15:57
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ ԿԱՎԱՐՏՎԻ ԲԱՔՎՈՒՄ»

2016-05-23 13:01

«ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ ԿԱՎԱՐՏՎԻ ԲԱՔՎՈՒՄ»,- ասում է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, որի 77-ամյակը լրացավ մայիսի 22-ին

«Դե Ֆակտո» N119 (2016թ.)

Կնոջը՝ տիկին Հասմիկին մի երկտող թողեց՝ «Ես այնտեղ պետք եմ…» ու մեկնեց Արցախ:


Երբ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Արցախում նրա հետ առաջին հանդիպման ժամանակ հարցրեց` ինչո՞ւ ես եկել, ռուսաստաններում ծառայած ու սրտի թելադրանքով հայրենիք եկած հայազգի գնդապետը պատասխանեց. «Պապերս ղարսեցի են, եկել եմ` ազատագրեմ Արցախը, որ հետո էլ Ղարսն ազատագրեմ…»: Հոգևոր առաջնորդին մնում էր միայն համբուրել քաջորդու ճակատն ու օրհնել նրա հերոսական ուղին:


Ժողովրդի մեջ առավելապես ԿՈՄԱՆԴՈՍ պատվանունով հայտնի գեներալը 24 տարի առաջ գնդապետի կոչումով հմտորեն ղեկավարում էր հայոց մշակույթի հնամենի ոստան, իսկ 20-րդ դարավերջին մեր ոխերիմ հարևանների կողմից օձերի բույնի վերածված ու Ստեփանակերտը օրուգիշեր ռմբակոծության տակ պահող, Շուշի քաղաքի՝ իր իսկ ղեկավարությամբ մշակված ազատագրական գործողության մարտերը: Գործողությունը, որ կոչվում էր «Հարսանիք լեռներում», առանց դույզն-ինչ երկմտելու, կարելի է դասել հայոց ազատամարտի լավագույն մարտական գործողությունների շարքը՝ դնելով Ավարայրի, Սարդարապատի, Վանի, Մուսա լեռան, Շուռնուխի գոյամարտերի կողքին:


Գեներալին հյուրընկալվելու նպատակս անդրադառնալն էր նրա 77-ամյա հոբելյանին, անցած փորձություններով լի ուսանելի կյանքի ճանապարհին, սակայն, հասկանալով նպատակս, համեստ ու իր կենսաբանական տարիքից երիտասարդ թվացող աշխույժ զորականը վարպետորեն խուսափում էր իր անձին, կենսագրությանը վերաբերող հարցերից, պատմում մարտական ընկերների, զոհված տղաների, Արցախի ճակատագրի, այս տարվա ապրիլի առաջին օրերին ադրբեջանցիների՝ Արցախը գրավելու անհաջող փորձի մասին։


-Ինչու՞ «Հարսանիք լեռներում»,- հարցնում եմ գեներալին:


-Ինչպես գիտեք, Ադրբեջանի կողմից մեր դեմ սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրերից Շուշին դարձել էր Ստեփանակերտն ու շրջակա հայկական գյուղերը հրետակոծելու, դրանք անընդհատ հարվածների տակ պահելու ռազմավարական լավագույն հենակետը,- ասում է գեներալն ու շարունակում,- Համակերպվել ստեղծված իրավիճակին, նշանակում էր ստույգ կործանման դատապարտել ոչ միայն Ստեփանակերտն ու շրջակա գյուղերը, այլև Արցախն ամբողջությամբ: Ելնելով ստեղծված իրավիճակից, պաշտպանության պետական կոմիտեն որոշում ընդունեց լռեցնել Շուշիի կրակակետերը: Իսկ առանց քաղաքը գրավելու դա անհնար էր կամ հնարավոր՝ Ղազանչեցոց հնամենի եկեղեցին, քաղաքի մյուս հայկական ճարտարապետական հուշարձանները հիմնահատակ ավերելու թանկ գնով, քանի որ ադրբեջանցիները հեռագնա խորամանկությամբ հիմնական կրակակետերը տեղադրել էին հուշարձանների ներսում կամ դրանց հարակից տարածքներում: Միակ ճիշտ լուծումը քաղաքը գրոհով վերցնելն էր: Եվ ահա, ազատագրման գործողության մշակման աշխատանքային պահերից մեկի ժամանակ երևանյան մեր շտաբ մտավ Վազգեն Սարգսյանն ու հարցրեց. «Տղե՛րք, ի՞նչ բանի եք»: Զեկուցեցի, որ Շուշիի ազատագրման պլանի վրա ենք աշխատում: «Տղե՛րք, վախենամ գլուխ չհանենք,- մտահոգ ասաց Վազգենը, - մեր տնաշեն պապերը քաղաքը շատ անառիկ են կառուցել…»:

