2016-02-01 00:02
«Դե Ֆակտո» N115 (2015թ.)
Կյանքի պայքարի հավերժական ընթացքում, երբ ուղին փշոտ է, իսկ նպատակը` հստակ, երբ վերելքին ձգտելը նվիրական արժեքների ծնունդ է, ձևավորվում է կյանքի օրինակելի ուղի, որի յուրաքանչյուր ձեռքբերում և՛ քոնն է, և՛ քոնը չէ` բոլորինն է, ինչը ներքին հպարտության, հարստության և բավարարվածության զգացողություն է պարգևում:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանն իր աշխատանքային կենսագրությունը կերտել է բժշկական համալսարանի պատերի ներսում, արտերկրում կուտակած փորձն ու մասնագիտական հաջողությունները ներդնել բուհի զարգացման գործում և ուրախացել նրա յուրաքանչյուր ձեռքբերմամբ:
Այսօր բժշկական համալսարանը 95 տարեկան է, գրեթե մեկ դար գործող բուհը ՀՀ բժշկագիտության զարգացման բնօրրանն է, որի նվաճումները բոլորիս առողջության գրավականներն են:
-Պարո՛ն Նարիմանյան, նախ շնորհավորում ենք բուհի 95-ամյակի առթիվ: Դուք Ձեր աշխատանքային կենսագրությունը կերտել եք ԵՊԲՀ-ում, Ձեր գնահատմամբ` այսօր ի՞նչ հիմքերի վրա է կրթության որակը բժշկական համալսարանում:
-Շնորհակալ եմ շնորհավորանքի համար, ԵՊԲՀ-ն բոլորիս հարստությունն ու հպարտությունն է, որի համար մենք պարտական ենք եվրոպական բուհերի այն մի խումբ հայ շրջանավարտներին, ովքեր 1914թ.-ին վերադարձան Հայաստան, ստեղծեցին մեր համալսարանական հիվանդանոցը, իսկ հինգ տարի անց հիվանդանոցին կից սկսեց զարգանալ բժշկական կրթությունը և բժշկագիտությունը: Բուհի զարգացման յուրաքանչյուր փուլ իր մեջ կրում է ժամանակի պահանջը, որը նոր մասնագիտացումների ստեղծման հիմք է դառնում:
Այսօր մենք ձգտում ենք պահպանել բուհի ավանդույթները, ապահովել նրա կայուն զարգացման հեռանկարը` քայլելով ինտեգրման, միջազգայնացման ուղով: Դրանք մեր ամենօրյա գործունեության հիմնասյուներն են, որոնց ավելանում է նաև նվիրվածությունն ու սերը մեր մասնագիտությանն ու բուհին` առավել ուղղորդված դարձնելով մեր գործունեությունը, քանի որ մեզ միմյանց կապում է ոչ միայն Հիպոկրատի երդումը: Դրա վառ ապացույցը ձևավորված այն գեղեցիկ ավանդույթն է, որ արտերկրում մասնագիտական հաջողությունների հասած մեր շրջանավարտներն ամեն ինչ անում են իրենց սիրելի համալսարանի, կլինիկայի, լաբորատորիայի, գրադարանի բարձր մակարդակն ապահովելու և պահպանելու համար: Ես այս առիթն ուզում եմ օգտագործել նրանց խորին շնորհակալություն հայտնելու իրենց մեծ սիրո և նվիրվածության համար:
Ահա այս սկզբունքներով է այսօր աշխատում բժշկական համալսարանի ղեկավարությունն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը` փորձելով իր արժեքային համակարգն ու գիտելիքները փոխանցել աճող սերնդին և նրանց ուսման ձգտումը հասցնել առավելագույնին: Այս ամենը ստեղծում են որակ, որը հարստացվում է կրթական ծրագրերի գիտական բովանդակությամբ:
-Որքանո՞վ է հաջողվում կրթությունն ու գիտությունը համատեղ ներառել ուսումնական գործընթացում:
-Կրթությունն ու գիտությունը հնարավոր չէ առանձին դիտարկել, դրանք փոխկապակցված են և հարց է, թե որն է սերում մյուսից, քանի որ առանց կրթության` չի լինում գիտություն և առանց գիտության` չի զարգանում կրթությունը: Նրանց միանում է նաև ժամանակի հրամայականը, որն ուղղորդում է կրթության և գիտության զարգացումը: Պատահական չէ, որ այսօր զարգանում է ընտանեկան, էսթետիկ, ռազմական, աղետի, ավիացիոն, ազատազրկման վայրերի բժշկությունը և այլն: Այս ամենն արտացոլվում է մեր ուսումնական ծրագրերի և հետազոտական գործունեության պլանավորման ու իրագործման մեջ:
Երբեմն պացիենտի օրգանիզմը պահանջում է բազմակողմանի բուժօգնություն, այսինքն` ոչ միայն նեղ մասնագիտական. այդ պահանջը բավարարելու համար տարբեր մասնագիտություններ միավորվում են և ստեղծում նոր հասկացություն, ուղղություն բժշկության մեջ, ինչպես, օրինակ, ռեսպերատոր բժշկությունը, որն իր մեջ ներառում է շնչառական համակարգի հիվանդությունները, դրանց ախտորոշումն ու բուժումը: Ինտերգրացվում են մասնագիտությունները, որի արդյունքում` նաև ուսումնական գործընթացը: Դա կոչվում է ներքին ինտեգրում, իսկ երբ ներքին ինտեգրումն այնքան որակյալ է լինում, որ կարող է ընդունվել աշխարհի կողմից, կոչվում է արտաքին ինտեգրում:
Իմ կյանքում միշտ կրթությունն ու գիտությունը ներդաշնակել են միմյանց, ես մեծ բախտավորություն եմ ունեցել զբաղվելու միանգամից երեք սիրելի գործով` դասախոսական, բուժական և հետազոտական աշխատանքով: Այս երեքի զուգակցումից ծնվում է այնպիսի մասնագետ, որի մեջ կա և՛ գիտնական, և՛ բժիշկ, և՛ դասախոս: Դրանից լավ բան, կարծում եմ, չկա, և մեր շատ տաղանդավոր մասնագետներ ձգտում են պահպանել այդ եռամիասնությունը:
Կրթությունն ու գիտությունը հնարավոր չէ առանձին դիտարկել, դրանք փոխկապակցված են. առանց կրթության` չի լինում գիտություն եւ առանց գիտության` չի զարգանում կրթությունը: Նրանց միանում է նաեւ ժամանակի հրամայականը, որն ուղղորդում է կրթության եւ գիտության զարգացումը:
-Ո՞րն է 2015թ.-ի ամենամեծ ձեռքբերումը:
-2015թ.-ին բավականին մեծ աշխատանք է իրականացվել բուհում. մենք մեր ձեռքը պահում ենք ժամանակի զարկերակի վրա և ընթանում առաջ: Այս տարի եղան և՛ ինստիտուցիոնալ, և՛ ծրագրային փոփոխություններ, որոնք մեզ համար կարևոր ձեռքբերումներ են: Մենք պայմանագիր կնքեցինք Օքսֆորդի համալսարանի հետ, ստացանք ինստիտուցիոնալ հավատարմագրման իրավունք` միջազգային մասնակցությամբ, ինչը նոր հեռանկարներ է բացում մեր բուհի համար:
-Քանի՞ ֆակուլտետ կա ԵՊԲՀ-ում և որո՞նք են առավել պահանջվածները:
-Կա Ընդհանուր բժշկության ֆակուլտետ, Ստոմատոլոգիական ֆակուլտետ, Դեղագիտական ֆակուլտետ, Ռազմաբժշկական ֆակուլտետ, Հանրային առողջապահության ֆակուլտետ: Չեմ ուզում տարանջատել որևէ բաժին, այլապես դրանով կթերագնահատեմ որևէ մեկի դերը: Միայն նշեմ, որ ամենամեծ ֆակուլտետը Ընդհանուր բժշկության ֆակուլտետն է, որտեղ իրենց ապագան տեսնում են այն ուսանողները, որոնք բժշկի իրենց հեռանկարը կապում են բուժական գործի հետ` վիրաբույժ, թերապևտ, հոգեբույժ և այլն:
-Քանի՞ ուսանող ունի համալսարանը, քանի՞սն են օտարերկրացիներ, ո՞ր մասնագիտացումներն են առավել հետաքրքրում արտերկրից ժամանած ուսանողներին:
-Մենք ունենք 5 հազարից ավելի ուսանողներ, որոնցից 1300-ը օտարերկրացիներ են: Վերջիններիս առավել հետաքրքրում է Ընդհանուր բժշկության ֆակուլտետը: Մենք չենք կենտրոնանում նրանց քանակի վրա, այլ ձգտում ենք ապահովել կրթության բարձր որակ` նպատակ ունենալով միջազգայնացնել մեր կրթությունը, ինչպես նաև ծանոթացնել նրանց մեր մշակույթին, պատմությանը: Ի դեպ, հնդիկ ուսանողները 2-3-րդ կուրսից սկսում են շատ լավ խոսել հայերեն, թեև դասավանդումն անգլերեն լեզվով է և իրենք լեզվի առումով որևէ դժվարություն չեն ունենում: Հայերենի իմացությունն օգնում է նրանց հեշտությամբ շփվել հիվանդի հետ, իսկ բժշկական կրթության առանձնահատկություններից մեկը և ամենակարևորն այն է, որ այդ գործընթացում ներգրավված լինեն երեք մասնակից` դասախոս, ուսանող, հիվանդ:
Ժամանակ առ ժամանակ մենք պակաս ենք զգում այս կամ այն առողջական դեպքը ներգրավելու ուսումնական գործընթացում, այդ պատճառով մենք մի շատ լավ երևույթ ստեղծեցինք մեր համալսարանում, որը կոչվում է սիմուլյացիոն կենտրոն: Սիմուլյացիոն սարքերի վրա ուսումն առաջին անգամ կիրառվել է ավիացիայում, հետագայում անցել բժշկության մեջ: Դրա միջոցով կարելի է անվերջ կրկնել մանիպուլյացիան` ռիսկի չենթարկելով ոչ ոքի կյանքը և փորձ ձեռք բերել:
Մենք ձգտում ենք ապահովել կրթության բարձր որակ` նպատակ ունենալով միջազգայնացնել ԵՊԲՀ-ի տված կրթությունը:
-Ինչպե՞ս է կազմակերպվում հետբուհական կրթությունը:
-Մեր մասնագիտության մեջ շատ լավ է արտացոլված այն, ինչ կոչվում է կրթություն ամբողջ կյանքի ընթացքում` հետբուհական կրթություն: Բժիշկն առանց դրա չի կարող հաջողության հասնել, իսկ մեր անհաջողությունը մեր հիվանդի կյանքն ու առողջությունն է վտանգի ենթարկում: Այսպիսով` մենք չենք կարող թույլ տալ, որ հետդիպլոմային կրթությունը տարերային լինի և պայմանավորված լինի միայն անձի հետաքրքրությամբ: Դա նույնպես պարտադիր ուսուցում է իր ելակետով ու վերջնական արդյունքներով` կատարելագործում, մասնագիտացում և վերամասնագիտացում:
-Ինչպիսի՞ սերունդ է դիմում այսօր ԵՊԲՀ:
-Վերջերս եղավ գիտխորհուրդ, որի ժամանակ պրոռեկտորի զեկույցում հնչեց հետևյալը` մենք որդեգրել ենք նախարարության կողմից առաջարկված այս մոտեցումը` ընդունելությունը` հեշտ, ուսումը` դժվար, ավարտելը` բարդ: Այսինքն` մենք չենք մերժում այն դիմորդներին, ովքեր ցանկանում են սովորել, տալիս ենք այդ հնարավորությունը, բայց հետագայում կատարում ենք այնպիսի ընտրություն, որի պատճառով չունենանք իրավաբանական խնդիրներ և չզգանք խղճի խայթ:
-Ինչպիսի՞ մասնագետներ են աշխատում ԵՊԲՀ-ում:
-Մեզ մոտ աշխատում են մեր մասնագիտության մեջ լավագույնները, որոնք իսկական պրոֆեսորներ, կլինիցիստներ, հետազոտողներ, ուսուցիչներ են: Մեր մասնագիտության մեջ ուսուցչի դերը շատ մեծ է ու կարևոր, մեզանից յուրաքանչյուրը որևէ պրոֆեսորի աշակերտ է, ում պարտական է իր հաջողությունների համար: Դասախոսն այսօր ուսանողին նաև ուղղորդելու շատ կարևոր դերակատարում ունի ինֆորմացիոն օվկիանոսում, որտեղ մասնագիտականն ու ոչ մասնագիտականը, գիտականն ու ոչ գիտականը խառնված են իրար և կարող են ինֆորմացիոն սթրեսի ենթարկել ուսանողին` տանելով գիտակրթական ոչ ճիշտ ճանապարհով:
-Որպես ՀՀ ԱՆ առաջնային բուժօգնության և թոքաբանության մասնագետ, գլխավոր թերապևտ` ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք ՀՀ առողջապահական համակարգում, և ինչպիսի՞ փորձ է այս աշխատանքը Ձեզ համար:
-Այս աշխատանքն ինձ համար մեծ պատասխանատվություն է և փորձ` պատասխանատվություն կրելու: Ինչ վերաբերում է համակարգային խնդիրներին, ապա կարծում եմ, որ մենք այսօր պետք է ավելի շատ զբաղվենք կանխարգելիչ բժշկությամբ՝ անհրաժեշտ է կանխարգելել ոչ միայն հիվանդության զարգացումը, այլ նաև խրոնիկական հիվանդության ընթացքում նրա զարգացումը և բարդացումը:
-Դուք 2006թ.-ից առայսօր «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» կազմակերպության համանախագահն եք, իսկ 2008թ.` «Հայ թերապևտների ասոցիացիա» կազմակերպության նախագահը, կպատմե՞ք այդ երկու կազմակերպությունների գործունեությունների նպատակի մասին:
-Այդ երկու կազմակերպությունները շատ մեծ նշանակություն ունեն ինձ համար. անգամ լինելով այսքան զբաղված ադմինիստրատիվ գործունեությամբ` ես նրանց միջոցով ժամանակ և հնարավորություն եմ գտնում շփվելու մեծ թվով բժիշկների հետ և իրականացնել դասախոսական աշխատանք:
Թերապիայի տեսանկյունից ինձ այժմ շատ են անհանգստացնում ներքին հիվանդությունների դասավանդման հարցերը, որոնց շտկման ուղղությամբ մենք ձևափոխում ենք ներքին հիվանդությունների դասավանդման թե՛ փուլերը, թե՛ համակարգերը, թե՛ գործառույթները, և թե՛ բովանդակությունը` օգտագործելով ասոցիացիայի շրջանակներում կուտակած մեր փորձը և գիտելիքները:
-Ձեր պաշտոնավարման ընթացքում ԵՊԲՀ-ում առանցքային շատ փոփոխություններ են կատարվել, ի՞նչ փոփոխություններ են դրանք և արդյո՞ք արդեն կարող ենք խոսել արդյունքներից:
-Չեմ համարում, որ այդ փոփոխությունները պայմանավորված են միայն իմ անձով, քանի որ դրանց սկիզբը մեր բուհում դրվել է ավելի վաղ: Կարող եմ ասել միայն, որ վերջին 12 տարիներին ես Երևանի պետական բժշկական համալսարանում ադմինիստրատիվ աշխատանքով եմ զբաղվում, 9 տարի զբաղեցրել եմ բուհի պրոռեկտորի պաշտոնը, և անմիջական մասնակիցն եմ եղել այն բոլոր փոփոխություններին, որոնք իրականացվել են բուհում: Եվ ես շնորհակալ եմ ճակատագրին, որ կարողացել եմ այդ ամենի մեջ ներդրում ունենալ:
-Համալսարանի 95-ամյակի գլխավոր միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետը: Ի՞նչ նշանակություն ունեցավ այդ փաստը Ձեր և բուհի ուսանողության համար:
-Մեզ համար պարտավորեցնող է տեսնել երկրի բարձր ղեկավարությանը, մասնավորապես` ՀՀ վարչապետին, մեր բուհում. դա և՛ գնահատական է, և՛ հարգանք մոտ մեկ դար ապրած բուհի ու նրա շրջանավարտների նկատմամբ: Իրականում մենք բոլորս ուշադրության, ջերմ խոսքերի կարիք ունենք, որոնք խթանում են հետագա նպատակային և լարված աշխատանքի արդյունավետության բարձրացումը:
Մեզ համար պարտավորեցնող է տեսնել երկրի բարձր ղեկավարությանը, մասնավորապես` ՀՀ վարչապետին, մեր բուհում, դա ե՛ւ գնահատական է, եւ՛ հարգանք մոտ մեկ դար ապրած բուհի ու նրա շրջանավարտների նկատմամբ:
-Պարո՛ն Նարիմանյան, Դուք բազում պարգևներ եք ստացել, ո՞րն է Ձեզ համար ամենաթանկ պարգևը:
-Ստացել եմ պարգևներ մեր բուհից, ՀՀ վարչապետից, ՀՀ պաշտպանության նախարարից, ինչպես նաև արժանացել եմ բարձր գնահատականների արտերկրներում` ստանալով բազում շնորհակալագրեր: Բայց ինձ համար ամենաթանկն իմ բուհի պարգևած ոսկե մեդալն է և իմ երկրի Կառավարության ու Պաշտպանության նախարարության պարգևները: Դրանք բոլորն ինձ համար պարտավորեցնող են, հատկապես` ՀՀ նախագահի մրցանակի` բժշկության հանձնաժողովի նախագահի պաշտոնում աշխատելը:
Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի
Վերադառնալ