11:15
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մասիսի բնակիչները բարձր բարոյական արժեքներ կրող մարդիկ են, որոնց հետ փոխադարձ շփումը հաճելի է եւ պարտավորեցնող.

2016-06-02 12:42
Հրազդան գետի ձախ ափին տեղակայված այս փոքրիկ և երիտասարդ քաղաքը մշտապես գտնվում է ղեկավարության և բարերարների ուշադրության կենտրոնում: Թեև քաղաքում առկա խնդիրներին, բնակիչները համերաշխ շարունակում են ապրել Մասիս քաղաքում և իրենց ներդրումն ունենալ քաղաքի զարգացման գործընթացին:

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Արարատի մարզի Մասիս քաղաքի քաղաքապետ ՍԱՇԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ:

«Դե Ֆակտո» N119 (2016թ.)

-Պարո՛ն Հակոբյան, շուրջ 4 անգամ անընդմեջ ընտրվում եք Մասիս քաղաքի քաղաքապետ: Սա, թերևս, խոսում է այն մասին, որ այս տարիների ընթացքում կարողացել եք շահել բնակիչների սերն ու հարգանքը: Ի՞նչ ձեռքբերումներ եք գրանցել այս տարիների ընթացքում:

-Վերջին ընտրություններից հետո (2012թ.) քաղաքին հատկացված պետբյուջեի, ինչպես նաև բարերարների միջոցով Մասիս քաղաքում իրականացվել են մի շարք ծրագրեր: Քաղաքում գործում է 6 մանկապարտեզ և այս տարիների ընթացքում վերանորոգվել են խոհանոցները, իսկ 1-1.5 ամսից կվերանորոգվեն նաև սանհանգույցներն ամբողջությամբ: 2015թվականին 3-րդ թաղամասի մի խումբ փոքրիկներ դիմեցին ինձ` խաղահրապարակ ունենալու խնդրանքով, և ես մերժել չկարողացա: Տարվեցին համապատասխան աշխատանքներ և շուտով տեղի կունենա բացման արարողությունը: Առաջիկայում նախատեսվում է 2-րդ թաղամասում ևս կառուցել նման խաղահրապարակ: Այս տարի Մասիս քաղաքը կունենա նաև շատ մեծ, գեղեցիկ և հարմարավետ սպորտդպրոց, որտեղ մեր երեխաները կկարողանան ֆիզիկական պատրաստվածություն ձեռք բերել և հետագայում, ինչու ոչ, մասնակիցը դառնալ մի շարք մրցութային խաղերի: Քաղաքն ուներ նաև ասֆալտապատման խնդիր և այս տարի ևս բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման աշխատանքներն ամբողջությամբ կավարտենք: 2015 թվականին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի օգնությամբ շուրջ 4 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքներ տարվեցին, որն այս տարի ևս շարունակական բնույթ կկրի: Քաղաքը խմելու ջրի հետ կապված որևէ խնդիր չունի. ներքին ցանցերի 95%-ը փոխված է:

-Ձեր խոսքում նշեցիք, որ Մասիս քաղաքում քիչ դերակատարություն չունեն նաև բարերարները: Ովքե՞ր են այդ բարերարները և ի՞նչ ծրագրեր են հասցրել իրականացնել քաղաքի համար:

-Մոսկվաբնակ բարերար Գագիկ Ադիբեկյանը առաջիկայում պատրաստվում է շուրջ 5մլն. դոլարի ներդրում ունենալ Մասիս քաղաքում` իր շահագործման տակ վերցնելով շուրջ 12 հա տարածք` ապահովելով բնակիչների ժամանցի և զբաղվածության հարցերը: Այդ հողատարածքի վրա նախատեսված է կառուցել մի մեծ այգի, որտեղ տեղ կգտնեն երեխաների համար խաղահրապարակներ, կլինեն սրճարաններ, հյուրանոցային համալիր: Տարածքը գտնվում է անմիջապես քաղաքի մուտքի մոտ: Հողակտորները գնվել են անմիջապես քաղաքի բնակիչներից, սակայն երկու տարբեր հողատարածքների բնակիչների հետ մինչ այսօր խնդիրներ են առաջանում հողատարածքների վաճառքի հետ կապված, քանի որ վերջիններս իմանալով, թե ով է գնորդը, այդ հողատարածքների վրա «փարիզյան» գներ են դրել: Այնուամենայնիվ, մենք կաջակցենք, որպեսզի այս խնդիրը լուծում ստանա, քանի որ պարոն Ադիբեկյանը ցանկանում է քաղաքի համար բարի գործ անել և մենք պարտավոր ենք այս հարցով օժանդակել նրան:
Հատկանշական է, որ իմ ղեկավարման տարիներին քաղաքը ձեռք բերեց նաև Սուրբ Թադևոս եկեղեցին, որի բացման արարողությունը տեղի ունեցավ 2015 թվականին: Լուսահոգի բարերար Հրանտ Վարդանյանը սկսեց եկեղեցու կառուցման աշխատանքները, իսկ իր որդիները` Կարեն և Միքայել Վարդանյանները այն հասցրեցին ավարտին:
Այս տարի` ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ, Սուրբ Թադևոս եկեղեցու տարածքում տեղադրվեց քառակող խաչքար, որը կերտված է մեկ ամբողջական քարից (քանդակագործ` Արտակ Համբարձումյան): Չնայած նրան, որ Մասիս քաղաքը հիմնականում ադրբեջանաբնակ տարածք է եղել և 50-60-ական թթ. շատ քիչ հայ ընտանիքներ են բնակվել այստեղ, սակայն այսօր մեր քաղաքի հոգևոր կողմը բավականին զարգացած է: Նախկինում նման հոգևոր կենտրոններ չեն եղել մեր քաղաքում` ո՛չ եկեղեցի, ո՛չ Հայոց ցեղասպանության նվիրված հուշակոթող, սակայն այսօր մենք դա ունենք, մեկը` ի շնորհիվ մեր համաքաղաքացի մոսկվաբնակ մեծ բարերար Գագիկ Ադիբեկյանի, մյուսը` Հրանտ Վարդանյանի ընտանիքի:
Բարերարներ Կարեն և Միքայել Վարդանյանների հովանավորությամբ շուտով շատ գեղեցիկ այգի կունենանք նաև հրապարակում` ցայտաղբյուրով, հանգստյան տաղավարներով, բեմահարթակով, ծաղկապատ տարածքով, որի համար, թե՛ իմ, թե՛ մեր և հարակից շրջանների բնակիչների անունից իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում իրենց: Շինարարական աշխատանքներն արդեն սկսված են, նախատեսում ենք օգոստոս ամսին ավարտին հասցնել:

-Ապրիլի 18-ին Մասիս քաղաքում միասնության հանրահավաք անցկացվեց՝ «Մասիսը՝ Արցախին» կարգախոսով: Մտահղացումն ինչպե՞ս առաջացավ և հանրահավաքը որքանո՞վ կարողացավ արդարացնել Ձեր սպասումները:

-Մտահղացումը եղել է Գագիկ Ադիբեկյանինը, որին մենք անմիջապես հավանություն տվեցինք: «Մասիս» զարգացման հիմնադրամի աջակցությամբ, որը ևս ստեղծվել է Գագիկ Ադիբեկյանի կողմից, այդ օրը եղավ նաև հանգանակություն, որի արդյունքում հավաքագրվեց 981 հազ. դրամ, 1301 դոլար և 10 հազար ռուբլի: Գումարները փոխանցվել են «Մասիս» զարգացման հիմնադրամին, որտեղ հիմնադրամի աշխատակազմը ևս գումար կավելացնի` ուղղելով Արցախի պաշտպանությանը: Նպատակն էր երթի միջոցով ցույց տալու, որ մենք Արցախի կողքին ենք, մեկ ազգ և մեկ միասնականություն ենք:

-Ակնհայտ է, որ մեր երկրում քաղաքապետ լինելը փոքր պաշտոն չէ, և չեք կարողանա լինել լավ քաղաքապետ, եթե չսիրեք Ձեր քաղաքը: Ինչպիսի՞ յուրահատկություններով է օժտված այս քաղաքը, և բնակչության հետ շփումն ինչպիսի՞ն է:

-Միանշանակ պետք է սիրես քո քաղաքը, առանց որի հնարավոր չի լինի աշխատել: Պետք է նշեմ, որ մեր քաղաքի երիտասարդությունը շատ ակտիվ է: Քաղաքում կա 22 հազարից մի փոքր ավելի բնակչություն, 6 դպրոց, 6 մանկապարտեզ, 2 հիվանդանոց, գեղարվեստի և երաժշտության դպրոց: Մասիսի բնակիչները բարձր բարոյական արժեքներ կրող մարդիկ են, որոնց հետ փոխադարձ շփումը, որպես քաղաքապետ, շատ հաճելի է և պարտավորեցնող:

-Այս տարի լրանում է Մասիս քաղաքի 20-ամյակը: Այս կապակցությամբ ինչպիսի՞ միջոցառումների շարք է նախատեսված իրականացնել:


-Միջոցառման օրը նշանակված է նոյեմբերի 10-ին, սակայն մինչ այդ առջևում դեռ կան մայիսյան տոներ, ինչպես նաև սեպտեմբերին կայանալիք ընտրություններ, այդ իսկ պատճառով այս միջոցառման մասին խոսելը դեռ վաղ է: Մոտ ժամանակներում միջոցառման մասին ավելի մանրամասն կներկայացվի:

-Պարո՛ն Հակոբյան, արդեն իսկ խոսվում է քաղաքապետի աթոռի հնարավոր հավակնորդների մասին: Դուք 5-րդ անգամ առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը:


-Ես կուսակցական եմ (ՀՀԿ): Վերջնական որոշումը կուսակցությունը կկայացնի: Կուսակցությունը եթե որոշում կայացնի, որ ես պետք է իմ թեկնածությունն առաջադրեմ, ես կառաջադրեմ:

-Պարո՛ն Հակոբյան, բյուջեն հե՞շտ եք հավաքագրում: Կարողանո՞ւմ եք 100%-ով կատարել Ձեր տարեկան հաշվետվությունը:


-Այդ առումով մեր բնակիչները շատ պարտաճանաչ են և որևէ խնդիրներ չեն առաջանում: Ժամանակին կարողանում են կատարել վճարումները և 2015թ. տարեկան բյուջեն նորմալ փակվել է:


-Շնորհակալություն

Հարցազրույցը` Քրիստինա Միրզոյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...