18:05
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Վստահ եմˋ երիտասարդ պատգամավորներն իրենց ներդրումը կունենան երկրի առաջընթացի գործում

2013-01-09 17:33

Էդմոն Մարուքյան, ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

 «Դե Ֆակտո» ամսագրի գնահատականն ինձ համար պարտավորեցնող նշանակություն կունենա:

«Տարվա պատգամավոր»

-Պարո´ն Մարուքյան, «Դե Ֆակտո» ամսագիրը, հետևելով և գնահատելով Ձեր ակտիվ ներգրավվածությունը ԱԺ աշխատանքներում, Ձեզ ճանաչել է «Տարվա պատգամավոր»: 

Դուք 2012թ. ձևավորված խորհրդարանում նոր, անկախ, երիտասարդ պատգամավոր եք: Որքանով տեղյակ եմ, Դուք միակ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորն եք, ով ընդգրկվել է parliamentmonitoring.am-ի հրապարակած ամենաակտիվ պատգամավորների 10-յակում: Կպատմե՞քˋ մինչ այս ինչպիսի ճանապարհ  եք անցել և ինչպես ու ինչու են կյանքի ուղիները Ձեզ բերել քաղաքականություն, պատգամավորական աշխատանքին:  

-Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՙԴե Ֆակտո՚ ամսագրի աշխատակազմին իմ գործունեությանն ակտիվորեն հետևելու և այն բարձր գնահատելու համար: Միանշանակ, պետք է նշեմ, որ ՙԴե Ֆակտո՚ ամսագրի գնահատականն ինձ համար պարտավորեցնող նշանակություն կունենա:

Սիրով անցնեմ Ձեր հարցերին: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Մոսկվայի իրավունքի և կոմերցիայի ինստիտուտի Վանաձոր քաղաքի մասնաճյուղը և գերազանց առաջադիմությամբ սովորել  իրավաբանական բաժնում: Ծառայել եմ Հայաստանի և Նախիջևանի սահմանինˋ այդ ընթացքում անհատական ծրագրով շարունակելով կրթությունս: Բանակից զորացրվելուց հետո ավարտել եմ  բուհը և սկսել եմ զբաղվել հասարակական գործունեությամբ, աշխատել եմ  իմ  մասնագիտությամբ տարբեր հասարակական կազմակերպություններումˋ որպես կամավոր, որը հետագայում  կամաց-կամաց դարձավ լուրջ իրավապաշտպան գործունեություն. որոշ ժամանակ անց դարձա Հայաստանում բավականին հայտնի իրավապաշտպան: 

2007թ. մասնակցեցի Փաստաբանների պալատի կողմից կազմակերպված քննություններին և դարձա  Փաստաբանների պալատի անդամ, ծավալելով բուռն փաստաբանական գործունեություն: Այդ ընթացքում  կրթությունս շարունակեցի Եվրոպայումˋ Լեհաստանի մարդու իրավունքների բարձրագույն դասընթացում, որի քննությունները հաջող հանձնելուց հետո գործնական  հատվածում պրակտիկա անցա Ստրասբուրգում, Ժնևում, Գերմանիայում, Ուկրաինայում: Սա, ըստ էության, ոչ ֆորմալ կրթություն էր, բայց շատ լուրջ ներդրում էր իմ մասնագիտական զարգացման մեջ: Հետագայում ստացա ակադեմիական կրթությունˋ սովորելով ՀՀ կառավարման ակադեմիայի մագիստրատուրայում: 2009թ. ընդունվեցի ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը, որի մագիստրոսական ծրագիրը տալիս  է միջազգային իրավունքի և մարդու իրավունքների պատշտպանության մասնագետի կոչում: Բարձր առաջադիմությամբ ավարտեցի  այս դպրոցը, որը նպաստեց նաև Կոնգրեսի անդամների, ԱՄՆ սենատորի, տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների հետ  համագործակցության:  Իմ պրակտիկան անցկացրեցի ՙHuman rights watch՚ միջազգային իրավապաշտպան կազմակերպության գլխավոր գրասենյակում, որը գտնվում է Նյու Յորքում:

Բուռն կրթական և գործնական իմ միսիան ավարտելուց հետո նորից վերադարձա իմ հայրենի քաղաք, շարունակեցի իմ փաստաբանական և իրավապաշտպան գործունեությունը Վանաձորում:

Ես լուրջ նեդրում եմ ունեցել Հայաստանը տարբեր երկրներում ներկայացնելու գործում: Իմ իրավապաշտպանական գործունեության  ընթացքում 2005թ. հանդիսացել եմ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ, 2005-2006թթ. եղել եմ ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ:

Բայց եկավ մի պահ, երբ սկսեցի մտածել, որ քաղաքական ասպարեզում սերնդափոխության կարիք կա: Շատ էր խոսվում այդ մասին, բայց ԱԺ ընտրություններին թիվ 30 ընտրատարածքի թեկնածուների մեջ չտեսա կուսակցությունների կողմից առաջարկվող սերնդափոխությունը, չկար մեկը, ում ես կուզենայի ձայն տալ: Այդ ժամանակ մտածեցի, որ ես կարող եմ իմ գիտելիքներն ու հմտությունները ներդնել խորհրդարանական աշխատանքներում: Թիվ 30 ընտրատարածքում առաջադրեցի իմ թեկնածությունը և ընտրվեցի ԱԺ պատգամավոր:

-Մինչև Աժ պատգամավոր դառնալը Ձեր մասնագիտական աշխատանքի շրջանակներում առնչվե՞լ էիք քաղաքականությանը:

-Քաղաքականության մեջ չեմ եղել, սակայն փաստաբանի գործունեությունը շատ հաճախ նման երանգավորում ստանում է, երբ որպես փաստաբան պաշտպանում ես  քաղաքականությանն առնչվող որևէ անձի: Բայց իրականում ինձ համար կարևոր չէր, թե ում եմ պաշտպանում, և նա ինչպիսի քաղաքական հայացքներ ուներ:

2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո հիմնականում լծված էինք մեղադրվող անձանց պաշտպանության գործին. Լոռու մարզում նման մի շարք գործեր են եղել: Նաև բանտերում էինք մոնիթորինգ անցկացնում նրանց իրավունքների հետ կապված: Մի խոսքով ծանր օրեր էին, և մենք առաջին գծում ենք եղել ոչ թե քաղաքական, այլ իրավապաշտպանական առումով:

Այսօր փաստաբանի իմ արտոնագիրը կասեցված է, քանի որ ԱԺ պատգամավորն իրավունք չունի այլ գործունեությամբ զբաղվել, և ամբողջովին լծված եմ իմ պատգամավորական լիազորությունների իրականացմանը:

-Պարո´ն Մարուքյան, ամփոփելով 2012թ.ˋ ի՞նչ ձեռքբերումներ կնշեք, ի՞նչ հաջողվեց անել,  նախընտրական խոստումներից ո՞րն եք հասցրել իրականացնել:

-Իմ նախընտրական խոստումներից մեկը եղել է Աժ պատգամավորի մշտական գործող գրասենյակ բացելը Վանաձորում, որը հունիսի 1-ից գործում է, յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ անգամ իմ կողմից քաղաքացիների ընդունելություն է կազմակերպվել, որի արդյունքում մոտ 300 քաղաքացիներ այցելել են իմ գրասենյակ: Ավելին, ես նաև շարունակում եմ հետընտրական հանդիպումները թիվ 30 ընտրատարածքի թաղամասերում և համայնքներում, որտեղ լսում եմ քաղաքացիների մտահոգություններն ու առաջարկությունները և դրանց վերլուծության արդյունքում հանդես եմ գալիս հարցապնդումներով և նախաձեռնություններով: Որպես պատգամավոր` որքանով լիազորված եմ և ունեմ  հնարավորություններ, օգտակար եմ եղել մեր քաղաքացիներին:

Իմ նախընտրական խոստումներից ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանում հասցրել եմ բարձրացնել` համայնքի ղեկավարների անընդմեջ երկու անգամից ավել առաջադրվելու արգելքի հարցը,  ավանդները ավանդատուների ժառանգներին վերադարձնելու հարցը, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության հարցը, գործող հասարակական կազմակերպությունների հարկադիր լուծարման և այլ հարցեր:    

