04:16
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Արագածոտնի մարզպետ

2016-02-29 12:14

Դու քեզ երջանիկ մարդ ես համարում, երբ կարողանում ես գեթ մեկ ակնթարթ ուրախություն պարգևել մարդկանց.
Սարգիս Սահակյան
Արագածոտնի մարզպետ

«Դե Ֆակտո» N116 (2016թ.)

Հայկական բնաշխարհը հարուստ է դրախտային բնությամբ, բազմաթիվ լեռնաշղթաներով: Հայաստանի յուրաքանչյուր մարզն ունի իր հարուստ պատմությունը:
Արագածոտնի մարզն իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից: Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի` Արագածի միջև: Մարզն իր մեջ ընդգրկում է Աշտարակի, Թալինի, Ապարանի և Արագածի նախկին շրջանները: Աշտարակի տարածաշրջանը և Թալինի տարածաշրջանի մի մասը գտնվում են նախալեռնային գոտում, իսկ Ապարանի և Արագածի տարածաշրջաններն ու Թալինի տարածաշրջանի մի մասը՝ լեռնային գոտում:
Մարզի 19 համայնք ունի լեռնային, իսկ 40-ը` բարձր լեռնային գոտու կարգավիճակ: Բնակչության թվաքանակը կազմում է 131700 մարդ: Մարզում կա 3 քաղաքային և 111 գյուղական համայնք: Արագածոտնի մարզը գրավում է զբոսաշրջիկներին իր պատմամշակութային հարուստ ժառանգությամբ, մնայուն արժեքներով: Մարզը հայտնի է Բյուրականի հանրահայտ աստղադիտարանով, Օշականում է հանգչում հայոց այբուբենի ստեղծողը՝ Մեսրոպ Մաշտոցը:

«Դե Ֆակտո» ամսագրի այս համարում կզրուցենք Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ :


-Պարո՛ն Սահակյան, ամփոփելով 2015 թվականը, ի՞նչ հաջողություններ և ձեռքբերումներ արձանագրեց Արագածոտնի մարզը:


-2015 թվականը հաջողված տարի էր մեր մարզի համար: Տարվա ընթացքում մարզում կատարվել են մոտ 335 ծրագրեր, որոնց ֆինանսավորումը կազմել է 42,974,663.1 հազար դրամ. ՀՀ պետական բյուջեից հատկացումները կազմել են 41,139,507.1 հազար դրամ, բարեգործական կազմակերպությունների, այլ ծրագրերով, անհատ բարերարների և մասնավոր ներդրողների միջոցներով հատկացումները` 1,434,970.9 հազար դրամ, մարզի համայնքների բյուջեներից հատկացումները` 400,185.1 հազար դրամ:
Վերակառուցվել, հիմնանորոգվել են Քուչակի մշակույթի տունը, Արագածի թիվ 1 դպրոցը, Ծաղկահովիտի դպրոցը, մարզադահլիճը և մանկապարտեզը, կառուցվել են Վարդենիսի դպրոցը և Աշտարակի մարզադպրոցը: Հրատապ ծրագրով իրականացվել են բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման, համայնքների փողոցային լուսավորության կառուցման, մի շարք մշակույթի տների, մարզադպրոցների, մանկապարտեզների, ներհամայնքային ճանապարհների վերանորոգման, խմելու ջրագծերի, կոյուղագծերի կառուցման և կարևորություն ունեցող այլ աշխատանքներ: Գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտում ներդրվել է` 2,268,179.2, սոցիալական ապահովության ոլորտում` 1,080,521.8, ջրամատակարարման բնագավառում` 3,608,233.5, ճանապարհաշինության բնագավառում` 30,156,437.5, գազիֆիկացման բնագավառում` 2,826,815.2 հազար դրամ:
Մարզ էին հրավիրվել հանրապետությունում գործող տարբեր արտասահմանյան կառույցների ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, ԻԻՀ-ից, ԱՄԷ-ից, ՌԴ-ից և այլ երկրներից և համատեղ մշակվել էին սոցիալական, կրթության, առողջապահության, մշակույթի և սպորտի բնագավառներում ներդրումներ կատարելու հետագա ծրագրերը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության արդյունքում 17 ընտանիք ստացան նոր բնակարաններ: Նաև կարող եմ նշել գյուղատնտեսության ոլորտում առկա հաջողությունները, անցած տարին մեր մարզի համար եղել է բերքառատ տարի: Ես կարող եմ վստահաբար ասել, որ վերջին տարիներին մեր երկրի նախագահ պարոն Ս. Սարգսյանի աջակցությունը գյուղատնտեսական ոլորտին իր տեսանելի արդյունքները տվեց:

-Ձեր աշխատանքը շատ պատասխանատու և նվիրական աշխատանք է, դուք ամեն օր շփվում եք տարբեր մարդկանց հետ, հե՞շտ է արդյոք աշխատել բնակիչների հետ:


-Շատ սիրով եմ կատարում աշխատանքս: Գրեթե յուրաքանչյուր օր հանդիպում եմ բնակիչների հետ, բացի այդ, շաբաթական մեկ օր մեր աշխատակազմով շրջայց ենք կատարում համայնքներում: Այցի շրջանակներում ծանոթանում ենք բնակիչների սոցիալական, առողջական խնդիրներին և հենց տեղում օգնություն ենք ցուցաբերում:
Նաև մի հրաշալի նախաձեռնություն ենք իրականացնում, տարվա մեջ երկու անգամ՝ գարնանը և աշնանը, այցելում ենք Լեռնային Ղարաբաղ, մեր մարզի զինծառայողներին տեսնելու: Այցի շրջանակներում զինծառայողների ծնողներին նույնպես տանում ենք մեզ հետ: Ուրախ երգ ու պարով անցկացնում ենք միջոցառումը ու տեսնում, թե քանի մոր աչքեր են երջանկությունից փայլում: Այդժամ դու քեզ երջանիկ մարդ ես համարում, երբ կարողանում ես գեթ մեկ ակնթարթ ուրախություն պարգևել մարդկանց:


-Պարո՛ն Սահակյան, առաջիկայում ի՞նչ ծրագրեր կան` ուղղված մարզի զարգացմանը:


-Նոյեմբեր ամսին մեր աշխատակազմը հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ և նրա հանձնարարությամբ պետք է մի շարք աշխատանքներ կատարվեն` ի շահ մարզի սոցիալական, մշակութային, կրթական ոլորտների զարգացմանը: Սոցիալական ներդրումներ հիմնադրամի աջակցությամբ Շենավանում, Աշտարակում, Հնաբերդում, Կարբիում, Թալինում, Արագածավանում և Սասունիկում պետք է կառուցվեն նոր դպրոցներ: ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի աջակցությամբ պետք է կատարենք ոռոգման ցանցերի վերանորոգում: Շատ կարևոր խնդիր է Ապարան քաղաքի Բաղրամյան 43 բազմաբնակարան շենքի ապամոնտաժումը և նորի կառուցումը: Պետք է հրատապ ծրագրով այդ աշխատանքը ավարտին հասցնենք:

Հարցազրույցը՝ Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...