-Որ հաղթենք, կամուսնանա՞ս,- հարցրի Վազգենին:


-Հա՛, կամուսնանա՛մ, հարսանիքս էլ Շուշիում կանենք,- ժպտալով պատասխանեց նա:
Քանի որ Շուշին բարձունքի, լեռների վրա է, որոշվեց գործողությունն այդպես էլ կոչել՝«Հարսանիք լեռներում»:
Վազգենի հարսանիքը Շուշիում, ցավոք, չկայացավ, բայց քաղաքի ազատագրումը հակառակորդից կրկնակի անգամ պակաս մարդուժով, զենք-զինամթերքով, փոքրաթիվ զոհերով, կոտրեց Ադրբեջանի ողնաշարը, հայերիս մեջ ամրապնդեց նույնիսկ անհավատալի պայմաններում հաղթելու կամքը, մեր զինվորն ու սպան վերջնականապես ձերբազատվեցին պապերից տխուր հիշատակ մնացած պարտվողի բարդույթից, իսկ վերջին 70 տարում հայաթափված քաղաքը վերստին իր գիրկն ընդունեց Շուշիի իսկական տերերին, նորից ղողանջեցին Ղազանչեցոց եկեղեցու զանգերը, կյանքը մտավ բնականոն հուն, օրեր անց բացվեց Արցախը Հայաստանին միացնող ցամաքային ճանապարհը։ Հատկանշական է, որ մայիսի 9-ի առավոտյան, երբ քաղաքում տերն ու տիրականը հայերս էինք, մեղմ անձրև էր տեղում՝ կարծես մաքրելու օտարի անհաճո շունչը հայոց ոստանից:


Ի դեպ, այդ գործողության պլանը հաստատել է Արցախի պաշտպանության պետական կոմիտեի այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը-, եզրափակեց լեգենդար զորահրամանատարը։
Ադրբեջանը այս տարվա ապրիլին կրած խայտառակ պարտությունից հետո դիմել է ՄԱԿ՝ 1994 թվականի մայիսի 12-ին Բիշքեքում կնքված հաշտության պայմանագիրը միակողմանիորեն դադարացնելու խնդրանքով: Գեներալի հետ հանդիպման ժամանակ ես հարցրի՝ հիշո՞ւմ եք 1994թ. մայիսի 12-ը:


Կոմանդոսը բազմանշանակ ժպտալով պատասխանեց. «Մի՞թե այդպիսի օրերը մոռացվում են։ 22 տարի առաջ այս օրը մենք ստիպեցինք մեր դեմ սուր բարձրացրած հակառակորդին ծնկի իջնել։ Տեսնելով, որ մենք անպարտելի ենք ու իրենց հիմար «չարաճճիությունները» կարող են ավարտվել Բաքվում, նրանք աղաչանք-պաղատանքներով դիմեցին Ելցինին, Նազարբաևին, ԱՊՀ մյուս պետությունների ղեկավարներին՝ հանդես գալու որպես հրադադարի միջնորդներ։ 1994 թվականի այս օրը մենք ուժեղին հատուկ ներողամտությամբ ու մեծահոգաբար համաձայնեցինք դադարեցնել մարտական գործողությունները։ Բաքվում հասկանում էին, որ Բիշքեքյան արձանագրությունը Ադրբեջանի պարտության ոչ հրապարակային ընդունումն ու Հայաստանի դիրքերի ամրապնդումն էր: Պատահական չէ, որ Հեյդար Ալիևը մեկնել էր Բրյուսել` դիվանագիտորեն հրաժարվելով Բիշքեքյան արձանագրությունը ստորագրելու որոշման պատասխանատվությունից՝ մանավանդ, որ կողմերից մեկն էլ Արցախի պաշտպանության նախարարն էր և ստորագրումը կնշանակեր Ղարաբաղի փաստացի ճանաչում… »

