2016-04-08 09:53
«Մեգապոլիս Քոնսթրաքշն» շինարարական ընկերության հիմնադիր տնօրեն ԱՇՈՏ ՍԻՄՈՆՅԱՆ
«Դե Ֆակտո» N117 (2016թ.)
Մենք մինչ օրս հավատարիմ ենք մեր կարգախոսին, մեր բոլոր պատվիրատուներն ու գործընկերները վստահում են մեզ, իսկ վստահությունը ինձ համար ամենակարեւոր արժեքն է թե՛ բիզնեսում եւ թե՛ մարդկային փոխհարաբերություններում:
-Պարո՛ն Սիմոնյան, շուրջ 4 տարի է, ինչ «Մեգապոլիս Քոնսթրաքշն» ընկերությունը գործունեություն է ծավալում շինարարության ոլորտում և արդեն հասցրել է առաջատար դիրք գրավել` ձեռք բերելով վստահություն: Խնդրում եմ ներկայացնել ընկերության ստեղծման պատմությունը և գնահատել 4 տարիների աշխատանքը:
-Ես մասնագիտությամբ շինարար եմ, և իմ առաջին աշխատանքային փորձը ձեռք եմ բերել հենց շինհրապարակում: Աշխատել եմ տարբեր շինարարական ընկերություններում, բայց միշտ ձգտել եմ ունենալ իմ սեփականը: Իրականում մինչ ընկերության հիմնադրումը, որպես ենթակապալառու` համագործակցում էի տարբեր կազմակերպությունների հետ և հասցրել էի իրականացնել բավական լուրջ նախագծեր: Պահը հասունացավ, և ես հիմնադրեցի «Մեգապոլիս Քոնսթրաքշն» ընկերությունը:
Իմ ընկերության կայացման գործում կարևոր դեր են ունեցել նաև իմ ընկերները, ովքեր մշտապես իմ կողքին են, ինչը ես շատ եմ գնահատում ու կարևորում:
Հայրս նույնպես շինարար է, և իր շինարարական գործունեության ընթացքում զբաղեցրել է մի շարք բարձր և պատասխանատու պաշտոններ: Նա ինձ աջակցում է իր խորհուրդներով, և ես ուրախ եմ, որ շարունակում եմ իր գործը:
Ընկերության վերջին տարիների գործունեությունը վստահորեն գնահատում եմ որպես արդյունավետ ու հաջողված:
-«Ես վստահ եմ» կարգախոսը բավականին համարձակ ու պարտավորեցնող է: Եվ այսպես, ընկերությունը վստահ է, որ...
-... վստահ է, որ մատուցում է բարձրակարգ ծառայություն՝ որակի, ժամկետի ու արժեքի ճիշտ համադրությամբ: Մենք երբեք չենք խնայում միջոցներ՝ պատվիրատուին որակյալ աշխատանք մատուցելու, աշխատանքները ժամանակին և նույնիսկ ժամանակից շուտ ավարտելու համար, ինչից որակը երբեք չի տուժում: Մենք մինչ օրս հավատարիմ ենք մեր կարգախոսին, մեր բոլոր պատվիրատուներն ու գործընկերները վստահում են մեզ, իսկ վստահությունը ինձ համար ամենակարևոր արժեքն է թե՛ բիզնեսում և թե՛ մարդկային հարաբերություններում:
-Մինչև այսօր ի՞նչ կառույցներ է նախագծել և իրականացրել ընկերությունը, ինչպիսի՞ որակ է ապահովել:
-Մենք իրականացրել ենք բազմաթիվ նախագծեր: Բոլորն էլ կարևորում ենք` անկախ մասշտաբներից, որովհետև մեր մոտեցումը յուրաքանչյուր աշխատանքին անհատական է: Ընկերությունն իրականացրել է տարբեր նշանակության շենքերի և շինությունների, առանձնատների և հասարակական օբյեկտների նախագծեր, օրինակ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա կրթահամալիրի» երկաթբետոնե իրանը, Dalma Garden Mall-ի, Yerevan Mall-ի մի շարք խանութ-սրահների ներքին հարդարման աշխատանքները, LaFaberGe լաունջ սրճարանը և այլն: Նախորդ տարի կառուցել ենք բժշկական կենտրոնի նոր մասնաշենք Երևան քաղաքում, պայմանագրեր ենք կնքել խոշոր արտասահմանյան շինկորպորացիաներից մեկի՝ CH2MHill-ի հետ, որը համարվում է շինոլորտում համաշխարհային առաջատար ընկերություն, և այժմ իրականացնում ենք Առողջապահության նախարարության Երևանի համաճարակների և հիվանդությունների կանխարգելման Ազգային կենտրոնի կենտրոնական կայանի վերակառուցումը:
Նաև կուզեմ նշել մի նախագիծ, որը մեզ համար ևս շատ կարևոր է եղել, քանի որ այն բավականին բարդ էր և յուրօրինակ: Խոսքը UWC Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման մասին է, որտեղ «Մեգապոլիս Քոնսթրաքշն» ընկերությունն իրականացրել է տարատեսակ աշխատանքներ՝ երկաթբետոնե կարկասներ, մետաղական կոնստրուկցիաներ, փայտյա և տանիքային աշխատանքներ, տարածքի բարեկարգում և ներքին հարդարում:
Եվ վստահ կարող եմ ասել, որ մեր ընկերության կողմից իրականացված բոլոր աշխատանքները պատվիրատուի կողմից արժանացել են բարձր գնահատականի:
Մենք աշխատում ենք բացառապես բարձրակարգ նյութերով եւ սարքավորումներով, ինչն էլ ապահովում է աշխատանքի բարձր որակը:
-Ո՞րն է ընկերության աշխատանքային որակի և հաջողության գրավականը:
-Մեզ մոտ աշխատում են երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող մասնագետներ: Մենք աշխատում ենք բացառապես բարձրակարգ նյութերով և սարքավորումներով, ինչն էլ ապահովում է աշխատանքի բարձր որակը:
Մեր անձնակազմը պարբերաբար մասնակցում է թրեյնինգների. օրինակ, 2014 թվականին հայտնի Bosch շինարարական գործիքներ և սարքավորումներ արտադրող ընկերությունը մեզ հրավիրեց մասնակցելու Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում գտնվող նույնանուն գործարանում անցկացվող թրեյնինգին, որտեղ ծանոթացանք Bosch-ի նոր սարքավորումներին և դրանց հետ ճիշտ աշխատելու հմտություններին:
Մեր ընկերության համար շատ կարևոր են նաև պատվիրատուների և գործընկերների հետ մարդկային ճիշտ փոխհարաբերությունները, որոնք պետք է հիմնված լինեն ազնվության և փոխադարձ վստահության վրա: Սրանք են մեր հաջողության հիմնական գրավականները:
-Ընկերությունը հմտություններ է ձեռք բերել նոու-հաու ոլորտում, ի՞նչ առանձնահատկություններ ունի այդ ոլորտը:
-Այս ոլորտի առանձնահատկությունը նոր տեխնիկական գիտելիքների, հմտությունների, փորձի, արտադրության գաղտնիքների միջոցով առավելության հասնելն է մրցակիցների նկատմամբ, այսինքն՝ ժամանակակից գործելաոճը:
-Ընկերությունն իրականացնում է ալյումինե դռների և պատուհանների պատրաստում, որքանո՞վ են դրանք որակյալ, և ի՞նչ տեխնիկական հնարավորություններով ու մասնագետներով է զինված «Մեգապոլիս Քոնսթրաքշնը»:
-Ալյումինե դռների և պատուհանների արտադրությունը մեզ համար առաջնային ոլորտ չէ, քանի որ մեր շուկան հագեցած է նմանատիպ ծառայություններ մատուցող ընկերություններով: Մենք չենք ձգտում այս ոլորտում մրցակցել որևէ մեկի հետ: Այն հիմնականում օգտագործում ենք մեր նախագծերում, իսկ որակի և տեխնիկական հնարավորությունների մասին ես կասեմ հետևյալը. մեր արտադրանքը այժմ օգտագործվում է ԱՆ Երևանի ՀՎԿԱԿ ԿԿ-ի նոր վերակառուցվող շենքում, որը Հայաստանի Հանրապետության համար ստրատեգիական նշանակություն ունեցող կառույց է: Եվ պատկերացրեք, որ շուկայում գոյություն ունեցող բազմաթիվ առաջարկների կողքին` հավանություն տրվեց հենց մեր կողմից առաջարկվող ալյումինե պատուհաններին և դռներին:
-Մետաղական աշխատանքները բավականին բարդ և հմտությունների բարձր մակարդակ են պահանջում` ցանկալի արդյունքի ապահովման համար: Մետաղական ինչպիսի՞ աշխատանքներ են ստեղծվում ընկերությունում, ի՞նչ պատվերներ եք ստանում:
-Մետաղի հետ աշխատելը շատ հետաքրքիր և բարդ գործընթաց է: Մենք ունենք բավականին լուրջ և փորձառու մասնագետներ թե՛ նախագծման, թե՛ դիզայնի և թե՛ վերջնական արտադրանքի իրականացման համար: Մեզ մոտ առաջին հերթին կատարվում է ճիշտ նախագծում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր արտադրանքի առանձնահատկությունը և տեսքը` դա կլինի աշխատող կոնստրուկտիվ ֆերմա, թե դիզայներական բարդ լուծումներ պահանջող ինչ-որ արտադրանք: Այնուհետև ոլորտի պատասխանատուն տալիս է իր հավանությունը, և արտադրանքը թողարկվում է: Այն միշտ եղել է բարձր որակի, ինչի մասին հավաստել են նաև մետաղական կոնստրուկցիաներ փորձարկող շատ լաբորատորիաներ: Մեր բոլոր եռակցողներն ունեն համապատասխան որակավորում:
Այս դեպքում ևս կարող եմ օրինակ բերել Դիլիջանի միջազգային դպրոցը, որն առանձնանում է իր դիզայներական, ճարտարապետական և որակային բարձր պահանջներով և որտեղ մենք իրականացրել ենք արտաքին մետաղական բազրիքների, նստարանների նախագծերը: Այժմ էլ արտադրման փուլում են գտնվում աղբամանները: Դրանց նմուշը նախագծվել և արդեն թողարկվել է, ու ստացել ենք ճարտարապետի հավանությունը:
-2016թ. ի՞նչ նախագծեր պետք է իրականացնի ընկերությունը:
-Ինչպես արդեն նշեցի, այժմ մենք իրականացնում ենք ԱՆ Երևանի ՀՎԿԱԿ ԿԿ-ի վերակառուցման աշխատանքները: Բացի այդ, կան մի քանի նախագծեր, որոնք բանակցային փուլում են:
-Համագործակցության ի՞նչ շրջանակներ ունի ընկերությունը, արդյո՞ք ունեք մշտական պատվիրատուներ:
-«Մեգապոլիս Քոնսթրաքշն» ընկերությունը համագործակցում է տեղական և միջազգային ընկերությունների հետ: Մենք համագործակցում ենք իրենց արտադրանքի բարձր որակի շնորհիվ ճանաչված ընկերությունների հետ` Knauf, Lafarge, DLW, Saint Gobain, Bosch, որոնց անմիջական գործարաններից ներմուծվում են նյութերը:
Մեր պատվիրատուներն են IdeaFoundation-ը, RDConstruction-ը, CH2MHill-ը և այլ առաջատար կազմակերպություններ: Դրանք. կարելի է ասել, որ մեր մշտական պատվիրատուներն են, քանի որ միասին իրականացրել և շարունակում ենք իրականացնել տարբեր նախագծեր:
-Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ-ում շինարարության ոլորտի զարգացման տեմպերը ճգնաժամից հետո, դրա ազդեցությունը դեռ զգալի՞ է:
-Իհարկե, ճգնաժամն իր ազդեցությունը թողեց ոչ միայն Հայաստանում, այլ նաև մեծ և փոքր երկրներում: Իմ կարծիքով` շինարարությունը յուրաքանչյուր երկրի տնտեսության ամենակարևոր ճյուղերից է, որը ներառում է մարդկային ռեսուրսների զբաղվածության բարձր տոկոս և շատ կարևոր է երկրի ընդհանուր զարգացման համար:
Եթե շինարարության տեմպերը մի երկրում արագանում են, դա խոսում է տվյալ երկրի տնտեսական աճի մասին: Ճիշտ է, նախորդ տարիների հետ համեմատ, շինարարության տեմպերը բավական նվազել են, բայց ես հույս ունեմ, որ սա ընդամենը ժամանակավոր բնույթ է կրում:
-Զարգացման առումով հեռանկարային ի՞նչ ծրագրեր ունեք:
-Մեր ընկերությունն իր ստեղծման օրվանից տարեցտարի գրանցում է նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ, որոնք մեր աշխատասիրության և աշխատանքին պատասխանատվությամբ մոտենալու արդյունք են: Իհարկե, մեր ընկերության զարգացման և ՀՀ շինարարական ոլորտում առաջատար և կայուն դիրք զբաղեցնելու համար կան հեռանկարային ծրագրեր:
-ՀՀ-ում շինարարության ոլորտը հագեցած է տարբեր ընկերություններով, որոնցից յուրքանչյուրը ներկայանում է իր ձեռագրով: Այդ առումով մրցակցությունն ինչպիսի՞ն, է և կա՞ արդյոք առողջ մրցակցություն:
-Այո, դուք իրավացի եք: ՀՀ-ում շինոլորտը հագեցած է: Կան բավականին կայուն դիրք զբաղեցնող ընկերություններ, որոնք առանձնանում են իրենց բարձր որակական հատկանիշներով: Շատ ուրախ եմ, որ կան մարդիկ, ովքեր իրենց գործին մոտենում են պատշաճ կերպով: Ես միշտ առողջ մրցակցության կողմնակից եմ, սակայն այսօր ոլորտում կան բազմաթիվ ընկերություններ, որոնք խախտում են էթիկայի և բիզնեսի կանոնները՝ փորձելով ամեն գնով՝ կարդախությամբ, անմիտ ցածր գնի սահմանմամբ, ստանալ պատվերներ, ինչը հիմնականում խնդիրներ է առաջացնում նախ իրենց, իսկ հետո` պատվիրատուների համար, որն անթույլատրելի է:
-Պարո՛ն Սիմոնյան, ունե՞ք երազանքների նախագիծ, որը դեռ չեք իրականացրել, բայց տարիների ընթացքում այդ գաղափարն անհանգստացնում է Ձեր միտքը:
-Ունեմ և վստահ եմ, որ մի օր իրականացնելու եմ:
- Շինարարական յուրաքանչյուր նախագիծ ստեղծագործություն է, արդյո՞ք կարելի է արվեստի գործ համարել ավարտված շինարարական աշխատանքը:
-Մենք մեր բոլոր նախագծերի հանդեպ ցուցաբերում ենք անհատական մոտեցում, քանի որ յուրաքանչյուր կատարած աշխատանք իրենից մեծ արժեք է ներկայացնում:
Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի
Վերադառնալ