23:06
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԱՐՏԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

2016-01-30 06:00

2015 թվականը` բազմաոլորտ եւ արդյունավետ աշխատանքի տարի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
 

«Դե Ֆակտո» N115 (2015թ.)

Մալաթիա-Սեբաստիան արագ զարգացող վարչական շրջաններից է, որտեղ ղեկավարի կողմից իրականացվում է բազմաոլորտ գործունեություն, նրա նպատակաուղղված աշխատանքը տեսանելի է և գնահատելի յուրաքանչյուրի կողմից: Վարչական շրջանում ամեն ինչ արվում է տարիքային բոլոր խմբերին հարմարավետ ապրելակերպով ապահովելու համար` բարեկարգվում են բակերը, տեղադրվում են խաղասարքեր և մարզասարքեր, զրուցատաղավարներ, վերանորոգվում են շքամուտքերը, իրականացվում են կանաչապատման, ասֆալտապատման և այլ աշխատանքներ:

 

-Պարո՛ն Ալեքսանյան, հաշված օրեր են մնացել 2015թ.: Փորձելով ամփոփել այն` ինչպե՞ս կգնահատեք, ո՞ր ոլորտներում արձանագրվեցին ձեռքբերումներ:


-2015թ. բուռն աշխատանքային տարի էր մեզ համար, որի ընթացքում իրականացրեցինք բազմաոլորտ գործունեություն` յուրաքանչյուրում ունենալով ձեռքբերումներ, ցավոտ խնդիրների լուծումներ: Ողջ տարվա ընթացքում ընդունելության օրերին հանդիպումներ ունեցա բնակչության հետ, լսեցի նրանց խնդիրները` փորձելով իմ լիազորությունների սահմաններում լուծել դրանք: Ես ինձ բավարարված եմ զգում 2015թ. աշխատանքներից, հուսով եմ` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները նույնպես գնահատում են իրականցված աշխատանքները:


-Փորձենք անդրադառնալ բոլոր ոլորտներին. շինարարական, բարեկարգման, բնակֆոնդի պահպանմանն ուղղված ի՞նչ աշխատանքներ են իրականացվել:


-Իրականացվել են շինարարական և բարեկարգման լուրջ աշխատանքներ, մասնավորապես` բակերի ասֆալտապատում՝ 47.400 քմ, փողոցների ընթացիկ վերանորոգում՝ 36.300 քմ, եզրաքարերի վերանորոգում՝ 150 գծմ, եզրաքարերի տեղադրում՝ 1.670 գծմ, պուրակների սալիկապատում՝ 965 քմ:
Բնակֆոնդի պահպանմանն ուղղված աշխատանքները նույնպես նշանակալի են. վերանորոգվել են` 1921 քմ թեք տանիք, 10305.5 քմ հարթ տանիք, 28 պատշգամբ` 27 բնակարաններում: Երևանի քաղաքապետարանի և համատիրությունների հետ համագործակցության արդյունքում վերանորոգվել են 56 շքամուտքերի բոլոր հարկաբաժինները:


-Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել կանաչապատման, բակային տարածքների բարեկարգման ուղղությամբ:


-Ես շատ եմ կարևորում հատկապես կանաչապատման խնդիրը, որը նաև Երևանի քաղաքապետարանի գերակայություններից է: Որքան կանաչապատ և բարեկարգ տարածքներում ապրենք` լի թթվածնով, այնքան մենք և մեր երեխաները առողջ կլինենք: Նշեմ, որ վերանորոգվել է 1010 գծմ երկարությամբ ոռոգման ցանց: Տնկվել է 11715 ծառ, մոտ 800 թուփ և 1000 հատ վարդի թուփ, էտվել է 1000 ծառ:
Բարեկարգվել է 6 բակային տարածք և Յուրի Բախշյանի անվան այգին, տեղադրվել են 68 համալիր մանկական խաղեր, մարզասարքեր և զրուցատաղավարներ, վերակառուցվել են 2 անցուղիների աստիճաններ, կառուցվել է արհեստական խոտածածկույթով մեկ ֆուտբոլի դաշտ, վերանորոգվել` 7-ը, տեղադրվել է արտաքին լուսավորության 108 հենասյուն, նկարազարդվել է 846 քմ բակային տարածք, նորոգվել և նորով է փոխարինվել Էլեկտրական ցանցի թեքված և վթարային 18 հենասյուն:

 

Ես շատ եմ կարեւորում հատկապես կանաչապատման խնդիրը, որը նաեւ Երեւանի քաղաքապետարանի գերակայություններից է: Որքան կանաչապատ եւ բարեկարգ տարածքներում ապրենք, այնքան մենք եւ մեր երեխաներն առողջ կլինենք:


-Որքանով տեղյակ ենք, ջրամատակարարման ոլորտում մեծ նախագիծ է իրականացվել:


-Այո, պետք է ուրախությամբ նշեմ, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի և «Երևան Ջուր» ՓԲԸ-ի համագործակցության արդյունքում վերակառուցվել է Ախպարաշեն թաղամասի 30 կմ ջրագիծը՝ 1700 բաժանորդի համար (ԾԻԳ): Սա իսկապես կարևոր ծրագիր էր, որից մեծապես շահեցին Ախպարաշեն թաղամասի բնակիչները:
Աշխատում ենք մեր բյուջեի ծախսերն այնպես կազմակերպել, որպեսզի սոցիալապես անապահով ընտանիքներին ուղղված ծրագրեր ավելի շատ իրականացնենք:


-Ցավոտ է նաև սոցիալական ոլորտը, ի՞նչ աշխատանքներ են իրականացվել առկա խնդիրները լուծելու համար:


-Համամիտ եմ, իսկապես, այս ոլորտի խնդիրները շատ են, որոնք լուծելու համար մեծ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ: Մենք աշխատում ենք մեր բյուջեի ծախսերն այնպես կազմակերպել, որպեսզի այս ոլորտին հնարավորինս շատ գումար հատկացնենք: Հուսամ հետագա տարիներին ավելի մեծ աշխատանքներ կկարողանանք իրականացնել:
Ինչ վերաբերում է իրականացված աշխատանքներին, ապա նշեմ, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կառուցվել է 41 թեքահարթակ: Բանակի օրվա կապակցությամբ ՀՀ զինված ուժերում միաժամանակ ծառայող երկու և ավելի եղբայրների 27 ծնողների տրամադրվել է դրամական խրախուսանք: 199 ծնողներ այցելել են ԼՂՀ և ՀՀ սահմանամերձ գոտիներում ծառայող իրենց զավակներին:
Սոցիալական բնույթի տարբեր ծրագրեր են իրականացվել Երկրապահ կամավորականների միության, «Առաքելություն Հայաստան», «Կամրջակ», «Թուֆենկյան հիմնադրամ», «Խուլերի միավորում», «Հանս Քրիստիան Կոֆոեդ» ՀԿ-ների և «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամի հետ: «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից` ի դեմս Սամվել Ալեքսանյանի, վարչական շրջանում իրականացվել են 10.230.000 դրամի բարեգործական տարբեր ծրագրեր:
Աջակցության ծրագրեր են իրականացվել սոցիալապես անապահով ընտանիքներին: Ամանորի առթիվ 5000 ընտանիք ստացել է սննդի փաթեթ:
Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ վարչական շրջանի սոցիալապես անապահով 3500 ընտանիքի տրամադրվել է բնաիրային օգնություն: Վարչական շրջանի 125 երեխա ամառային հանգիստն անցկացրել է առողջարարական ճամբարներում: Գիտելիքի միջազգային օրվա կապակցությամբ 1-4-րդ դասարանների սոցիալապես անապահով 400 երեխայի տրամադրվել են գրենական պիտույքների փաթեթներ: Վարչական շրջանում բնակվող սիրիահայ 24 ընտանիք ստացել է անհրաժեշտ Էլեկտրատեխնիկա և դրամական աջակցություն: «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակներում սոցիալապես անապահով 276 ընտանիքի տրամադրվել է կենցաղային տեխնիկա: Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ 43 տարեցների տրամադրվել է դրամական օգնություն, 6 տարեցների՝ պարենային փաթեթ: Երևանի թիվ 1 տուն-ինտերնատին նվիրաբերվել է 50 աթոռ: «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամի միջոցներով Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ հիմնանորոգվել է գրասենյակ:
Հաշմանդամների միջազգային օրվա առթիվ հաշմանդամ 100 երեխա ստացել է ձնեռային վերմակ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի 28 մասնակիցների տրամադրվել է դրամական աջակցություն:


-Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել կրթության և մշակույթի ոլորտներում:


-Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը հարուստ է կրթամշակութային օջախներով, որոնք տալիս են որակյալ կրթություն: Ունենք շնորհալի, տաղանդաշատ երեխաներ, որոնք պարբերաբար ելույթ են ունենում վարչական շրջանում կազմակերպվող միջոցառումների ժամանակ:
Ինչ վերաբերում է ծրագրերին, ապա հիմնանորոգվել են` գրադարանը, «Մալաթիա» արվեստի դպրոցը, «Սեբաստիա» մշակույթի կենտրոնը և թիվ 96 մանկապարտեզը: Թիվ 174 դպրոցի բակում տեղադրվել են արտաքին լուսավորության հենասյուներ` լուսատուներով: Բարեկարգվել է թիվ 162 դպրոցի բակը, ծաղկապատվել` տարածքը, էտվել են ծառերը:
Ասֆալտապատվել են թիվ 176 դպրոցի և թիվ 78, 79, 89, 96, 97 մանկապարտեզների բակային տարածքները: Թիվ 89 մանկապարտեզում փոխվել են կոյուղագծերի ներքին ցանցը, ջեռուցման համակարգի փականները, տեղադրվել է նոր՝ 54 գծմ արտաքին կոյուղագծեր, բարեկարգվել է բակը, փոխվել են 6 տաղավարների տանիքները, բակում տեղադրվել է պլաստմասե խաղ:
Հունիս ամսին վարչական շրջանի բոլոր մանկապարտեզներում անց են կացվել տարեվերջյան ավարտական հանդեսներ և 1508 երեխայի տրամադրվել է դպրոցական պայուսակ:
Մշակութային ոլորտում նույնպես բավականին աշխատանքներ են իրականացվել:
Կազմակերպվել են մշակութային միջոցառումներ` Հայոց բանակի 23-ամյակի, Տեառընդառաջի, Կանանց միջազգային տոնի, Վերջին զանգի, Երեխաների պաշտպանության օրվա, Առաջին զանգի, «Էրեբունի-Երևան-2797»-ի և Ամանորի առթիվ:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում կազմակերպվել է քանդակագործական գիտաժողով: «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ «Մալաթիա» պուրակում տեղադրվել է 7 քանդակ:
«Հետադարձ հայացք` 100 տարի անց» խորագրով անցկացվել են ասմունքի, երգի և նկարչության մրցույթներ:
«Ֆրանկոֆոնիայի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է միջոցառում` նվիրված hայ-ֆրանսիական բարեկամությանը:

Զարգացում են ապրում նաեւ կրթամշակութային հաստատությունները, որոնցում որակյալ կրթությունը կազմակերպվում է բարեկարգ պայմաններում:


-Սպորտի ոլորտում ի՞նչ ձեռքբերումներ կան:


-Վարչական շրջանի սպորտային թիմերը բավականին մեծ ակտիվություն են ցուցաբերել 2015թ` մասնակցելով Հայաստանում անցկացվող սպորտային գրեթե բոլոր միջոցառումներին: Մասնավորապես` մեր թիմերը մասնակցել են շախմատի օլիմպիադային, ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների 24-րդ մարզական խաղերին, Ֆրանսիայի Լիմոժ քաղաքում անցկացված դպրոցականների աշխարհի առաջնությանը, ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» ծրագրին, «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնին, «Կաշվե գնդակ» ֆուտբոլի մրցաշարին, ՌԴ-ի Եսենտուկի քաղաքում անցկացված բասկետբոլի միջազգային մրցաշարին:


-Ի՞նչ աշխատանքներ են կատարվել առողջապահության ոլորտում:


-Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 37 անապահով բնակիչների տրամադրվել է միջնորդագիր բուժումը պետպատվերի շրջանակում իրականացնելու համար: Առողջարանային ուղեգիր է ստացել 25 քաղաքացի:
«Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ «Մալաթիա-Նատալի ֆարմ» բժշկական կենտրոնում անվճար հետազոտվել և վիրահատվել է 381 քաղաքացի:


-Համագործակցության ինչպիսի՞ շրջանակներ ունի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը:


-Մայրաքաղաքի և ԼՂՀ վարչական շրջանների հետ համագործակցության ծրագրի շրջանակում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատվիրակությունն այցելել է Քաշաթաղի վարչական կենտրոն` Բերձոր: Համագործակցության հուշագիր է ստորագրվել ՌԴ Պսկով քաղաքի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի միջև:
Մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի հետ համագործակցության ծրագրի շրջանակում բարեկամության համաձայնագիր է կնքվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի և Արարատ քաղաքի միջև: «Ճանաչողական այց» խորագրով ԼՂՀ Քաշաթաղի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան:
«Արի տուն» ծրագրով սփյուռքահայ 30 երեխա հյուրընկալվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:


-2016թ. հետ կապված արդեն նախանշված ի՞նչ ծրագրեր կան:


-2016թ. պետք է շարունակենք մեր բազմաոլորտ գործունեությունը` փորձելով լուծում տալ հնարավորինս շատ խնդիրների: Ծրագրել ենք իրականացնել բակերի բարեկարգման, անցուղիների աստիճանների վերանորոգման և վերակառուցման, փողոցների եզրաքարերի վերանորոգման, բակերի և միջբակային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ, ինչպես նաև ծրագրել ենք ավելացնել նստարանների, աղբամանների, ճոճանակների, կարուսելների, զրուցատաղավարների թիվը:


-Պարո՛ն Ալեքսանյան, մոտենում է Ամանորը, ինչպիսի՞ տոն է այն Ձեզ համար, ինչպե՞ս եք տոնում, Ձեր ամանորյա բարեմաղթանքը:


-Ամանորը գեղեցիկ ընտանեկան տոն է, որը ես սիրում եմ անցկացնել տանը` ընտանիքիս, հարազատներիս հետ միասին: Ամանորի խորհուրդը ես տեսնում եմ երեխաների ուրախության, նրանց աչքերի փայլի ու հրաշքին անկեղծ հավատալու կարողության մեջ: Ես էլ եմ նրանց հետ մանկանում և ձգտում հեքիաթային տոն պարգևել նրանց:
Շնորհավորում եմ ողջ հայության Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում, որ բոլորի ընտանիքներում խաղաղություն և երջանկություն տիրի, երեխաներն առողջ ու հաջողակ լինեն, իսկ մեր հայրենիքում մշտական խաղաղություն լինի:

 

Ամանորի խորհուրդը ես տեսնում եմ երեխաների ուրախության, նրանց աչքերի փայլի ու հրաշքին անկեղծ հավատալու կարողության մեջ:


Հարցազրույցը`

Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...