16:33
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Նորաձևության հեղափոխություն քաղաքականության մեջ

2016-05-10 11:26

 

ԿԱՄ

«Kwisty studio»-ն  կերտում է քաղաքական գործչի նրբաճաշակ կերպար


 

«Դե Ֆակտո» N118 (2016թ.) 



Իզուր չի ասված, որ հագուստով դիմավորում են, խելքով` ճանապարհում: Նկատելի է, որ այս ասացվածքին հետևում են Հայաստանը ներկայացնող գրեթե բոլոր քաղաքական գործիչները` կրելով թանկարժեք, բրենդային հագուստ: Սակայն հարկ է շեշտել, որ բրենդային հագուստ կրելը դեռևս չի խոսում նրբաճաշակության, ոճի մասին: Բնավ` ոչ: Իրականում պատշաճ հագուստ կրելու, սեփական ոճն ունենալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետներին` ոճաբաններին, դիզայներներին, որոնք կոչված են կերտելու գրագետ կերպարներ: Ուրախալի է փաստել, որ այսօր Հայաստանում ոճաբանի հիանալի աշխատանքով աչքի է ընկնում ոճաբան, դիզայներ Քրիստինե Գրիգորյանը, մարդ, ով կարևորում է մեր երկրի դեմքը ներկայացնող քաղաքական գործիչների նրբաճաշակ հագուկապը, աշխատում է նրանց հետ` կատարելով գրագետ և մանրակրկիտ աշխատանք, ձգտելով խթանել իր երկրի լավագույնս ներկայացվածությունը, հատկապես միջազգային ասպարեզում:
Որքանո՞վ են գրագետ հագնվում մեր քաղաքական գործիչները, ինչպե՞ս կարելի է գտնել սեփական ոճը և այլ հարցերի պատասխաններ կփորձենք պարզել իր գործի գիտակ, իսկական պրոֆեսիոնալ, «Kwisty studio»-ի հիմնադիր տնօրեն, գլխավոր դիզայներ, ոճաբան Քրիստինե Գրիգորյանի հետ մեր հարցազրույցի շրջանակներում:

-Հարգելի՛ Քրիստինե, Դուք կրթություն եք ստացել Եվրոպայում և վստահ ենք, որ այնտեղ ստացել եք աշխատանքային հրավերներ, որոնք գուցե Ձեզ ավելի մեծ հաջողություններ կարող էին բերել, քան Հայաստանում գործունեություն ծավալելը, հատկապես, որ հայկական նորաձևության աշխարհը շատ բացեր ունի: Ո՞րն էր Ձեր որոշման ամենակարևոր նախադրյալը:


-Հայաստանն իմ երկիրն է, և իմ ցանկությունն է, որ արտասահմանում ստացած կրթությունս ծառայի հայրենիքիս: Իմ նպատակը մեկն էր` վերադառնալ Հայաստան, աշխատել, ստեղծագործել այստեղ, պրոֆեսիոնալ ոճաբանի, դիզայների իմ գիտելիքներն ու հմտությունները ներդնել իմ երազանքների նախագծի` «Kwisty studio»-ի ստեղծման գործում, կայանալով որպես մասնագետ` զարգացնել նորաձևության ոլորտն իմ հայրենիքում: Ու քանի որ նպատակասլաց և համառ անձնավորություն եմ, ով հավատում է իր ուժերին, սիրում է գործել ու երազանքները դարձնել իրականություն, իմ շուրջ համախմբեցի արհեստավարժ, տաղանդավոր մասնագետների և նրանց հետ միասին ստեղծեցի իմ ստուդիան, որն արդեն հինգ տարի է հաջողությամբ գործում է` ամեն տարի ունենալով կայուն զարգացման տեմպեր:


-Ի՞նչ ծառայություններ են մատուցվում «Kwisty studio»-ում:


-Մեր մատուցած ծառայությունների ցանկը բավականին ընդգրկուն է, որոնք միտված են գեղեցկացնելու և կատարյալին մոտեցնելու յուրաքանչյուր այցելուի կերպար: Մենք ունենք ոճաբանի, դիզայների ծառայություններ, ինչպես նաև ոճաբանի հետ գնումների գնալու ծառայություն (shopping), որը թույլ է տալիս հաճախորդին կատարել գրագետ, նպատակային գնումներ, ունենալ շքեղ տեսք, ինչու ոչ, խնայել գումարը` չծախսելով այն սխալ ընտրված հագուստ ձեռք բերելու համար: Մենք ունենք հագուստի արտադրամաս, որտեղ կարելուն զուգահեռ` կատարվում են նաև ձեռագործ աշխատանքներ, տպագրություն: Եթե հաճախորդը չի կողմնորոշվում` ինչպիսի հագուստ է իրեն անհրաժեշտ, մենք անվճար նախագծում ենք այն, և նա վճարում է միայն հագուստը կարելու համար: Փորձում ենք ամեն կերպ աջակցել, որ մեր սրահի հյուրը գոհ և երջանիկ հեռանա:
«Kwisty studio»-ում գործում է նաև «Kwisty ապագայի դպրոցը», որը նպատակ ունի պատրաստել որակյալ կադրեր և հայաստանյան նորաձևության աշխարհը հարստացնել կրթված և զարգացած մասնագետներով: Եվրոպայում ստացած ոճաբանի, դիզայների իմ գիտելիքները ես սիրով փոխանցում եմ իմ ուսանողներին: Մասնագիտական առարկաներից զատ` մեզ մոտ դասավանդվում է նաև դերասանի վարպետություն, որը նպատակ ունի ազատել բարդույթներից մեր ապագա մասնագետներին, հնարավորություն տալ ազատ մտածելու և ստեղծագործելու, քանի որ արվեստը հոգու աշխարհ է, հոգևորի ծնունդ:

 

-Մենք տեղյակ ենք, որ Ձեր ծառայություններից հաճախ են օգտվում քաղաքական գործիչները: Որքանո՞վ եք կարևորում քաղաքական գործիչների` ոճաբանի հետ համագործակցելու անհրաժեշտությունը:


-Անչափ կարևորում եմ, քանի որ նրանք հիմնականում ներկայացնում են մեր երկիրը, մեր ժողովրդին և պետք է գրագետ լինեն ինչպես իրենց գործում, այնպես էլ հագուստ ընտրելիս: Էլիտար շրջանակներում տարածված «միֆ» կա, որ հայտնի բրենդներից հագուստ գնելը ապահովում է ոճայնություն, սակայն դա «միֆ» է, քանի որ, որքան էլ հայտնի լինի մարդու հագուստի բրենդը, այն նախ և առաջ պետք է համահունչ լինի նրա կերպարին, ֆիզիկական կառուցվածքին: Բրենդային հագուստ կրելը բոլորովին չի ենթադրում ճաշակ կամ գրագետ հագուկապ, առավել ևս` ոճ: Եվ հատկապես քաղաքական գործիչների դեպքում շատ կարևոր է ոճաբանի հետ խորհրդակցելը, հատուկ իրենց համար դիզայներական հետաքրքիր լուծումներով սեփական ոճ կերտելը կամ նվազագույնը մասնագետի հետ գնումներ կատարելը: Դա աշխարհում ընդունված ձև է, հագնվելու մշակույթ, որը նաև մեզանում պետք է մեծ տարածում ունենա:
Մենք ունենք հաճախորդներ, որոնք քաղաքական գործիչներ են, և որոնք ցանկանում են յուրաքանչյուր հանդիպման, միջոցառման գնալիս գրագետ, գեղեցիկ, նորաձև տեսք ունենալ: Մենք նրանց պատրաստում ենք հարցազրույցների, միջազգային մակարդակի հանդիպումների, ելույթների, տարաբնույթ միջոցառումների` յուրաքանչյուրի համար ստեղծելով կամ ընտրելով իր ոճին համապատասխան յուրահատուկ զգեստ կամ կոստյում:
Ես կցանկանայի, որ այս հարցին մեծ կարևորություն տային մեր երկրի պետական այրերը, որոնք առավել հաճախ են արտասահմանում ներկայացնում մեր երկիրը, հավատացեք, որ հագուստը շատ բան է պատմում մարդու մասին:

-Քաղաքական գործիչների շրջանում կա՞ն մարդիկ, ովքեր գրագետ են հագնվում:


-Ես ուզում եմ առանձնացնել մեր առաջին տիկնոջը` Ռիտա Սարգսյանին, ով հիացնում է ինձ իր գեղեցիկ կերպարով, հագուկապով, որը նրա նման լուսավոր է, վառ, ուրախ: Նա գնալով ավելի ու ավելի գրավիչ է դառնում: Ինձ դուր է գալիս, որ մեր երկրի առաջին տիկինն այդքան գրագետ ու ոճային հագուկապ ունի:
Մասնագիտական էթիկայից ելնելով` ես չեմ ուզում այլ անուններ տալ, առավել ևս, որ նրանցից շատերը մեր հաճախորդներն են:

 

-Այսօր Հայաստանի նորաձևության աշխարհը լի է տարբեր առաջարկներով, կարծես թե շարժ կա, երիտասարդության շրջանում նույնպես մեծ հետաքրքրվածություն կա ոճային տեսք ունենալու, նորաձևության միտումներին հետևելու առումով: Որպես մասնագետ` ինչպե՞ս կգնահատեք հայաստանյան նորաձևության աշխարհը, մասնագիտական ծառայությունների որակը, մրցակիցներ ունե՞ք:

-Այսօր մեր նորաձևության աշխարհն իսկապես լի է տարբեր առաջարկներով, որոնցում, սակայն, ես քիչ եմ տեսնում մասնագիտական, ստեղծագործական աշխատանք, ես ավելի շատ տեսնում եմ հայտնի դիզայներների հավաքածուների կրկնօրինակների ստեղծում: Ես կցանկանայի տեսնել անհատական ստեղծագործություններ, որոնցում արտահայտված լինեն ինչպես նորաձևության խոսքը, գույնը, լուծումները, այնպես էլ հեղինակի ձեռագիրը, նրա ստեղծագործական տաղանդը:

Իհարկե, կան տաղանդավոր մարդիկ, ովքեր մեծ ցանկություն ունեն յուրահատուկ աշխատանքներ ներկայացնելու, մասնագիտանալու այս ոլորտում, սակայն նրանք քիչ են, և եթե նման մարդկանց հնարավորություն չընձեռվի դրսևորվելու, ճիշտ ուղի ընտրելու, ապա իրենք էլ կխառնվեն կրկնօրինակման հեշտ աշխատանքը նախընտրողների խմբին:

-Կխնդրեմ նկարագրեք` ինչպիսի՞ աշխատանք է կատարվում «Kwisty studio»-ում որևէ անձի համար հագուստ ստեղծելիս, և արդյո՞ք որևէ հագուստ նախագծելուց հետո Դուք ինքներդ կարում եք այն:


-Ես իմ աշխատանքին շատ խստապահանջ եմ մոտենում և, բնականաբար, եթե ինչ-որ աշխատանք անում եմ, ապա դա անում եմ անձամբ` սկզբից մինչև վերջ, նախագծումից մինչև կարելը և հաճախորդին ներկայացնելը:
Մինչև կերպարը, ոճը ստեղծելը, հագուստները նախագծելը, մենք նախ զրուցում ենք տվյալ անձի հետ, տեղեկանում, թե նա հագուստի առումով ինչպիսի նախասիրություններ ունի, ինչ հագուստներ են առկա իր զգեստապահարանում և այլ մանրամասներ ու հաշվի առնելով նաև նրա ֆիզիկական տվյալները` ստեղծում ենք նրա համար հարմարավետ, ոճային, նորաձև հագուստ, որը ընդգծում է նրա մարմնի գեղեցիկ հատվածները: Ես միշտ ասում եմ` պետք է ճիշտ համադրել միտքը, հոգին և գույնը:

-Ո՞րն եք համարում կնոջ մարմնի ամենագեղեցիկ, ամենականացի հատվածը, որը սովորաբար ընդգծում եք:


-Կնոջը յուրահատուկ հմայք են հաղորդում պարանոցը, ուսերը, որոնք եթե հագուստի միջոցով ճիշտ են ընդգծվում, նրան դարձնում են անդիմադրելի գրավիչ:

 

-Որո՞նք են Ձեր նախընտրելի գույները:


-Ես սիրում եմ սևը, սպիտակը, կարմիրը:


-Ինչպե՞ս կանվանեիք Ձեր ոճը:


-Ինձ առավել հաճախ կարելի է տեսնել «Street fashion», «Casual» ոճում, սիրում եմ նաև դասականը: Ես սիրում եմ ինքնավստահ, կանացի, սեքսուալ ոճը, որը փորձում եմ արտահայտել նաև իմ հագուստների ընտրության մեջ: Սիրում եմ հագուստի նրբագեղությունը, պարզ, բայց բովանդակ գեղեցկությունը: Ընդհանրապես, Kwisty-ի ոճն է այդպիսին, մեր ստեղծած հագուստը կարելի է կրել բարձրակրունկներով ու գնալ որևէ միջոցառման, այնուհետև փոխարինել բարձրակրունկներն առավել առօրեական կոշիկներով և կրկին նորաձև ու ճաշակով տեսք ունենալ: Չեմ սիրում ճչացող դիմահարդարում, առավել գնահատում եմ բնականին մոտ դիմահարդարումը, որը կնոջն ավելի բնական գրավչություն է հաղորդում: Սանրվածքս նույնպես հատուկ եմ ընտրել, պատահական չէ, որ մազերիս կեսը երկար է, կեսը` կարճ, փորձել եմ համադրել արվեստը և բիզնեսը:

-Դուք բավականին ակտիվ, էներգիայով, ձգտումներով լի, ինչպես նաև անչափ գեղեցիկ անձնավորություն եք, հետաքրքիր է` ի՞նչ կենսափիլիսոփայությամբ եք ապրում:

-Ես սիրում եմ կյանքը, մարդկանց, իմ աշխատանքը և երբեք չեմ կորցնում իմ լավատեսությունը: Փորձում եմ ապրել դրական մտքերով, ինձ շրջապատել գեղեցիկ, լուսավոր, բարի մարդկանցով, որոնք լիարժեք են դարձնում աշխարհս և տրամադրում արդյունավետ ստեղծագործական աշխատանքի:


-Ես տեղյակ եմ, որ Դուք շատ հետաքրքիր նախագիծ ունեք, ցուցադրություն, որը շուտով պետք է իրականություն դառնա, կպատմե՞ք դրա մասին:


-Մենք պարբերաբար ունենում ենք ցուցադրություններ, որոնցում ներկայացնում ենք մեր աշխատանքները, սակայն այս մեկն առանձնանալու է իր յուրահատուկ նշանակությամբ: Ես ուրախ եմ, որ մենք այս տարի հնարավորություն ունենք կազմակերպելու գեղեցիկ ցուցադրություն, որի հասույթն ուղղելու ենք լեյկոզով հիվանդ երեխաներին «Նվիրիր կյանք» և «Հայ օգնության ֆոնդ» հիմնադրամների միջոցով: Հուսով ենք` մեզ կհաջողվի մեր փոքրիկ ներդրումն ունենալ երեխաների բուժմանը նպաստելու գործում:


Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...