10:45
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

2016-01-03 10:10

Իմ թիկունքին ժողովուրդն է
 

«Դե Ֆակտո» N115 (2015թ.)

ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

-Պարո՛ն Գրիգորյան, Հայաստանում մարդիկ լարված սպասում էին սահմանադրական հանրաքվեին: Դուք ինչպե՞ս եք գնահատում այսօր արդեն ամփոփված արդյունքները:


-Ես ուրախ եմ, որ հայաստանցիների մեծամասնությունը պաշտպանեց սահմանադրական բարեփոխումներն անցկացնելու նախաձեռնությունը: Ուրախ եմ նաև, որ Գյումրիում նույնպես, չնայած սոցիալական ծանր պայմաններին, պետականամետ մտածողությունը, իրերի դրությունը սթափ գնահատելու հակվածությունը գերակշռող են դառնում:

-Ի՞նչը կկարևորեք Ձեր ղեկավարած ՀՀ Աժ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքում:


-Լինելով օրենսդիրի կենսականորեն կարևոր օղակներից մեկը` մենք վերջին տարիներին ակամայից ստանձնել ենք արագ արձագանքման ստորաբաժանման գործառույթներ: Բնության անակնկալները՝ կարկտահարություններ, ցրտահարություններ և այլն, չեն թողնում միայն օրենսդրական աշխատանքով զբաղվել: Եվ հետո՝ հողօգտագործողների կրած վնասների հատուցման ելքերի որոնումներ, այցելություններ տուժած համայնքներ, սակավաջրության դեպքում՝ Սևանից ջրառի ծավալների ուսումնասիրություն և այլն:


-Վերջերս Չեխիայում էիք, որքանո՞վ էին արդյունավետ շփումները չեխ գործընկերների հետ:


-Ունեցանք բազմաթիվ պաշտոնական հանդիպումներ գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտների պատասխանատուների և Չեխիայի խորհրդարանի ղեկավարության հետ: Ես պատգամավորների պալատի նախագահի կողմից պարգևատրվեցի այդ ատյանի հուշամեդալով: Ընդհանրապես, ջերմ ու բարեկամական մթնոլորտն էր գերիշխում:
Մեր խնդիրն էր մեր չեխ գործընկերներին տեղեկացնել Հայաստանից գյուղմթերքների արտահանման հնարավորությունների և նոր շուկաների մասին: Մենք փոխանակեցինք կաթի մշակման, պտղաբուծության և այլ բնագավառներում կուտակած փորձը:


Ընտրողներիս հետ մեծ հանդիպումներ ունենում եմ տարեկան մեկ-երկու անգամ, որոնց ընթացքում հաշվետու եմ լինում նրանց: Ամռանը կայացած հանդիպման ժամանակ պարգեւատրվեցի Նանսենի հիմնադրամի ոսկե մեդալով եւ ԱՄՆ ՄԶԳ ԱԺ աջակցության ծրագրի շնորհակալագրով:


-Պարո՛ն Գրիգորյան, վերջերս Դուք և Ձեր համախոհները Գյումրիում հիմնել եք «Հանուն Գյումրու և գյումրեցիների» զարգացման հասարակական կազմակերպությունը: Ի՞նչ խնդիրներ է իր առջև դրել նորաստեղծ ՀԿ-ն:


-Կազմակերպությունն ունի մեկ առաքելություն՝ Գյումրիում կենսամիջավայրի առողջացում, մարդավայել ապրելու և արարելու պայմանների ստեղծում: Բազմաթիվ առաջնահերթությունների մեջ, այնուամենայնիվ, նախապատվությունը տվել ենք փողոցաշինությանը, դատարկվող Գյումրիում այս խնդիրը շատ մեծ կարևորություն է ստացել: Այդ նպատակով հանդիպել եմ Հանրապետության նախագահի հետ, առաջարկել երկրորդական փողոցները բարեկարգել քարապատման եղանակով, ստացել եմ նախագահի հավանությունը: Մադոյան փողոցը գրեթե քարապատված է, տրված է արդեն երկրորդ՝ Մատնիշյան փողոցի մեկնարկը:


-Դուք թիվ 34 ընտրատարածքի պատգամավորն եք, հանդիպո՞ւմ եք արդյոք ընտրողների հետ և հաջողվե՞լ է արդյոք լուծում տալ նրանց բարձրացրած խնդիրներին:


-Փողոցաշինությունը հանդիպումների ընթացքում ամենաշատը բարձրացվող հարցերից մեկն է, որը, ինչպես ասացի, լուծում է ստանում: Մեր տարբերակը կարող է կիրառելի լինել հանրապետության բոլոր տարածքների համար: Մեծ հանդիպումներ ունենում եմ տարեկան մեկ-երկու անգամ, որոնց ընթացքում տեսանյութերով, բանավոր ելույթով և հարցուպատասխանի միջոցով հաշվետու եմ լինում իմ ընտրողներին:
Աշխատանքային վերջին կիսամյակը ընտրողներիս հետ ամփոփեցի օրերս, Արցախ թաղամասում, ամռանը մի քանի հարյուր ընտրողների հետ հանդիպումը կայացավ Գյումրու Հայորդաց տան մեծ դահլիճում առաջին կիսամյակն ամփոփելու համար:
Սակայն հանդիպումներս ընտրողների հետ այս ձևաչափով չեն սահմանափակվում, ունենում եմ բազմաթիվ հանդիպումներ ընտրատարածքի թաղերում և իմ գրասենյակում:


-Պարո՛ն Գրիգորյան, հունվարյան դեպքերին հաջորդած օրերին Ձեզ հաջողվեց այն, ինչ չէր հաջողվել որևէ մեկին ոչ միայն Գյումրիում: Դուք կանխեցիք շատ ավելի մեծ ողբերգություն, թույլ չտվեցիք բախում ափերից դուրս եկած բնակիչների և ոստիկանության միջև: Բավարարվա՞ծ եք նախաքննության ընթացքով:

-Շնորհակալ եմ գնահատականի համար: Շատ փորձությունների միջով եմ անցել, բայց հունվարի 15-ն առանձնանում է պատասխանատվության չափով: Սկզբում մեն-մենակ էի, հետո կողքիս կանգնեցին ընկերներս, թիմակիցներս, հարազատներս, ովքեր համացանցում տեսել էին ինձ ու հանկարծակիի եկել: Հաջողվեց, խուսափեցինք արյունահեղությունից և մարդկային կորուստներից, խաղաղվեցինք, ու երախտապարտ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր հարգեցին ինձ, խոսքս, ջանքերս: Իսկ նախաքննության հետ կապված ոչինչ ասել չեմ կարող, բավարարված եմ լոկ այն հանգամանքով, որ գործը քննելու է Գյումրու դատարանը և, հուսով եմ, արժանի պատիժ է հասցնելու ոճրագործին:


Հարցազրույցը`

Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...