16:00
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ընտանիքի շարժիչ ուժը կինն է

2016-04-13 10:56

 «Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է «Հայաստանի Գանձեր» Դիզայներների և Ստեղծագործողների Միության ղեկավար, հիմնադիր-տնօրեն Նինա Հովնանյանը:

 

«Դե Ֆակտո» N117 (2016թ.) 


-Ինչպե՞ս է հաջողվում գեղեցիկ և նրբաճաշակ Նինա Հովնանյանին մնալ այդպես կանացի ու նրբագեղ:
-Միակ գաղտնիքը սիրո մեջ է: Սեր ընտանիքի, հայրենիքի, ընկերների, հարազատների, բնության և վերջապես` գեղեցիկի նկատմամբ:


-Ի՞նչը ստիպեց տիկին Հովնանյանին` օվկիանոսից այն կողմ թողնել հանգիստ ու ապահով կյանքը և մշտական բնակություն հաստատել Հայրենիքում:
-1991թ.-ին, երբ առաջին անգամ եկա Հայաստան, անմիջապես սիրահարվեցի Մայր Հայրենիքիս: Այդ ժամանակ ցանկություն առաջացավ զբաղվել որևէ գործով` Հայրենիքի հետ կապ ստեղծելու համար: Ամեն բան սկսվեց բարեգործական դրամահավաքից, որից հետո սկսեցի ձևավորմամբ զբաղվել: Ստեղծեցինք մի փոքր խումբ, որում ընդգրկված էին նկարիչներ, ձեռագործներ, ոճաբաններ: Ձեռագործ աշխատանքներն այստեղ պատրաստում էինք, Նյու Յորքում` վաճառում: Այնուհետև, 1998թ.-ին հայրս սկսեց «Վահագնի» թաղամասի աշխատանքները` զուգահեռ տանելով Հայաստանում զբոսաշրջության զարգացման գործընթացը: Այդ ծրագրի իրականացման համար հայրիկիս օժանդակող էր հարկավոր, և ես որոշեցի օգնել իրեն: 2001թ. ապրիլին վերջնականապես տեղափոխվեցի Հայաստան: Այստեղ էլ հանդիպեցի ամուսնուս, և կյանքս այլ ընթացք ստացավ:

-Արվեստի պատմություն ուսումնասիրե՞լը սեր արթնացրեց ձևավորման նկատմամբ, թե՞ շարժառիթն այլ է եղել:
-Ձևավորումն իմ կյանքում շատ մեծ տեղ է զբաղեցրել: Մայրս միշտ սիրել է նորաձևությունը, իսկ ես դեռ վաղ հասակից իմ անմիջական մասնակցությունն եմ ունեցել այդ աշխատանքներում: Ձևավորմամբ զբաղվել եմ նաև ուսանողական տարիներին, երբ սովորում էի Նյու Յորքում: Այդ ժամանակ ամանորին զբաղվում էի տների արտաքին և ներքին զարդարմամբ ու վաստակածս գումարով նվերներ գնում հարազատներիս, ընկերներիս, ընտանիքիս անդամների համար, քանի որ շատ եմ սիրել նվերվեր մատուցել: Արվեստի պատմություն սովորելու տարիներին կյանքս հրաշալի կերպով փոխվեց, որի արդյունքում ձևավորվեց կյանքի և գեղեցիկի աշխարհընկալումս:

-Ապրել եք Նյու Յուրքում, ճամփորդել աշխարհով մեկ... Երկրագնդի վրա ո՞րն է Ձեր ամենասիրելի վայրը:
-Շատ եմ սիրում Իտալիան:

-Իսկ ձևավորման համար ի՞նչն է հանդիսացել ներշնչանքի աղբյուրը:
-Կյանքի յուրաքանչյուր փուլ իր ներշնչանքի աղբյուրն ունի: Երբ ամուսնացած չէի` ներշնչանքի աղբյուր հանդիսացան կատարյալ սիրո մասին պատկերացումները, ամուսնության ընթացքում` ամուսնական ջերմացնող սերը, երեխաների լույս աշխարհ գալուց հետո` երեխաներից ճառագող մաքրությունը: Ամեն բան կարող է ներշնչանքի աղբյուր դառնալ` երաժշտությունը, սերը, ծաղիկները: Թերևս, ամենամեծ ներշնչանքի աղբյուր ինձ համար այսօր երեխաներիս ուրախությունն է: Նրանց հոգին լուսավոր է, մտքերը` պարզ, երազանքները` վառ ու գունագեղ:

-Ձեր երազանքներից մեկն է եղել` միջազգային շուկայում տեսնել մեր ազգային ոճը: Որքանո՞վ կարողացաք Ձեր ներդրումն ունենալ այս հարցում:
-Այս տարիների ընթացքում մեր հավաքածուները կարողացանք տարածել ԱՄՆ-ում, եվրոպական մի շարք երկրներում: Ցավոք, ռուսական շուկայում մեր գործերը ներկայացվեցին «Made in America» ապրանքանիշով, մինչդեռ իրականում Հայաստանից էին:
Այսօր Հայաստանում բավականին շատ ձևավորողներ կան և այդ երիտասարդ սերունդը, կարծում եմ, ժամանակի ընթացքում նույնպես դուրս կգա միջազգային շուկա:

-Բազմաբովանդակ և բազմաշերտ հոգու տեր Նինա Հովնանյանը երեխաների լույս աշխարհ գալուց հետո սկսում է հեքիաթներ գրել: Պահպանվե՞լ են դրանք այսօր:
-Այո, պահպանվել են գրքերի տեսքով: Ես չորս գիրք եմ գրել, որոնցից երկուսը հրատարակվել են և վաճառքի հանվել Դիլիջանում գործող մեր գրախանութում: Շարունակաբար լույս կտեսնեն հաջորդ երկու գրքերը, որոնք այժմ ընթացքի մեջ են: Բոլորը հեքիաթներ են:
Գաղափարը նրանում է, որ Հայաստանի յուրաքանչյուր տարածք այնքան հին է, որ իր ավանդազրույցներն ունի: Զբոսաշրջիկներին հետաքրքրում են դրանք: Ցավոք, մեր լեգենդները մի փոքր տխուր են: Գրքերին զուգահեռ ստեղծեցի ևս 3 հեքիաթ` Իջևանի, Եղեգնաձորի և Ծաղկաձորի վերաբերյալ` պահպանելով նույն հիմքը, բայց ուրախ վերջաբանով: Մենք շատ հետաքրքիր գաղափար էինք մշակել` վաճառքի հետ կապված. պատրաստում էինք նաև ձեռագործ աշխատանքներ` տվյալ գրքի հերոսների կերպարներով: Սակայն այս գրքերը դեռ չեն հրատարակվել որոշակի տեխնիկական խնդիրների պատճառով: Աշխատանքները պետք է թարգմանվեն և հրատարակվեն մի շարք լեզուներով, քանի որ դրանք կարևոր են զբոսաշրջության համար:

-Նինա Հովնանյանին ոմանք ճանաչում են որպես ձեռներեց, ոմանք` արվեստագետ: Ինչպիսի՞ն է տիկին Նինան ընտանիքի ներսում:
-Ընտանիքում ես մայրն եմ, քույրն եմ, ամուսնուս կինն եմ, ընտանիքիս շարժիչ ուժն եմ: Իմ համար ամենաթանկ բանն իմ ընտանիքն է, իսկ լավագույն նվերը` հումորի զգացումը, որը մնաց ինձ իմ ծնողներից: Ընտանիքի ներսում պահեր են լինում, որ լարվում ես և ճիշտ մտածել չես կարողանում, միշտ հումոր է պետք թեթևանալու համար:

-Հիշողություն, որ կապված է հայրիկի հետ:
-Դպրոցում սովորելու տարիներին սիրում էի ֆուտբոլ խաղալ: Խաղի ընթացքում գնդակը հարվածելիս հայրս միշտ սպասում էր դարպասի մոտ, ձեռքով անում և բղավում.«Նինա՛, գոլը խփե, մի՛ սպասե»: Նույն մոտեցումը հայրս ուներ նաև կյանքի նկատմամբ: Միշտ ասում էր, որ նպատակներին պետք է ծառայել մինչև վերջ:
-Ինչո՞վ եք այժմ զբաղվում և հետագա ի՞նչ ծրագրեր ունեք:
-Այժմ ղեկավարում եմ «Հովնանյան ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն` «Վահագնի» թաղամասում և շարունակում զբաղվել երեխաներիս դաստիարակությամբ:
-

Տիկի՛ն Հովնանյան, առջևում տոներն են: Ի՞նչ կմաղթեք մեր հայ կանաց և աղջիկներին:
-Մեր կանանց և աղջիկներին մաղթում եմ սեր, գեղեցկություն, խաղաղություն և համբերություն: Ընտանիքի ծանրությունը կնոջ ուսերին է, քանի որ կինն է ընտանիքի շարժիչ ուժը: Մաղթում եմ իրենց անսպառ հույս և հավատ, որովհետև ընտանեկան հույսն ու հավատը կինն է:


Հարցազրույցը`
Քրիստինա Միրզոյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...