմել են մարզային իշխանությունները:

-Մի փոքր խոսենք «Մառլենկայի» համային և որակական հատկանիշների մասին, ինչպիսի՞ չափորոշիչներով էաշխատում արտադրությունը:

-«Մառլենկայի» յուրաքանչյուր արտադրատեսակ պատրաստվում է մեղրի և ընկույզի հիմքի վրա: Այն հատկապես առանձնանում է մեղրով պատրաստվող թխվածքների արտադրության մեջ, քանի որ մենք օգտագործում ենք միմիայն բարձրորակ մեղր, որը ձեռք ենք բերում Չեխիայից և Սլովակիայից: Մենք ամսական 8 տոննա մեղր ենք օգտագործում, իսկ նոր արտադրամասի կառուցումից հետո արդեն 20 տոննա մեղրի կարիք կունենանք:

Ինչ վերաբերում է պայմաններին, ապա մենք արտադրում ենք սանիտարահիգիենիկ իդեալական պայմաններում, և արդեն երկրորդ տարին է` ստանում ենք Եվրոպայի հիգիենայի և արտադրության որակի գերմանական և անգլիական ամենախստապահանջ սերտիֆիկատները` IFS և BRC: Ամենախստապահանջը BRC-ին է, որը մենք ապահովել ենք 99.8 տոկոսով, Չեխիայում և Սլովակիայում որևէ արտադրամաս չունի այդպիսի բարձր աստիճանի սերտիֆիկատ: Մեզ մոտ մաքրությունը գերազանցում է բոլոր պահանջները, նման մակարդակ հնարավոր չէ տեսնել անգամ Գերմանիայի նմանատիպ արտադրամասերում, հիվանդանոցներում: Արտադրանքի ամենաթեժ պահին մեր հատակը փայլում է, քանի որ ոչինչ հատակին չի թափվում, ամեն ինչ մեխանիզացված է, փակ, արտադրական գործընթացն անցնում է ներժավային խողովակների միջով, մարդկային գործոնը նվազագույնի է հասցված: Բոլոր աշխատողները ձեռնոցներով, դիմակներով են, կրում են խալաթներ, որոնք գրպաններ չունեն, աշխատանքի ընթացքում նրանք հեռախոսով չեն խոսում: Չկա արտաքին աշխարհից եկող փոշու որևէ աղբյուր: Չեխիայում արտադրամասերի 70-80 տոկոսը հատուկ ստուգումը` աուդիտը, չի անցնում, մենք նույնպես վախենում էինք, սակայն աուդիտի հանձնախումբը հիացած հեռացավ «Մառլենկայի» արտադրամասից, ինչով հպարտանում եմ:

Մի կարևոր հանգամանք ևս նշեմ. մեր ապրանքն ունի զարմանալի, եզակի հատկություն` չպարունակելով որևէ հավելանյութ, գունանյութ` երկար ժամանակ պահպանում է թարմությունն ու համային որակները: Աշխարհում չկա այդպիսի հյութալի, կաթնային թխվածք, որը երեք ամիս պահպանվի 240C-ում, 8 ամիս` 80C-ում:

-Ո՞րն եք համարում «Մառլենկայի» հաջողությանամենակարևոր գրավականը:

-Կարծում եմ` «Մառլենկայի» հաջողության գրավականը չափազանց հիգիենիկ, մաքուր արտադրանք թողարկելն է, որը զուրկ է հավելանյութերից և գունանյութերից, պատրաստված է լիովին բնական հումքով, պարունակում է բարձրորակ մեղր, որը ես համարում եմ բնական հավելանյութ` «Մառլենկայի» համային ու որակական բարձր հատկանիշների գրավականը:

Մեր արտադրությունը վստահություն է ներշնչում սպառողին, քանի որ մեր գործունեությունը բաց է և թափանցիկ, բոլոր սրահները ապակեպատ են, ինչը թույլ է տալիս տեսնել արտադրական ողջ գործընթացը:

Իհարկե, հաջողության կարևոր գրավական է նաև այն մեծ սերն ու նվիրումը, որը մենք ներդրել ենք «Մառլենկայի» արտադրության գործում: Այն վարակիչ ձևով տարածվել է Չեխիայում, ապա` նրա սահմաններից դուրս: Իսկապես չափազանց հաճելի է ամենուր արժանանալ շնորհակալական և գովասանքի խոսքերի, զգալ լավ վերաբերմունք, ստանալ անթիվ-անհամար ժպիտներ՝ սկսած Չեխիայի իշխանության էլիտայի ներկայացուցիչներից, մինչև հասարակ քաղաքացիներ: Դա ինձ համար ամենակարևոր ձեռքբերումն է:

-Ձեր արտադրամասը դարձել է նաև յուրահատուկ էքսկուրսիայի վայր զբոսաշրջիկների համար:

-Այո, տուրիստական գործակալությունները բոլոր զբոսաշրջիկներին, անպայման, առաջարկում են այցելություն «Մառլենկա»` այն համարելով Չեխիայի կարևոր ձեռքբերումներից մեկը: Տոմսերը մեկ ամիս առաջ արդեն սպառված են լինում: Մենք օրական 4 ավտոբուս զբոսաշրջիկ ենք ընդունում, նրանք շրջում են ողջ արտադրամասերով, ծանոթանում արտադրական գործընթացին, «Մառլենկայի» ստեղծման պատմությանը, համտեսում մեր արտադրատեսակները, մի խոսքով` բավականին հետաքրքիր ու բովանդակալից ժամանակ են անցկացնում մեզ մոտ:

-Ո՞ր երկրներ է արտահանվում «Մառլենկա», արտադրության քանի՞ տոկոսն է սպառվում Չեխիայում:

-Մենք արտադրում ենք ամսական 500 հազար հատ արտադրատեսակ, տարեկան` մոտ 6 մլն հատ: Արտադրանքի 30 տոկոսը սպառվում է Չեխիայում, 20 տոկոսը` Սլովակիայում, 15 տոկոսը` Հունգարիայում, մնացածը` աշխարհի տարբեր երկրներում:

Մշտապես արտահանվում է թվով 38 երկիր` սկսած Չինաստանից, Կորեայից մինչև ԱՄՆ, Սաուդյան Արաբիա, որտեղ չկա մի խանութ, սրճարան, որտեղ «Մառլենկա» թխվածքներ չլինեն, անգամ թագավորական ընտանիքը օգտվում է մեր թխվածքներից:

Մառլենկան», բացի համային և որակականյուրահատկություններից, նաև շատ գեղեցիկ ունրբաճաշակ դիզայն ունի: Դո՞ւք եք «Մառլենկայի»դիզայները:

-Տուփերի դիզայնով ես եմ զբաղվում, իսկ հատուկ տոնական տորթերի դիզայնով զբաղվում է քրոջս աղջիկը, ով շատ շնորհալի է ու իր ստեղծագործական երևակայությունը լավագույնս դրսևորում է «Մառլենկայի» արտադրությունում:

Մենք ունենք հատուկ բաժին, որը զբաղվում է ծննդյան, հարսանեկան և այլ տոների համար նախատեսված տորթերի պատրաստմամբ, գեղեցիկ դիզայնով: Մենք ստանում ենք պատվերներ աշխարհի տարբեր երկրներից, նրանց իշխանական էլիտայի կողմից, օրինակ` Չեխիայի նախկին նախագահն իր ծննդյան տորթը մեզ մոտ էր պատվիրել:

-Հայաստանում «Մառլենկան» ներկայացնելուցանկություն չունե՞ք:

-Այդ ցանկությունը միշտ ապրում է իմ մեջ, ես այս տարի չեխական պատվիրակության հետ այցելեցի Վրաստան, այնուհետև` Հայաստան: Վրաստանի «Քարֆուրը» հետաքրքրված է «Մառլենկայով» և, հավանաբար, այնտեղ ներկայացված կլինեն մեր արտադրատեսակները, Հայաստանում էլ հետաքրքրվող ընկերություններ կան, հուսամ` իմ ցանկությունը կիրականանա:

-Արտադրության հետ կապված ապագա ի՞նչ ծրագրեր ունեք:

-Ապագա ծրագրեր շատ ունեմ, անընդհատ ծնվում են նոր գաղափարներ, սակայն խոսեմ այն նախագծերի մասին, որոնք առաջիկայում պատրաստվում ենք իրականացել:

Քաղցրավենիքը, և հատկապես` թխվածքները, բոլորիս կողմից սիրելի են` որպես դեսերտային ուտելիքներ: Ցավոք, առողջական որոշակի խնդիրներ ունեցող մարդկանց բժիշկներն արգելում են քաղցրավենիք օգտագործել ու նրանք զրկվում են իրենց սիրելի թխվածքներից: Առանց գլյուտենի թխվածքների արտադրությունից հետո մենք հասկացանք, թե որքան շատ են այն մարդիկ, ովքեր թխվածքների սիրահար են, սակայն նրանց արգելված է ուտել դրանք: Այդ պատճառով ծրագրում ենք արտադրել թխվածքներ նաև շաքարային դիաբետով տառապող հիվանդների համար, որոնք վնաս չեն հասցնի նրանց առողջությանը:

Մենք ծրագրում ենք արտադրել նաև բիո տեսակի թխվածքներ, թեև մեր թխվածքներն ամբողջությամբ բնական հիմքի վրա են ստեղծվում: Կարծում եմ` հաջորդ տարի կունենանք վերը նշված այս երկու արտադրատեսակները:

Մինչև տարվա վերջ մեր տեսականուն կավելանա ևս 4 տեսակ թխվածք, որոնց համար կրկին հոսքագիծ պետք է պատրաստվի:

Ծրագրում ենք արտադրել նաև «Մառլենկա» պաղպաղակ՝ կրկին մեղրի հիմքի վրա: Այժմ Չեխիայի ամենամեծ պաղպաղակ արտադրող ընկերությունը «Մառլենկայի» անունով արտադրում է պաղպաղակ, որը մեծ հաջողություն և սպառում ունի: Մենք նպատակ ունենք համատեղ զարգացնել այդ արտադրությունը` շուկային ներկայացնելով լիովին բնական ու համեղ պաղպաղակ: Վստահ եմ, որ այն նույնպես կառանձնանա իր համային և որակական հատկանիշներով, քանի որ մենք հավատարիմ ենք մեր սկզբունքներին և երբեք հանուն առավել մեծ շահույթի չենք դավաճանի դրանք:

-Որքանով տեղյակ ենք, Չեխիայի իշխանականվերնախավը մեծ հարգանք է տածում Ձեր անձի ևգործունեության հանդեպ, անգամ Չեխիայինախագահն է այցելել «Մառլենկայի» արտադրամաս:Արդյո՞ք աջակցություն ստացել եք նրանցից:

-Իսկապես այդպես է, նրանք հարգում են ինձ, իմ գործը, պաշտոնապես այցով հյուրընկալվում «Մառլենկայի» արտադրամաս: Անցյալ տարի Չեխիայի նախագահը պաշտոնապես այցելեց մեզ, երկու ժամ անցկացրեց մեր արտադրությունում, համտեսեց թխվածքների տեսականին` բարձր գնահատելով մեր աշխատանքը: Նա ասաց, որ նման որակի ֆաբրիկա անգամ Գերմանիայում է դժվար գտնել, և որ միայն մեկ ավտոմոբիլային ֆաբրիկա է տեսել, որ այսպիսի ապակիներով է կառուցված, որոնց ներքո ամեն ինչ տեսանելի է:

Ինչ վերաբերում է աջակցությանը, ապա Չեխիայում գործում են այնպիսի օրենքներ, որոնք աջակցում են արտադրողին զարգացնել իր գործը: Տրամադրվող սուբսիդավորումը, ցածր տոկոսադրույքներով վարկերը կարևոր աջակցություն են յուրաքանչյուր գործարարի համար: Այդ առումով ես ավելի շահեկան վիճակում հայտնվեցի, քանի որ հնարավորություն ստացա բանկից 0.5 տոկոսով վարկ վերցնել: Ճիշտ է, Չեխիայում վարկերի տոկոսները ցածր են, սակայն ինձ համար բացառություն արեցին` վարկային առավել լավ պայմաններ առաջարկելով:

Եթե Ձեր հարցին նայեմ այս տեսանկյունից, ապա այո, ես` որպես սկսնակ, այնուհետև մեծ արտադրության սեփականատեր, երկրի կողմից արժանացել եմ աջակցության, առանց որի` գուցե չկարողանայի հասնել այն ամենին, ինչին հասել եմ:

Առիթից օգտվելով` ուզում եմ շնորհակալություն հայտնել չեխ հասարակությանը` ի դեմս նախագահի, իմ հանդեպ տածած հարգանքի և սիրո համար:

-2013թ. տոնեցիք «Մառլենկայի» 10-ամյակը, որը բավականին շքեղ միջոցառում էր թե՛ իր գեղեցկությամբ, թե՛ հյուրերի կազմով: Կպատմե՞ք` ինչպիսի միջոցառում էր, ովքեր էին հյուրերը և ինչ անակնկալ մատուցեցիք նրանց:

-2013թ. մայիսի 17-ին Չեխիայի Ֆրիդեկ-Միստեկ քաղաքում իսկապես մեծ տոն էր, շքեղ միջոցառում, որը մենք կազմակերպել էինք «Մառլենկայի» 10-ամյակի առթիվ: Հանդիսությունը տեղի ունեցավ ընկերության հարակից հատվածում, հատուկ այդ նպատակով կառուցված բեմում: Միջոցառմանը մասնակցում էին Չեխիայի հայտնի մշակութային և քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Նրանցից էին` չեխ դերասան Բոբ Կլեպլը, հայտնի սաքսոֆոնահար Ֆելիքս Սլովաչեկը, Չեխիայի և Սլովակիայի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Բարսեղ Վարդապետ Փիլավչյանը, Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը և այլ հայտնի և հարգարժան անձիք:

Իսկ միջոցառման վերջում պատրաստված անակնկալը հիացրեց և ապշեցրեց բոլոր հյուրերին. Նորավանք եկեղեցու նմանությամբ պատրաստված 3 մետրանոց տորթը` լուսային գեղեցիկ գունազարդմամբ, առավել տպավորիչ դարձրեց միջոցառումը: Այն երեք շաբաթում պատրաստել էին քրոջս` Հասմիկ Ավետիսյանի դուստրը` Նելլին, և գործարանի երկու աշխատակից: Երբ Ա. Մեսչյանի «Ո՞ւր էիր Աստված» երգի ներքո տորթը բերեցին, հետաքրքիր բան կատարվեց` սկսեց հորդառատ անձրև տեղալ, որը դադարեց երգի ավարտին և սկսվեց հրավառությունը: Իսկապես գեղեցիկ միջոցառում էր բոլորիս համար:

Ես որոշեցի մեր ծննդյան խորհրդանշական տորթը նվիրել շրջանի մանկատների երեխաներին:

-Ո՞րն է Ձեր ցանկությունների գագաթնակետը «Մառլենկա» բրենդի հետ կապված:

-Ես հպարտանում եմ «Մառլենկայով», որը հայկական արմատներ ունի և սիրված է աշխարհի շատ պետությունների կողմից: Իմ մեծագույն ցանկությունն է, որ կարողանամ «Մառլենկայի» միջոցով հայկական թխվածքների համը ճաշակելի և սիրելի դարձնել ողջ աշխարհին` պատմելով Հայաստան հրաշք պետության մասին: Այսօր 38 երկրների ժողովուրդների առօրյա կյանքում կարևոր դեր ունի «Մառլենկան», մեզ մնացել է գրավել մյուս երկրները մեր ազգային հրաշք թխվածքների տեսականիով և մեր պատմությամբ:

Ինչպես նաև ես երազում եմ, որ Հայաստանում բացվի «Մառլենկայի» թեկուզ փոքր արտադրություն` 50 աշխատատեղով: Հուսամ` այդ օրը շուտ կգա...

-Դուք մի շատ կարևոր ծրագիր եք իրականացրել Հայոցցեղասպանության պատմական փաստը չեխականդպրոցների պատմության դասընթացում ընդգրկելուհետ կապված և ոչ միայն: Կպատմե՞ք այդ մասին:

-Սիրով, քանի որ ես այդ ծրագիրը համարում եմ կյանքիս ամենամեծ ձեռքբերումներից մեկը: Ինձ հաջողվեց իրականացնել մի ծրագիր, որի համաձայն` Չեխիայի բոլոր դպրոցներում 8-րդ դասարանի դպրոցականները պատմություն առարկայի դասերին 20-րդ դարի իրադարձությունների շրջանակում ուսումնասիրում են նաև Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը: Ես նաև նկարահանող խումբ ուղարկեցի Հայաստան, որը թեմատիկ նկարահանումներ էր կատարել Հայաստանում, նկարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրը: Վերջերս իմ նախաձեռնությամբ` առաջին անգամ չեխերեն լեզվով Հայոց ցեղասպանության և մյուս ցեղասպանությունների մասին գիրք տպագրվեց Չեխիայում, որի շնորհանդեսին մասնակցում էին բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում` Չեխիայում Հայաստանի դեսպանը: Այդ իրադարձությունը լուսաբանվեց չեխական լրատվամիջոցների կողմից: Գիրքը տարածվեց Չեխիայում և արժանացավ բարձր գնահատականի:

Չեխերի մոտ հետաքրքրություն է առաջացել Հայոց պատմության հանդեպ, հատկապես` Հայոց ցեղասպանության փաստի, որը դարձել է ուսանողների դիպլոմային աշխատանքների թեմա:

Կարծում եմ` պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի այլ երկրներում նույնպես պատմության առարկայի շրջանակներում դպրոցականներն ուսումնասիրեն Հայոց ցեղասպանության փաստը, քանի որ հնարավոր է պետությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, բայց ժողովուրդը անտեղյակ լինի պատմական փաստի մասին:

-Պարո՛ն Ավետիսյան, հետաքրքիր է, ինչպիսի՞ն են մարդկային փոխհարաբերությունները Պրահայում, ո՞րարժեքներն են գերակա այնտեղ:

-Չեխերը բարեհամբույր, հանդուրժող ու հանգիստ ժողովուրդ են: Նրանք աշխատանքում հավասարակշռված են, խոհեմ, աշխատասեր, իսկ դրանից դուրս կարողանում են ուրախանալ, հետաքրքիր ժամանց անցկացնել:

Նրանց մեջ դժվար չէ ապրել: Ես ունեմ ազգությամբ չեխ շատ ընկերներ, որոնք իսկապես լավ մարդիկ են: Նրանց թվում են արվեստի հայտնի ներկայացուցիչներ, ինչպիսիք են` հանրահայտ սաքսոֆոնահար Ֆելիքս Սլովաչեկը, դերասաններ` Բոբ Կլեպլը, Բոլեկ Պոլիվկան, դերասանուհի Իրժինա Բոհդալովան և այլ հայտի արտիստներ: Բոլորը սիրում են «Մառլենկա» բրենդը, հարգանքով վերաբերվում ինձ և հրավերի դեպքում սիրով հյուրընկալվում մեզ մոտ:

-Ինչպիսի՞ կյանքով է ապրում Չեխիայում հայկական ընտանիքը, արդյո՞ք հնարավոր է պահպանել ազգայինավանդույթները, մտածելակերպը, արժեքները: Կխնդրեմ` պատասխանեք Ձեր ընտանիքի օրինակով:

-Մեր կենցաղը, առօրյան, շատ չի տարբերվում հայկականից: Ամեն օր ես, մայրս, որդիներս դիտում ենք հայկական հեռուստաալիքները, հետևում հայաստանյան իրադարձություններին, տխրում կամ ուրախանում Հայաստանի համար, այնուհետև հայերով հավաքվում ենք, քննարկում: Զրուցում ենք նաև Հայաստանում բնակվող մեր հարազատների, ընկերների հետ, փորձում նրանցից որոշ ճշտումներ անել:

Անգամ կինս, ով չեխուհի է, լիարժեքորեն ինտեգրվել է մեր հայկական ապրելակերպին, սիրում է հայկական խոհանոցը: Մեր աղջկան` Մառլենկային, դաստիարակում ենք հայկական ոգով:

Ունեմ երեք երեխա, տղաներս` Վահեն, Նշանը և աղջիկս` Մառլենան: Վահեն սովորում է Պրահայի էկոնոմիկայի ինստիտուտում, Նշանը ընդունվեց ինստիտուտ, սակայն չցանկացավ շարունակել կրթությունը` գերադասելով աշխատել մեր ընկերությունում:

Մառլենկան 13 տարեկան է, բարձր առաջադիմությամբ սովորում է դպրոցում: Նա ևս «Մառլենկայի» սիրահար է և ուզում է մեծանալ, մեզ մոտ աշխատել, տորթեր պատրաստել և ձևավորել:

-Ձեր աղջկա մայրը չեխուհի է, որքանո՞վ է հաջողվում Մառլենային հայուհի մեծացնել:

-Պետք է նշեմ, որ կինս շատ լավ է զգում մեր ընտանիքում, և հայկական արժեքներն իրեն հոգեհարազատ են: Նա հայերեն հասկանում է, բայց քիչ է խոսում: Կարծում եմ` ժամանակի ընթացքում ավելի լավ կխոսի, նույնն էլ` Մառլենկան:

Ինձ համար զարմանալի բացահայտում էր, թե որքան ուժեղ է հայկական գենը: Մառլենայի ազգային ինքնագիտակցությունը շատ զարգացած է, նա իրեն հայ է համարում, և շատ ցավալիորեն է ընդունում Հայոց ցեղասպանության փաստը, անգամ ինձ հորդորում է Թուրքիա չարտահանել «Մառլենկան»: Ես, իհարկե, բացատրեցի նրան, որ շատ կարևոր է, որ բոլոր երկրներում, այդ թվում` Թուրքիայում, իմանան հայերի մասին, օգտվեն հայկական ապրանքանիշից և գնահատեն այն, դա հաղթանակ է, այլ ոչ պարտություն:

-Ի՞նչ երազանքներ ունեք Ձեր անձի և հայրենիքի հետ կապված:

-Առաջին հերթին երազում եմ, որ Հայաստանը լինի խաղաղ, զարգանա, ծաղկի, և որ բոլոր հայերը վերադառնան իրենց հայրենիք: Անկախ այն հանգամանքից, որ հայերի մի ստվար զանգված ապրում է այլ երկրներում, վստահ եմ, որ հետևում են հայաստանյան իրադարձություններին, և ցանկացած վատ լուր հայրենիքից ընկճում է իրենց: Ոչ ոք չի կարող իրեն ուժեղ ու լավ զգալ, երբ հայրենիքում պատերազմ է:

Երազում եմ նաև, որ երեխաներս առողջ մեծանան, իրենց տեղը գտնեն կյանքում և պատվով շարունակեն իմ գործը: Ես իրենց միշտ ասում եմ դա, օրինակներ բերում, իսկ իրենք պատասխանում են, որ ինձնից ոչ պակաս հայրենասեր են ու հայկական արտադրանքը զարգացնելու իմ սկսած գործը սիրով ու նվիրվածությամբ կշարունակեն:

-Ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

-Հայկական արժեքները, գեղատեսիլ բնությունը, գեղեցիկ մարդիկ: Նախկինում շատ էի նկարում, որն ինձ հոգեկան հանգստություն և ներդաշնակություն էր պարգևում: Այժմ ժամանակս չի ներում, սակայն ցանկությունս մեծ է վերադառնալու իմ ստեղծագործական կյանքի այդ փուլին, կարոտում եմ...

-Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում կյանքում:

-Ես փորձում եմ իմ օրինակով երեխաներիս փոխանցել կյանքի իմ կարգախոսը` լինել հայրենասեր, ազնիվ, բարի, ընկերասեր, աշխատասեր:

-Ի՞նչ է սերը Ձեզ համար:

-Սերը կյանքի շարժիչ ուժն է, սերն ամեն ինչ է և ամեն ինչ ոչինչ է` առանց սիրո: «Մառլենկան» մեծ սիրո արդյունք է...

-Ի՞նչ է գեղեցկությունը Ձեզ համար:

-Նկարիչի աչքն առավել սուր է զգում և ընկալում գեղեցիկը: Ճիշտ է, այսօր թողել եմ նկարչությունը, սակայն նկարչի իմ աչքերը շարունակում են նկատել և ոգեշնչվել գեղեցիկով: Ինձ համար բնության կատարյալ գեղեցկությունից հետո, ամենագեղեցիկը մարդկային վեհ արժեքներն են, փոխադարձ սերը և հարգանքը:

-Տարվա ո՞ր եղանակն է Ձեր հոգու եղանակը:

-Սիրում եմ տարվա բոլոր եղանակներն իրենց խենթություններով ու գեղեցիկ դրսևորումներով, որոնց արտացոլանքը գտնում եմ իմ մեջ` ռոմանտիկ աշունը, գեղեցկատես գարունը, տաք ամառը, միայն ձմռան սառնությունն է, որ այնքան էլ հոգեհարազատ չէ ինձ, բայց գնահատում եմ ձմռան գեղեցիկ ճերմակ տեսարանները:

Հարցազրույցը`

Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...