-Դուք ճի՞շտ եք համարում այդ մեծահոգությունն ու համաձայնությունը՝ դադարեցնել մարտական գործողությունները,-հարցնում եմ։


-Որպես զինվորական, ես իրավունք չունեի, այսօր էլ չունեմ քննարկելու երկրի բարձրագույն ղեկավարության քաղաքական որոշումները, բայց որպես մարդ, քաղաքացի, գործի կեսից հետ քաշվելը համարում եմ սխալ, որովհետև, նախ` մենք չէինք նախահարձակը, ադրբեջանցիներն իրենք էին սկսել պատերազմը։ Սկզբում մենք ո՛չ պատրաստ էինք պատերազմելու, ո՛չ էլ դրա ցանկությունն ունեինք։ Սկսե՞լ էին, թող պատրաստ լինեին վայելելու նաև պատերազմի դառը պտուղները։ Ինչի՞ վրա էին հույսները դրել՝ խորհրդային բանակի՞, իրենց ունեցած մեծաքանակ մարդուժի՞, անսահմանափակ զենք-զինամթերքի՞, թուրքական ու մահմեդական մյուս պետությունների օգնության ու Աֆղանստանում, Չեչնիայում, այսօր էլ Սիրիայում վայրենություններ գործած ու գործել շարունակող ավազակաբարո տականքնե՞րի։ Բայց չէ՞ որ պատերազմների պատմությունը սովորեցնում է, որ մի բան է սեփական հողը պաշտպանելը, մեկ այլ բան՝ ուրիշի ունեցածը խլել փորձելը։ Այդ ո՞ր զավթիչն է երկարատև հաջողություն ունեցել, որ իրենք ունենային։ Ինձ մնար, ես պատերազմը կշարունակեի բուն Ադրբեջանի հողում, որից հետո կքաշվեի այն սահմանները, որ մենք աներկբա հնարավորություն ունեինք պահելու։ Իսկ որ 1994 թվականին մենք դա կարող էինք, անկասկած է, քանի որ կրած պարտությունները լիովին կազմալուծել էին ադրբեջանական՝ այդպես էլ չկայացած բանակը, իսկ Արցախի բանակն օր օրի ավելի էր հզորանում, ղարաբաղցիներն էլ, ինչպես միշտ, պատրաստ էին շարունակելու հաղթական կռիվները։ Բացի այդ, եթե մենք շարունակեինք մեր ազատագրական պայքարը, Ադրբեջանում ինքնորոշման հարց կբարձրացնեին երկրի բնակչության մեծամասնությունը կազմող ազգային փոքրամասնությունները՝ ավարներ,թալիշներ, լեզգիներ, ուդիներ, քրդեր, որոնց զինվոր զավակներին ադրբեջանցի հրամանատարները որպես կենդանի թիրախ են օգտագործում մարտական գործողությունների ժամանակ՝ չբարեհաճելով զոհվելուց հետո գոնե նրանց դիակները հավաքել ու մարդավայել թաղել…


Մի խոսքով, Ադրբեջանը կդադարեր պետություն լինելուց և այսօր չէր հոխորտա ու նոր մինի պատերազմներ, ինչպես այս տարվա ապրիլյան քառօրյա ինքնակործան սադրանքը, չէր հրահրի, հետո էլ իրենց «պապաների»՝ իսլամական ֆունդամենտալիզմի ու մեծ Թուրանի խելահեղ նպատակներ հետապնդող Թուրքիայի խորհրդով չէր դիմի ՄԱԿ-ին 1994 թվականի համաձայնագրերը չեղյալ համարելու ։

