2013-01-09 18:10
Ռոբերտ Մակարյան, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար
-Պարո՛ն Մակարյան, ՙԴե Ֆակտո՚ ամսագիրը Ձեզ ճանաչել է ՙՏարվա երիտասարդ՚` բարձր գնահատելով Ձեր ակտիվ գործունեությունը 2011թ. ընթացքում: Հետաքրքիր է` ինչպես կգնահատեք Ձեր աշխատանքը:
Ամեն ինչի հնարավոր է հասնել, միայն պետք է նպատակաուղղված աշխատել:
-Շնորհակալությո՛ւն, վստահության և ինձ նման կոչման արժանացնելու համար: Կարծում եմ` իմ աշխատանքի գնահատականը հասարակությունը պետք է տա: Ես ձգտել եմ առավելագույնս լավ աշխատել ինձ վստահված ոլորտում:
-Մինչև փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելը, Դուք ակտիվ գործունեություն էիք ծավալում այլ ոլորտներում: Ի՞նչ նպատակներ ունեիք, և արդյո՞ք հասցրել եք դրանք իրականացնել:
-Ես գերազանցությամբ ավարտել եմ դպրոցը, այնուհետև Հայաստանի պետական ագրարային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը (մագիստրատուրա, ասպիրանտուրա): Դրան զուգահեռ, երկրորդ կուրսից սկսած` զբաղվել եմ նաև ուսանողական հասարակական գործունեությամբ:
2003թ. ընտրվեցի Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ և աշխատեցի շուրջ 8 տարի: Այն նպատակները, որ դրել էինք մեր առջև ես և իմ ընկերները, շատ իրատեսական էին, որոնց փորձեցինք հասնել: Մի նշանաբան ունեինք` ամեն ինչի հնարավոր է հասնել, միայն պետք է նպատակաուղղված աշխատել: Մենք մեր առջև նպատակ դրեցինք առաջին հերթին արժանանալ ուսանողների վստահությանը, նրանց ներգրավել ուսխորհրդի աշխատանքներում, այն դարձնել մի կառույց, որը միտված է աջակցել և պաշտպանել ուսանողի շահերը: Ցանկացած ուսանողի առջև ուսխորհրդի դռները բաց էին, ուսանողը մասնակցում էր ուսանողական ինքնակառավարմանը, ինչն էլ, կարծում եմ, մեր հաջողության գրավականն էր:
2004թ. ես 7 տարի ղեկավարեցի Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի Արագածոտնի մարզի մասնաճյուղը, որի նպատակն էր աջակցել Արագածոտնի մարզի փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին: Այդ գործունեության ընթացքում նույնպես ձգտել եմ հասնել առավելագույն արդյունքի: Կարծում եմ` հաջողվել է հասնել շոշափելի արդյունքների:
-Ձեր կապը համալսարանի հետ այսօր շարունակվո՞ւմ է:
-2005թ. մինչև այսօր, ես դասավանդում եմ Հայաստանի պետական ագրարային համալսարանում, բուհի կառավարման խորհրդի անդամ եմ. այնպես որ, իմ կապը համալսարանի հետ շարունակվում է:
Փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելը կառավարման տեսանկյունից ինձ համար բավականին հեշտ էր, քանի որ կառավարելու փորձ արդեն ունեի:
-Հե՞շտ էր Ձեզ համար ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարի աշխատանքին անցնելը:
-Երբ ստացա այդ առաջարկը, այն ինձ հետաքրքրեց, քանի որ ես անծանոթ չէի այդ ոլորտին, Հայաստանի պետական ագրարային համալսարանում սովորելու և աշխատելու տարիներին շփումներ շատ եմ ունեցել ոլորտի ներկայացուցիչների հետ, ինչն էլ նպաստեց, որ ես հեշտությամբ հարմարվեմ նախարարության աշխատանքներին:
Փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելը կառավարման տեսանկյունից ինձ համար բավականին հեշտ էր, քանի որ կառավարելու փորձ արդեն ունեի: Դժվարություններն ավելի շատ կապված են ժամանակի սղության հետ: Չեմ կարողանում բավարար ժամանակ հատկացնել ընտանիքիս, ընկերներիս, բարեկամներիս հետ շփումներին, քանի որ զբաղվածությունս մեծ է:
-ՀՀ գյուղնախարարը պահանջկո՞տ ղեկավար է:
-Այո՛, մենք շաբաթվա գրեթե 7 օրը աշխատում ենք: Իրականում աշխատանքները ոլորտում շատ են, գյուղնախարարը ձգտում է առավելագույնն անել ոլորտի խնդիրները լուծելու համար, քանի որ միայն հետևողական աշխատանքի շնորհիվ է հնարավոր հասնել հաջողությունների:
-Նախարարությունում Դուք կոնկրետ ո՞ր ոլորտներն եք համակարգում:
-Ես համակարգում եմ գիտական կենտրոնների աշխատանքը, կրթական համակարգը, որի մեջ մտնում են հանրապետության տարբեր շրջաններում գործող միջին մասնագիտական քոլեջները, ինչպես նաև հանրապետության ագրովերամշակման ընթացքը` պտուղբանջարեղենի մթերումը, հետագայում դրանց վճարումների իրականացման գործընթացը:
-Այս տարի ի՞նչ կարևոր քայլեր արվեցին գյուղատնտեսության ոլորտում:
-Այս տարի ՀՀ նախագահի հանձնարարականով կազմակերպվեց գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը Երևանի Կասյան փողոցին հարող տարածքում, որը շատ կարևոր քայլ էր: Շատերը մտավախություն ունեին, որ այն վերածվելու է սովորական շուկայի, և որևէ էական արդյունք չի տալու, սակայն մենք համոզվեցինք հակառակում: Այսօր տոնավաճառի ստեղծումից գոհ են թե՛ գյուղացիները, և թե՛ քաղաքացիները: Մենք հասանք մեր առջև դրված երկու նպատակներին` ապահովել գյուղացիների եկամուտը և վերավաճառողների օղակը բացառելով` ապահովել հնարավորինս մատչելի գին սպառողների համար:
Այժմ քննարկվում է հաջորդ տարի Երևանի վարչական մի քանի շրջաններում նույնպես այս փորձը կիրառել:
Կարևոր ծրագիր էր նաև ՙՀայագրոֆորում՚ համաժողովը: Այս տարի ձևաչափը մի քիչ փոխվեց. ֆորումին մասնակցեցին մոտավորապես 40 հայազգի ֆերմերներ Իրանից, ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից, Լիբանանից, ԱՊՀ երկրներից: Ֆորումի ընթացքում հետագա համագործակցության հիմք դրվեց, որը ենթադրում է մեր դրսի հայազգի գործընկերների, հայրենակիցների կողմից ներդրումներ գյուղատնտեսության ոլորտում:
Մեծ հանդիսավորությամբ առաջին անգամ մարզահամերգային համալիրում նշվեց Գյուղատնտեսական աշխատողի օրը: Դա նույնպես ձեռքբերում կարելի է համարել. գյուղացին պետք է գնահատված լինի: Մենք նպատակ ունենք այդ տոնը դարձնել համաժողովրդական:
Հյուսիսային պողոտայում առաջին անգամ կազմակերպվեց Բերքի և գոհաբանության փառատոնը, որը քաղաքը և գյուղը կապող շատ կարևոր միջոցառում էր: Շատերը պնդում էին, որ Հյուսիսային պողոտան էլիտար փողոց է, և այնտեղ Բերքի և գոհաբանության փառատոն կազմակերպելը ճիշտ չէ, սակայն մենք կոտրեցինք այդ կարծրատիպը. Հյուսիսային պողոտան նաև գյուղացիներինն է: Փորձը հաջողվեց, կարծում եմ` փառատոնը շարունակաբար կկազմակերպվի նաև հաջորդ տարներին:
Գյուղատնտեսության ոլորտում արձանագրված հաջողություններն առաջին հերթին պայմանավորված են ՀՀ գյուղնախարարի հետևողական աշխատանքով, ինչպես նաև բնակլիմայական բարենպաստ պայմաններով:
-Ամփոփելով տարին` այս տարին ինչո՞վ էր առանձնահատուկ:
-Կարող ենք արձանագրել, որ տարին բավականին հաջող էր գյուղատնտեսության ոլորտի համար. աճի ցուցանիշեր գրանցվեցին գյուղատնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Կարծում եմ` դրանք առաջին հերթին պայմանավորված են նախարարի հետևողական աշխատանքով, ինչպես նաև բնակլիմայական բարենպաստ պայմաններով: Կարծում եմ` հաջորդ տարի արդյունքներն ավելի շոշափելի կլինեն, քանի որ այն ծրագրերը, որոնք այս տարի սկսեցին իրագործվել կամ շարունակություն ունեցան, միտված են ապագային:
-Դուք, որպես երիտասարդ, ով ապրում է Հայաստանում, ի՞նչ ծրագրեր ունեք, ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի ապագան:
-Շատերը խոսում են արտագաղթից, կան երիտասարդներ, ովքեր մտածում են Հայաստանը լքելու մասին, բայց իմ պատկերացումներն այլ են: Ամեն մարդ պետք է մտածի այն մասին, թե ինչպես կարող է նպաստել հայրենիքի զարգացմանը: Դրանք վերամբարձ խոսքեր չեն: Յուրաքանչյուր երիտասարդ պետք է ավելացնի իր գիտելիքները` դրանք ներդնելով տարբեր ոլորտներում, նպաստելով դրանց զարգացմանը: Արդեն մի քանի տարի է, ինչ երիտասարդներն ակտիվորեն ներգրավվում են պետական քաղաքականության իրականացման գործում: Այդ դեպքում մենք կունենանք բարեկեցիկ, արժանապատիվ երկիր, և մեր երեխաները կունենան կայուն ապագա:
-Ձեր ամանորյա շնորհավորանքը:
- Սիրով շնորհավորում եմ մեր հայրենակիցների Ամանորն ու Սուրբ ծնունդը: Երկրին մաղթում եմ խաղաղություն, իսկ մեր ժողովրդին՝ արժանապատիվ և բարեկեցիկ կյանք:
-Ձեր շնորհավորանքը ՙԴե Ֆակտո՚ ամսագրի 5-ամյակի առթիվ:
-Միանում եմ բոլոր շորհավորանքներին: Առաջին հերթին շնորհավորում եմ Մենուա Հարությունյանին, ում համառ ջանքերի և նպատակասլաց աշխատանքի շնորհիվ` ՙԴե Ֆակտո՚-ն ոչ միայն կայացավ, այլ նաև դարձավ պահանջված ընթերցողի կողմից: Շնորհավորում եմ ամսագրի ողջ անձնակազմին, և որպես ընթերցող` շնորհակալություն եմ հայտնում հետաքրքիր, բազմաբովանդակ և ճաշակով ամսագիր հրատարակելու համար:
Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի
«Դե Ֆակտո» N67 (2011թ.)
Վերադառնալ