15:57
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Նարցիս»-ը 10 տարեկան է

2016-04-18 11:13

 

«Նարցիս»-ը գրական-գեղարվեստական, մշակութային հանդես է,որը հիմնադրվել է 2006 թվականին՝ Սոնա Վանի, վաղամեռիկ Վահան Վարդանյանի և արձակագիր, բարերար, բժիշկ Նուբար Ջանոյանի ջանքերով: Այսօր «Նարցիս»-ը 10 տարեկան է:
«Նարցիս» ամսագրի խմբագրակազմը սիրով շնորհավորում է բոլոր հայուհիներին գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ և մաղթում երազանքների իրականացում: Շնորհակալությամբ հիշենք այն մարդկանց, ովքեր ամսագրի ճանապարհին մասնակցեցին, քաջալերեցին, թղթակցեցին և օժանդակեցին հանդեսի կայացմանը:

 «Դե Ֆակտո» N118 (2016թ.)


ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ
Հայաստանի գրողների միության նախկին նախագահ


«Նարցիս» գրական-գեղարվեստական մշակութային հանդեսը, իրոք, թարմ շունչ հաղորդեց մեր գրական մամուլի, ընդհանուր առմամբ, դժգույն մթնոլորտին: Դասականի և արդիականի հմուտ զուգակցում, ճաշակավոր փորձարարություն, նոր անուններ, թարգմանական ընտիր էջեր, և այս ամենը ոճի ու ձևի ներդաշնակ մատուցմամբ:
Շատ բարձր եմ գնահատում հանդեսը ճշմարիտ գրականության ամբիոն դարձնելու խմբագրակազմի ազնիվ ջանքերը, դրանով իսկ նպաստելով, ըստ իս, արդի գրական կյանքի ամենախոցելի երևույթը հաղթահարելուն` կապված խաթարված գրական չափանիշների վերականգնման հետ:


ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՀ մշակույթի նախարար


Դուք ամսագրի յուրաքանչյուր նոր համարով ամբողջացրիք Ձեր ստեղծագործական հավատամքը և ցույց տվեցիք, որ նարցիսականների համար կյանքի չափանիշը արվեստն է, իսկ արվեստի չափանիշը կատարելության հասնելու ձգտումը: Այսօր «Նարցիսի» էջերում տպագրվելու ակնկալիքը շատերին է ստեղծագործական լիցքեր հաղորդում և դրդում գրիչ վերցնելու, և դա պերճախոս վկայությունն է ամսագրի օրեցօր աճող հեղինակության:
Ցավոք, ստեղծագործական անուրանալի հաջողություններով հանդերձ, ամսագիրը կանգնած է ֆինանսական դժվարությունների առաջ, և ցանկալի կլիներ նրա շուրջը համախմբված տեսնել նաև գործարար անհատների:
Վերստին ողջունում եմ «Նարցիսի» հաջողությունները և պատրաստակամություն հայտնում համագործակցության:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ
բանաստեղծ


Գրական չափանիշների և մանավանդ ճաշակի գրեթե իսպառ ոչնչացման մեր օրերում «Նարցիսը» հայտնվեց որպես բարձր գրականության նվիրյալ և մինչ օրս շարունակում է իր առաքելությունը: Սակավամարդ խմբագրակազմը և հրատարակչական սուղ միջոցները չխանգարեցին, որ պարբերականը հավատարիմ մնա իր սկզբունքներին: Ցանկալի է, որ «Նարցիսն» ունենա հիշյալ միջոցները՝ ավելի մեծ նպատակներ իրագործելու և ընթերցող լայն հասարակության մշտական սիրելին դառնալու համար:


ՎԱԶԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի
հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ,
դոկտոր-պրոֆեսոր


«Նարցիսը» շատ կողմերով, հատկապես արտասահմանյան գրականության և գեղարվեստի վկայակոչումներով, գեղագիտական մտքի հետ ծանոթացումներով շահեկանորեն տարբերվում է մեզանում եղած գրական հանդեսներից: Նկատելի է նաև որոշակի ճաշակ գեղարվեստական նյութի ընտրության հարցում: «Նարցիսի» յուրաքանչյուր նոր համարին սպասողներ միշտ կան:
«Նարցիսին» երկար ճանապարհ եմ մաղթում:


ԱԶԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Գրականության ինստիտուտի նախկին տնօրեն,
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր


«Նարցիսն» ինձ դուր է գալիս: Իր դեմքն ունի: Նկատի ունեմ և՛ ձևավորումը, և՛ բովանդակությունը: Լավ է, որ հեղինակների թվում են տարբեր սերունդների գրողներ՝ Աղասի Այվազյանից մինչև ամենանորերը: Շատ լավ է, որ հանդեսը ներկայացնում է արտասահմանյան գրականությունը և գրական միտքը: Լավ է, որ, օրինակ, տպագրվում է Ռոլան Բարթի ամենահայտնի գործերից մեկը՝ «Հեղինակի մահը»: Տա Աստված, որ «Նարցիսը» երկար գործի մեր գրական դաշտում:


ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
գրող, հրապարակախոս


«Նարցիս»-ի հայտնությունը
Այսօրվա հայաստանյան, կարելի է ասել, անգրականամամուլ մթնոլորտում «Նարցիս»-ի հայտնությունն իսկապես հայտնություն է, ոչ միայն նոր անուններ, այլև նորացված անուններ, ոչ միայն նոր հայացք, այլև նորացված հայացք հին արժեքներին:
Այսօր ես իմ կյանքը չեմ պատկերացնում առանց «Նարցիս»-ի, այսինքն թե՝ մեր ամսագիրը, ես ուզում եմ այդպես անվանել, ինձ՝ հին, բայց ոչ հնացած ընթերցողիս, նորից դարձրեց ընթերցող պատանի, երբ ամսագրի ամեն համարը բացելիս սիրտդ թրթռում է, որ կհանդիպես մինչև այսօր չգրված, չտպագրված մի քարագիր անանց տողի:


ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍ
ՀՀ մշակույթի նախկին նախարար, բանաստեղծ, թարգմանիչ

«Նարցիս»-ը շատ կարճ ժամանակամիջոցում դարձավ մեր գրական կյանքի կարևորագույն մի հատվածը, այն ինչ հանդեսը մինչ օրս տպագրել է, արտացոլում և վերարտադրում է այն ամենը, ինչը հատկանշական է ժամանակակից բանաստեղծությանը, արձակին, քննադատությանը: Հանդեսը մեր օրերում լցնում է մի հսկայական տարածք, այն ընթերցված է, ամենակարևորը՝ իր ճաշակավոր մատուցումներով դարձել է մեր գրական առօրյայի արդեն անփոխարինելի երևույթը:
Ամեն գրական հանդես չէ, որ կենսականորեն ապահովություն է ձեռք բերում:
«Նարցիս» -ը արդեն հասել է դրան:

ԷԴՈՒԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
բանաստեղծ, նկարիչ, Հայաստանի գրողների միության նախագահ


«Նարցիս» ամսագիրը վերջին տարիների լավագույն գեղարվեստական չափանիշ հաստատողն է: Նաև գեղարվեստի փիլիսոփայության ասպարեզում: Նորովի են ներկայանում մեր արձակագիրներն ու բանաստեղծները, հայտնվում են շնորհալի երիտասարդ գրողներ:
«Նարցիս» -ը չի հմայվում ինքն իրենով, ուրիշներով է ոգեշնչվում:
Թող շարունակվի այս կերպը:

ՆՈՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ
բանաստեղծ, ՀՀ ՊՆ Միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության ավագ սպա, փոխգնդապետ

Ներկայիս գրական-մշակութային հանդեսների շարքում «Նարցիս» ամսագիրն ունի իր ուրույն դեմքը: Այն, ըստ իս, կարող է բավարարել խստապահանջ ընթերցողին իր ժանրային բազմազանությամբ և տպագրական բարձր որակով: Կարդում եմ հաճույքով և անհամբեր սպասում յուրաքանչյուր համարին: Մաղթում եմ նրան մրցակցային հմտություններ և անկողմնակալ ընտրությունների խոհեմություն:


ՎԼԱԴԻՄԻՐ ՂԱԶԱՐՅԱՆ
ՀՀ ԶՈՒ գնդապետ
Ընդամենը մեկ տարի առաջ առիթ ունեցա ծանոթանալու «Նարցիս» ամսագրին: Այն ինձ անմիջապես գրավեց: Ամսագիրը տպագրում է նյութեր ամեն ինչի մասին: Դրանք ընտրված են մեծ բծախնդրությամբ և գրական բարձր ճաշակով: Ես ուրախ եմ, որ արդեն «Նարցիսի» ընթերցողն եմ: Յուրաքանչյուր նոր համարի ես անհամբերությամբ եմ սպասում:

ԳԱՌՆԻԿ ԱՆԱՆՅԱՆ
ԵՊՀ լրագրության ֆակուլտետի նախկին դեկան
բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր


«Նարցիսի» առաջին իսկ համարներն արդեն վկայում էին, որ հանդեսն իր մանկությունը «արգանդային» շրջանում է ապրել: Առաջին համարից սկսած և շարունակաբար մյուս համարներում առկա են շատ որոշակի սկզբունքներ ու չափանիշներ: Վերջին մեկուկես տասնամյակի գրական զարգացումների առանձնահատկությունները կրող գործեր են տպագրվում ,Նարցիսիե էջերում, իսկ նման համապատկերը հանդեսի խմբագրության լայնախոհության արդյունք է:
Պետք է ամեն գնով պահպանել մեր ազգի համար խիստ կարևոր այս մշակութային օջախը: Երկար կյանք քեզ, «Նարցիս»:


ԶԱՎԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս
գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր


Ողջունում եմ «Նարցիս» ամսագրին: Չնայած գրական հանդեսի համար նա գրեթե տարիք չունի, այնուամենայնիվ ձեռք է բերել բնավորություն, հայացք ու ճաշակ է մշակում, մեր այսօրվա գրողների ու արվեստագետների ճշմարիտ խոսքն է հասցնում ընթերցողներին: Նորօրյա գրականության նկատմամբ ունեցած իներտ միջավայրում այն ձեռք է բերել այնպիսի ձգողական ուժ, որ գրողները, մշակույթի ու գիտության գործիչները՝ ահել թե ջահել, ցանկանում են տպագրվել հենց այս ամսագրում: Ես հավատում եմ, որ այդպես է:

ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ
բանաստեղծ, մանկագիր


«Նարցիս»-ը առաջին համարից իսկ, որպես անխախտ սկզբունք, համարձակորեն ընդունեց բարձր ինտոնացիայի ստեղծագործությունների հրապարակումը: Որքան նկատել եմ, համարներում չկան նյութեր, որ տեղ են գտել հենց այնպես, առանց հանդեսի մշակութաբանական քաղաքականության պահանջի:
Ամենաքմահաճ ընթերցողը հանդեսը ծածկում է բավականության զգացումով: Այս իմաստով ծանր-պատվաբեր բեռ է ուսել ,Նարցիսըե:
Մեր գրական-մշակութային հետաքրքիր խմորումները, նաև թարգմանական բարձրաճաշակ նյութերը, նա ձգտում է հասցնել ընթերցողին: Այդ նպատակը, պետք է ասել, հրաշալիորեն իրագործվում է խմբագրի և խմբագրակազմի ջանքերով՝ ի հակառակ ժամանակի անբարենպաստ հողմերի և կյանքի նյութականացման վայրագ հորձանքի:
«Նարցիսը» մեր հոգին փրկող խիզախ մեկն է:


ՄԵԼԱ ՍԱՆԹՈՅԱՆ
Բանասիրության գիտությունների դոկտոր պրոֆեսոր


Ամեն նորի ծնունդ աչքալուսանք է՝ ցանկությունների առատությամբ: ,Նարցիսըե այդպես ծնվեց և միանգամից սկսեց վստահ քայլել: Ակամայից զուգահեռներ են առաջանում՝ մշակութային, գրական հանդեսի առնչությամբ՝ Գարեգին Լևոնյանի «Գեղարվեստ», Արշակ Չոպանյանի «Անահիտ», Վարդգես Պետրոսյանի «Գարուն» ֆենոմենների հետ ու այսօր նրանցից լավն է: Էրուդիտների խմբագրակազմը ու արդեն լույս տեսած համարները դրա վառ վկայությունն են:

ՆԵՐՍԵՍ ԱԹԱԲԵԿՅԱՆ
02 շաբաթաթերթի խմբագիր
բանաստեղծ, թարգմանիչ
բանասիրական գիտությունների թեկնածու


«Նարցիսը» իր որակների շնորհիվ ոչ միայն արդեն «պարսպապատել» է իր ազդեցության դաշտը,այլև սիրելի ու փնտրված է շատ ու շատ հեղինակների ու ընթերցողների համար, եղանակ է ստեղծում հանրային մտածողության մեջ, իր բարձրաճաշակ ոլորտն է առնում նորանոր մշակութային ուժեր, հատկապես երիտասարդներին, ինչը ենթադրում է այս վաղուց սպասված հոսանքի շարունակությունը:
«Նարցիսը» էլիտար հանդես է լավագույն իմաստով, այսինքն` հատընտիր, բարձրաճաշակ, միաժամանակ ավանդապահ ու նորարար և մնում է միայն դրա համար շնորհակալություն հայտնել խմբագրակազմին, որ սրտով ու խոր իմացությամբ է անում իր գործը, մաղթել «Նարցիս»-ին վստահ ընթացք, իսկ բոլորիս՝ արդյունավետ համագործակցություն սիրելի հանդեսի հետ:

 

ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆ
գրականագետ, թարգմանիչ


«Նարցիս» հանդեսի մուտքը մեր իրականություն և մանավանդ գրական-մշակութային կյանք բեկումնային եղավ: Չափանիշների անկումային այս օրերին ,Նարցիսըե եկավ հաստատելու, որ դեռ չի անցել և չի անցնի երբեք բարձր գեղարվեստական-էսթետիկական ճաշակի ու ըմբռնման ժամանակը: Թող «Նարցիսի» ընթացքը միշտ աներեր ու հաստատուն լինի:


ՍԱՄՎԵԼ ԿՈՍՅԱՆ
բանաստեղծ , հրապարակախոս, դրամատուրգ


«Նարցիս» գրական-գեղարվեստական, մշակութային հանդեսն իր ծնունդն ազդարարեց հայ գրականության համար անորոշ ժամանակներում և հույսի պես էր, քանի որ նոր գրական մամուլի լույս ընծայումը վկայությունն էր նրա, որ վիճակն այնքան էլ անհույս չէ, եթե շարունակվում է հետաքրքրությունը գրականության և մշակույթի նկատմամբ: Հանդեսն իր էջերում ներկայացնելով մեր գրականությունն ու մշակույթը բազմաժանր և բազմաբովանդակ, իր համար չափանիշ որդեգրեց բարձրագույն արժեքները և շարունակում է հավատարիմ մնալ իր դավանանքին: Ամենակարևորը, որ մեծ է հանդեսի ներուժը և, ուրեմն, ընթերցողների ակնկալիքներն են մեծ:
Եվ յուրաքանչյուր նոր համար այդ ակնկալիքների բավարարումն է, յուրաքանչյուր նոր համար ավանս է հետագա առավել հաճախ հանդիպումների:


ՆՈՐԱՅՐ ՂԱԶԱՐՅԱՆ
գրականագետ, բանաստեղծ, բան. գիտ. թեկնածու


Սոնա Վանը հրաժարվել է բանաստեղծական ավանդական չափերից: Նա օգտագործում է կառուցվածքի նվազագույնը, ընդլայնում բանաստեղծության տարողությունը՝ շնորհիվ ստուկտուրային միավորների հնարավորինս ակտիվացման:
«Ավետարանական կոլորիտը» միտումնավոր լրացվում է կենցաղագրությամբ՝ սրբախոսությունը մղելով դեպի առօրեական դաշտ: Այդ սկզբունքո՞վ կերտված չեն Ոստանիկ Ադոյան-Արշիլ Գորկու կերպարները:


ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ԼՂՀ ԳՄ նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Մեր մշակութային իրականության մեջ իրեն արդեն իսկ հաստատել է «Նարցիս»-ը՝ վերջին տարիների թերևս ամենահետաքրքիր ու ինքնատիպ պարբերականներից մեկը, ուր բառը և հայացքը աշխարհվում են մաքուր։ «Նարցիսն» անխաբ հաղորդություն է ինչպես մեր ազգային, այնպես էլ համաշխարհային մշակույթի ու գրականության գեղեցիկ որոնումների հետ։ Եվ համոզված եմ, որ Ծաղիկը ոչ միայն ինքն իրենով էր հիացած (չմոռանանք, որ առանց ինքնահիացումի չկա հիացում), այլև իր արտացոլանքն այնքան բարձր արվեստով ներառած գետ ու գրի հնարավորություններով։

