16:04
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Տեղաբնի՞կ է, արդյոք, հայկական էթնոսը

2016-06-07 10:12

Տեղաբնի՞կ է, արդյոք, հայկական էթնոսը Կամ` բառ կա, որ աշխարհ արժե


«Դե Ֆակտո» N119 (2016թ.)

Հասկանալի է, որ 14.5 հազարամյակ առաջ գետը Հրազդան անվանած լեզուն հայերենն է, իսկ այդ լեզուն կրողը` հայ ժողովուրդը: Հետպատերազմյան երկրաբանական ճշգրիտ տվյալների հիման վրա կառուցված այս փաստարկը հայերիս ծագումնաբանությունը տանում է անհիշելի ժամանակներ. բառ կա, որ աշխարհ արժե:

Կարճառոտ այս հոդվածում չի վիճարկվում, առավել ևս քննության չի առնվում հայկական էթնոսի տեղաբնիկ լինելու հարցը: Հոդվածում փաստարկվում է, որ հայկական էթնոսը դեռևս անհիշելի ժամանակներում տեղաբնիկ էր Հայկական Լեռնաշխարհի հյուսիս-արևելքում, ապա և ողջ Հայկական Լեռնաշխարհում: Արդեն իսկ վարկածային սույն դրվագների բացահայտման բանալին է Սևանա լճի երկրաբանական փոփոխության պարզաբանումը, ինչպես նաև Հրազդան գետանունը:

Ինչպես հայտնի է, Սևանա լիճն առաջացել է հրաբխային արտավիժումների և լավային պատվարի գոյացման հետևանքով: Նրան շրջափակող Արեգունի, Սևանի, Վարդենիսի, Գեղամա և Փամբակի լեռնաշղթաներն աստիճանաբար բարձրացել են և ստացել ժամանակակից պատկերը: Երկրաբաններն այս հնագույն լիճն ու նրանից սկիզբ առնող Հրազդան գետը պայմանականորեն անվանում են նաև պալեոսևան և պալեոհրազդան, քանզի, ըստ էության, հենց նրանց տարածքում են առաջացել «նոր լիճ» ու «նոր գետ»:


Մինչև Արարատյան դաշտավայր հասնելը Հրազդանը հոսել և հոսում է տեկտոնական ճեղքվածքով, տեղ-տեղ 100 և ավելի մետր խորության հասնող կիրճով:

Ինչպես նշվեց, Սևանա լիճը պարփակված է հինգ հոծ լեռնաշղթաներով, որոնց պարագծում և ողջ ջրավազանում երկրաբանական Չորրորդական շրջանից ի վեր ամենացածր գոգավորությունը բաժին է ընկնում Փամբակի և Գեղամա լեռնաշղթաների միջանկյալ հատվածին: Վերջինս ծածկվել է հրաբխային նորագույն ժայթքումների ու լավային գոյացումների զանգվածային շերտով` մոտավորապես 14.5 հազարամյակ առաջ: Գոգավորության բարձրացման հետևանքով, բնականաբար, բարձրացել է լճի մակարդակը, և նույն հատվածից սկիզբ առնող գետը վերստին հոսել է հին «պալեոհունով», քանի որ գոգավորությունը բարձրացումից հետո էլ մնացել է լճի ավազանի ամենացածր հատվածը:


Հենց այս ժամանակ սկսվում է այն իրողությունը, որից պետք է կառչի հայագիտությունը:


Ինչպես հայտնի է, գետն ունեցել է մի քանի անվանումներ, որոնցից առաջինն ու վերականգնված վերջինը Հրազդանն է:


Կարևոր ու խիստ հետաքրքրական է սույն ջրանվան ստուգաբանությունը, որի երեք բաղադրիչները պատմաերկրաբանական պատկերը ներկայացնում են ամբողջությամբ: Ստորև ներկայացվող այդ բաղադրիչները միանգամայն մեկնելի են ու հասկանալի հայերենով և հնդեվրոպական լեզուներով:


Եվ այսպես` Հրազդան…


Հուր – ըստ Աճառյանի, բնիկ հայերեն բառ է, որ ծագել է հնդեվրոպական նախալեզվի Պուրո-կրակ ձևից: Ցեղակից բառերն են հունարեն` Պիռ, լատիներեն` Ուռ, հին պարսկերեն` Հուռ, գերմաներեն` Ֆեուեր, հին ֆրանսերեն` Ֆեուր, քրդերեն` Ուր-կրակ նշանակությամբ, և բոլորն էլ, հայերենի հետ համեմատած, առավել ուշ շրջանի կազմություններ են:
Ազ (Ազն) - ազգ, սերունդ, ցեղ, ծագում նշանակությամբ, օրինակ, թագավորազն, արքայազն, իշխանազն, դյուցազն, երկազն, Հայկազն և հայկազն` հնդեվրոպական Զան-ծնել արմատից, որի ցեղակից բառերն են իրան. Զանա, հուն. Գենոս, լատ. Գենս, Գենուինոս – ծնունդ, ծագում նշանակությամբ, դրանից էլ վրաց. փոխառությամբ Ազնավուրի` Թամարա թագուհու արքունիքում ազնվական ծագումով հայ ազատանի կամ ազնվական նշանակությամբ:


Դան – ըստ գերմանացի նշանավոր լեզվաբան Մաքս Ֆասմերի, հնդեվրոպական նախալեզվում, վեդո կամ դոն-գետ, ջուր, որից էլ Դոն գետանունը, նույնի հունարենը` Տանայիս Հերոդոտոսի և Ստրաբոնի երկերում, զենդ Ավեստայի դանու-գետ, որից` Դանուբ, Դունայ գետանունները հնդեվրոպական լեզուներում, օսերենում` դոն, դան (վերջինը հյուսիսային բարբառով) - գետ, սանսկրիտ Ուդա-գետ և այլն:


Ստացվում է, որ Հրազդան` Հուր-ազ(ն)-դան հիդրոնիմը նշանակում է հրից, իմա` հրաբխից ծագած ջուր կամ գետ: Անվանումը միանգամայն համապատասխանում է երկրաֆիզիկական անցյալ իրադարձություններին: Նման անվանումը կարող էր տալ միայն այն ժողովուրդը, որն ականատեսն էր եղել 14.5 հազարամյակ առաջ տեղի ունեցած հրաբխի ժայթքմանը, իսկ այնուհետեւ` այդ նույն փակուղուց գետի նոր ելքին:


Անշուշտ, երևույթն ունեցել է նաև աղետաբեր հետևանքներ, որի պատճառով այն դաջվել է տեղաբնիկ ժողովրդի հիշողության մեջ, ջրանվան միջոցով փոխանցվելով սերնդե-սերունդ:
Հասկանալի է, որ 14.5 հազարամյակ առաջ գետը Հրազդան անվանած լեզուն հայերենն է, իսկ այդ լեզուն կրողը` հայ ժողովուրդը:


Հայ ժողովրդի տեղաբնիկության մասին վաղուց ի վեր որևէ կասկած գոյություն չունի, քանզի ապացուցված իրողություն է, սակայն հետպատերազմյան երկրաբանական ճշգրիտ տվյալների հիման վրա կառուցված սույն փաստարկը հայերիս ծագումնաբանությունը տանում է անհիշելի ժամանակներ:


Բառ կա, որ աշխարհ արժե:

 

Արթուր Նավասարդյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...