2016-04-14 20:42
«Ապրել՝ անմատչելի ինչ-որ բանի մշտապես սիրահարված»
«Դե Ֆակտո» N118 (2016թ.)
Ամերիկաբնակ պոետ, էսսեիստ Սոնա Վանը (Սոնա Տեր-Հովհաննիսյան) ծնվել է Երևանում:
1978-ից ապրում է Կալիֆորնիայում: Ամերիկյան համալսարանում ստացել է կլինիկական և հոգևոր-հոգեբանության մագիստրոսի կոչում: Մասնագիտությամբ բժիշկ-հոգեբան է:
2006 թվականից Երևանում լույս տեսնող «Նարցիս» գրական-գեղարվեստական, մշակութային հանդեսի համահիմնադիրն է, իսկ 2013-ից` նաև գլխավոր խմբագիրը:
Սոնա Վանը հեղինակ է բանաստեղծական 7 ժողովածուների, թարգմանվել է ավելի քան տասը լեզուներով, ինը՝ առանձին գրքերով, այդ թվում՝ Մոսկվայում հրատարակված «ՁպՈՑՐ ՏՊվՏռ տՑՌՓօ» Աննա Բերդիչևսկայայի խմբագրությամբ ռուսերեն երկրորդ ժողովածուն (2015թ.)՝ Եվգենի Ռեյնի թարգմանությամբ:
Նույն տարում, պետական պատվերով լույս ընծայվեց նաև պոետի «Չընդհատված Շահերազադ» ծավալուն հատընտիրը:
«Լիբրետո անապատի համար» ժողովածուն բանաստեղծուհու ութերորդ գիրքն է: Այն թարգմանվել է անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, ուկրաիներեն, վրացերեն, պարսկերեն, թուրքերեն, իսպաներեն, արաբերեն լեզուներով: Արդեն լույս են տեսել անգլերեն և ուկրաիներեն տարբերակները (թարգմանիչներ՝ Շուշան Ավագյան, Անուշավան Մեսրոպյան):
Նյու Յորքում կայացած գրքի միջազգային Book Expo America (BEA) ցուցահանդեսի «Հայաստան» տաղավարի սրահում, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 5 հայ հեղինակների կողմից հրատարակված տարաբնույթ գրքերի շարքում ներկայացվել է նաև Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» ժողովածուն (Երևան 2015, «Էդիթ պրինտ» հրատ., խմբագիր՝ Շանթ Մկրտչյան), ինչպես նաև «Չընդհատված Շահերազադե» ծավալուն հատընտիրը (խմբագիր՝ Արմեն Ավանեսյան):
Անցյալ տարի, նոյեմբերի ամսին պոետի Հայաստան այցելության ընթացքում, «Լիբրետո անապատի համար» գիրքը նշանավորվեց չորս շնորհանդեսներով՝ ՀՀ ԱՆ Աբովյանի կանանց քրեակատարողական հիմնարկում, Գյումրիի արվեստի ակադեմիայում, ՀՀ Սփյուռքի նախարարությունում, որտեղ նրան շնորհվեց «Մայրենի լեզվի դեսպան» մեդալ, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ինչպես նաև Թբիլիսիում կայացած հինգերորդ շնորհանդեսով՝ հայ և վրաց գրական գործիչների մասնակցությամբ:
Սոնա Վանը արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալի, Սփյուռքի նախարարության ոսկե մեդալի, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հուշամեդալի, արժանացել է Կալիֆորնիայի Առևտրի պալատի կողմից սահմանված «Կինը գրականությանմեջ-2013» մրցանակին, Սանկտ Պետերբուրգի հոգևոր-մշակութային կազմակերպության հուշամեդալի և հայրենական ու ամերիկյան գրական-մշակութային բազմաթիվ այլ մրցանակների, պարգևների, դիպլոմների:
2013թ. Սոնա Վանը հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով, որը նրան հանձնվել է Կալիֆորնիայի ՀՀ հյուպատոսությունում:
Սոնա Վանի ստեղծած «Նարցիս» ամսագրի տպագրությանը, ինչպես նաև նրա գրական-մշակութային գործունեությանը մեծապես աջակցում է նրա ամուսինը` բժիշկ Նուբար Ջանոյանը, ով ԱՄՆ-ում հիմնել է շահույթ չհետապնդող բժշկական հաստատություն, որն ունի յոթ մասնաճյուղեր: Նուբար Ջանոյանի բարեգործական կլինիկայի յոթ մասնաճյուղերում ամեն օր շուրջ 600-700 հայեր ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
Կնոջ միակ պարտականությունը երջանիկ լինելն է
Երբեմն մեղքը դառնում է այն գործողությունը, որով մարդը ցանկանում է իրագործել գեղեցիկի իր իդեալը: Այստեղ է, որ հասարակության տված գեղեցիկի մոդելը մեծ դեր է կատարում մարդկային կրքերը ճիշտ ուղղորդելու գործում:
-Սոնա Վան կնոջ, բանաստեղծի, մարդու Ձեր տեսակը եզակի է իր ոգեղենությամբ, ժամանակի հերոսի պոռթկմամբ, ողբերգականության, երազի ու երջանկության իր յուրահատուկ ըմբռնմամբ ու պահանջներով: Ի դեմս Ձեր վանեցի հորաքրոջ յաթաղանով ընդհատված կանացի երջանկության` Մեծ Եղեռնի բոլոր անմեղ նահատակներին նվիրված «Լիբրետո Անապատի համար» գրքի ծնունդը գաղութի ազատազուրկ կանանց հետ նշելու ու այնուհետ՝ մարտի 8-ին ընդառաջ ՀՀ նախագահին ուղղված Ձեր նամակի գաղափարը ցնցող է, հուզիչ, իսկ խնդրանքը` արդարացված: Կպատմե՞ք` ինչպես ծնվեց այդ նախաձեռնությունների շղթան և ինչ եք կարծում, ինչպիսի՞ն կլինի ելքը:
-Շնորհավորելով հայ կնոջ տոնը` ասեմ, որ գրքի ծնունդն ազատազուրկ կանանց հետ նշելու իմ ցանկությունը ոչ այնքան նախաձեռնության, որքան մայրական զգուշավորության արտահայտություն էր: Ցավի հիշողությամբ ներծծված այս գիրքն իմ զգացողության մեջ բաց վերքով վիրավոր մանկան էր նման,և ես այն ճիշտ ձեռքերի մեջ դնելու խնդիր ունեի: Այնպիսի ձեռքերի, որոնց համար կորստյան ցավը դեռ իրական ու թարմ էր, իսկ ընդհատված երջանկությունը` փաստագրական: Վստահ եմ, որ ճիշտ էի կատարել իմ ընտրությունը, որովհետեւ հեռանալիս հանգիստ էի: Մայրական բնազդը չի խաբում: Այս կանանց վաղաժամկետ ազատության խնդրանքով ՀՀ նախագահին ուղղված իմ նամակը, արդեն իսկ արժանացել է նախագահի ուշադրությանը և այդ մասին ինձ տեղեկացրել են: Կարող եմ միայն հուսալ, որ հանցագործությունների վիճակագրական աճի և անցումային բարոյազուրկ ժամանակի կապը, որը փորձել եմ վեր հանել նամակիս մեջ, ոչ միայն կդիտվի որպես «մեղմացուցիչ հանգամանք»՝ մասամբ այդ ժամանակի զոհը դարձած այս կանանց դեպքում, այլ նաև այդ ժամանակը վերանայելու, վերահսկելու ու ընդհատելու մտահոգություն առաջ կբերի: Քանզի, երբեմն մեղքը դառնում է այն գործողությունը, որով մարդը ցանկանում է իրագործել գեղեցիկի իր իդեալը: Այստեղ է, որ հասարակության տված գեղեցիկի մոդելը մեծ դեր է կատարում մարդկային կրքերը ճիշտ ուղղորդելու գործում: Մինչ այդ, կարող եմ միայն շնորհավորել ազատ ու անազատ բոլոր հայուհիներին՝ կանանց միամսյակի կապակցությամբ:
-Ի՞նչ կցանկանայիք բարեմաղթել ազատազրկված կանանց մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
-Հետևյալը... Եթե հրաշագործ լինեի, ապա ազատության անձրև կտեղար այս պահին և գունեղ ծիածան կկախվեր տունդարձի ձեր ճանապարհին: Գրկախառնություններ կլինեին և երջանկության արցունքներ, սակայն սոսկ մեկն եմ ձեզանից ու կարող եմ միայն մտովի գրկել ձեզ և կիսել փորձության օրերի ձեր տառապանքն ու հույսը: Միայն նա, ով զգացել է ազատազրկման ցավը, կկարողանա իրապես զգալ ապագա օրերի ազատության հրճվանքը: Ներե՛ք ինքներդ ձեզ և մյուսներին` մարդկային անկատարության գիտակցությամբ: Առանց արդարացնելու կամ մեղադրելու` փորձեք ազատվել ներքին բարկությունից, որպեսզի չվատնեք ձեր ժամանակը և էներգիան անպտուղ ինքնախարազանման կամ մեղադրանքների վրա, քանզի անհնար է վատնել ժամանակը` առանց վնասելու հավերժությունը: Դուք շատ ավելին եք, քան սոսկ ձեզ հետ պատահածը: Երբևէ չկասկածեք ձեր աստվածային պոտենցիալի և կանացի գենի կատարելությանը: Հիշեք, որ կանացի սկիզբը հոլոգրամային խտություն ունի և առկա է կենդանի ամեն ինչի մեջ: Ապրե՛ք այդ գիտակցությամբ և պատասխանատվությամբ: Պահպանե՛ք ձեզ և միմյանց ու որքան էլ փոթորկող լինի ձեզ տանող նավը, երբևէ չկասկածե՛ք ափի գոյությանը:
-«.....մեռնելուց հետո տեսնես որտե՞ղ են գնում ինձ նման աղջիկները այն, որ ոչ անմեղ են ոչ շատ մեղավոր...»: Սրանք Ձեր տողերն են և, ընդհանրապես, Ձեր բանաստեղծություններում Դուք հաճախ եք անդրադառնում «...բնածին մեղքին և ձեռքբերովի անմեղությանը...»: Սա հավատա՞մք է, թե բանաստեղծական խաղ:
-Կարելի է ասել` խաղով ու կենսափորձով ձեռք բերված իմացություն: Սկսած Եվայից մինչև մեր օրերը` մարդը շարունակում է ենթակա մնալ արգելված պտղի գայթակղությանը, ուրեմն` մեղքը ինչ-որ տեղ ժառանգված հակվածություն է: Անմեղությունը` վաստակելո՛ւ բան է: Սեփական պարտեզը խնամելով, ներհայեցումով, զգայարաններդ, մինչև իսկ բնազդներդ կրթելով ես հասնում դրան, որովհետև մարդը այնքանով է մարդ, որքանով կարողանում է սանձահարել իր մեջ ապրող բնազդային գազանին, քանի որ կարևորը ոչ թե երկար, այլ ճիշտ ապրելն է:
-Հնարավո՞ր է արդյոք կատարելապես սանձահարել բնազդը կամ լինել կատարելապես անմեղ:
-Կատարելապես անմեղ կարող է լինել կյանքից իրեն կատարելապես դուրս դրած, հասարակությունից մեկուսացրած մարդը, թեպետ այդ դեպքում նա ոչ թե հաղթահարած կլինի իր մեջ ապրող գազանին` այլ պարզապես շրջանցած կլինի ջունգլին: Նրա համար, ով չի բախվում գայթակղությանը, անմեղ մնալը պետք է որ դժվար չլինի: Բայց հաշվի առնելով այն ավետարանական ճշմարտությունը, որ մինչև իսկ մտքում կատարված հանցանքը մեղք է համարվում, ես վստահ չեմ նաև այդ մենակյացի անմեղությանը: Չիրացված, վայրենի էրոսը կուսակրոնի մտքում կարող է այնպիսի վայրենի մտքեր ծնել, որոնք գուցե կզարմացնեն ու կվախեցնեն սովորական ակտիվ տղամարդուն: Բնությանը դեմ գնալը միշտ չէ, որ դրախտ է խոստանում: Իմ կարծիքով` Աստված ինքը չափի զգացումն է, և որևէ ծայրահեղության համար Տերը չի ծափահարում: Լսե՞լ եք երբևէ երկնքից եկող ծափի ձայն: Աստված մարդուն կարող էր անմեղսունակ ստեղծել, հետևաբար մեղսունակ լինելն անպայման ունի գոյաբանական նպատակ: Իմ կարծիքով` այդ նպատակը ներհայեցումի, զղջալու, ապաշխարելու, ամաչելու զգացողություններն ակտիվ ու կենսունակ պահելն է: Պատկերացնո՞ւմ եք այն մարդուն, ով երբևէ չի սխալվել, առիթ չի ունեցել ամաչելու կամ զղջալու: Այդպիսի ստերիլ կյանքը միայն չափազանց զգուշավորին է հատուկ, որը բացառում է սիրելու, զոհաբերության, հերոսության որևէ հնարավորություն: Այդչափ զգուշավոր մարդուց հարկավոր է զգուշանալ:
Ապրել՝ նշանակում է խորապես ներծծված լինել քո մեջ: Գտնվել պատասխանատվության եւ ամոթի միջեւ, զգալ բառի եւ իմաստի նույնությունը: Այդ ժամանակ քեզնից դուրս քաշված խոսքը կունենա ավետարանական բառի զնգոց:
-Ձեր բանաստեղծություններից մեկում, անդրադառնալով «տղաներ պղծող քահանային», Դուք դիմում եք Աստծուն. «Սովորեցրու ինձ Հայր ինչպես սիրել նրան, իսկ թշնամուս ես ինքս էլ գիտեմ` ինչպես»: Մարդու այսպիսի մեղավոր բնույթի ու բնազդների այսպիսի անհաղթահարելիության դեպքում հնարավո՞ր է երազել կատարյալ հասարակության կամ տևական երջանկության մասին:
-Իմ կարծիքով` ոչ թե կարելի է, այլ անհրաժեշտ է, որովհետև չերազելը, չձգտելը կտանի այս գազանի վերջնական հաղթանակին ու հոգևոր մարդու վերջնական պարտությանը: Այս կռիվը լինել-չլինելու հավերժական հարցի արծարծումն է ժամանակի մեջ: Ավետարանական դրույթներից և ոչ մեկը կատարելապես իրագործելի չէ, բայց դա չի նվազեցնում դրանց հետևելու կարևորությունը: Այս դրույթները հոգու կատարելության ճանապարհն են ապահովում, ոչ թե դրա վերջանական հանգրվանը: «Ե՛ս եմ ճանապարհը»,- ասում է Քրիստոսը: Սա դավանաբանական հանճարի առաջադրած ճանապարհն է և մեզնից յուրաքանչյուրն այն իր չափով է կարողանում հաղթահարել: Կարևորը ճի՛գն է, ձգտումը: Մարդն իր մեղավոր բնույթի համար միշտ է ապաշխարել: Դրա ապացույցը որսի կենդանուն հետմահու պաշտամունքի ու ծեսի վերածելու փորձն է, որի արտահայտությունները պահպանվել են քարանձավի պատերի վրա: Դրա ամենահանճարեղ արտահայտությունը օրենքի և պատժեհամակարգի ստեղծումն է` մարդու կողմից: Ճանաչելով իր մեջ գտնվող վայրենուն` մարդը ինքն իրեն դրանից պաշտպանելու ձևեր է մշակել, ստեղծել է օրենք և Աստված, որոնք կոչված են իրենից բարձր լինելու, իր գործողությունները հսկելու և պատժելու: Խոհեմության, համեստության, ինքնահայեցումի և իմաստության առավել կատարյալ քայլ մարդն այդուհետ չի կատարել և այս մասին հիշելուց ես խոնարհմամբ և հիացումով եմ լցվում տեսակիս նկատմամբ: Մարդն իրեն վաղո՛ւց է ախտորոշել, բայց բուժումն է, որ հետաձգվում է: Այսօր, գենետիկ ինժեներության հրաշքների մեր ժամանակներում, առավել քան երբեք, հնարավոր է «սատանայի սաղմի» վնասազերծումը, բայց, ցավոք սրտի, ագահություն կոչվող ավետարանական մեղքը վարակիչ բացիլի պես խժռել է մարդուն, կուրացրել նրա հոգին ու մոլորեցրել նրա ճանապարհը: Նյութի, իշխանության, ուժի մոլուցքը ձեռք է բերել ինքնուրույն գոյություն և շրջվել դեպի մարդը, որն իր սևեռումի մեխանիկական իներցիայի մեջ սպանում է իր զավակներին, խժռում իր երկրի ընդերքը, թունավորում ջրերը, ապականում իր շնչած օդը: Երբեմն ինձ թվում է, թե ես քայլում եմ մահացող մոլորակի վրա: Այնինչ ապրել նշանակում է խորապես ներծծված լինել քո մեջ: Գտնվել պատասխանատվության և ամոթի միջև, զգալ բառի և իմաստի նույնությունը: Այդ ժամանակ քեզնից դուրս քաշված խոսքը կունենա ավետարանական բառի զնգոց: Ուզում եմ մեկ առ մեկ ցնցել աշխարհի տերերին, ասել` այս ի՞նչ եք անում, հե՜յ:
-Ձեր մտահոգությունը, ցավը տեսանելի է Ձեր բանաստեղծություններում ոչ միայն գլոբալ առումով, այլ նաև կոնկրետ հայրենիքի, որին ներկայացնում եք որպես` «...ինքնուս / փնթի հանճար / գոգնոցի վրա հետքերը դարերի, որպես միստիկ անոմալիա արարչական և խնդրում, որ այն / չենթարկվի ժամանակի լկտի ճաշակներին, / ինչպես դուր գալ ցանկացող աղջիկ, այլ / մնա ոնց կա` անշարժ ու անքննելի,/ ինչպես Աստված....»
Այստեղ առկա է թե՛ Ձեր անսահման սերը` որպես զավակ, և թե՛ Ձեր անհանգստությունը` որպես մայր: Ինչպիսի՞ն է հայրենիքի Ձեր իդեալը ժամանակի և տարածության Ձեր հեռուներից:
-Հայրենիքի իմ իդեալը ես ֆիքսել եմ «ֆորմալինով լիքը կոլբայի մեջ» միևնույն բանաստեղծության վերջին երկու տողերում` այն ներկայացնելով որպես «հավերժական մանուկ՝ ծերի դեմքով»: Որպես զավակ` դա ինձ պարտավորեցնում է, իսկ որպես մայր՝ դարձնում զգոն, փախցնում քունս: Ժամանակի ճաշակներին չտրվելը, ինքնությունը պահպանելը այստեղ ոչ միայն պատմական, այլ նաև արարչական առաքելություն ունի, որովհետև ես խորապես համոզված եմ, որ հակառակ բոլոր տրամաբանությունների` պատմության սմբակների տակ մինչ օրս ճզմված չլինելու փաստի համար մենք ոչ թե մեր առաջնորդների իմաստությանն ենք պարտական կամ մեր քաջությանը (ի՞նչ կայսրություններ են փոշիացել), այլ վերին մեկ այլ տրամաբանության կամ Աստծուն: Ինչ-որ բանի համար Տիրոջը պետք է եղել մեր տեսակի պահպանությունը: Ուրեմն նմանվել կամ փորձել դուր գալ ուրիշներին՝ պետք չէ: Ճի՛շտ եմ ասում... հայրենիք ջան:
Աղջիկ չե՛ս դու
դու տարերք ես
չարխ ես
որի վրա
անվե՜րջ՝ հանց սատանա
ժամանակը սրում է ատամը իր...:
Ինձ իսկապես տխրեցնում է երկրիս` ուրիշներին կապկելու, կրկնելու կամ դուր գալու ցանկացած ակտ: Հայ ընտանիքը` որպես դասագիրք, պետք է օգտագործվի մյուս երկրներում, մինչդեռ մենք ենք հետզհետե նմանվում նրանց: Հայ կինը` որպես հայ ընտանիքի աստվածուհի, և տղամարդը՝ որպես աստված: Եթե ֆեմինիզմը կին-տղամարդ հավասարության մասին է, ապա մե՛նք ենք դրա իդեալական տարբերակի հիմնադիրը և ոչ մի արևմուտք թող չփորձի իր ձևախեղված իզմերը մեզ պարտադրել: Նույնանման թագերը ոչ միայն կյանքի շախմատը կիմաստազրկեն, այլ նաև էսթետիկորեն են սխալ ու անհեթեթ: Նրա համար, ով գոնե մեկ անգամ անցել է «արարման հրապարակով», լսել է «արարման սիմֆոնիան» (պտղապարկի պայթելու բութ պտտոցը՝ կաշվե պարկի պայթելու պես, խուճապի ձայնը, որով պտղաջուրը շտապում է քեզնից դուրս մի տեղ, գործիքների մետաղական չխչխկոցը և դրան հաջորդող մանկան երանելի ու անզուսպ ճիչը) այս ամենը շատ աղմկոտ է, հավասարության մասին խոսելու համար: Երջանիկ մարդը իզմերի ժամանակ չունի, և սա նույնպես հարցականի տակ է դնում իզմականների քարոզը:
-«Լիբրետո անապատի համար» պոեմը կնոջ գենի փառաբանություն է՝ իր խոսքային հանճարեղ դրսևորման մեջ: Հերոսուհին Ձեր ձայնով ոչ միայն տեղեկացնում, այլ զգուշացնում է.
«Ես էպոսի կույսն եմ հավերժական, իմ անկումը անկումն է կնոջ գենի, արևե՛լքի գենի և արևմո՛ւտքի, պարտությո՛ւնն իմ պարտությունն է անմեղության, իմ վերջը վերջն է տիեզերքի բոլո՛ր սկիզբների երկնքի տակ...»