-Արկադի Իվանիչ, հայտնի է, որ պատերազմի ոչ միայն սկզբում, այլև ողջ ընթացքում ղարաբաղցիներն ադրբեջանցիներին զիջում էին թե՛ կռվողների թվակազմով և թե՛ զենքի ու զինամթերքի քանակով։ Ի՞նչ հրաշքով մենք հաղթեցինք։


-Духом, духом,- ռուսերենով պատասխանում է գեներալն ու ավելացնում.- Հիշու՞մ ես` ի՞նչ էին 90-ականների սկզբներին Ադրբեջանի սանձազերծած պատերազմին դիմակայող մեր տղաներն ասում իրար՝ մեկին չորսը, ով խփվի, դավաճան է։ Այո՛, մեր մեկ զինվորը կռվում էր թշնամու առնվազն չորսի դեմ ու հաղթում։ Հաղթում էինք, որովհետև մեր տունուտեղն էինք պահում, մեր հողը։ Հիմնականը, իհարկե, ոգին էր: Մեր ոգին բարձր էր, խոսք չկա: Բայց այլ պատճառներ էլ կային: Մենք միատարր ազգ ենք, մեր երկիրն էինք պաշտպանում, մեր սուրբ հողն էինք ազատագրում: Ադրբեջանը բերում էր լեզգիներին, թալիշներին, սրան-նրան, ու հիմնականում նրանց էին առաջ քշում: Իսկ նրանց մեջ տեր լինելու՝ տիրոջ գիտակցությունը չկար, և չէին կռվում, քանի որ հողն իրենցը չէր: Մյուս պատճառը՝ մահմեդականները սովոր են խմբային մարտի: Իրենք իրենց լավ են զգում, երբ շատ են, դիմացինը՝ թույլ ու փոքրաթիվ: Հենց որ դեմ են առնում զորեղ ուժի, խուճապի են մատնվում: Սա, ինչպես ասում են, շան սինդրոմ է: Երեխային էլ հասկանալի է, որ շունը վազում է հետևիցդ, քանի փախչում ես, բայց հետ է դառնում ու փախչում, երբ նրան հետապնդում ես: Ժամանակին ռուս խոշորագույն զորավար Սուվորովն ասում էր. «Դժվարը թուրքին փախչել պարտադրելն է: Հենց նա սկսեց փախչել, անհնար է բռնել…»:


Իհարկե, ինտելեկտն էլ ունի իր նշանակությունը. ցանկացած զինատեսակ, որ բերվում էր, նույնիսկ մեր գյուղացի տղերքը անմիջապես հեշտությամբ գործի էին դնում, իսկ նրանք դեռ երկար պիտի մտածեին: Կարևոր զինատեսակները վարձկաններին էին վստահվում, որոնց համար կռվելը ընդամենը բիզնես է և ոչ թե հայրենի հողը պահելու ներքին մղում: Հենց վերջերս Մարտակերտի վրա թռչող անօդաչու սարքը արցախցի հովիվը պապի որսորդական հրացանով է խփել: Իսրայելում արտադրել, մեջը լիքը գիտություն լցրել ու թանկ գնով վաճառել են թուրքերին, իսկ մեր կոշտ ու կոպիտ հովիվը որսորդական հրացանով վայր է գցել: 19 տարեկան շարքային Նարեկ Մարգարյանն էլ իրեն ոչնչացնել փորձող ադրբեջանական ուղղաթիռը նռնականետով խփեց: Որ մեկն ասեմ…


Ինձ համար հատկապես ուրախալի է, որ ապրիլյան քառօրյայի օրերին էլ մեր 18-20 տարեկան տղաները նույն կերպ էին մտածում ու կռվում, ինչպես իրենց հայրերն ու պապերը տարիներ առաջ: Դեռ ավելին, նրանք արգելում էին սրտի թելադրանքով թշնամուն մեր հողից շպրտելու մեկնած և նախորդ պատերազմում իրենց ճակատը փառքով պսակած ազատամարտիկներին ու նախկին զինվորներին օգնելու իրենց՝ ասելով, որ իրենք հաջողությամբ գլուխ կհանեն…Ասել է, թե մենք մտահոգվելու կարիք չունենք: Պատահական չէ, որ այս անգամ էլ մեր ոչ բարով հարևանները՝ փեշերը քշտած վազեցին ռուսների մոտ՝ միջնորդելու սաստել իրենց ուղղաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը հրացանով ու նռնականետով ոչնչացնող «անկառավարելի» հայերին…


