21:06
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կարեն Ճշմարիտյան

2016-02-26 17:52

Իրականացվող տնտեսական քաղաքականության առանցքը երկրի տնտեսության ճկունության բարձրացումն է

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ 2015թ. տնտեսական տարվա և 2016թ. մարտահրավերների մասին

«Դե Ֆակտո» N116 (2016թ.)


-Պարո՛ն Ճշմարիտյան, կարծում եմ` կհամաձայնեք, որ երկրի զարգացման ամենակարևոր գրավականը կայուն զարգացող տնտեսություն ունենալն է: Թերևս, դա է պատճառը, որ ամեն տարեվերջին լրագրողները, տնտեսագետները, ինչու ոչ, նաև հասարակ քաղաքացիները, սպասում են տնտեսական աճի ցուցանիշերի պաշտոնական հրապարակմանը: Ամփոփելով 2015թ. տնտեսական տարին` ինչպե՞ս կգնահատեք այն, ի՞նչ ձեռքբերումներ կմատնանշեք:


-Տնտեսական առումով տարին բարդ էր` պայմանավորված մի շարք գործոններով և իրողություններով: Նշեմ դրանցից մի քանիսը. ռուսական շուկայի և ռուբլու արժույթի անկայուն վիճակը, միջազգային շուկայում գունավոր մետաղների գների անկումը, ընդհանուր տրանսֆերտների նվազումը (դրա հետևանքով ներքին շուկայում պահանջարկի նվազումը), ինչպես նաև ԵԱՏՄ անդամակցության սկզբնական շրջանում նոր իրավական դաշտին և պայմաններին տնտեսվարողների հարմարվելը և սպասողական վիճակը:
Թվարկածս գործոնները բացասական են անդրադարձել Հայաստանի տնտեսության, մասնավորապես` արդյունաբերության վրա, սակայն անգամ այս պայմաններում արդյունաբերական արտադրանքը 2015թ. կազմել է 1.3 տրիլիոն ՀՀ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 5.2%: Այս տեսանկյունից հարկ է նշել, որ աճը պայմանավորված է նաև նոր ընկերությունների գործարկմամբ, մասնավորապես` հանքարդյունաբերության, բժշկական սարքավորումների արտադրության, ջերմոցային տնտեսության, գարեջրի արտադրության և այլ ոլորտներում, ինչը, հաշվի առնելով եղած պայմանները, նույնպես ձեռքբերում կարելի է համարել:
Եթե խոսենք առանձին ոլորտների մասին, ապա 2015թ. կարելի է հաջող համարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար. այսօր ոլորտում ակտիվ աշխատում են ավելի քան 450 ընկերություններ, մոտ 13000 մասնագետ, ընդհանուր շրջանառությունը կազմում է շուրջ 550 մլն ԱՄՆ դոլար, աճը կազմել է ավելի քան 17%: 2015թ. հաջողությամբ գործարկվեց 2014թ. ընդունված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքը, որի համաձայն 2015թ.-ից ոլորտի հավաստագրված սկսնակ ընկերությունները ստացել են հարկային արտոնություններ:Դրա շնորհիվ տարվա ընթացքում ստեղծվել են 71 սկսնակ ընկերություններ և 304 նոր աշխատատեղեր, ընկերություններից 61-ը ստացել են հարկային արտոնություններից օգտվելու հավաստագրեր:
Հաջողությամբ գործում է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, որում տեղակայված են 23 տեղական և արտասահմանյան կազմակերպություններ: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հաջողված մոդելով Վանաձորում կառուցվում է համանման տեխնոլոգիական կենտրոն:
2013թ. Հայաստանում արդյունավետ գործունեություն է ծավալում նաև ՀՀ կառավարության ներդրումային բաժնեմասնակցությամբ ստեղծված վենչուրային ֆոնդը, որի կառավարիչ «Գրանատուս Վենչուրս» ՓԲԸ կողմից պայմանագրեր են ստորագրվել 8 ընկերությունների հետ` մոտ 1.5 մլն ԱՄՆ դոլարի չափով: Նշված ընկերությունների կողմից ստեղծվել են շուրջ 205 նոր աշխատատեղեր:
Շարունակվում է նաև ՏՏ ոլորտի վերազգային կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնությունների իրականացումը: 2015թ. «Մայքրոսոֆթ» ընկերության պատվիրակության Հայաստան կատարած այցի շրջանակում ստորագրվել են համատեղ նոր ծրագրերի իրականացման վերաբերյալ նոր համաձայնագրեր: Հայաստանում հաջողությամբ գործում են «ԱյԲիԷմ»-ի Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, «mLab ECA» մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան, Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիան:
Բնակչության շրջանում ինտերնետ հասանելիության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվել է գյուղերում անլար ինտերնետ սարքերի մատակարարման և տեղադրման ծրագիրը, որի շրջանակում շուրջ 344 հեռավոր, սահմանամերձ, բարձր լեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում տեղադրվել են ինտերնետ հասանելիության անլար (Wi-Fi երթուղիչ) սարքեր և 1 տարի ապահովվել է բնակիչներին անվճար ինտերնետի հասանելիությունը:
Կայացել են արդեն ավանդական դարձած «Դիջիթեք» բիզնես-ֆորումը, «Դիջիթեք Էքսպո 2015» տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսը, իսկ «Արմթեք 2015» բարձր տեխնոլոգիաների ամենամյա համաժողովն անցկացվել է ոչ միայն Երևանում, այլև Ստեփանակերտում: Այս միջոցառումները լավ հարթակ են՝ ներկայացնելու ՏՀՏ ոլորտի ձեռքբերումները, քննարկելու եղած խնդիրները և նախանշելու առաջիկա անելիքները:
«Բաց երկնքի» քաղաքականության իրականացման ընթացքում լայնածավալ աշխատանք է իրականացվել և՛գործող օրենսդրական դաշտի վերանայման, և՛ավիացիոն շուկայի ընդլայնման ուղղությամբ: Մի շարք գործընկերների հետ ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ օդային հաղորդակցությունների ոլորտի զարգացման ուղղությամբ` ավիաընկերությունների առևտրային գործունեությունը խթանող օդի տարբեր աստիճանի ազատության իրավունքների փոխադարձաբար տրամադրում և ավիաընկերությունների գործունեությունը սահմանափակող համաձայնագրերի վերանայում: Սրանք կարևոր գործոն են ինչպես հայկական շուկայում օտարերկրյա ավիաընկերությունների ներկայության ապահովման, այնպես էլ հետագայում տեղական ավիաընկերության կայացման և զարգացման համար: Աշխատանք է տարվել 26 պետությունների հետ, որոնցից 14-ի հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, իսկ 12-ի հետ շարունակվում են քննարկումները վերջնական փաստաթղթերի պատրաստման ուղղությամբ:
Իր կարևորությամբ կառանձնացնեի ԵՄ Ընդհանուր ավիացիոն գոտուն Հայաստանի միանալու ուղղությամբ կատարված աշխատանքը, որի արդյունքում Եվրոպական Հանձնաժողովը 2015թ. դեկտեմբերի 7-ին Եվրոպական Խորհրդի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության հետ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի բանակցման մանդատ ստանալու համար անհրաժեշտ փաթեթը: Համաձայնագրի կնքումը կնպաստի ոչ միայն ավիացիայի ոլորտում ԵՄ հետ համագործակցության ընդլայնմանը, այլև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը:
«Բաց երկնքի» քաղաքականության ընդունումից հետո («Բաց երկնքի» քաղաքականությունն ընդունվել է 2013 թվականի հոկտեմբերի վերջին` խմբ.), բանակցությունների արդյունքում, մի շարք ավիաընկերություններ սկսել և վերսկսել են դեպի Հայաստան երթուղիների սպասարկումը (Aegean Airways, Georgian Airways, Iraqi Airways, Al Naser, Mahan Air, Middle East Airways, S7 Airlines, Transaero, Czech, LOT): 2016 թվականի մայիսից Դոհա-Երևան-Դոհա երթուղով չվերթներ կիրականացնի Qatar Airways ավիաընկերությունը, որն ունի ուղևորափոխադրումների լայն ցանց, ինչը հնարավորություն կտա Դոհան օգտագործել, որպես հարմարավետ տարանցիկ կետ` աշխարհի տարբեր ուղղություններով երթուղին շարունակելու համար: 2015թ., 2013թ. համեմատ, գրանցվել է ուղևորահոսքի 11% աճ և թռիչքների հաճախականության 3% աճ: Չնայած նոր ավիացիոն քաղաքականության դրական միտումներն արդեն իսկ նկարելի են, այդուհանդերձ պետք է հաշվի առնել, որ ավիացիայի ոլորտում նման լուրջ փոփոխության ազդեցության գնահատման համար անհրաժեշտ է ժամանակ` տրանսֆորմացիոն գործընթացների վերջնականացման և նոր համակարգի կայուն գործարկման համար:


- Ինչպե՞ս կգնահատեք 2015թ. տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը կազմել է 103.1%: Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են բոլոր ճյուղերը, բացառությամբ առևտրի շրջանառության, որը կրճատվել է 8,0%-ով, ինչո՞վ է դա պայմանավորված:


-Պետք է ընդգծել, որ պահպանվում են դեռևս 2015թ. սկզբին համաշխարհային տնտեսության արձանագրած միտումների և, մասնավորապես` առաջնային դերակատարների տնտեսական զարգացումների վերաբերյալ տիրապետող մտահոգությունները: Այս մասին բարձրաձայնվում է միջազգային ամենատարբեր հարթակներում և փորձեր են արվում լուծումներ գտնել գլոբալ անհաշվեկշռվածությունների մեղմման ու հաղթահարման համար: Միջազգային տնտեսական անցուդարձի նման ֆոնին պետք է ասել, որ Հայաստանն ընդհանուր առմամբ դրական ելքով ավարտեց տարին` լավատեսական սպասումներ ձևավորելով նաև այս տարվա համար:
Պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն, 2015թ. ինն ամսվա կտրվածքով, համախառն ներքին արդյունքն աճել է 3.5%-ով: Ընդ որում, գրեթե բոլոր ոլորտների գծով նույնպես ավելացված արժեքի աճ է գրանցվել` գյուղատնտեսությունում` 8.6%, արդյունաբերությունում` 6.8%, ծառայությունների ոլորտում` 3.5%, շինարարությունում` 1.0%: Առևտրի ոլորտն արձանագրել է ավելացված արժեքի 6.3%-ով նվազում: Նման պատկեր է դրսևորվել նաև 2015թ. տնտեսական ակտիվության 103.1 տոկոս ցուցանիշի առնչությամբ, որին, բացի 8,0%-ով կրճատված առևտրի շրջանառությունից, նպաստել են բոլոր ճյուղերի դրական աճի ցուցանիշները (աճը գյուղատնտեսությունում՝ 11.7%, արդյունաբերությունում` 5.2%, ծառայությունների գծով` 2.7%, շինարարությունում` 0.3%):
Առևտրի ցուցանիշների նվազումն առաջին հերթին պայմանավորված է միջազգային շուկայում մի շարք ապրանքների` մասնավորապես նավթամթերքի գների անկման ազդեցության ներքո հայաստանյան շուկայում ապրանքների գների նվազմամբ: 2015թ. հունվար-նոյեմբեր ամիսներին սպառողական գների ինդեքսը կազմել է 98.2% նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, այդ թվում պարենային ապրանքների մասով` 98.7%: Սակայն, համադրելով առևտրի շրջանառության դինամիկան ներմուծման ցուցանիշների հետ, կարելի է եզրահանգել, որ առևտրի գումարային ծավալի նվազումը չի ենթադրում առևտրի ծավալային անկումը: Իհարկե, կան ապրանքներ, որոնց մասով գրանցվել է նաև քանակային նվազում, օրինակ` մարդատար ավտոմեքենաները, որոնց ներմուծման և վաճառքի նվազումը անմիջականորեն կապված է շուկայի հագեցվածության հետ:

-Մի փոքր մանրամասնեք արդյունաբերական և ներդրումային քաղաքականության արդյունքների մասին:


-Կարևորելով արդյունաբերության ճյուղն ու նրա պետական քաղաքականության իրականացման սկզբունքները` մշակվել և 2015թ. հունվարից ուժի մեջ է մտել «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքը, իսկ առաջիկա հինգ տարիների պետական քաղաքականության մոտեցումներն ամրագրելու նպատակով նախատեսվում է հաստատել արդյունաբերության զարգացման 2016-2020թթ. պետական ծրագիրը:
Արդյունաբերական քաղաքականության իրականացման արդյունքում մի շարք արդյունաբերական կազմակերպություններ ստացել են պետական աջակցություն տարբեր ուղղություններով, ինչը դրական է ազդել այդ ընկերությունների արտահանման և արտադրության ծավալների աճի վրա:
2015թ. ընթացքում արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորում են ստացել արտահանման ուղղվածություն ունեցող 16 ընկերություններ, օտարերկրյա պետությունում սերտիֆիկացման և դեղերի գրանցման համաֆինանսավորման նպատակով բավարարվել է 8 ընկերության 12 հայտ, միջազգային ցուցահանդեսներին մասնակցության և այլ նպատակներով աջակցություն են ստացել արտահանման ուղղվածություն ունեցող ավելի քան 350 ընկերություններ:
Այս տարվա հունվարի 13-ին, վարչապետի որոշմամբ, ստեղծվել է Արտահանման աջակցման խորհուրդ, որը կնպաստի տեղական արտադրանքի արտահանման խթանմանը և տեղական արտադրության մեջ արտահանման ծավալների տեսակարար կշռի աճին, ինչպես նաև իրական հատվածի զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Հիմա խոսենք ներդրումների մասին. 2015թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են 296.3 մլն ԱՄՆ դոլար` գերազանցելով 2014թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 80 մլն ԱՄՆ դոլարով: Օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) զուտ հոսքերը 2015թ. ինն ամսվա կտրվածքով կազմել են մոտ 262.0 մլն ԱՄՆ դոլար` աճելով մոտ 38 մլն ԱՄՆ դոլարով: Ընդ որում, իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի վերլուծությունն ըստ երկրների և գործունեության տեսակների ցույց է տալիս, որ և՛ ընդհանուր, և՛ ուղղակի օտարերկրյա ներդրումների աճ է արձանագրվել:
Օտարերկրյա ներդրումները հիմնականում իրականացվել են Շվեյցարիայից` 93.4 մլն ԱՄՆ դոլար (աճը կազմել է 82.3 մլն ԱՄՆ դոլար), Գերմանիայից` 62.2 մլն ԱՄՆ դոլար (աճ` 57.8 մլն ԱՄՆ դոլար), Լյուքսեմբուրգից` 59 մլն ԱՄՆ դոլար (աճ` 44.5 մլն ԱՄՆ դոլար), Արաբական Միացյալ Էմիրություններից` 21 մլն ԱՄՆ դոլար (աճ` 21 մլն ԱՄՆ դոլար), Ֆրանսիայից` 20.5 մլն ԱՄՆ դոլար (աճ` 17.5 մլն ԱՄՆ դոլար), Միացյալ Նահանգներից` 16.5 մլն ԱՄՆ դոլար (աճ` 16 մլն ԱՄՆ դոլար), Իտալիայից` 5.8 մլն ԱՄՆ դոլար (աճ` 5.1 մլն ԱՄՆ դոլար) և Ռուսաստանից` 29.8 մլն ԱՄՆ դոլար (նվազում` 50 մլն ԱՄՆ դոլար):
Հատկանշական է, որ ներդրումների զգալի ներհոսք է արձանագրվել նաև որոշ «ոչ ավանդական» ներդրող երկրներից, օրինակ՝ Իռլանդիայից՝ ծրագրային ապահովման, մշակման ոլորտում, ԱՄԷ-ից` մանրածախ առևտրի ոլորտում և այլն:
Ներդրումները հիմնականում ուղղվել են հանքագործական արդյունաբերություն` 137.2 մլն ԱՄՆ դոլար, էներգետիկա` մոտ 78.1 մլն ԱՄՆ դոլար, մշակող արդյունաբերություն` 64.3 մլն.ԱՄՆ դոլար, մանրածախ և մեծածախ առևտուր` 33.1 մլն ԱՄՆ դոլար, տեղեկատվություն և կապ` 24.0 մլն ԱՄՆ դոլար և գյուղատնտեսություն` մոտ 11 մլն ԱՄՆ դոլար: Զգալի աճ է արձանագրվել հանքագործական արդյունաբերության (աճ` 119.8 մլն ԱՄՆ դոլար), հեռահաղորդակցության (աճ` 26.8 մլն ԱՄՆ դոլար), հիմնային մետաղների արտադրության (աճ` 18.4 մլն ԱՄՆ դոլար), դեղագործական արտադրանքի արտադրության (աճ` 11 մլն ԱՄՆ դոլար), սննդամթերքի արտադրության (աճ` 1.3 մլն ԱՄՆ դոլար) և այլ ենթաոլորտներում:
Կարող եմ նշել Հայաստանի ներդրումային միջավայրի բարեփոխմանն ուղղված մի քանի ծրագրեր, որոնք արդեն ընթացքում են և շուտով կտան արդյունքներ: Օրինակ`Համաշխարհային բանկի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ համատեղ իրականացվող Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումների ծրագիրը (2014-2017թթ.), 2015թ. հոկտեմբերին մեկնարկած ԵՄ Twinning ծրագիրը, որի հիմնական նպատակն է օտարերկրյա ուղղակի ներդրումների խթանման միջոցով աջակցել Հայաստանում տնտեսական աճին, աշխատատեղերի ստեղծմանը, նորամուծությունների և տեխնոլոգիաների փոխանցմանը:
2015թ. հոկտեմբերին Հայաստանի կառավարության կողմից հավանության է արժանացել ՀՀ ներդրումային քաղաքականության հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ժամանակացույցը: Նախատեսված միջոցառումները կնպաստեն Հայաստանում ներդրումների ծավալների մեծացմանը, ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ձևավորմանը և թափանցիկության բարձրացմանը, ներդրումային նոր մեխանիզմների ներդրմանը:
Քննարկման փուլում է գտնվում նաև «Ազատ տնտեսական գոտիների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Այժմ ակտիվ ընթանում է այս տարվա աշնանը Նյու-Յորքում կայանալիք, Ասիական զարգացման բանկի հետ համատեղ կազմակերպվող, Հայաստանի միջազգային ներդրումային համաժողովի նախապատրաստական աշխատանքը: Համաժողովի նպատակն է զարգացող երկրներով հետաքրքրված ներդրողներին ներկայացնել Հայաստանի տնտեսության զարգացման ներուժ ունեցող ճյուղերը, վերլուծել ներդրումներ կատարելու հնարավորությունները և ներդրումային ծրագրերը: Համաժողովը լայն հնարավորություններ կստեղծի օտարերկրյա ներդրումների ներգրավման, աշխատատեղերի ստեղծման և նոր շուկաներ դուրս գալու համար, նաև մեծապես կնպաստի աշխարհում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը և միջազգային շուկայից հավելյալ կապիտալի ներգրավմանը:


-Պարո՛ն Ճշմարիտյան, Դուք հանդիսանում եք 2015 թվականին ստեղծված Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի հայկական կողմի համանախագահը: Ի՞նչ հեռանկարներ է խոստանում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունն այս ուղղությամբ:


-2015թ. մայիսի 7-ին, հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ամրապնդման և խորացման, երկու երկրների միջև ապրանքների և ծառայությունների առևտրի ընդլայնման և դիվերսիֆիկացման նպատակով, Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների միջև ստորագրվեց առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը: Երկկողմ տնտեսական համագործակցության ամրապնդման շուրջ համաձայնագրով ամրագրված պայմանավորվածությունները կյանքի կոչելու նպատակով հիմնվեց Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհուրդ: Նոյեմբերի 17-ին Երևանում կայացավ նշված խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի և ԱՄՆ միջև փոխադարձ առևտրի և ներդրումների ծավալների աճի հնարավորություններն ու հեռանկարները: Նիստի արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման ուղղությամբ կատարվելիք հետագա քայլերի և ուղղությունների շուրջ: Ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք մանրամասն կուսումնասիրեն խնդիրները, չօգտագործված հնարավորությունները և կներկայացնեն իրենց առաջարկությունները: Համոզված եմ, աշխատանքը մոտ ապագայում կտա իր դրական, տեսանելի արդյունքները:

-Ի՞նչ աշխատանք է իրականացվել արտաքին առևտրի ոլորտում և ի՞նչ հաջողություններ ունենք այստեղ:


-Արտաքին առևտրի ոլորտում իրականացվող միջոցառումներն ուղղված են եղել համաշխարհային տնտեսությանն ինտեգրման խորացմանը նպաստող քաղաքականության շարունակականության ապահովմանը: Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ պայմանավորված, առաջնահերթ ուշադրություն է դարձվել նոր պայմաններում իրավական դաշտի ձևավորմանը, որն ուղղված կլինի նաև հայ գործարարի շահերի պաշտպանությանը ԵԱՏՄ շուկայում:
Երրորդ երկրների հետ առևտրային համագործակցության ձեռքբերումներից կարելի է ընդգծել ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրված Արտոնությունների ընդհանրացված համակարգից /GSP/ օգտվելու հնարավորությունը: Ներկայումս Հայաստանն օգտվում է նաև Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի Արտոնությունների ընդհանրացված համակարգ /GSP/ արտոնյալ ռեժիմից, ինչն ապահովում է Հայաստանում արտադրված մի շարք ապրանքների համար զեղչված կամ 0-ական մաքսատուրքերով մուտք նշյալ երկրների շուկաներ: Նշեմ նաև, որ ԵՄ-ի կողմից Հայաստանի տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգ /GSP+/ առևտրային ռեժիմը հնարավորություն է տալիս շուրջ 6400 տեսակի հայկական ապրանքներ եվրոպական շուկա արտահանել զրոյական կամ ցածր մաքսատուրքի դրույքաչափերով:


-Ի՞նչ խնդիրներ են առկա մետաղական հանքավայրեր շահագործող ընկերությունների գործունեության դաշտում, նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում դրանք լուծելու համար:


-Մետաղական հանքավայրեր շահագործող ընկերությունների խնդիրներից կառանձնացնեի միջազգային շուկայում գունավոր մետաղների գների անկումը, ինչի հետևանքով ընկերությունները վնասով են աշխատում:
Ոլորտի ներկայացուցիչներին հուզող մի շարք հարցերի լուծում տալու նպատակով 2015թ. ընթացքում վարչապետի մոտ, նաև մեր նախարարությունում, բազմաթիվ հանդիպումներ և խորհրդակցություններ են հրավիրվել: Խնդիրները բաժանվել են կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումների տեսանկյունից, և այդ ուղղությամբ ամենօրյա աշխատանք է իրականացվում: Միջազգային շուկայում գունավոր մետաղների գների անկման բացասական ազդեցության մեղմման համար կառավարությունը փորձում է օրենսդրական լուծումներ գտնել և մշակել համապատասխան մեխանիզմներ:

- Ի՞նչ աշխատանք է իրականացվել փոքր և միջին բիզնեսի, գործարար կապերի զարգացման ուղղությամբ:


-2015թ. ընթացքում մշակվել և ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2016-2018թթ. ռազմավարությունը», որով նախատեսված է առաջիկա տարիներին շեշտը դնել գիտելիքի, որակի, ՓՄՁ սուբյեկտների և ընդհանրապես ոլորտի մրցունակության բարձրացման վրա, նպատակը` ներքին և միջազգային շուկաներում մրցունակ ՓՄՁ սուբյեկտների գործունեության ապահովումն է, ինչպես նաև Հայաստանի ՓՄՁ ոլորտի խթանման համար հիմնական կարևոր սկզբունքների ներկայացումը, փոքր և միջին բիզնեսի գործունեության համար մրցունակ միջավայրի ապահովումը:
ՓՄՁ պետական աջակցության տարեկան ծրագրի շրջանակում վարկային երաշխավորությունների տրամադրման, սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության, ոլորտային աջակցության, գործարար տեղեկատվական, խորհրդատվական և ուսուցողական աջակցության, տեղական տնտեսական զարգացման ուղղություններով շուրջ 6000 սկսնակ և գործող ՓՄՁ սուբյեկտների տրամադրվել է 13,194 աջակցություն:
2015թ. ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ կողմից ֆինանսական և ներդրումային աջակցություն է տրամադրվել 225 տնտեսվարող սուբյեկտի` տարբեր ծրագրերի շրջանակներում, որոնց իրականացման արդյունքում տրամադրված վարկերի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 5.4 մլրդ դրամ:
Հայաստանի տարածաշրջանների համաչափ զարգացմանն աջակցություն տրամադրելու քաղաքականությունը մշակելիս և իրականացնելիս, նախապատվություն է տրվել այն ծրագրերին, որոնց նախաձեռնողները գործունեություն են ծավալել մարզերում: Արդյունքում վարկերի 88.9%-ը տրամադրվել է հանրապետության 10 մարզերում, իսկ 10,1%-ը՝ Երևանում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտներին:
Շարունակվել է նաև արտահանման ուղղվածություն ունեցող մշակող արդյունաբերության ոլորտի կազմակերպություններին ,ՓՄՁ ներդրումներե ՈՒՎԿ կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորումը Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Գյուղացիական համայնքներին և գյուղացիական (ֆերմերային) տնտեսություններին շուրջ 100 մլն դրամ արժողությամբ գյուղատնտեսական տեխնիկա(կոմբայններ, տրակտորներ և հարակից սարքավորումներ) տրամադրվել է լիզինգով:
Աջակցություն է տրամադրվել 403 սկսնակ գործարարի, ՓՄՁ սուբյեկտներին ուսուցողական աջակցության մասով աջակցություն է տրամադրվել 407 ՓՄՁ սուբյեկտների: Սիրիահայերին և փախստականներին աջակցության մասով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից սիրիահայ գործարարներին աջակցություն է տրամադրվել ուսուցողական, խորհրդատվական, տեղեկատվական և ֆինանսական միջոցների հասանելիության ապահովման ուղղությամբ:
Հայաստանում ձեռնարկությունների եվրոպական ցանցի գործունեության շրջանակներում աջակցություն է տրամադրվել 225 ՓՄՁ սուբյեկտների:

-Գործարար միջավայրի ակտիվացման ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել:


-Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների 2015թ. ծրագրի իրագործման շրջանակում նախարարությունը համակարգել է տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող աշխատանքները` մասնավորապես կապված թղթային եղանակով շրջանառվող փաստաթղթերի թվի և դրանց պատրաստման ժամանակի կրճատման, էլեկտրականության միացման ժամկետների կրճատման, շինարարական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի ներդրման և այլն:
Գործարար միջավայրի բարելավման շարունակականությունն ապահովելու նպատակով իրականացվել է իրավական ակտերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունների տրամադրման գործընթացը: 2015թ. ընթացքում կարգավորման ազդեցության գնահատման են ենթարկվել շուրջ 372 իրավական ակտերի նախագծեր:
2014-2015թթ. ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքում Համաշխարհային բանկի կողմից հրապարակած` «Գործարարությամբ զբաղվելը 2016» վարկանիշային զեկույցի տվյալներով, որը կազմվում է գործարարների և պետական մարմինների կողմից լրացրած հարցաթերթիկների ամփոփման հիման վրա` Հայաստանը 189 երկրների շարքում զբաղեցրել է 35-րդ տեղը` բարելավելով իր դիրքը 3 կետով:

 

-Ի՞նչ արդյունքներ են արձանագրվել Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակներում, ինչպե՞ս կգնահատեք Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ համագործակցությունը:


-2015-ի սկզբին եվրոպական կողմի հետ համատեղ աշխատանքներ տարվեցին ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի առևտրատնտեսական համագործակցության շրջանակները հստակեցնելու ուղղությամբ, արդյունքում ձևավորվեց համապատասխան ընդհանուր մոտեցում:Հոկտեմբերին ԵՄ Խորհուրդը լիազորեց Եվրոպական Հանձնաժողովին և արտաքին և անվտանգության հարցերով բարձր հանձնակատարին բանակցություններ սկսել Հայաստանի հետ նոր համաձայնագրի շուրջ: Դեկտեմբերի 7-ին տրվել է բանակցությունների պաշտոնական մեկնարկը, ինչը շոշափելի արդյունք է մեր երկկողմ համագործակցության խորացման տեսակետից:
Դեկտեմբերի 10-ին ստորագրվել է ԵՄ «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն (COSME) (2014-2020թթ.)» ծրագրին Հայաստանի մասնակցության վերաբերյալ համաձայնագիրը, որի հիմնական նպատակն է հնարավորություն ընձեռել հայաստանյան ՓՄՁ սուբյեկտներին օգտվել Եվրամիության կողմից ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնություններից: Դեկտեմբերի 11-ին ստորագրվել են ՀՀ և ԵՄ միջև «Աջակցություն Հայաստանում ՓՄՁ զարգացմանը» և «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» համաձայնագրերը: Ստորագրված փաստաթղթերը լրացուցիչ խթան կհանդիսանան եվրոպական կողմի հետ մեր երկկողմ համագործակցության զարգացման համար:
Գործընկերների հետ համագործակցությունը չափազանց կարևոր է եղել մեր երկրի զարգացման բոլոր փուլերում: Շուկայական ենթակառուցվածքների և ինստիտուտների կայացման, գործարար և ներդրումային միջավայրի բարեփոխման, կենսական նշանակության ենթակառուցվածքների վերականգնման ու արդիականացման, մասնավոր հատվածի զարգացման հնարավորությունների ընդլայնման, երկրի ընդհանուր մրցունակության բարձրացման, մակրոտնտեսական կայունության երաշխավորման և արտաքին մի շարք մարտահրավերների նկատմամբ խոցելիության նվազեցման առումով զարգացման բազմակողմ և երկկողմ գործընկերների աջակցությունն, անշուշտ, նշանակալի է: Ավելի քան 15-20 տարվա արդյունավետ համագործակցության փորձ ենք կուտակել Համաշխարհային բանկի խմբի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի հետ: ՄԱԿ-ի կառույցների հետ նշանակալի աշխատանք է իրականացվել, ի թիվս այլոց, կայուն զարգացման տարբեր ուղղություններով գլոբալ հարթակներում երկրի մասնակցության ու հանձնառությունների իրագործման ուղղությամբ:
Անդրադառնամ ՎԶԵԲ-ի հետ գործընկերությանը, որն արդեն 20-ամյա պատմություն ունի: Այս ընթացքում մի շարք բարեփոխումներ ենք իրականացրել ու Հայաստանի զարգացման առաջնահերթ ուղղություններով արձանագրել նշանակալի արդյունքներ: ՎԶԵԲ-ը Հայաստանում իրականացրել է ընդհանուր առմամբ մոտ 911 միլիոն եվրոյի ներդրումային գործառնություն: Հայաստանի տնտեսության, ինչպես նաև առանձին հատվածների ու ոլորտների անցումային խզվածքներն արդյունավետորեն հաղթահարելուն ուղղված ՎԶԵԲ-ի ծրագրերի պորտֆելը հասնում է 141-ի: Կառույցի հետ գործընկերության փաթեթի ավելի քան 85 տոկոսը բաժին է ընկնում ուղղակիորեն մասնավոր հատվածի հետ իրականացվող ծրագրերին:Հանրային հատվածի ծրագրերը, չնայած ծավալի փոքրությանը, իրենց կարևորությամբ նշանակալի են տարբեր բնագավառների զարգացման համար:
Չափազանց կարևոր է, որ այս կառույցի հետ գործընկերության շրջանակն ավանդաբար ծրագրվում է երկրի զարգացման գերակայություններին համահունչ և Կառավարության հետ սերտ երկխոսության միջոցով: Ֆինանսական հատվածի զարգացման և ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձրացման տեսակետից առանցքային դեր է ունեցել բանկային և ոչ բանկային ֆինանսական կազմակերպությունների` տնտեսության վարկավորման ռեսուրսների մեծացման ու դիվերսիֆիկացման գծով աջակցությունը: Միայն գործընկերության նախորդ ռազմավարության փուլում այս ուղղությամբ ռեսուրսային փաթեթը կազմել է ավելի քան 150 միլիոն եվրո: Այն էական նպաստ է ունեցել հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների կարողությունների ընդլայնման, տեղական արժույթի ու կապիտալի շուկաների զարգացման համար կարողությունների ուժեղացման, էներգախնայող նախաձեռնություններում ներդրումային հնարավորությունների մեծացման վրա:
Կնշեի նաև Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման համար ՎԶԵԲ-ի կողմից հատկացված մոտ 20 միլիոն եվրո ծավալով սուվերեն բնույթի վարկային ռեսուրսը՝ ընդգծելով հատկապես Երևանի մետրոպոլիտենի վերականգնման Բագրատաշենի կամրջի կառուցման, Հայաստանում կոշտ թափոնների աղբավայրերի ծրագրերը:
Առանձնահատուկ կարևորություն ունի ՎԶԵԲ աջակցությունը տնտեսության իրական հատվածի մրցունակության բարձրացման և զարգացման կայուն հնարավորությունների ձևավորման ուղղությամբ: Նախատեսվում է լրջագույն ծրագրեր գործարկել կայուն էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտում, մասնավորապես Սևան-Հրազդան Կասկադի փոքր ՀԷԿ-երի վերականգնման և Ամուլսարի հանքագործական ծրագրերը:
Հայաստանի կառավարության և ՎԶԵԲ-ի միջև հաստատվել է գործընկերության հաջորդ փուլի ռազմավարությունը: Նախանշված են առանցքային ուղղությունները. համատեղ ջանքերն ուղղվելու են Հայաստանի մասնավոր հատվածի մրցունակության ամրապնդման և գործարար միջավայրի բարելավման, տնտեսության զարգացման հնարավորությունների ընդլայնման, արտաքին գործոնների նկատմամբ խոցելիության նվազեցման նպատակներին:


-Ի՞նչ կասեք «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագրի մասին:

-«Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագիրը ՏՀՏ ոլորտի ընկերությունների նախաձեռնությունն էր, որն իրականացվել 2015թ.հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 5-ը, Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր հովանու ներքո, և որին մասնակցել են տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի 26 հայկական ընկերությունների 36 պատվիրակներ: ՏՀՏ ավտոարշավը ներառել է 18 երկրներ: Ծրագրի շրջանակում կազմակերպվել են 12 պաշտոնական և ավելի քան 30 անհատական հանդիպումներ, գործարար համաժողովներ Վիենայում, Բրյուսելում, Կատովիցեում, Պրահայում, Բեռլինում, Փարիզում, Մարսելում, Զագրեբում, Միլանում, Բելգրադում և Սոֆիայում: Էկոնոմիկայի նախարարությունը համակարգել է ծրագրի պետական աջակցության և իրականացման գործընթացը: Ծրագրին աջակցել են նաև արտաքին գործերի, սփյուռքի նախարարությունները, այլ պետական և մասնավոր կառույցներ: Հայկական պատվիրակությունը եվրոպական երկրներում ներկայացրել է ոչ միայն մասնակից ընկերությունների տեխնոլոգիական լուծումները և արտադրանքը, այլև Հայաստանի` որպես բարձր տեխնոլոգիական երկրի, հնարավորությունները, որն ունի բարենպաստ ներդրումային միջավայր և կարող է լավ հարթակ լինել տարածաշրջանային շուկաներ մուտք գործելու համար: Պատվիրակության մասնակիցներն ավելի քան 300 նախնական կապեր և պայմանավորվածություններ են ձեռք բերել եվրոպական գործընկերների հետ: Անկասկած, միջոցառումը դրական ազդեցություն է ունեցել եվրոպական շուկայում հայկական ՏՀՏ ոլորտի կազմակերպությունների առաջխաղացման գործում: Այս տարի նախատեսվում է կազմակերպել հայկական ՏՀՏ ավտոարշավ դեպի ԱՄՆ և Կանադա:


-Պարո՛ն նախարար, անցած տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայացել է հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Դուք, որպես հանձնաժողովի համանախագահ, գլխավորել եք Հայաստանի պատվիրակությունը: Հայ-լիտվական առևտրատնտեսական համագործակցության ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:


-Առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի ընթացքում, որը կայացել է 2015թ. նոյեմբերի 26-ից 27-ը` Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում, քննարկվել են Հայաստանի և Լիտվայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, ըստ ոլորտների սահմանվել են հետագա համագործակցության ուղղությունները:
Այցի շրջանակում ես հանդիպումներ եմ ունեցել Լիտվայի արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարների, Լիտվայի արդյունաբերողների կոնֆեդերացիայի նախագահի հետ:Հայկական պատվիրակությունն այցելել է Լիտվայի ինովացիոն կենտրոն և BOD group ընկերություն, որտեղ լիտվական Global BOD Group և հայկական Simartek ընկերությունների միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր: Ընկերությունները հետաքրքրված են համագործակցելու վերականգնվող էներգետիկայի բնագավառում և հիմնելու արևային վահանակների համատեղ արտադրություն: Գարնանը նախատեսվում է Global BOD Group-ի ղեկավարության այցը Հայաստան, որի ընթացքում կողմերը կքննարկեն համագործակցության հետագա քայլերը: Այնպես որ, հայ-լիտվական գործարար կապերի հաստատման առումով լավ հեռանկարներ են նախանշվում:


- Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել ՀՀ զբոսաշրջության զարգացմանն ուղղված:


- Հայկական զբոսաշրջային արդյունքի միջազգային և ներքին շուկաներում խթանման նպատակով ապահովվել է Հայաստանի մասնակցությունը մի շարք հանրահայտ միջազգային զբոսաշրջային ցուցահադեսներին՝ «Fitur’2015», «ITB’2015», «MITT’2015», «Top Resa 2015», «TTG Incontri 2015»: Կազմակերպվել են Իսրայելից, Ռուսաստանից ճամփորդական լրագրողների, զբոսաշրջության ոլորտի մասնագետների և պոտենցիալ ներդրողների, իտալական RAI պետական հեռուստառադիոընկերության ներկայացուցիչների, Չինաստանի զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի և չինական զբոսաշրջային օպերատորների` Հայաստան ճանաչողական այցեր, տպագրվել է Ջերմուկ քաղաքի ֆոտոալբոմը անգլերեն և իսպաներեն լեզուներով, նկարահանվել է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը ներկայացնող տեսահոլովակ:
Կարևորելով հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումը և ապակենտրոնացումը մայրաքաղաքից դեպի մարզեր, 2015-ին պետական աջակցությամբ անցկացվել են մի շարք փառատոներ, որոնք տարեցտարի ձեռք են բերում մեծ ճանաչում, դրանք են՝ Ջերմուկում ձմեռային փառատոնը, Մուսալեռում տոլմայի փառատոնը, Դիլիջանում «Մշակութային վերածնունդե խորագրով գորգագործության և դեկորատիվ-կիրառական արվեստների փառատոնը, Ախթալայում Խորովածի, երաժշտության և արվեստի և Օձունի գանձեր համահայկական փառատոնները, Արենիում Գինու փառատոնը և Վայոց ձորի Խաչիկ գյուղում «Գաթայիե փառատոնը: Նաև պետության կողմից ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել Գառնիի, Գորիսի, Դիլիջանի, Ծաղկաձորի և Սևանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններին:
2015թ. 9 ամսվա տվյալներով, ներգնա զբոսաշրջային այցելությունների ցուցանիշը 2014թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 0,9%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից այցելությունների նվազմամբ: Սակայն նույն ժամանակահատվածում Հայաստան զբոսաշրջիկների այցելությունների աճ է արձանագրվել այլ երկրներից. Իրանից՝ մոտ 25%-ով, Իրաքից՝ 85%-ով, Կանադայից՝ մոտ 25 %-ով և ԱՄՆ-ից՝ 35%-ով:
2015թ. ընթացքում զբոսաշրջային ենթակառուցվածքները համալրվել են 4 խոշոր հյուրանոցային տնտեսության օբյեկտով. ,Օպերա Սյուիթե հյուրանոցը` Երևանում (106 համար, 212 ննջատեղ), «HYATT խմբի HYATT PLACE» ցանցի հյուրանոցը` Ջերմուկում (92 համար, 200 ննջատեղ), «Double Tree by Hilton Yerevan» հյուրանոցը` Երևանում (176 համար, 221 ննջատեղ), ,Գայանեե հյուրանոցը` Հաղպատում (18 համար, 30 ննջատեղ) :
Երևանի Golgen Palace հյուրանոցի կառավարումը 2015 թվականին պայմանագրով հանձնվել է հեղինակավոր Radisson Blue հյուրանոցային ցանցին, այժմ այնտեղ ընթանում են վերակառուցման աշխատանքներ:
2016 թվականին Հայաստանում նախատեսվում է շահագործման հանձնել շուրջ 4-5 հյուրանոցային տնտեսության օբյեկտ:
Կարևոր ձեռքբերում է Երևանի զբոսավարների միջազգային ուսումնական կենտրոնի գործունեությունը, այնտեղ նախորդ տարվա նոյեմբերից մեկնարկել է սկսնակ զբոսավարների պատրաստման 6-ամսյա դասընթացը:


-Տնտեսական համագործակցության ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի և այլ երկրների միջև` ի թիվս վերը նշվածների:


-Եվրոպական կողմի հետ համագործակցության տարբեր ձևաչափերի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել առևտրատնտեսական հնարավոր բոլոր ուղղություններով և ոլորտներում ՀՀ-ԵՄ համագործակցությունը զարգացնելու և խորացնելու վերաբերյալ:
Էկոնոմիկայի նախարարությունն աշխատում է Հայաստանի արտաքին տնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ: Ընթացքի մեջ են եվրոպական, ասիական, հարավամերիկյան և աֆրիկյան մի շարք երկրների հետ առևտրատնտեսական համագործակցության հաստատման և ընդլայնման համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորման փաստաթղթերը: Աշխատանք է տարվել շուրջ 92 երկկողմ և 59 բազմակողմ համաձայնագրերի կնքման, փորձաքննության և վավերացման ուղղությամբ:
2015թ. դեկտեմբերի 11-ին Պեկինում տեղի ունեցած Առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի շրջանակներում քննարկվել է հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` արդյունաբերության, տրանսպորտի, զբոսաշրջության և ավիացիայի, որակի ենթակառուցվածքների և տեխնիկական կանոնակարգման, գյուղատնտեսության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության ոլորտներում համագործակցության ընդլայնման, համատեղ գործարար համաժողովների, ցուցահանդեսների, տոնավաճառների կազմակերպման վերաբերյալ և այլն: Չինական կողմի հետ բանակցություններ են վարվում Հայաստանում մետաղաձուլական, պղնձաձուլական, հարթ ապակու, ցեմենտի, շինանյութերի, գյուղմթերքների արտադրության կազմակերպման ուղղությամբ, ինչպես նաև քննարկվում են ենթակառուցվածքային ծրագրերի համատեղ իրագործման հնարավորությունները, մասնավորապես` Իրան-Հայաստան երկաթգծի և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կառուցման ծրագիրը:


-Ինչպե՞ս կգնահատեք 2016թ. բյուջեն, ինչպիսի՞ տնտեսական քաղաքականություն է վարվելու 2016թ.:


-2016-ի բյուջեի պլանավորումը ներառում է մի կողմից 2015-ի ընթացքում տնտեսական քաղաքականության նպատակադրումների և ծրագրերի իրականացման արդյունքները, մյուս կողմից` արտացոլում է սպասումները արտաքին միջավայրի հնարավոր ազդեցությունների վերաբերյալ: Չնայած տարբեր միջազգային կառույցների կողմից Հայաստանի աճի վերաբերյալ 2015 թվականի ընթացքում հրապարակվող խիստ զգուշավոր սցենարների, հնարավոր եղավ ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ տարին եզրափակել դրական արդյունքներով: Հենց այս հիմքով էլ, ինչպես նաև առաջնորդվելով քաղաքականության մի շարք նախաձեռնությունների գծով արդեն իսկ իրականացված աշխատանքների արդյունքներով` մեր երկրի 2016 թվականի հիմնական ֆինանսական փաստաթուղթը կարելի է որակել որպես զարգացման իրատեսական ռեսուրսային շրջանակ:
2016թ. տնտեսական քաղաքականության հիմնական շեշտադրումները ձևավորվել են` լրջորեն գնահատելով առկա տնտեսական միջավայրը և հիմքում ունենալով երկրի զարգացման ապագայի հավակնությունները: Ընդհանուր առմամբ տնտեսական աճի ապահովման ներքին հնարավորությունների ընդլայնումը և Հայաստանի ներդրումային հեղինակության բարձրացումը լինելու են տնտեսական քաղաքականության գերակա առաջնահերթությունները, որոնց ներքո հետևողական աշխատանքներ են տարվելու առանձին ոլորտներում և զարգացման ուղղություններով ինչպես ծրագրային, այնպես էլ համակարգաստեղծ նախաձեռնությունների շուրջ: Կարևորվելու է նաև զարգացման քաղաքականության իրականացմանն ուղղվող ռեսուրսների օգտագործման համակարգվածության և արդյունավետության բարձրացումը:
Տնտեսական աճի ներքին հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ կշարունակենք իրականացնել զարգացման մի շարք ոլորտային քաղաքականություններ: Մասնավորապես, հատուկ ուշադրություն է դարձվելու արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտների զարգացմանը:
Արդյունաբերական քաղաքականությունն ուղղված է լինելու արտահանման ընդլայնմանն ու դիվերսիֆիկացմանը, ներքին շուկայում տեղական արտադրանքի ներկայացվածության ավելացմանը, հումքի առավել խորը վերամշակմանը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կշարունակվի պետություն-մասնավոր հատված համագործակցության ընդլայնումը հետազոտական, կրթական կենտրոնների, ֆինանսական մեխանիզմների ձևավորման և զարգացման, ՏՏ ոլորտի նոր վերազգային կազմակերպությունների ներգրավման բնագավառներում, նոր ստեղծվող, սկսնակ հավաստագրված տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրումը, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների զարգացումը: 2016թ. հունվարի 1-ից նախարարության կողմից իրականացվում է ՏՏ ոլորտի վարչական վիճակագրական ռեգիստրի վարումը: Ռեգիստրի ստեղծման նպատակն է ապահովել ՏՏ ոլորտի վարչական վիճակագրական տեղեկությունների հավաքագրումը և դրանց հիման վրա վերլուծությունների ու կանխատեսումների իրականացումը, որոնք հիմք կհանդիսանան ոլորտի հետագա արդյունավետ քաղաքականության մշակման համար:
Զբոսաշրջության զարգացման քաղաքականությունը ներառելու է միջոցառումներ ինստիտուցիոնալ բարեփոխումների, ենթակառուցվածքների և համաչափ տարածքային տնտեսական զարգացման, մարքեթինգային քաղաքականության ակտիվացման, մարդկային ռեսուրսների զարգացման և միջազգային համագործակցության խորացման ուղղություններով:
Քաղաքացիական ավիացիայի ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում այս փուլում հատկապես կարևոր են լինելու նոր ձևավորված ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդումը, գործընկեր պետությունների հետ ավելի բարենպաստ ռեժիմների ու պայմանների շուրջ բանակցությունները, հայկական ավիացիոն շուկայի միջազգային և տարածաշրջանային գրավչության բարձրացումը:
Կառավարությունը կշարունակի հատուկ ուշադրություն դարձնել փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի զարգացմանը: ՓՄՁ զարգացման պետական քաղաքականությունն ուղղված է ինչպես ՓՄՁ սուբյեկտների գործունեության համար բարենպաստ գործարար միջավայրի ձևավորմանը, այնպես էլ ՓՄՁ կարողությունների զարգացման և հզորացման համար ուղղակի պետական աջակցության տրամադրմանը:
Հայաստանի ներդրումային հեղինակության բարելավման ուղղությամբ հետևողական աշխատանքներ կիրականացվեն թափանցիկ, հստակ և ընկալելի իրավական դաշտի ապահովման, տեղական և օտարերկրյա գործարարների և ներդրողների համար հավասար պայմանների ապահովման, ներդրումների խրախուսման մեխանիզմների կատարելագործման և մասնավոր հատվածի հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ:
Գործարար միջավայրի կատարելագործման ուղղությամբ հատկապես կարևորվում են պետության կողմից տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող ծառայությունների բարելավումը և պարզեցումը, ոլորտը կարգավորող իրավական ակտերի կրճատումը և պարզեցումը, ինչպես նաև տնտեսապես ոչ արդյունավետ, աշխատատար, ծախսատար և աննպատակահարմար մեխանիզմների կրճատումը:
Շարունակվելու են նաև տեսչական բարեփոխումները, որոնց շրջանակում նախատեսված հիմնական աշխատանքներն ուղղված են լինելու տեսչական համակարգի օպտիմալացմանը, տեսչություններում ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի կատարելագործմանը, տեսուչների վերապատրաստմանը և տեսչություններում տվյալների փոխանակման էլեկտրոնային համակարգի մշակմանն ու ներդրմանը:
Հայաստանի համար զարգացման քաղաքականության տրամաբանության վերանայումը և կայուն տնտեսական աճի համար անհրաժեշտ պայմանների ձևավորումն այսօր հրամայական է: Տնտեսության արդիականացման և ներդրումային յուրահատուկ միջավայր ձևավորելու համար մեծապես կարևորվում է երկրի դիրքավորումը տեխնոլոգիական համընդհանուր արժեշղթաներում: Այս նպատակի իրագործման հենքը գիտության արդյունքները տնտեսության մեջ ներդնելու գործընթացի հաջորդական փուլերի միջև անցումն ապահովելն է, որի համար տնտեսական լուրջ շարժառիթներ ստեղծելու անհրաժեշտություն կա: Այնպես որ ինովացիոն զարգացման հիմքերի և, մասնավորապես ազգային ինովացիոն համակարգի ձևավորումը լինելու է 2016-ի առանցքային և համակարգաստեղծ նախաձեռնություններից մեկը:Ազգային ինովացիոն համակարգի ձևավորումը մեր կողմից հռչակվել է որպես ռազմավարական նպատակ: Առանցքային գաղափարը երկրում ինովացիոն գործունեության զարգացման համար էկոմիջավայր ապահովելն է, որտեղ տնտեսությունը մշտապես պահանջարկ է ներկայացնում ինովացիաների նկատմամբ, իսկ ինովացիոն առաջարկ ներկայացնելու համար առկա են շարունակաբար զարգացող կարողությունները: Հանրային քննարկումներում ու տարբեր հարթակներում ներկայացվել է նոր մշակված Ինովացիոն զարգացման հայեցակարգային փաստաթղթի նախագիծը, որի ընդունումից հետո կմեկնարկեն դրա ակտիվ իրագործման աշխատանքները:
Կամրապնդվեն և կընդլայնվեն արտաքին տնտեսական կապերի աշխարհագրությունն ու համագործակցության ձևաչափերը: Կշարունակվեն միջազգային տնտեսական համագործակցության ընդլայնման ուղղությամբ աշխատանքները ԵԱՏՄ շրջանակներում: Աշխատանքներ կտարվեն ԵԱՏՄ և երրորդ երկրների միջև արտոնյալ առևտրային պայմաններով համագործակցության հաստատման ուղղությամբ: Կշարունակենք ջանքեր գործադրել ԵՄ հետ առևտրատնտեսական հարաբերությունները բոլոր հնարավոր ոլորտներով և ուղղություններով խորացնելու համար: Արդեն իսկ հաջող մեկնարկ է տրվել ԵՄ-ի հետ համագործակցության նոր ձևաչափի և իրավական շրջանակի ձևավորման աշխատանքներին, և այս ուղղությամբ այս տարի մեծ ակնկալիքներ ունենք:
Կշարունակվեն աշխատանքները Մետաքսի ճանապարհի նախագծի շրջանակներում Չինաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: Իրանի շուրջ ստեղծված նոր` բարենպաստ իրողության պայմաններում քայլեր կձեռնարկվեն մեր երկրների միջև համագործակցությունն առավել խորացնելու և զարգացնելու ուղղությամբ:

 

-Ի՞նչ մարտահրավերներ պետք է հաղթահարի ՀՀ տնտեսությունը 2016թ. և որքանո՞վ է պատրաստ դիմակայելու դրանց:


-Հայաստանի նման փոքր և բաց տնտեսությունների հիմնական մարտահրավերները պայմանավորված են արտաքին միջավայրում` համաշխարհային տնտեսությունում և հատկապես հիմնական առևտրային գործընկեր երկրներում, ստեղծված տնտեսական իրավիճակով: Հայաստանը համաշխարհային տնտեսության մաս է կազմում և ակտիվ մասնակցում է ինտեգրացիոն գործընթացներին, զարգացնում է արտաքին առևտրային հարաբերությունները, ինչն անխուսափելիորեն ենթադրում է որոշակի ռիսկերի և մարտահրավերների առկայություն:
Ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին միջազգային շուկաների վարքագիծը հաճախ անկանխատեսելի շրջադարձեր է ունենում, և դրա հետևանքներով պայմանավորված արտաքին տնտեսական իրավիճակը Հայաստանի համար տարաբնույթ մարտահրավերների աղբյուր կարող է լինել: Այդ ամենին միանշանակ և ողջ սպեկտրով հնարավոր չէ նախապես պատրաստ լինել: 2016 թվականին տնտեսությունը հատկապես խոցելի կարող է լինել նվազող տրանսֆերտային ներհոսքի և մետաղների համաշխարհային գների մակարդակի պահպանման, արտաքին շուկաների անկայունության խորացման հետևանքով արտահանման տեմպի թուլացման առումներով: Միաժամանակ, ներքին տնտեսությունը նույնպես մի շարք մարտահրավերներ ունի, որոնցից առավել հրատապ հասցեագրման խնդիր պետք է դնել տնտեսության բոլոր ոլորտներում արդիականացման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքը:
Այդ ամենի ընկալմամբ` Հայաստանի կառավարութան կողմից իրականացվող տնտեսական քաղաքականության առանցքը երկրի տնտեսության ճկունության բարձրացումն է, արտահանման ապրանքային և աշխարհագրական դիվերսիֆիկացումը, ինովացիոն զարգացման համար անհրաժեշտ կառուցակարգերի ձևավորումը, արտաքին բացասական ազդեցությունների նկատմամբ տնտեսության զգայունության նվազեցումը և, ընդհանուր առմամբ, երկրի տնտեսական անվտանգության ապահովումը:


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...