Ֆեմինիզմի հավասարություն քարոզող կարգախոսը որքանո՞վ է հնարավոր կամ օգտակար հենց իր՝ կնոջ համար:
-Որևէ գաղափարի օգտակարություն նրանում գտնվող երջանկության խոստումի չափով է որոշվում, հատկապես եթե այն վերաբերվում է կնոջը: Ֆեմինիզմը կարող էր օգտակար լինել կնոջը, եթե մնար իր նախնական կոնտեքստի մեջ, այսինքն` վերաբերվեր միայն էկոնոմիկ ու սեռական հավասարությանը՝ կնոջը փրկելով սեռական շահագործումից և թերվարձատրությունից՝ միևնույն գործի համար: Այդ առումով քաղաքակրթությունը շատ է ուշացել: Կնոջ ինտելեկտուալ ու ստեղծագործական պոտենցիալը վերանայող, նրա քաղաքական ճնշվածության, ստրկացման ու չարաշահման պատմությունը խմբագրող ամեն շարժում ողջունելի է: Սխալն այդ հավասարությունը արարչական և գոյաբանական ոլորտ տանելն էր: Կնոջ տեսակի աստվածատուր տարբերությունները՝ (նրբություն, հեզություն, ներողամտություն, կարեկցանք, անանձնական սեր, զոհաբերություն և այլն) որպես թուլություն կամ ռոմանտիկ պասսիվիզմ որակելը և դրանք բիոլոգիական անսեռ ճակատագրի ֆրոյդյան ենթատեքստով փոխարինելը ոչ միայն կնոջ համար է վտանգավոր, այլ նաև տղամարդու: Առնական կինը սկիզբ տվեց կանացի տղամարդուն` բնության ներդաշնակության օրենքով: Կանացի տղամարդը սեփական ինպոտենտության զգացումով իր մեջ վախ ու բարկություն կրող տղամարդն է, ով իշխանության լծակներ և հնարավորություն ունենալու դեպքում կարող է նվաստացնել իր կողքին հայտնված ցանկացած կնոջ, մինչև իսկ՝ փոշիացնել մոլորակը: Այսօր աշխարհի տերերի շարքում շատ են այդպիսիները և այդ է պատճառը, որ այսքան պայթունավտանգ է դարձել աշխարհը: Իմ կարծիքով` այսօրվա ողբերգությունը ոչ թե անհավասարությունն է, այլ կնոջ ու տղամարդու գենետիկ ու ֆունկցիոնալ սահմանների անտեսանելիությունը: Արարչական սանդղակի հակառակ բևեռներից համաչափ դեպի «նեյտրալ կենտրոն» սահելու պատճառով առաջացած հիբրիդային և հակաբնական հավասարությունը: Սրա արդյունքում առաջացած բարկության և անբավարարվածության թույնը ի զորու է սպանել երջանկության բոլոր ծաղիկները: Բնության մեջ էվոլյուցիան ապահովվում է բազմազանությամբ՝ մինչև իսկ միևնույն տեսակի սահմաններում: Ես չեմ կարողանում հասկանալ հակադիր սեռերի միջև հավասարություն որոնելու այսօրինակ տենդի նպատակը: Իմ հնարած իզմը այդ հակադրությունների միջև էրոտիկ լարումը հնարավորինս ավելի մեծացնելուն կլիներ միտված` կնոջը ավելի կանացի և տղամարդուն ավելի առնական դարձնելու միջոցով: Շարժում, որը իր մեջ երջանկության խոստում կունենար: Այլապես. ենթադրենք հավասար ենք՝ հետո՞...
-«Չառա անունով թռչունը» գրվել է ֆիզիկական անազատության մեջ, երբ գամված էիք անկողնուն: Ի՞նչ է Ձեզ համար ազատության և անկախության գաղափարը: Կանանց քաղաքական դաշտ հրավիրելն ունի՞ առավել երջանիկ հասարակության խոստում: Ի՞նչ բացահայտումներ եղան բանտի ճաղապատ տարածքից հեռանալուց հետո:
-Աշխարհը կալանավորի պես մի քանի անգամ հետ ու առաջ անելուց հետո պարզ է դառնում, որ տարբերությունը սոսկ խցի չափերի մեջ է: Որ մենք շարունակում ենք մնալ բանտարկյալը մեր ժառանգական և ձեռքբերովի կրքերի ու ցանկությունների, դաստիարակության և հասարակական կարծիքի: Թեպետ մտքով գիտեմ, որ ազատությունն ու անկախությունը բացարձակ արժեքներ են, մարդու ու պետության իրավունք, բայց որպես կին` երբեք չեմ հասկացել դրանց քաղցը: Ինքս ինձ երբեք չեմ բռնացրել ազատություն տենչալու մեջ: Որպես կին` ազատ-անկախ վիճակը ինձ հոգեբանական անդունդի և ազատ անկման անհարմար զգացողության մեջ է դնում: Այն իր մեջ մենության խոստում ունի, բացառում է մտերմությունը, փոխվստահությունը, զոհաբերությունը: Մարդու գոյաբանական ամենամեծ ցավը մենության ցավն է ու կարեկից ցանկացած գաղափար պետք է օգնի այն հաղթահարելուն՝ այլ ոչ խորացնելուն ու ընդգծելուն: Ազատությունն ու անկախությունը իրական են դառնում միայն երջանկությանը ծառայելու և դրա հետ միևնույն կոնտեքստի մեջ գտնվելու պարագայում:
Քաղաքականությունը երջանկությունը օտարեց մարդուց՝ այն վերածելով ժամանակավոր քմահաճույքի, իսկ կրոնը այն ընդհանրապես երկինք բարձրացրեց՝ դարձնելով հոգու հետմահու վայելք. աչքից հեռու, սրտից հեռու: Տառապանքը հայտարարվեց որպես հիմնական ֆոն, իսկ երջանկությունը դարձավ մի փոր հացով գնվող անցողիկ երանություն: Կյանքը շատ մեծ բան է, որպեսզի դրանից այդքան քիչ ու ճղճիմ բաներ պահանջենք: Աշխարհի տերերը երջանկության իրավունքը քողարկել են, քանի որ այն չի համատեղվում պատերազմի շահավետ մսաղացի մեջ սեփական զավակիդ մկանը ավելացնելու պատրաստակամության հետ: Այսօր գլոբալ էկոնոմիկայի՝ գլոբալ գաղափարական բանկի գոյության օրերում ոչ թե անկախություն, այլ շահավետ՝ բարոյական կախվածություններ են անհրաժեշտ, որպեսզի մոլորակի ազգային խառնարանում կարողանանք պահպանել մեր դեմքը, ինքնությունը, լեզուն, մշակույթը: Եվ պետք չէ մոռանալ, որ երջանկությունը սկսում է ըմբոստությունից հանդեպ դժբախտ լինելը:
Կյանքը հում նյութ է, որից կարող ես պատրաստել դրախտ կամ դժոխք: Սա է իմ ազատ ընտրության իրավունքը երկրի վրա: Երկնքի մասին կխոսենք երկնքում:
-Խոսքի ազատության իրավունքը, ցենզուրայի պակասը ինչպե՞ս է անդրադառնում մեր ազգային մշակույթի ու քաղաքակրթության վրա:
-Երկրի քաղաքակրթության մակարդակը երկու չափանիշ ունի՝ վերաբերմունքը լեզվի և վերաբերմունքը կնոջ հանդեպ: Հատկապես լեզվի, որն անփոխարինելի հյուսվածքն է մեր ազգային էության: Այս բանաձևի ներքո մենք կատարելապես պարտված ենք: Ապացույցը սերիալային ժարգոնն է ու բռնաբարված ոսկեղենիկ հայերենը, ինչպես նաև տղամարդու կոշիկներով սեղանին հաց հասցնող հայ կինը: Բառը սոսկ ավետարանական սկիզբ չէ: Այն նաև մարդու էության հիմքն է: Մենք այն ենք, ինչ դուրս է գալիս մեր բերանից: Եվ քամահրանքը լեզվի նկատմամբ չի կարող չունենալ իր տիեզերական արձագանքը: Ծռմռված լեզվով հանցագործ աշխարհի օրենքներ քարոզող սերիալները դիտողի աչքն ու ականջը անճաշակության ու ագրեսիայի վարժեցնելով հանդերձ` բացառում են նաև մարդու անձնական ու կոլեկտիվ երջանկության հնարավորությունը: «Բարձր մշակույթից հեռացող մարդը կորցնում է իր երջանկության զգացումը»,-պնդում է Դարվինը,- քանզի երջանկության և վեհ արվեստի զգացողությունը կայանում են միևնույն զգայարանով»: Ինձ վախեցնում է ռաբիս մտածողությունը և դրա հետզհետե մեծացող դահլիճները, ինչպես նաև այդ «արվեստի» նկատմամբ ցուցաբերվող շահադիտական ներողամտությունը (հայկական ռաբիսը ոչ մի կապ չունի ռուսական աշխատավորական մշակույթի հետ): Թուրքական մուղամի տակ կոնքերը հեզաճկուն շարժող տղամարդիկ հանուն փառքի ու շահի գուցե խաղաղ պայմաններում կարողանան ապահովել փոքրիկ ընտրական հաղթանակներ, բայց ոչ պատերազմի դաշտում և ոչ հանուն հայրենիքի: Քաղաքական դաշտում կանանց թվի ավելանալն ավելի խաղաղ աշխարհի խոստում կունենա միայն այն պայմաններում, եթե այդ դաշտի մեջ ներգրավվեն ոչ թե կես-տղամարդ կանայք, այլ կանացի, մայրության հրաշքին ու տառապանքին տեղյակ, զավակի կորստյան վախով երբևէ համակված կանայք: Այն կինը կամ տղամարդը, ով ներքին կռիվ ունի, ինքն իրեն ապացուցելու կամ թաքցնելու խնդիր՝ չի կարող արդյունավետ ձևով ծառայել համընդհանուրի շահերին: Բարկության ու իշխանության խառնուրդը բերում է ագրեսիայի` այն, ինչ տեսնում ենք այսօր՝ համայն աշխարհում: Երջանիկ, կամ երջանկության ձգտող մարդն է ընդունակ պայքարելու խաղաղ հասարակության համար: Բայց, ցավոք սրտի, այսպիսիները, որպես օրենք` իշխանության չեն ձգտում: Այսպիսի կանայք և այսպիսի տղամարդիկ դեռևս կան մեր իրականության մեջ, և սա ոչ ոք չի կարող վիճարկել: Այլապես, ազատությունն ու անկախությունը սոսկ աբստրակտ հասկացողություններ են, մինչև իսկ՝ անբնական: Մոլորակի վրա ամեն ապրող բան գոյատևում է փոխկապակցվածության, ոչ թե անկախության սկզբունքով և որպես կին` ես հաճելի, ընտրովի, օգտակար ու գեղեցիկ կախվածություններ եմ որոնում միայն: Ըստ իս՝ բացի մարմնի ֆիզիկական շարժման ազատությունից, բացարձակ ազատությունը միայն մարդու երևակայության մեջ է ռեալ: Գոյություն ունի միայն մեկ տեսակի անկախություն: Դա ֆինանսական անկախությունն է: Միայն ֆինանսապես անկախ մարդը կկարողանա մինչև վերջ հավատարիմ մնալ իր սկզբունքներին, իր գենետիկ մղվածություններին, կկարողանա լիովին դրսևորել իր մարդկային և ստեղծագործական պոտենցիալը: Մնացած բոլոր դեպքերում մարդու բարոյական ամենամեծ չափանիշը նրա ազատությունից չօգտվելո՛ւ ընտրությունն է և ոչ հակառակը: Մերժելը, չանելը այն, ինչը թեպետ և կարող ես՝ որովհետև այն օգտակար, անհրաժեշտ, տեղին կամ բարոյական չէ: Ես կարծում եմ, որ ժամանակակից աշխարհի արյունոտ, անբարո, ծնողասպան քաոսի հիմքում մեծապես ընկած է «արա՛, եթե կարող ես» կարգախոսը, որը սերիալ մարդասպանի ուղեղի ու գործելակերպի հիմքն է և որը ֆրազի իներցիայով վերածվել է «սպանի՛ր, եթե կարող ես»-ի, «թալանի՛ր, եթե կարող ես»-ի և այլն: «Պարի՛ր, եթե կարող ես»-ը այս նույն ֆրազի համեմատաբար անվնաս հոլովումն է: Բայց պատկերացնո՞ւմ եք ինչ կլիներ, եթե իսկապես միաժամանակ պարեին բոլոր նրանք, ովքեր կարող են և պարզապես՝ քանզի կարող են: Ամեն անգամ, երբ պառկած իմի եմ բերում օրս, ես գլուխս հորս փոխարեն շոյում եմ այն ամենի համար, որ կարո՛ղ էի անել, բայց չեմ արել: Մեծ ազատությունը մեծ բարոյականություն է պահանջում և անվերջ ազատություն քարոզելը, առանց դրանից ճիշտ օգտվելու դաստիարակության՝ շատ վտանգավոր է: Հատկապես «արա՛, եթե կարող ես» ֆրազով վարակված ենթագիտակցությամբ:
Ազատության մյուս հասկանալի ձևը ֆիզիկական շարժման ազատությունն է, որի բացակայությունը հարաբերական մահվան կլոստրոֆոբիկ զգացողություն է առաջացնում: Ես սա անձամբ համտեսել եմ, երբ կոտրված ոտքիս պատճառով գամված էի անկողնուն: Մինչ օրս հիշում եմ գիպսի մեջ դրված ոտքիս ծանրությունը՝ մահացած սիամի երկվորյակի պես: Ես դարձել էի պասսիվ դիտողը պատուհանից դուրս ծավալվող կյանքի: Ամեն բան փոխվել էր րոպեական մի արկածի պատճառով: Ժամանակը, որը երեկ չէր բավարարում ու արագ էր, հանկարծ դարձել էր դանդաղ ու անճաշակորեն շատ: Կյանքս վերածվել էր անսարքության պատճառով անակնկալ ընդհատված ֆիլմի ու ցանկություն կար սուլելու: Միակ տարածքը, որտեղ կյանքը շարունակվում էր, հոգուս ու երևակայությանս տարածքն էր: Հիմնական ֆոնը ցավն էր: Ես մենակ էի հիշողությանս ու բարկությանս հետ: Անշարժ ժամանակը՝ կանգնած ջրի նման, ու ես՝ դիտողն ու քննարկողը: Անշարժությունս ու դրա պատճառով իմ մեջ կուտակված հավելյալ պայթունավտանգ էներգիան, որը սակայն միայն վերմակի տակ էր հնարավոր սպառել՝ ինքս իմ դեմ: Արդյունքում ստացա մի բան, որն ինձ հայտնության պես տրվեց մի առավոտ: ԵՍ՝ առանց բարկության: Սա մահը հաղթելու պես մի բան էր: Անշարժության մեջ տևող երջանկություն: Պոետի համար փնտրված ու երանելի տարածք: Հենց այս պահից էլ սկսվեց «Չառա անունով թռչունը», նվիրված այդ օրերին պատուհանի այն կողմից ինձ շարժման հրաշքի մասին պատմող թռչնին, որն ինձ ասում էր` ես քո փոխարեն կչափչփեմ երկինքը, իսկ դու աշխատիր թուլանալ և հաճույք ստանալ կյանքից: Այսինքն՝ ինչպես Մարկոս Ավրելիոսն է ասում՝ մի սիրուն գործը մյուսին կպցրու այնպես կիպ, որ դրանց միջև նվազագույն ճեղք անգամ չմնա: Սա էր իմ հայտնությունը, որից հետո պարում էի անվասայլակի վրա, ինձ զգում էի որպես պատահարի, բախտի աստվածուհի՝ Տիխե՝
կին անիվների վրա
գլորվում եմ
մի ձեռքիս ղեկը
մյուս ձեռքիս եղջյուրը առատության ....