Պակաս կարևոր չէ, որ ադրբեջանցիներն իրականում տրամադրված չեն կռվելու, քանի որ լավ գիտեն, որ հողն իրենցը չէ, իրենք փորձում են ուրիշի հողը զավթել: Կռիվն այդ երկրի ոչ լեգիտիմ, թալանչի իշխանություններին է պետք, նրանք իրենց թալանը պարտակելու համար խաղում են իրենց ժողովրդի զգացմունքների հետ, իսկ զինվորը, եթե տատանվեց, ստիպողաբար, հետևից յուրայինների կողմից խփվելու վախից կռվի գնաց, կլինի այնպես, ինչպես եղավ…

-Ուզում եք ասել՝ ճի՞շտ էր նրանց վաղամեռիկ վերլուծաբան Էլմար Հուսեյնովը, որ ասում էր՝ քոչվորը չի կարող հող պաշտպանել։


-Միանգամայն, դրա համար էլ Ադրբեջանում եզակի ճշմարտախոս, իր հայրենիքի հոգսերով ապրող այդ տղան Բաքվի ծայրահեղ ազգայնականների կողմից սպանվեց։

-Պարո՛ն գեներալ, այսօր Ադրբեջանի ռազմական բյուջեն մի քանի անգամ գերազանցում է մերին, նրանք սկսել են զենք-զինամթերք արտադրել, նույնիսկ պատրաստվում են ուղղաթիռներ թողարկել և սեփական կարիքները բավարարելուց բացի, վաճառել։ Բացի այդ, Ադրբեջանին անթաքույց սատարում է այս էլ քանի դար Հայաստանի վրա ատամ կրճտացնող Թուրքիան: Չե՞ք կարծում, որ վաղը, մյուս օրը նրանք առավել խոշորամասշտաբ ռևանշի կդիմեն ու մեզ կկանգնեցնեն փաստի առաջ։


-Բոլորովի՛ն,- կտրուկ պատասխանում է գեներալը,- Ադրբեջանն այդպես էլ բանակ չունեցավ, իրենք էլ դա լավ գիտեն։ Մարդ չունեն, մարդ: Շատ փողը դեռ բանակ չէ, մանավանդ հայտնի է, թե այդ փողերն ինչպես են ծախսվում։ Նրանց գեներալները փաստացի էժան, բայց թղթի վրա թանկ ձևակերպումներով գնեցին ու իրենց մոտ տեղափոխեցին ուկրաինական բանակի կողմից դուրս գրված ողջ «տեխնիկան»։ Բերեմ միայն մեկ օրինակ՝ լրիվ նոր «ՄԻԳե կործանիչները Ռուսաստանը վաճառում է 33 միլիոն դոլարով, իսկ մեր ոչ բարով հարևան «խելոքները» տասնյակ տարիներ շահագործված, դուրս գրման ենթակա նույն ինքնաթիռները ուկրաինացիներից գնել էին 29 միլիոնով ու ձեռքը կրակն ընկել։ Այս էլ որերորդն իր թռիչքն ավարտեց օդում պայթելով։ Պատահական չէ, որ այս փաստերին հետամուտ նրանց օդուժի գլխավոր հրամանատար գեներալը գնդակահարվեց իր տան մոտ։ Բացի այդ, թե՛ հայր և թե՛ որդի Ալիևների հոխորտանքները միայն բլեֆ են, սեփական ժողովրդի աչքերին թոզ փչելու, միլիարդավոր նավթադոլարները ազատորեն լափելու միջոց։ Այսօր էլ, երբ նավթի միջազգային գներն անկում են գրանցել, Պանամյան օֆշորային փաստաթղթերով բացահայտվել են Ալիևի ու նրա ընտանիքի միլիարդավոր դոլարների թալանը, այդ երկրի իշխանություններն առավել կատաղած են և փորձում են հայրենակիցների արյան գնով մոռանալ տալ իրենց այլանդակությունները: Սրանց համար զինվորն արժեք չունի և, պատահական չէ, որ իմանալով իրենց զինվորների մեծաքանակ զոհերի մասին, չեն դադարում սադրանքների դիմել, հետո էլ մարտադաշտով մեկ սփռված իրենց դիակները չեն հավաքում՝ քաղաքացիական բնակչության մեջ թյուր տպավորություն ստեղծելով, թե իրենք քիչ զոհեր են տվել… Թուրքիայի՝ ակտիվորեն ներգրավումը հայ-ադրբեջանական հակամարտությանը, առանց կասկածի, սկիզբ կդնի երրորդ համաշխարհային պատերազմի: Իրենք դա լավ են հասկանում:


Ադրբեջանցիներն էլ իրենց հերթին են լավ հասկանում, որ պատերազմի վերսկսումը կավարտվի Բաքվում։ Ինչ վերաբերում է ինձ, ես դրանում կասկած չունեմ…

- Արկադի Իվանիչ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարբեր ամբիոններից բազմիցս ասել և շարունակում է կրկնել, որ Ղարաբաղը երբեք անկախ չի լինելու:


-Խոսել նա սիրում է: Ավելին՝ նրանց ավագ եղբայր թուրքերն էլ դրան տոն են տալիս, կրկնում։ Դե, նրանց ախորժակը ժամանակին լիուլի բավարարվել է, պարզապես մոռացել են, որ հիմա 1915 թվականը չէ, մենք սեփական պետություն ունենք, միջազգայնորեն ճանաչված մարտունակ բանակ, հայրենիքի համար արյունը տալու պատրաստ զինվորներ և քաղաքացիական բնակչություն: Բացի այդ, մեր քաղաքական ղեկավարությունը չի թաքցնում, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է: Ապրիլյան քառօրյայի օրերին այստեղ՝ իմ աշխատավայրի բակում էին հավաքվել ողջ մնացած իմ մարտական ընկերները՝ առնվազն 50 տարեկան տղամարդիկ, և խնդրում էին միջնորդել պաշտպանության նախարարությանը՝ զենք տրամադրելու և Արցախի առաջնագծեր մեկնելու: Պաշտպանության նախարարությունը ստիպված էր հայտարարությամբ հանդես գալ, որ բանակն ի զորու է առանց լրացուցիչ ուժերի մեր հողը պաշտպանելու: Ոմանք, իհարկե, սեփական միջոցներով գնացին Արցախ ու կանգնեցին իրենց զինվոր զավակների կողքին…