 

Երևան քաղաքի և այլ քաղաքների ու փոքր համայնքների միջև կա զարգացման շատ մեծ անհավասարակշռություն: Պետք է  ամեն ինչ անենք, որ նոր քաղաքականություն վարելովˋ այդ վայրերը հետաքրքիր դառնան  ներդրողների համար:

 

-Պարո´ն Մարուքյան, ի՞նչ խնդիրներ են առկա թիվ 30 ընտրատարածքում, որն ընդգրկում է Վանաձոր քաղաքն ու Շահումյան և Գուգարք երկու փոքր համայնքները: 

-Պետք է նկատեմ, որ թիվ 30 ընտրատարածքում առկա խնդիրները գրեթե նույնն են, ինչ մյուս համայքներում` գործազրկություն, ցածր կենսամակարդակ, երկրաշարժից հետո մնացած հետևանքներ, որը նաև վերջերս  կառավարությանն ուղղված իմ հարցն էրˋ կապված 84 վթարային շենքերի ամրացման հետ: Ես բազմիցս նշել եմ, որ Երևան քաղաքի և այլ քաղաքների ու փոքր համայնքների միջև կա զարգացման շատ մեծ անհավասարակշռություն և այդ անհամաչափ զարգացան արդյունքում ունենք այն, ինչ որ ունենք:  Հիմա պետք է  ամեն ինչ անենք, որ նոր քաղաքականություն վարելովˋ այդ վայրերը հետաքրքիր դառնան   ներդրողների համար, կրճատվի գործազրկության մակարդակը, բարձրորակ ծառայություններ մատուցվեն: Այսօր մարզերի բնակիչները կրթություն ստանալու կամ որակյալ առողջապահական ծառայություններից օգտվելու համար գալիս են Երևան, բայց այդպես չպետք է լինի, պետք է ստեղծել և զարգացնել որակյալ ծառայություններ նաև մարզերում, որպեսզի մարդիկ չձտգեն դուրս գալ իրենց բնակավայրերից կամ արտագաղթեն երկրից:

-Պարո´ն Մարուքյան, լինելով անկուսակցականˋ ո՞ր կուսակցության գաղափարներն են Ձեզ ավելի շատ հարազատ:

-Գիտեք, հատուկ նախասիրություն չունեմ: Ես ինքս եվրոպական ինտեգրացիայի կողմնակից եմ և կարող եմ աջակցել այն կուրսին, որը դրան է միտված: Այսինքն` ես գաղափարախոսության վրա չեմ հիմնվում խնդիրների լուծման իմ տեսլականում:

Այս պահին ես շատ բաց քաղաքականություն եմ վարում և որևէ խնդիր չունեմ սատարելու որևէ կուսակցության: Եթե ԱԺ քննարկման ներկայացված որևէ  նախագծի կողմ եմ, ապա կողմ եմ քվեարկում, եթե վերապահումներ ունեմ, ապա  ձեռնպահ եմ մնում, իսկ եթե դեմ եմ, ապա դեմ եմ քվեարկում: Ես լիովին անկախ եմ այդ հարցում, ինձ ոչ ոք չի հրահանգում ինչ անել, ես ոչ մի խմբակցության մեջ չկամ, ինքս եմ որոշում կայացնում: Ինձ շատերն ասում են, որ իմ գործը հեշտ է, բայց ես էլ ասում եմ, որ իմը շատ ավելի դժվար է, քանի որ ես եմ կրում ողջ պատասխանատվությունը, իսկ իրենք կատարում են խմբակցության որոշումը:  

 

2013 թվականի հունվարից ես կաշխատեմ ոչ միայն Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այլ նաև Մարդու իրավունքների և հանրային հարցերի, ինչպես նաև Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների կազմում:

 

-Անկախ պատգամավորների` ԱԺ-ում աշխատելու կանոնակարգի վերաբերյալ քննարկում եղավ, գո՞հ եք արդյունքից:

-Ես պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ եմ: Այո, վերջերս շատ լուրջ բանավեճ ծավալվեց ԱԺ-ում ԱԺ կանոնակարգ օրենքի հետ կապված, որ անկախ պատգամավորի համար հնարավորություն  չկա մեկից ավելի հանձնաժողովներում ընդգրկվելու: Նախագծի հեղինակներ Հովիկ Աբրահամյանը և Դավիթ Հարությունյանն ընդունեցին իմ առաջարկությունը, և երկրորդ ընթերցմամբ ընդունվեց այդ օրենքի նախագիծը, որով անկախ պատգամավորը կարող է մինչև երեք հանձնաժողովներում աշխատել: 2013 թվականի հունվարից ես կաշխատեմ ոչ միայն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այլ նաև մարդու իրավունքների և հանրային հարցերի, ինչպես նաև արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների կազմում:

-Այս տարի տոնեցինք ՀՀ անկախության 21-ամյակը: Ի՞նչ տվեց անկախությունը մեզ և ի՞նչ բացթողումներ ունենք:

-Բացթողումներ շատ կան և կյանքը ցույց է տալիս, որ ավելի շատ բացթողումների մասին ենք խոսում, քան ձեռքբերումների:

Երևի թե մեր առաջին ձեռքբերումը մեր ազգային բանակն է, մյուսը` պետական կառավարման բոլոր մարմինների ձևավորումը: Եթե խոսենք դատական համակարգի մասին, ապա պետք է ասեմ, որ այստեղ բավականին լուրջ խնդիրներ ունենք: Դատական համակարգն առանձնացնում եմ, քանի որ այն բոլոր բացթողումների հիմնական մեխն է: Մենք միշտ ասում ենքˋ եթե դատական համակարգն իր դերում լինի, ապա մյուս բոլոր ոլորտները կսկսեն ուղղվել և հասնել նրա մակարդակին: Այդ առումով այսօր շատ լուրջ աշխատանքներ են տարվում: Դատաիրավական բարեփոխումների  նոր ծրագիր է հաստատել նախագահը: Հուսանք, ամեն ինչ լավ կլինի: Նաև փաստաբանական ինստիտուտի հետ կապված լուրջ խնդիրներ ունենք: Իմ կարծիքովˋ ուժային փաստաբանությունը պետք է ներկայացնի դատական համակարգը: Փաստաբանական ինստիտուտը զարգացնում է դատական համակարգը: Օրինակ, Վանաձորը հայտնի է իր ուժեղ փաստաբանական, իրավապաշտպանական համայնքով, և եթե դուք  գաք մեր դատական պրակտիկան ուսումնասիրեք և համեմատեք այլ  մարզերի դատական պրակտիկայի հետ, ապա կտեսնեք, որ շատ լավ վիճակում է գտնվում Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը: 

-Հինգերորդ  գումարման ԱԺ-ում  երիտասարդները շատ են: Հինգ տարի հետո մենք ինչպիսի՞ փոփոխություններ կունենանք:

-Նախ նշեմ, որ միանշանակ կողմ եմ սերնդափոխությանը բոլոր ոլորտներում: Ողջունում եմ այդ մղումը: Վստահ եմ, որ փոփոխություններ կլինեն և երիտասարդներն իրենց ներդրումը կունենան երկրի առաջընթացի գործում, ու հինգ տարի հետո ամեն երիտասարդ իրեն հարց կտա` ինչ արեց և ինչը կիսատ թողեց:

-Ձեր ամանորյա բարեմաղթանքը:

-Սիրելի´ քաղաքացիներ,  օգտվելով առիթիցˋ  ցանկանում եմ շնորհավորել  բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան հրաշափառ տոների կապակցությամբ: Ցանկանում եմ, որ Սուրբ Ծննդյան խորախորհուրդ ավետիսը, սկիզբ դնելով Նոր տարվան, զորացնի ամենքիս մեր ամենօրյա գործում և մեր հայ ժողովրդի առաքելության իրագործման դժվարին ճանապարհին: Նախորդ տարվա մեր համագործակցության ջերմ և անկեղծ գնահատմամբˋ  ես հղում եմ Ձեզ իմ լավագույն ցանկությունները և մաղթում զարգացման ու խաղաղության Նոր տարի:

Հարցազրույցըˋ Սուսաննա Թամազյանի

 

«Դե Ֆակտո» N79 (2012թ.)

Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...