2016-01-13 10:00
Անուղղելի լավատես եմ, որի գրավականը Հավատն է
«Դե Ֆակտո» N115 (2015թ.)
Կնոջ չբացահայտված առեղծվածը լի է իմաստներով ու գունային նրբերանգներով, որոնք տեսնելու և գնահատելու համար իմաստնություն է պետք, աչքեր, որոնք կկարդան անընթեռնելին և սիրտ, որ կզգա անըմբռնելին: Կնոջ ճակատագրական էության ուժը, թերևս, նրա մտքի զորության և արժեքների ամրության մեջ է, որոնցով նա կառուցում է ազգերի ապագան:
Կրթության Միջազգային Ակադեմիայի «Հայբուսակ» համալսարանի նախագահ Անահիտ Հարությունյանն իր տեսակով ու բնույթով ճակատագրական կին է, ով տարիներ շարունակ մեծ պատասխանատվություն է կրում աճող սերնդի կրթության և դաստիարակության հարցում` չվախենալով դժվարություններից, քայլելով ձեռքբերումների ճանապարհով:
-Տիկի՛ն Հարությունյան, ինչպիսի՞ն էր 2015թ. Ձեզ համար, ի՞նչ ձեռքբերումներ ունեցաք այս տարվա ընթացքում:
-2015թ. հաջող տարի էր, որի ընթացքում ունեցանք բազում ձեռքբերումներ: Հաճելի է տարին ամփոփել բարձր տրամադրությամբ և բավարարվածության զգացումով:
2015թ. ամենամեծ ձեռքբերումը, թերևս, «Հայբուսակ» համալսարանի միջազգային հավատարմագրման գործընթացում ընդգրկվելն էր և առաջին փուլն անցնելը: Դա երկարատև գործընթաց է, որը թույլ է տալիս ինքնավերլուծության և միջազգային փորձագետների ուսումնասիրությունների արդյունքում բազմակողմանի տեսնել և գնահատել մեր գործունեությունը:
Նվաճում եմ համարում նաև մի քանի միջազգային դրամաշնորհների դիմելու և դրանցից երկուսը շահելու հանգամանքը: Դրանք Եվրամիության դրամաշնորհային ծրագրեր են, որոնց մասնակցությունը ժամանակակից բուհի համար շատ կարևոր է: Մենք ձգտում ենք ապացուցել մեր մրցունակությունը միջազգային բարձրագույն կրթության դաշտում: Մենք արդեն տեսնում ենք դրանց դրական արդյունքները:
2015թ. իմ անձնական կյանքում նույնպես եզակի երջանիկ տարի էր, ես երկու անգամ տատիկի բարձր կոչմանն արժանացա և այժմ երեք հրաշալի թոռնիկների տատիկ եմ:
-Ձեր ողջ կյանքում կրթությունն ու գիտությունը մշտապես մեծ տեղ են ունեցել, տարիներ շարունակ կրթել և դաստիարակել եք բազում սերունդների թե՛ որպես դասախոս, թե՛ որպես բուհի ռեկտոր: Որտեղի՞ց է գալիս կրթության հանդեպ Ձեր սերն ու նվիրումը:
-Ես մեծացել եմ գիտնականի ընտանիքում և մանկուց շրջապատված եմ եղել մտավորականներով, բարձր ինտելեկտի տեր մարդկանցով: Այդ միջավայրում առանձնահատուկ և իր ուրույն տեղն է ունեցել հայրական պապս` Վռամ Հարությունյանը` բազմամյա մանկավարժական փորձով, բազմաթիվ դպրոցների տնօրեն:
Մեր տանը միշտ հնչել է դասական երաժշտություն, հյուրընկալել ենք արվեստագետների, գիտնականների, որոնք մեծ ազդեցություն են ունեցել իմ հոգևոր և ինտելեկտուալ զարգացման վրա:
Մեր ընտանիքում ծնողներիս, իմ, քրոջս, եղբորս միջև մշտապես եղել է գաղափարական, հոգևոր կապ, մենք միշտ նայել ենք նույն ուղղությամբ, ինչը մեզ հնարավորություն է տվել կյանքում օգնել միմյանց ցանկացած հարցում և լինել պարզապես ընկերներ:
Ծնողներիս ազդեցությունը մեզ վրա մեծ է եղել, թերևս, այդ պատճառով է գուցե, որ մենք բոլորս համախմբվեցինք «Հայբուսակի» գաղափարի շուրջ և շուրջ 25 տարի է ինչ անմնացորդ նվիրումով աշխատում և ապրում ենք այդ գաղափարով:
Մեր տանը միշտ հնչել է դասական երաժշտություն, հյուրընկալել ենք արվեստագետների, գիտնականների, որոնք մեծ ազդեցություն են ունեցել իմ հոգևոր և ինտելեկտուալ զարգացման վրա:
-Յուրաքանչյուր մարդու էության, եսի ձևավորման, կայացման հարցում մեծ դեր է խաղում մանկությունը, այդ տարիների ապրած կյանքը: Ինչպիսի՞ մանկություն եք ունեցել, ինչպիսի՞ մթնոլորտում և ի՞նչ արժեքներով եք դաստիարակվել:
-Կարծում եմ` մեր ողջ կյանքի ընթացքում մենք հաճախ անդրադառնում ենք մեր մանկությանը: Ամեն մարդու կյանքում մանկությունը որոշիչ փուլ է, և անձը ձևավորվում է հենց այդ շրջանում:
Ես, եղբայրս և քույրիկս ունեցել ենք բացառիկ երջանիկ մանկություն: Մենք մեր ծնողների կողքին շատ վստահ ենք զգացել, ինչը մեզ հետագայում օգնել է շատ ու շատ դժվարություններ հաղթահարել: Իմ հիշողության մեջ այդ տարիների հետ կապված այնքան վառ պատկերներ կան, գեղեցիկ դրվագներ, հոգևոր բարձրագույն արժեքներ, որոնք, անկասկած, օգնում են այսօր ճիշտ ապրել և ճիշտ վերաբերվել կյանքի տարբեր երևույթների:
Հայրս ընդգծված վերաբերմունք ուներ երեխաների նկատմամբ: Նա մեծ հարգանքով էր վերաբերվում թե՛ մեզ, և թե՛ առհասարակ բոլոր երեխաներին: Քանի որ ես ավագ երեխան եմ եղել, գուցե առավել խորն եմ ընկալել այդ ամենը, հնարավորություն ունեցել վերլուծություններ անելու: Հարգելով, սիրելով երեխային, միաժամանակ մեծ պատասխանատվության զգացում են սերմանել մեր մեջ:
-Կհիշե՞ք մի պատմություն մանկության օրերից:
-Սիրով: Հայրս, թեև շատ զբաղված էր իր գիտական գործունեությամբ, միշտ մեզ հետ անցկացնելու համար ժամանակ գտնում էր: Մենք այցելում էինք օպերա, թատրոն, թանգարաններ, պարտադիր էր Եղեռնի հուշարձանի այցելությունը, անմոռանալի են բնության գրկում նրա հետ անցկացրած պահերը, որոնք մեծ սեր և հոգատարություն ներշնչեցին մեզ բնության հանդեպ: Շատ գեղեցիկ պատմություններ կարող եմ հիշել, սակայն ուզում եմ պատմել ոչ այնքան ուրախ պատմություն. Երևանի 2750-ամյակն էր, շքեղ միջոցառում էր կազմակերպվում և մենք ընտանիքով պատրաստվում էինք մասնակցել: Արդեն տանից դուրս գալու պահն էր, մայրս մազերս էր հարդարում, երբ ես նկատեցի, որ ժապավենս այնպես չկապեց, ինչպես ես էի ցանկանում: Ես կոպիտ արտահայտեցի դժգոհությունս, ինչի համար հայրս խիստ նկատողություն արեց և պատժեց ինձ` ասելով, որ ես չեմ գնալու իրենց հետ այդ միջոցառմանը: Նրանք եղբորս հետ գնացին, ինչից ես շատ տխրեցի, քանի որ անհամբեր սպասում էի այդ օրվան: Տխրեց նաև եղբայրս, որն այդ գեղեցիկ միջոցառման ողջ ընթացքում գլուխը կախ նստել էր և չէր դիտել այն: Դա ինձ համար դաս եղավ, որպեսզի ես երբևէ մայրիկիս հետ կոպիտ չխոսեմ: Գուցե տխուր պատմություն է, բայց ես այն միշտ հիշում եմ որպես դաս և հասկանում, որ ծնողներս այդքան սիրելով ինձ` խիստ դաստիարակություն են տվել:
-Ձեզ կարիերիստ համարո՞ւմ եք:
-Ոչ, բայց ես հարգում եմ կարիերիստներին, ինձ դուր են գալիս նպատակասլաց, կյանքում հավակնություններ, գերակայություններ ունեցող մարդիկ: Ես ինքս մշտապես բարձր հավակնություններ եմ ունեցել, իմ առջև դրել նպատակ և հասել դրան, սակայն ինձ համար կարևոր են նպատակին հասնելու միջոցները, և եթե դրանք հակասում են իմ սկզբունքներին, արժեքներին, ես կարող եմ փոխել նպատակս: Իմ տարբերությունը կարիերիստից դրանում է: Նպատակին հասնելու միջոցները շատ կարևոր են ինձ համար:
-Բացի Ձեր ծնողներից, Ձեր անձի ձևավորման վրա ովքե՞ր են ներգործություն ունեցել:
-Եղբայրս և քույրս: Երիտասարդ տարիքում եղբայրս, առավել հասուն տարիքում` քույրս:
-Դատելով կյանքում հասած Ձեր հաջողություններից` Դուք նպատակասլաց, ուժեղ և անկոտրում կին եք: Այդ կերպարը շատ է օգնում կյանքում, բայց ուզում եմ հարցնել` երբեմն հոգս չի՞ դառնում մշտապես ուժեղի կերպարը կրելը, երբ մարդիկ սովորում են դրան և չեն ուզում ընդունել, որ երբեմն էլ հնարավոր է ունենալ թուլության պահեր:
-Այո՛, սովորել եմ պատասխանատվություն կրել ամեն ինչի համար, ամեն տեղ` թե՛ աշխատանքում, թե՛ ընտանիքում: Իսկ դա պահանջում է մեծ կամքի ուժ, արագ կողմնորոշվելու և արդարացի որոշումներ կայացնելու ունակություն: Իհարկե, մարդիկ սովորում են դրան: Կարծում եմ` թուլության պահերն անխուսափելի են երբեմն, և հանգիստ եմ վերաբերվում դրանց:
-Ո՞րն է այն կենսափիլիսոփայությունը, որը Ձեզ օգնում է կյանքում լինել լավատես:
-Անուղղելի լավատես եմ, և դրա «պատճառը» հավատն է: Հավատքում գտնում եմ ինձ հուզող բոլոր հարցերի պատասխանները:
-Ինչպիսի՞ն եք ուզում տեսնել Ձեզ հայելու մեջ և արդյոք հաճա՞խ եք տեսնում այն Անահիտին, ում ցանկանում եք հանդիպել հայելու արտացոլանքի մեջ:
-Գրեթե միշտ տեսնում եմ ինձ` այն կերպարը, որը ճանաչում եմ, սիրում եմ: Երբ հայելուց ինձ նայում է անծանոթ կերպար, հասկանում եմ, որ զայրացած եմ, այդպես էլ է պատահում: Երբեք ուշադրություն չեմ դարձնում տարիքային փոփոխություններին, որոնք, անշուշտ, արտահայտվում են հայելու մեջ: Ընդունում եմ կյանքի տված ամեն երևույթ` որպես օրինաչափություն:
-Ո՞րն է Ձեր ներշնչանքի աղբյուրը:
-Ինձ համար ներշնչանքի աղբյուրն ինքը՝ կյանքն է: Շնչում եմ, ուրեմն` ապրում եմ, սիրում եմ, աշխատում եմ:
-Կյանքում Դուք սեր, դրական լիցքեր ավելի շատ տալի՞ս եք, թե՞ ստանում:
-Երբեք չեմ մտածել այդ մասին: Երևի պետք էլ չի մտածել, քանի որ դրական լիցքերն ինչ-որ չափով սիրո արտահայտում են: Ես զգացմունքները չափող միավորներ չգիտեմ: Ինձ երջանկացնում է դրականը, բարին, գեղեցիկը տալու, տարածելու հնարավորությունը:
-Ունենո՞ւմ եք դատարկության զգացողություն, և ինչո՞վ եք այն լցնում:
-Ունեցել եմ դատարկության զգացողություն, չեմ նշի կոնկրետ դեպքեր, քանի որ բացասական երևույթներն աշխատում եմ չդարձնել հիշողություն: Հիշողությունը շատ թանկ է, և այն, կարծում եմ, պետք է ծառայի մեզ որպես բարի, պայծառ դրվագների շտեմարան: Իսկ դատարկությունը հատուկ ոչնչով չեմ լցնում, ինքն իրեն լցվում է: Ժամանակը լավագույնս լուծում է այդ հարցը:
-Արդյո՞ք կյանքում հասել եք այն ամենին, ինչին ձգտել եք: Այսօր ինչպիսի՞ն են Ձեր ձգտումները, երազանքները:
-Միշտ ունեմ երազանքներ, ծրագրեր` անկախ նրանից, թե որ տարիքում եմ և ինչ դիրք եմ զբաղեցնում: Հասե՞լ եմ արդյոք այն ամենին, ինչին ձգտել եմ... հասնում եմ, ամեն ինչ դեռ առջևում է: Միշտ ասում եմ ինքս ինձ. «Հասի՛ր այն ամենին, ինչը սիրում ես, այլապես ստիպված կլինես սիրել այն, ինչը քեզ կհասնի»:
-Այսօր գո՞հ եք «Հայբուսակ»-ի, Կրթության միջազգային ակադեմիայի գործունեությունից, կրթության որակից, ի՞նչ գաղափարախոսությամբ է իրականացվում կրթական գործընթացը Ձեր ղեկավարած ուսումնական հաստատություններում:
-Գոհ եմ, քանի որ «Հայբուսակ»-ի նվաճումները, ձեռքբերումները մեծ են, զգալի: Անհերքելի է նաև այն բարձր հեղինակությունը, որ ձեռք է բերվել 25 տարիների անմնացորդ նվիրումով և ամենօրյա աշխատանքով: Սակայն աշխարհում կան Քեմբրիջ, Օքսֆորդ, Հարվարդ և այլ հանրաճանաչ համալսարաններ: Նշաձողը շատ բարձր է, հետևաբար` կա ձգտելու, աշխատելու, զարգանալու անծայրածիր դաշտ: Հուսով եմ` մեր որդեգրած գաղափարախոսությամբ կհասնենք այն տեսլականին, որ ունենք մեր հոգում և մտքերում:
-Սերը, հավատքը այն հիմնարար զգացմունքներն են, որոնք մարդու հոգևոր սյուներն են հանդիսանում: Ինչի՞ մասին եք խորհում Աստծո հետ մենակ մնալիս, ի՞նչ եք խնդրում նրանից:
-Աստծո հետ չեմ զրուցում: Աստծուն խոստովանում եմ, շնորհակալություն եմ հայտնում այն ամենի համար, ինչ նա տալիս է: Խնդրում եմ, որ տա ինձ այն, ինչը պետք է, այլ ոչ թե այն, ինչ ես եմ ուզում:
-2014 Դուք արժանացաք «Համազգային վստահություն» մրցանակին, 2015թ. ստացաք Ռուսաստանի Դաշնության «Չիժևսկու Ոսկե Աստղ» շքանշանը և, առհասարակ, Ձեր մրցանակները, պարգևները շատ են... Կարևորո՞ւմ եք արդյոք դրանք:
-Ամեն մրցանակ, պատվոգիր գնահատում է կատարված աշխատանքը, արժևորում անցած ուղին: Ոգևորվում եմ և ընդունում եմ դա որպես ավելի լավ աշխատելու, դրսևորվելու նախապայման: Այնուամենայնիվ, ամենաբարձր գնահատականն ինձ համար իմ ընկերների, ուսանողների ամենօրյա ժպիտներն են, նրանց հետ շփվելը, ստեղծագործական, պրոֆեսիոնալ մթնոլորտում մեր համատեղ աշխատանքը: Մշտապես զգում եմ մարդկանց սերը, հարգանքը և վստահությունն իմ նկատմամբ, և սա, կարծում եմ, ամենամեծ պարգևն է...
-Մոտենում է Ամանորը, ինչպիսի՞ տոն է այն Ձեզ համար, ինչպե՞ս եք այն նշում, ո՞րն է Ամանորի խորհուրդը Ձեզ համար: Ձեր ամանորյա բարեմաղթանքը:
-Ամանորը շատ եմ սիրում, հատկապես սիրում եմ նվերներ պատրաստելու պահերը: Ամանորին աշխատում եմ ուրախություն պարգևել հատկապես երեխաներին, և ոչ միայն իմ, այլ նաև նրանց, ում ծնողները սոցիալական ծանր կացության մեջ են: Իսկ այսօր, ցավոք, այդպիսիները քիչ չեն:
Թող Նոր տարին բերի մեզ խաղաղություն, բարեկեցություն: Թող այն լինի մեր ժողովրդի համար առաջընթացի, զարգացման տարի, և թող որ Հայաստանում ապրեն աշխարհի ամենաերջանիկ մանուկները:
Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի
Վերադառնալ