Այնպես որ, Ալիևի ու նրանց ավագ եղբոր՝ Էրդողանի հոխորտանքներն ու երկար-բարակ խոսակցությունները հիմնականում ներքին սպառման, երկրի տիրոջ դեմքը պահպանելու համար են: Նման արտահայտությունները կարելի է համարել լոկ ինքնահաստատման նպատակով տեղեկատվական խաղեր: Ո՛չ ավելին: Գիտե՞ք, կա հասարակ դարձվածք՝ «Ցանկանալը վնաս չէ»: Տվյալ դեպքում այլ կերպ չես էլ ասի: Կարելի է թափահարել բռունցքները, սակայն, Բաքվում եթե փոքր-ինչ ավելի վստահ լինեին, որ կարող են իրականացնել իրենց զավթողական արկածախնդրությունը, վաղուց արդեն հերթական լայնածավալ պատերազմը սանձազերծած կլինեին: Հնարավոր է՝ նրանց ներուժը միշտ էլ ավելի մեծ է եղել և՛ անձնակազմի, և՛ տեխնիկայի, և՛ սպառազինության առումով: Այդպես է եղել նաև 1992-94թթ. մարտական գործողությունների ժամանակ: Իսկ Ադրբեջանը շրջափակվա՞ծ էր Հայաստանի պես: Իսկ նավթ այն ժամանակ մի՞թե չունեին՝ այն էլ թանկ գներով: Կամ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այնտեղ մնացած ավելի քան 11 հազար վագոն սպառազինությունը քի՞չ էր: Սակայն այն ժամանակ Ադրբեջանն իր նպատակներին չկարողացավ հասնել: Չկարողացավ վերջին ապրիլյան քառօրյայի օրերին, չի կարողանա նաև տեսանելի ապագայում՝ մանավանդ, որ ադրբեջանական բյուջեն լիուլի լցնող, ռազմական ծախսերն առանց դժվարության ֆինանսավորող նավթի գներն անկում են ապրել: Ապրիլի չորսօրյա սադրանքին ադրբեջանցիները տարիներ շարունակ նախապատրաստվել էին՝ սպայական անձնակազմեր էին վարժեցրել Թուրքիայում, նրանցից ու Ռուսաստանից ժամանակակից զենք-զինամթերք էին ձեռք բերել, Իսրայելից էլ՝ անօդաչու թռչող սարքեր /ԱԹՍ/, ներգրավել էին թուրքական ու ԻԼԻՊ-ի զինվորների ու սպաների: Եվ ի՞նչ: Այս անգամ արդեն Արցախի կանոնավոր բանակի մարտիկների կողմից հուժկու հակահարված ստանալուց, բազմաթիվ զոհեր տալուց հետո, ինչպես միշտ՝ ընկրկեցին: Երբ տեսան, որ շարունակելու դեպքում Արցախի զինվորները Բաքու կհասնեն, նորից փեշերը քշտած վազեցին օգնություն խնդրելու: Էլի, հուսով եմ արդեն վերջին անգամ, Ռուսաստանի միջնորդությամբ մենք մեծահոգաբար ներեցինք՝ չցանկանալով անմեղ երիտասարդների արյունը հեղել:


Ինչպես մեկ ամիս առաջ գերմանական «Բլումբերգ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշեց մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, հայ ժողովուրդը չի կարող թույլ տալ նոր ցեղասպանություն, իսկ Ղարաբաղի վերստին բռնակցումը բռնապետական, իսլամական պետության անմարդկային օրենքներով ղեկավարվող Ադրբեջանին, նշանակում է Արցախի բնիկ բնակչության իսպառ ոչնչացում…
Լիովին կիսելով մեր երկրի նախագահի, մեր երեկվա մարտական ընկերոջ մտահոգությունը, մենք՝ զինվորականներս ևս աներկբա կարծում ենք, որ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ադրբեջանին թեկուզ մեկ մետր ազատագրված տարածք հանձնելը նշանակում է մեր ձեռքով ինքնասպան լինել: Տարածքների փոխանակում նույնիսկ չի կարելի անել: Եթե գնանք տարածքային զիջումների կամ փոխանակումների, ապա թշնամին մեզ ավելի արագ կմոտենա և առանց մեկ վայրկյան իսկ մտածելու, ուղղակի կխեղդի հայերին, կվերացնի Հայաստանը: Դա պանթուրքիզմի գլխավոր նպատակներից մեկն է: Ասել է, թե, տարածքների որևէ զիջում չի կարելի թույլ տալ: Մենք դատապարտված ենք մեր հողն ու ջուրը ամուր պահելու: Դրանում վստահ է ամեն մի հայ, քաղաքականությունից քիչ թե շատ գլուխ հանող յուրաքանչյուր անհատ, - ավարտում է խոսքը իր հայրենիքի հիմնախնդիրներով մտահոգ, դրանք լուծելուն ըստ ամենայնի օգնելու պատրաստակամ Արցախի 77- ամյա հերոսը՝ լեգենդար Կոմանդոսը…


ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ.- Սրտանց շնորհավորելով Արկադի Տեր- Թադևոսյանին ծննդյան 77 -ամյակի առթիվ, մաղթում ենք սիրելի գեներալին առողջություն, անսահման երջանկություն և նվիրական իղձերի իրականացում…
 

 

 

 

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...