19:27
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԱՆՎԵԼ ԲԱԴԱԼՅԱՆ

2016-01-11 10:00

Պետական ծառայությունը` կոչում, հայրենանվեր աշխատանք

«Դե Ֆակտո» N115 (2015թ.)


Սերը հայրենիքի նկատմամբ ավելի շատ գործերի, քան խոսքերի կարիք ունի: Յուրաքանչյուրն իր աշխատանքը գերազանց կատարելով` արտահայտում է հայրենիքի հանդեպ իր հավատն ու սերը, կերտում իր երկրի կայացման հեռանկարը: Առավել ևս, այդպիսին է պետական ծառայողի աշխատանքը, որը կոչում է, այլ ոչ պարզապես աշխատանք:
ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգը տարիների ընթացքում անընդհատ բարեփոխվել է, իսկ այսօր պատրաստվում է համակարգային փոփոխությունների, նոր օրենքի ստեղծման, որը որակապես կփոխի քաղծառայողի կերպարը և աշխատանքային որակները:

 

-Պարո՛ն Բադալյան, արդեն երկար տարիներ է, ինչ ղեկավարում եք այս կառույցը, որն այդ ընթացքում զարգացել է, կայացել, եթե հետադարձ հայացք նետեք, ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը:

-Հետադարձ հայացք նետելով` կարող եմ ասել, որ բավականին մեծ աշխատանք է իրականացվել համակարգի ստեղծման և ներդրման առումով, որին հաջորդել է կայացման փուլը: Սակայն ժամանակի հրամայականը թելադրում է անընդհատ կատարելագործման և զարգացման պահանջ. ինչը ներկայում կարելի է համարել առաջընթաց, մի քանի տարի հետո կարող է կորցնել իր արդիականությունը: Այդ պատճառով մենք ընտրել ենք համակարգի կատարելագործման անընդհատական ուղի, որը ենթադրում է ժամանակի պահանջին համապատասխան պետական համակարգը լավագույն մասնագետներով զինելու դժվարին գործընթաց:
Առաջիկայում իրականացվելիք ծրագրեր շատ կան: Շատ շուտով նոր օրենք ստեղծելու գործընթացն ենք սկսելու, որը բխում է համակարգի զարգացման ռազմավարության հրամայականից, որով պետք է առաջնորդվենք և համակարգի աշխատանքը դարձնենք ավելի արդյունավետ:


-Ի՞նչ բարեփոխումներ են իրականացվել, որոնք ավելի արդյունավետ և կարևոր եք համարում:


-Քաղաքացիական ծառայության մասին օրենքի ընդունումից հետո մենք, աշխատելով դրա շրջանակներում և ժամանակի ընթացքում բացահայտելով խնդիրներ, անընդհատ բարեփոխել ենք այն, քանի որ օրենքի գործնական կիրառումից հետո է պարզ դառնում, թե որքանով է այն շահեկան, ինչ բացթողումներ կան, որոնք պարտադրում են գնալ լրջագույն համակարգային բարեփոխումների: Այնպես որ, բարեփոխումներ անընդհատ կատարվել են, քանի որ արդյունավետ աշխատանքի կազմակերպման մեր հավակնությունների շեմը բավականին բարձր է, ինչի շնորհիվ` քաղաքացիական ծառայության համակարգը կայացել է:
Թվեմ մեր իրականացրած բարեփոխումներից մի քանիսը: Մենք ստեղծել ենք մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգեր, փորձել ենք կատարելագործել քաղաքացիական ծառայողների, պաշտոնյաների նկատմամբ մասնագիտական պահանջները` առավել հասցեական ենք դարձրել դրանք, արդիականացրել ենք վերապատրաստման և որակավորման բարձրացման ծրագրերը, առաջիկայում կիրականացնենք հեռավար ուսուցման ծրագրեր, որոնք իրենց նշանակությամբ այսօր շատ կարևոր են: Երբեմն ոչ արդյունավետ աշխատանքի պատճառը ոչ այդքան գիտելիքների և հմտությունների պակասն է, այլ դրանք լավագույնս աշխատանքում ներդնելու մեխանիզմի բացակայությունը: Մենք անընդհատ ուսումնասիրում ենք պատճառները և փորձում ենք այնպիսի մեխանիզմներ մշակել, որպեսզի դրանք խթանեն քաղծառայողի ինքնադրսևորման, կատարելագործման և աշխատանքի արդյունավետության բարձրացման գործընթացը:
Մենք համագործակցում ենք նաև միջազգային կառույցների հետ՝ մասնավորապես Համաշխարհային բանկի հետ մի շարք մեթոդաբանական բնույթի, տեխնիկական վերազինման, համակարգչային ծրագրերի ապահովվածության ծրագրեր ենք իրականացրել: Առաջիկայում կրտսեր պաշտոնների համալրման գործընթացն ամբողջովին կանցկացնենք համակարգչային ծրագրերով, որոնցում մարդու գործոնը կզրոյացվի, ինչը մեզ կօգնի առավել օբյեկտիվ գնահատել և բացահայտել մեր դիմորդների գիտելիքներն ու կարողությունները:


-Կցանկանայի խոսեինք քննական ծրագրերից, որքանո՞վ են դրանք բարդ ապագա քաղաքացիական ծառայողների համար:


-Ծրագրերը բարդ չեն: Դրանցում ներառված հարցերի մեծ մասի պատասխանները մենք սովորում ենք դպրոցական տարիներին: Իսկ մեզ դիմողների մեծամասնությունը բարձրագույն կրթություն ստացած անձիք են: Բայց պետք է ցավով նշեմ, որ նրանց միայն 20 տոկոսն է կարողանում դրական արդյունք ունենալ: Թեև դա էլ իր դրական կողմն ունի. քննությունը չհաղթահարած մարդիկ կրկին փորձում են իրենց գիտելիքները, նույնիսկ բազմաթիվ անգամ: Դա ինձ ուրախացնում է, քանի որ նրանք աշխատում են իրենց վրա, ձգտում հասնելու իրենց նպատակին:
Սակայն մենք կարծում ենք, որ խելացի լինելուց զատ` քաղաքացիական ծառայողը պետք է լինի հայրենասեր, դրա համար մեր հարցաշարում ընդգրկել ենք հայրենիքի պատմությանը, պատմական արժեքներին, մեր մեծերին վերաբերող հարցեր, որոնց հետ միասին, բնականաբար, հարցեր` ՀՀ օրենսդրությունից, սահմանադրությունից, հայոց լեզվից և այլն: Ստուգվում են նաև համակարգչային գիտելիքները:


-Հարցաշարը թարմացվո՞ւմ է պարբերաբար:


-Կարող է ամբողջությամբ չփոխվել, բայց պարբերաբար թարմացվում է: Քանի որ թեստը ձևավորվում է համակարգչային ծրագրի միջոցով ընտրանքային սկզբունքով, չի կարող մի մասնակցի երկրորդ անգամ նույն հարցաշարն առաջարկվել:


-Ըստ Ձեզ ` ՀՀ կրթության և գիտության նախարարությա՞ն, թե՞ սերնդի մեջ է խնդիրը, որ երիտասարդները չեն ցանկանում սովորել:


-Իմ կարծիքով` առաջնային խնդիրը հանրակրթական դպրոցում է: Իհարկե, սերնդի նախասիրությունները, դիրքորոշումները նույնպես մեծ նշանակություն ունեն: Գաղտնիք չէ, որ այսօրվա երիտասարդն ավելի քիչ է գիրք կարդում, ինչն իր հետևանքը, անշուշտ, թողնում է, իսկ ընթերցանությամբ մարդը պետք է սկսի տարվել դեռ դպրոցական տարիքից: Համացանցը փոխել է մեր կյանքը, տվել ինֆորմացված լինելու մեծ հնարավորություն, սակայն ինֆորմացիան դեռևս գիտելիք չէ: Ինձ առավել շատ մտահոգում է երիտասարդության անտարբերությունը իրենց գիտելիքների զարգացման ուղղությամբ:
Կրթական համակարգի հետ առնչվում ենք վերապատրաստման ծրագրերի շրջանակներում: Ուսումնական, գիտական հաստատությունների միջոցով կազմակերպում ենք այդ գործընթացը, որում նույնպես անընդհատ փոփոխություններ ենք իրականացնում: Ձգտում ենք այդ ծրագրերը հնարավորինս թիրախային դարձնել: Եթե առաջին տարիներին մարդիկ վերապատրաստման դասընթացներ էին անցնում ընդհանրական թեմատիկայով, ապա այժմ փորձում ենք իրենց անհրաժեշտ թեմայով իրականացնել վերապատրաստումը, լրացնել բացերը:
Այժմ կարևոր գործընթաց ենք սկսել, որը կոչվում է վերապատրաստման կարիքի գնահատում:


-Այսօր մե՞ծ է հետաքրքրությունը քաղաքացիական ծառայության նկատմամբ և որքանո՞վ է հավանական, որ հավաստագիր ունեցող անձը կունենա աշխատանք:


-Երիտասարդների մոտ շատ մեծ է հետաքրքրությունը, հավաստագրման մեր նախորդ փուլում մինչև 450 դիմորդ ենք ունեցել, որոնց միայն 17 տոկոսը հաղթահարեց քննությունը: Թեև նրանց թիվը փոքր է, սակայն այն բավարարում է պահանջարկը: Այսինքն` թափուր կրտսեր պաշտոններ մենք քիչ ունենք, որի հետևանքով հավակնորդների բանակը երկար է սպասում իր հերթին:
Այստեղ մի անհանգստացնող հարց կա. մարզերում ունենք կրտսեր թափուր պաշտոններ, սակայն մարզերի երիտասարդները, որոնք ունեն հավաստագրեր, չեն դիմում այդ պաշտոնների համար, նրանք մայրաքաղաքում են փնտրում աշխատանք:


-Որքանո՞վ է քաղծառայողի աշխատանքը գրավիչ աշխատավարձի առումով:


-2014թ. բարձրացան աշխատավարձերը, կրտսեր պաշտոնյայի աշխատավարձը կրկնապատկվեց` 40 հազարից դառնալով 80 հազար: Բայց, բնականաբար, դա աշխատավարձի այն չափը չէ, որը կարող է գրավիչ լինել երիտասարդի համար:
Այստեղ մի շատ ցավոտ խնդիր կա: Պետական աշխատողի համար իր գործունեությունը չպետք է լինի միմիայն նյութական բարեկեցության ապահովման աղբյուր կամ այլընտրանքի բացակայության արդյունք: Մարդը պետք է գիտակցաբար իր ուսերին վերցնի քաղաքացիական ծառայողի առաքելությունը, քանի որ յուրաքանչյուր քաղծառայող իր պետությունը կառուցող մեկն է, և որքան նվիրված ու գիտելիքների ներդրման առավելագույն ցանկությամբ նա աշխատի, այնքան զարգացած և կայացած կլինի իր պետությունը: Պետական ծառայությունը պետք է լինի կոչում, սա ես ասում եմ մեծ հավատամքով և համոզմունքով: Այս գաղափարական բացը ես այսօր նկատում եմ մեր երիտասարդության շրջանում և շատ կուզենայի, որպեսզի յուրաքանչյուր քաղծառայող գիտակցի, թե ինքն ինչ կարևոր առաքելություն ունի կատարելու իր երկրի կայացման գործում:

Մարդը պետք է գիտակցաբար իր ուսերին վերցնի քաղաքացիական ծառայողի առաքելությունը, քանի որ յուրաքանչյուր քաղծառայող իր պետությունը կառուցող մեկն է, եւ որքան նվիրված ու գիտելիքների ներդրման առավելագույն ցանկությամբ նա աշխատի, այնքան զարգացած եւ կայացած կլինի իր պետությունը:

 


-Նոր օրենքի նախագիծը կլուծի՞ նշված խնդիրները:


-Պետք է, որ լուծի: Համենայն դեպս, մենք մեծ ջանասիրությամբ աշխատում ենք այդ ուղղությամբ: Եվրամիությունը «Սիգմա» ծրագիր ունի, որի փորձագետները վերջերս մեզ մոտ էին: «Սիգման» մեզ համար նաև խորհրդատու է վարձակալել, որի ներկայացուցիչները 2016թ. հունվարի 11-ին կժամանեն Հայաստան և մեզ կներկայացնեն միջազգային փորձը, խորհրդատվություն և աջակցություն կիրականացնեն: Մենք այդ փորձը կներդնենք մեր օրենքի ստեղծման աշխատանքներում, քանի որ դա բավականին բարդ գործընթաց է և պահանջում է բազմակողմանի մոտեցումներ, դիտարկումներ: Օրենքն ամբողջությամբ բարեփոխվելու է, որում առավել կենտրոնական նշանակություն են ունենալու մարդու անձնային որակները, քան, օրինակ, աշխատանքային փորձը:
Շատ ավելի որակյալ է այն մասնագետը, որն անընդհատ ինքնակատարելագործվում է, քան նա, ով ունի մեծ աշխատանքային փորձ, սակայն չի ձգտում ավելացնել իր գիտելիքները: Այսինքն` անձը կգնահատվի ըստ իր արժանիքների:
Մենք կհրաժարվենք նաև ատեստավորման գործող կարգից` փոխարինելով այն ամենօրյա աշխատանքի որակի վերահսկման ու գնահատման նոր մեխանիզմով: Ըստ կրեդիտների քանակի` կգնահատվի աշխատողի աշխատանքի արդյունավետությունը:


-Պարո՛ն Բադալյան, «Դե Ֆակտո» ամսագրի այս համարը նվիրված է Տավուշի մարզին, որքանով տեղյակ ենք, Դուք ծննդով այնտեղից եք, կպատմե՞ք Ձեր ծննդավայրի մասին:


-Շատ հաճելի հարց ուղղեցիք, քանի որ ինձ համար աշխարհում ամենասիրելի վայրը իմ հայրենի Արծվաբերդ գյուղն է, որը գտնվում է Տավուշի մարզի նախկին Շամշադինի շրջանում: Այնտեղ ծնվել, մեծացել եմ, ավարտել դպրոցը, անցկացրել մանկության և պատանեկության երջանիկ շրջանը: Շատ եմ սիրում իմ գյուղը, հետո իմ շրջանը, հետո` իմ մեծ հայրենիքը, միշտ ասում եմ, որ ինձ համար հայրենիքը սկսվում է իմ ծննդավայրից: Հաճախ եմ լինում այնտեղ, մանավանդ, որ ծնողներս այնտեղ են ապրում և միայն ձմռան ամիսներին են հյուրընկալվում մեզ: Երբ գնում եմ հայրենի գյուղ, Արշակ երկրորդի զգացողությունն եմ ունենում` հայրենի հողի վրա ինձ առավել ուժեղ ու վստահ եմ զգում:
Ցավոք, որպես սահմանամերձ շրջան` գյուղն ունի բազում հոգսեր և խնդիրներ, սակայն դա չի խանգարում, որպեսզի բնակիչները արդար քրտինքով վաստակեն իրենց հացը և պահպանեն սահմանապահի վեհ կեցվածքը: Այսօր այդ տարածաշրջանի ամենազորեղ պաշտպանները նրանք են, որ անկախ հակառակորդի կրակոցներից` չեն լքում իրենց տները և ապրում են ամենօրյա վտանգի առկայության պայմաններում, չեն ընկճվում ու պայքարում են:


-Ինչպիսի՞ տոն է Ձեզ համար Ամանորը, ինչպե՞ս եք այն նշում, Ձեր ամանորյա բարեմաղթանքը:


-Յուրաքանչյուր Ամանորի նախաշեմին, երբ սկսում եմ մտածել հաջորդ տարվա մասին, ուզում եմ հավատալ, որ լինելու է խաղաղության տարի, որ մեր սահմանների վրա ապրող մարդիկ ավելի լավ են ապրելու, նրանց երեխաներն առանց անհանգստանալու են հաճախելու մանկապարտեզ ու դպրոց: Ինչպես նաև ամեն Նոր տարի ցանկանում եմ, որ մարդիկ ավելի բարի լինեն, սիրառատ, անհոգ, որ իմ ժողովուրդը իր իմաստնության շնորհիվ դասեր քաղի անցյալից և չկրկնի սխալները և, որ ամենակարևորն է, երազում եմ, որ մեծ թվով հայեր վերադառնան Հայաստան, այլ ոչ թե լքեն նրա սահմանները:
Ամանորը նշում եմ տանը, ընտանիքիս, ծնողներիս հետ միասին: Շնորհավորում եմ ողջ հայությանը այս գեղեցիկ տոնի առթիվ և մաղթում, որ 2016թ. յուրաքանչյուր հայ մարդու ուրախություն և բերկրանք պարգևի, մեր երկիրը մեծ առաջընթաց ապրի բոլոր ոլորտներում: Միևնույնն է, մենք ավետյաց ազգ ենք, Աստված գուցե մեզ ստեղծել է, որ մենք միշտ չարչարվենք ու տանջվենք, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ և՛ չարչարվենք, և՛ ազգովի քաղենք դրա պտուղները:


Հարցազրույցը`

Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...