Ի՞նչ բացարձակ արժեք է անձի ազատությունը, եթե այն կարող է օդ ցնդել մի փոքր պատահարի պատճառով: Եթե հարցը ստրկությունից ազատվելու մասին է, ապա ես դա հասկանում եմ, բայց թեկուզ այսօրվա ազատ հասարակարգում որքանո՞վ է իրապես ազատ մարդը, եթե նա պարտադրված է սպանել՝ մեկ ուրիշի հրամանով, առանց սեփական խղճի ու բարոյականության հետ հաշվի նստելու: Հայրս ճիշտ էր: Քանի դեռ մի մարդը իրավասու է իր միտքը մեկ ուրիշին պարտադրելու, աշխարհում կշարունակվեն ցեղասպանություններն ու պատերազմները:
Տառապանքի եւ երջանկության միջեւ
-Ընդունված է հավատալ, որ տառապանքն է ծնում տողը և որ ցավն է հոգու ամենամեծ ուսուցիչը: Դուք Ձեզ երջանկամո՛լ եք համարում. հմայիչ կին եք, ապրում եք երանավետ ու անվրդով կյանքով, ու դա ասես չի խանգարում, որ Ձեր պոեզիան համամարդկային հնչեղություն ունենա, լինի խորը և կարեկից: Դրա ապացույցը գիտակների և թարգմանիչների արձագանքն է, ինչպես նաև այն հաճելի անհանգստությունը, որով ընթերցողը սպասում է Ձեր տողին:
-Այս հարցը տարբեր ձևերով ինձ հաճախ է տրվել, և ես հաճախ եմ ստիպված եղել արդարանալ իմ կանացի կերպի, ճակատագրի ու կենսագրության համար, ասես երջանիկ ու ապահով լինելը բացառում է գրողական շնորհի հնարավորությունը: Սա երևի մտածողության կարծրատիպի հետևանք է և կամ մենք կասկածում ենք Աստծո շռայլությանը: Ավելի՛ն: Ես կարծում եմ, որ մեծ գործերը ծնվում են անդունդի եզրին հայտնվածի երջանկության տենդից, եթե անգամ այդ գործերը ձոնված են մահվանը: Միայն երջանկության այդպիսի կարոտ ունեցող հոգին կկարողանա տառապանքի ու ունայնության անդունդի վրայով այդպիսի թռիչք կատարել՝ առանց դրանց տակ ճզմվելու: «Երանավետ»-ը այս թռիչքին հաջորդող հոգեվիճակն է, իսկ «անվրդով»-ը բացառապես կապ չունի իմ էության հետ: Ես ներքուստ անհանգիստ, համարյա հիստերիկ հոգի եմ: Ինչ-որ բան անվերջ դիպչում-ընդհատում, գցում-կոտրում է այն ու հենց դրա արձագանքն է իմ տողը: Պետք չէ մոռանալ, որ, ընդհանուր առմամբ, բանաստեղծը համընդհանուր գոյության ներվաթելն է: Օտարի և ընդհանուրի տառապանքը նրա հոգին տանջում է սեփական ցավի ուժգնությամբ: Ամեն բան բազմապատկելու, նրա խոշորացնող աչքի, երևակայության ու կարեկցանքի գերչափերի պատճառով բանաստեղծի ականջին աշխարհի մեկ այլ անկյունում սովից մեռնող մանկան նվվոցը, ցամաքած կրծքերով մոր թնկթնկոցը, պայթող ռումբի ձայնն ու որդեկորույս մոր ոռնոցը հասնում են կողքի սենյակից եկող ձայների ճշգրտությամբ: Այլապես տողը երբևէ ապրված տողի ուժ չէր ունենա: Բացի այդ, ես խոստովանել եմ չէ՞, որ ջրհոս եմ (օդի տարերք).
«ասել է թե ջղագար
հակված հոգնության
ու անքնության»:
Չե՞մ ասել, որ նյարդային, երես առած մանկան պես անկարող եմ ապրել առանց սիրո, առանց երջանկության հույսի և որ այդպիսի վտանգի դեմ.
«ուզում եմ գետնին խփել ոտքերս
ու պահանջել
որ մնան սերն ու աշունը
իսկ եթե պոկվի հանկարծ
վերջին տերևը
ուզում եմ ճչալ լաչառի պես... »
Այս ամենից հետո ի՞նչ անվրդովության մասին է խոսքը:
...Երբ արթնացա
ցանկացա անուն դնել քեզ
(ինչպես ողջ մնացած երեխային)
թեպետ մակարդվել էին արդեն
աչքերդ
ինչպես լույսի
վիժված զույգ ճառագայթ
ես պատմեցի քեզ
Լի՜լի
պատմությունը իմ ողջ
ծննդիցս մինչև
սերը իմ ծովափնյա
որ տևեց մեկ ամառ
ուղիղ ու խեղդվեց
(երբ հասանք քաղաք)
ասֆալտին նետված ձկան նման
քիչ անց քույրը քեզ դո՛ւրս
տարավ արագ
ձեռքերն առաջ
(այդպես թաց լվացքն են
հասցնում պարանին)
ծածկեցին կոնքերն իմ սավանով
ինչպես վթարի մեջ
վախճանվածին
շարժվեցին հետո ափերս
թափորի պես
դեպ արգանդս՝ ծա՜նր
տապանաքար
ու լաց եղան մի կուշտ մինչև
տուն հասնելս
մատներիս սգացող տասը
կույսերը
կարծո՞ւմ ես սեր էր դա
աղջիկս
թե՞ ծովն էինք սիրում մենք
խենթի նման
ու
կախարդանքն էր նրա՝
կապույտ
որ շփոթել էին սիրո հետ
հավերժական
արևից գժված սրտերը մեր
ինչևէ... հիմա կանգնած եմ բաց
իմ պատուհանի առաջ
անիմա՜ստ
ինչպես ծաղկամանը նոր
դատարկված
ձյունն իջնում է Լի՜լի
թեթև՜ ինչպես փետուր
...քո շուրթերով եմ որսալու
փաթիլը այն
Կրկի՛ն ներիր ինձ... Լի՛լի
-Կանացի երջանկության գրավականներից մեկը մայրությունն է, բայց այսօր Հայաստանում այդ երջանկությունն արհեստականորեն ընդհատվում է մի պարզ պատճառով ... քանզի երեխան աղջիկ է:
Դուք ունեք բանաստեղծություն, որտեղ զրուցում եք Ձեր ընդհատված աղջկա հետ:
«Լի՛լի..., քիչ անց քույրը քեզ դուրս տարավ արագ, / այդպես թաց լվացքն են հասցնում մինչև պարան, / ծածկեցին կոնքերն իմ մեծ սավանով, / ինչպես վթարի մեջ վախճանվածին...»