ԱՐԾՐՈՒՆ ԱՎԱԳՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան,
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

«Նարցիս» գրական-գեղարվեստական հանդեսը մուտք գործելով գրական դաշտ, բերեց արժեքային նոր սանդղակ և մինչև օրս պահպանում է այդ արժեքայնությունը: Այս դարձդարձիկ օրերում «Նարցիսը» մի հանդես է, որ տուրք չտվեց գռեհկաբանություններին, ժամանակակից ցածրարժեք մշակութային (իբր) տարրերին:
Բարձր գեղագիտական ճաշակով են ընտրված բոլոր նյութերը, իսկ թարգմանական գրականությունը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն շփվել տարբեր երկրների գրողների հետ, այլև զուգահեռներ անցկացնել մեր գրականության հետ:
Հավատացած եմ, որ «Նարցիս» հանդեսի դերը մեր գրական–մշակութային կյանքում մշտապես լինելու է առաջատար:

 


ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆ
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար,
արվեստի վաստակավոր գործիչ


Մշակութային ազգ հասկացողությունը աբստրակտ չէ. այն բաղկացած է կոնկրետ մշակութային երևույթներից: Այդ թվում «Նարցիս» գրական-գեղարվեստական հանդեսը, որն այս տարիների ընթացքում դարձավ Հայաստանի մշակութային և գրական կյանքի անփոխարինելի մի մաս: Բարձր գեղարվեստական ճաշակը, գրական խիստ ճաշակը առանձնացնում են այդ հանդեսը մեր, ցավոք սրտի, ոչ այդքան հարուստ մշակութային միջավայրից:
Ես անչափ ուրախ եմ, որ բախտ ունեմ լինել այս հանդեսի մշտական ընթերցողը:
Մաղթում եմ «Նարցիսին» շարունակել նույն եռանդով իր աշխատանքը, քանի որ այն սերմը, որ ցանում է հանդեսի խմբագրությունը, անկասկած բերում է և կբերի ապագայում բարձր գրական արժեք ունեցող գործեր:

 

ՖԵԼԻՔՍ ՄԵԼՈՅԱՆ
գրականագետ,
«Նորք» գրական պարբերականի խմբագիր

«Նարցիս» հանդեսի մասին շատ լավ կարծիքի եմ: Ե՛վ գրական տեքստերի, և՛ մշակույթի տարողունակ շրջանակի, և նյութերի մատուցման առումով: Աստված տա` միշտ այսպես շարունակեք, չենթարկվեք պարտադրանքի, մնաք ձեր խղճին ու ճաշակին, ձեր ուսերին չառնեք Գրողների միության թաց ու չոր բեռը ու չլծվեք նրա սայլին:

ԼԱԼԱ ՔՈՉԱՐ
Երվանդ Քոչար թանգարանի տնօրեն


«Նարցիս» գրական-գեղարվեստական ամսագիրն այսօր մեր մշակութային կյանքի անժխտելի իրողությունն է:
Ամսագիրը տպագրվել սկսեց մտավոր վակուումի պայմաններում, երբ չէր հրատարակվում արժեքավոր ոչինչ, եկավ ապացուցելու, որ առաքելություն ունի, որը և, փառք Աստծո, հաջողությամբ իրագործում է առայսօր:


ԿՈԼԻԱ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
պարսկահայ արձակագիր,
գրական ամսագրի գլխավոր խմբագիր

«Նարցիս»-ը իր բովանդակությամբ ու խորքով, նյութերի բազմազանությամբ ու նոր անուններով, ինչպես նաև խնամված ու գեղեցիկ տպագրությամբ հիրավի կարող է դասվել մեր ժամանակակից գրականության ու արվեստի լավագույն հրատարակությունների շարքին:
Մաղթում եմ ձեզ ուժ և կորով, կանաչ ճանապարհ ու հարատևություն:

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...