Յուրաքանչյուր կնոջ համար, որ երբևէ հայտնվել է իր իսկ ծնունդն ընդհատելու վճռի առջև, այս տեսարանը ցավի, ափսոսանքի, ինքնախարազանման առիթ է տալիս: Սեփական փորձի հետադարձ հայացքով` ինչպե՞ս եք գնահատում և որտե՞ղ եք տեսնում այս դաժան իրականության արմատները: Այն որքանո՞վ է արտահայտում կնոջ իրավունքը, որի համար մենք այդքան մտահոգ ենք թվում:
-Բացառությունները հաշվի չառնելով` այս իրականությունը ոչ թե կնոջ ազատության, այլ նրա ստրկամտության ապացույցն է, որի հիմքում ընկած է ստրկատեր տղամարդու գենետիկ հիշողությունը: Կնոջն իր բնազդի դեմ հանող, նրան զավակասպան դարձնող տղամարդու կողքին ես կվախենայի անզեն քնել: Թեկուզ մի գիշեր: Այս երևույթի մեջ ես տեսնում եմ թաքուն կնատյացություն, սեռի խաթարված զգացում, վախ, բարկություն, տղա ունենալու միջոցով իր բացակա առնականությունը քողարկելու ռաբիս մտածողություն, հարաբերության կուլտուրայի բացակայություն: Այս ամենի հետ միասին նյութական գերակայություն ունեցող տղամարդն իր թիրախը սպորտային հետաքրքրության համար դարձրել է ավելի անտեսանելի՝ կնոջը սպանելով դեռևս չերևացող մի տեղ՝ մոր արգանդի մեջ: Ցավում եմ, որ ինչ-որ պատճառով հայ կինը կարողանում է այդպիսի կոմպրոմիսի գնալ: Ճարահատության, անլիարժեքության, կախյալության այս չափն ուղղակի նողկալի է, իսկ այն օգտագործելը՝ բարբարոսություն: «Ես տղամարդ եմ, քեզ մի փոր հաց եմ տալիս և կանեմ ինչ ուզում եմ»,- սա է ամբողջը: Ներեք, եթե չափազանցված է բարկությունս, բայց երբեմն չափազանցության միջոցով է պարզ դառնում չափը: Ամեն կին պոտենցիալ աստվածածին է և ոչ ոք չգիտի, թե ում արգանդով է աշխարհ գալու հաջորդ փրկիչը: Կրկի՛ն ներիր ինձ... Լի՛լի:
-Լիլին Ձեր ընդհատված մայրության սիմվոլն է, բայց Դուք երեք զավակների մայր եք: Ինչպիսի՞ն է մայրական երջանկության Ձեր հիշողությունը:
-Մայրությունն ինձ տրվեց անժամանակ: Առաջնեկս ոչ թե իմ հասուն բնազդի, այլ աղջկական հետաքրքրասիրությանս ու շտապելուս պտուղն էր: Ծնարանում ես պառկած էի ինչպես պայտվող ձի և սպասում էի, որ ինձ հետ ինչ-որ բան արվի: Ցավի այդ անմարդկային քանակը անտանելի էր: Բուժքույրն ինձ անվերջ նկատողություն էր անում ու հիշեցնում, որ ես ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը: Ճիչս ու աղաղակս ասես մեկ ուրիշ տեղից էին գալիս` անճաշակ էր ու տխերծ: Ցավիս աղբյուրը իմ մեջ չէր, այլ մեկ ուրիշ տեղ ու ես անվերջ աջ ու ձախ էի շրջվում կամ ետ նայում: Առավել նվաստացնող վիճակում դեռ չէի եղել ու դրանից ազատվելու համար էր երևի, որ ուժ տվեցի: Չգիտեմ ո՞վ էր վերջին գոռացողը, բայց քիչ անց դժգույն բարուրի միջից ինձ էր նայում աղջիկս: Նա կոկոնի էր նման ու ես նրան Վարդ անվանեցի: Ես նրան գրկեցի ինչպես նոր տիկնիկ ու քնեցի նրանից շուտ: Շատ էի հոգնած: Արթնացա նրա հիստերիկ լացից ու չգիտեի ինչ անել: Բուժքույրը նրան կրծքիս մոտեցրեց: Ձեռքերս ետ տարա, ասես ես կապ չունեի ու սպասեցի: Վարդը գտավ իր ուզածը և ես ցավից ճչացի: Դժվար էր հավատալ, որ ձեռք ու ոտքը կիպ բարուրի մեջ կապված այդ վարդագույն շնչառությունը ընդունակ է նման դաժանության և մեղադրաբար նայեցի բուժքրոջը: Պատասխանի փոխարեն նա բռնեց, իջեցրեց աջ ձեռքս և մետաղալարի պես փաթաթեց բարուրի շուրջ: Հետո մեջքս հրեց-կպցրեց բարձին ու դուրս եկավ: Լաց եղա: Ասես մեկը քնած ժամանակ փոխել էր տիկնիկս: Ասես մեկը խաղի թեժ պահին թշնամաբար ընդհատել էր մանկությունս: Ես այս հիշողությունը կիսել եմ աղջկաս հետ, որն իրավաբան է և երեք հրաշքների մայր (6 տարեկան երկվորյակները և 4 տարեկան Նարեն): Հասկացա, որ ոչինչ, մինչև իսկ մայրությունը, ինքնին երջանկություն չէ, եթե այդ մասին չես հասցրել երազել: Երեք երեխաներս (աղջիկս ու երկու տղաներս) ինձ վերաբերվում են փոքր քրոջ պես: Խրատներ են տալիս, գրքեր նվիրում, փորձում բուժել իմ համակարգչային «ֆոբիան»: Փոքրիկ հաջողություններ արդեն կան: Սովորել եմ ինչպես օգտագործել հեռախոսը՝ ինքս ինձ նկարելու համար: Մայրության միջոցով ապահովվում է կնոջ կյանքը, իսկ նրանց զավակների միջոցով՝ կնոջ անմահությունը: Դրա համար ես շնորհակալ եմ իմ երեք հրաշագործներին և նրանց պարգևած իմ վեց հրաշքներին:
Սեւ ու սպիտակ քողերի տարին
-Հարսանեկան ծեսի երազը գրեթե անբաժանելի է աղջիկ լինելուց: Ձեր հանդիպումների ժամանակ Դուք կրում էիք սև քող, որը Ձեր հորաքրոջ ծխնելույզից-ծխնելույզ թափառող քողի սիմվոլն էր: Հիշողության մեջ քողի ու ցավի այսպիսի ամուր համակցությունը որքանո՞վ է անդրադարձել հարսանեկան Ձեր երազի ու երջանկության Ձեր կարգախոսի վրա:
-Երջանկության իմ զգացողությունը զերծ չէ իմ գենի երջանկության զգացումից: Ճերմակ քողն իմ աղջկական սևեռումներից է: 5-րդ հարկի պատշգամբից կախված ես հաճախ եմ հիացել մեկ ուրիշի գլխավերևում քամուց ծածանվող քողով, մինչև իսկ գաղտագողի փորձել եմ այն հարևանի հայելու մեջ: Հորաքույրս պնդում էր, որ առանց ծեսի ամուսնությունը չի կարող հարատևել: Բայց նա իր ընդհատված քողի պատմության հետ միասին ինձ մասամբ նաև իր ճակատագիրն էր փոխանցել: Ամուսնությունս երկար չտևեց: Մենք բաժանվեցինք ու ես կրկին հայտնվեցի դժվար ընտրությունների և ինքնուրույն որոշումների ինձ համար շատ անցանկալի ժամանակի մեջ, որը ընդհատվեց ներկա ամուսնուս՝ բժիշկ Նուբար Ջանոյանի համառող սիրով: Ամուսնությունից ես խուսափում էի: Այն իմ մեջ անսարք վերելակի մեջ լռված լինելու կլոստրոֆոբիկ զգացողություն էր առաջ բերում: Նուբարին հաջողվեց կոտրել նաև այդ կարծրատիպը: Չիրականացած քողի երազը շարունակում էր հետապնդել ինձ, անկարող էի անտարբեր անցնել թագերի ու հարսանեկան ծեսերի կողքով: Թագերի սերը մանկուց է գալիս: Հայրս ինձ «պրինցեսա» էր անվանում ու մինչ օրս էլ արթնանալուն պես շտապում եմ գզգզված մազերիս վրա մի թագ ամրացնել՝ ասես առանց դրա հնարավոր չէ սուրճ խմել:
-Եվ վերջապես իրականացրեցի՞ք այդ երազը:
-Ստիպվա՛ծ եմ մանրամասնել: Ամուսնալուծվելուց երկու տարի հետո, երբ դեռ նոր էինք լրջորեն հանդիպում Նուբարի հետ, հաճախ էինք ճամփորդում: Մի օր թափառում էինք Վենետիկի փողոցներում, երբ ցուցափեղկին մի արտասովոր թագ տեսա ու ներս մտա: Կապույտ թավշե բաճկոնով խանութպանը թագը դրեց գլխիս ու բացականչեց՝ բելի՜սիմո: Նայեցի հայելու մեջ՝ ճիշտ էր: Մի բան անկատար էր թվում: Այս թագի հետ հնարավոր չէր քող կցել, իսկ իմ հիմնական ծարավը հենց քողի՛ ծարավն էր: Այս մասին ես ասացի Ալֆրեդոյին ու նա ժպտաց: Շուտով նա մի քող փաթաթեց ուսերիս վրա և կրկին բացականչեց՝ բելի՜սիմո: Նայեցի հայելու մեջ՝ կրկին ճիշտ էր: Ես՝ Կլեոպատրայի ոսկեփայլ թագով ու քողապատ և ինքը՝ կապույտ թավշե բաճկոնով ու ոսկեմազ: Հայելու մեջ հայտնված այդ պատկերն իմ ենթագիտակցության մեջ արձանագրվեց որպես «աղջկական հարսանեկան երազի իրագործման պահ»: Կարծում եմ` նաև Ալֆրեդոյի համար, որովհետև նա անակնկալ տխրեց: Պահի անպատեհ լարումը կոտրելու և իրականություն վերադառնալու համար, ես հարցրեցի թագի գինը: «Եթե ճիշտ ես ընտրել քո Անտոնիոյին, գինը պետք է որ նշանակություն չունենա»,- նոր ու սառը տոնայնությամբ ասաց նա: Այդ պահին ներս մտավ Նուբարը ու սկսեց աջ-ձախ նայելով` ինձ որոնել: Պարզվեց՝ ճիշտ եմ ընտրել իմ Անտոնիոյին: Նա վճարեց` առանց գինը նախապես հարցնելու: Ալֆրեդոն թագը խնամքով, արագ, բայց մտազբաղ տեղավորեց տուփի մեջ ու մաղթեց երազների շուտափույթ իրագործում: Պարզվեց այնքան էլ սրտանց չէր մաղթել, որովհետև այդ թագը 17 տարի մնաց իր տուփի մեջ: Այդ տարիների ընթացքում Նուբարը ինձ պարբերաբար հիշեցնում էր դրա մասին և բողոքում, որ ինքն այդպես էլ ինձ չտեսավ այդ թագով: Այս տարի իր ծննդյան տարելիցի կապակցությամբ խրախճանք էինք կազմակերպել, ու երբ ընկերներով հայտնվեցինք լիմուզինի մեջ, նա կրկին հիշեցրեց այդ մասին` բոլոր երազներս իրագործեցիր, բացի այն թագից: Ի՞նչ իմանար նա, որ ընդամենը երկու օր առաջ ես որոշել էի անակնկալ մատուցել և որ այդ թագը 15 մետրանոց քողի հետ արդեն գտնվում էր սրահում՝ սեղանի տակ: Օրվա վերջում ես բառացիորեն բեմականացրեցի թագիս վերոհիշյալ պատմությունը, հընթացս բեմ հրավիրելով ընկերուհիներիս, որոնցից մեկը թագադրեց, իսկ մյուսը քողի մեջ փաթաթեց ինձ: Ամեն բան կատարվեց երազի անիրականությամբ ու մանրամասներով և րոպեներ անց ես՝ Կլեոպատրայի թագով, և իմ Անտոնիոն պտտվում էինք վենետիկյան սրահի պարահարթակով: Այդ պարը իր մեջ հավերժության էլեմենտ ուներ: Այն կայանում էր ինձնից ու նրանից դուրս: Քողն ինքնուրույն գոյություն էր ձեռք բերել և անհնար էր արդեն կառավարել: Այն դարձել էր բոլորինը և հայտնվում էր մերթ պարողների գլխավերևում, ինչպես թափանցիկ ու եթերային ամպ, մերթ նրանց գլուխների վրա կամ ձեռքերի մեջ: Սա մարմնից դուրս գտնվելու փորձ էր, առանց անցյալի ու ապագայի՝ միայն երազին հատուկ անպատասխանատվությամբ: Ուրիշին տրված երջանկություն: Ու հիշեցի հորս խոսքերը. «Մարդը կարող է երջանկության հավակնել այն չափով, որ ինքն է տալիս իր շրջապատին»:
Սերը մեկ ուրիշին տրված երջանկությունն է
-Ո՞րն է Ձեր կանացի երջանկության գրավականը: Տղամարդու ո՞ր տեսակն է ի զորու գրավել Սոնա Վան ճակատագրական կնոջ սիրտը: Ի՞նչ է նշանակում խորապես սիրել: Ո՞րն է կնոջ հոգեբանական ապահովության գրավականը: Ո՞րն է տղամարդու Ձեր իդեալը:
-Խորապես սիրել նշանակում է մոռանալ սեփական եսի մասին: Նշանակում է մոտենալ քո աստվածային էությանը: Սա քեզանից դուրս գալու և քեզանից ավելի մեծ մի բանի մասը կազմելու քաջություն է: Սերը վախկոտներին չի տրվում: Սիրել նշանակում է քո սեփական երջանկությունը գտնել ուրիշի երջանկության մեջ: Սիրող մարդը վեր է հանում կնոջ լավագույն պոտենցիալը, նրան բարձրացնում է մինչև անկախություն, բայց այնտեղ մենակ չի թողնում նրան: Սիրված կինը այն ազատ թևավորն է, որը նախընտրում է չթռչել: Կնոջ հոգեբանական ապահովության զգացման գրավականը այն հստակ գիտակցությունն է, որ ինքը և միայն ինքն է ի զորու բավարարել իր սիրած տղամարդու կոնկրետ քաղցը: Որ ինքը նրա կյանքում հայտնվել է ոչ թե պատահականության, այլ կոսմիկ անհրաժեշտության բերումով, որ իր գոյությունն այն սոսինձն է, որ ամբողջականության մեջ է պահում սիրած տղամարդու ներաշխարհը: Իսկական տղամարդը նա է, ով իր կյանքում գոնե մի կին է երջանկացրել: Ես նախընտրում եմ ամուր բնավորությամբ, բայց հոգեպես նուրբ ու արժանապատիվ տղամարդուն և ագրեսիվությունը ընկալում եմ որպես մտավոր ու հոգևոր անզորության արտահայտություն: Ես մեծացել եմ հորս և եղբորս արական ինտելեկտի գերակայության ու պաշտամունքի մթնոլորտում ու ինձ համար հաճելի և ապահով է իմ կողքին ավելի ուժեղ, ավելի խելացի ու ավելի շրջահայաց տղամարդու ներկայությունը: Գնահատում եմ կատակից լրջության, լրջությունից կատակի հեշտությամբ անցնելու ճկունություն ունեցող տղամարդուն, որը կրում է էմոցիոնալ ու ֆիզիկական շփման բարոյական պատասխանատվություն: Մարդ, որին կարելի է հենվել, և որի հետ կարելի է լռել: Իմ սիրած տղամարդը սխրանքի ու զոհողության պատրաստ ու հենց այդ պատճառով էլ խոցելի ու կյանքի թրթիռը կրող տղամարդն է, ով ինձ անվերջ համակում է կորստյան վախով՝ համատեղ ապրած ամեն վայրկյանը դարձնելով նշանակալից ու թանկ:
-Զրույցը ամփոփեմ վերջին հարցով: Ո՞րն է ժամանակի Ձեր բանաստեղծական սահմանումը:
-ժամանակը սոսկ սիրո՛
ժամանակն է
մնացածը՝ հոգնություն
աննպատակ ...
-Կյանքը շատ կարճ է՝ ժամանակի մասին արձակ խոսք ասելու համար:
Իսկ այս բանաստեղծությունը նվիրում եմ բոլոր հայուհիներին.
Օ՜... երջանկությունԵս փորձել եմ քեզհայելու առաջգաղտնորենհապճեպինչպես տարիքովկույս հարսնաքույրն էդռանը հենվածփորձումհարսանյաց քողը...ուրիշիերջանկությո՜ւն իմես տանում եմ քեզիմ դողդողացողազդրերի միջովզգո՜նթվացյալ անտարբերությամբինչպես փորձառու գողն էցերեկովփախցնում-տանումգանձըուրիշիօ՜... բազմաճաճանչօ՜... կապտականաչկեղծ զմրուխտի պեսմեծ ու անթերիերջանկություն իմդու իմ մատով եսերազում գտած մատանունման...մեկ ուրիշ հարսիբայց միևնույն էդեռ չպատժվածհանցագործի պեսկրելու եմ քեզօրերիս միջովվախով ու թաքունքանի որ այնպեսսազո՜ւմ ես դու ինձօ՜ ... երջանկություն
Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի
Վերադառնալ