2016-02-13 14:00
Հայ կինն իր կատարելությունն ապացուցում է յուրաքանչյուր օր յուրաքանչյուր ոլորտում` նա ե՛ւ լավ մայր, ե՛ւ լավ կին, ե՛ւ հաջողակ գործարար է
«Դե Ֆակտո» N115 (2015թ.)
Զարմանալի է կին արարածն իր բազմաբովանդակ էությամբ ու անկոտրում կամքով, պայքարի հավերժական ոգով ու հուզական բազմերանգ գունապնակով: Նրա թուլությունն անգամ այնքան զորեղ է, որ ունակ է վերածվելու գերագույն ուժի իր զավակների, ընտանիքի ու հայրենիքի համար պայքարում:
Երևան քաղաքի ավագանու անդամ, Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ Փոքր ՀԷԿ-երի Միության նախագահ Նաիրա Նահապետյանին հաջողվում է ղեկավարի, առաջնորդի դերում լինել իր բոլոր գործունեություններում` մշտապես մնալով կին, մայր և հայրենիքի արժանի զավակ:
-Տիկի՛ն Նահապետյան, «Դե Ֆակտո» ամսագիրը, բարձր գնահատելով Ձեր գործունեությունը, Ձեզ ճանաչել է «Տարվա կին քաղաքական գործիչ», ինչի առիթով շնորհավորում ենք Ձեզ: 2015թ. մոտենում է ավարտին, ինչպե՞ս կգնահատեք արդեն անցնող տարին:
-Շնորհակալ եմ բարձր գնահատականի համար, այն ոգևորում է և մղում առավել արդյունավետ աշխատանքի:
2015թ. բավականին բարդ տարի էր, լի դժվարություններով, որոնք փորձեցինք հաջողությամբ հաղթահարել: Մասնավորապես` Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարի ընթացքում Հայաստանը երկար ժամանակ գտնվում էր միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, ստեղծվել էր բավականին լարված իրավիճակ, որից դուրս գալու համար կառավարությունը փորձեց անել ամեն ինչ, որպեսզի հնարավոր թանկացումը նվազագույնս ազդի սպառողի վրա: Վերջերս տված հարցազրույցներում բազմիցս նշել եմ, որ հարցին պետք է մասնագիտական մոտեցում ցուցաբերել և մշակել էնէրգոհամակարգի առողջացման ճիշտ ռազմավարություն: Իհարկե էներգետիկ համակարգի ճգնաժամային վիճակում հայտնվելու պատճառներից մեկը նաև վերջին տարիների սակավաջրությունն է, ինչը հանգեցրեց էլեկտրաէներգիայի արտադրանքի ծավալի պակասի: Սակայն բոլորս էլ գիտակցում ենք, որ ոլորտը ռազմավարական նշանակություն ունի և վստահ եմ, որ ՀՀ էներգոհամակարգը կարճ ժամանակահատվածում կընթանա զարգացման բնականոն հունով: Հուսամ` 2016թ.-ին կկարողանանք հաղթահարել ոլորտի առաջ ծառացած խնդիրը:
-Ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնեք Երևանի քաղաքապետարանի աշխատանքների հետ կապված:
-Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այս տարի Երևանի քաղաքապետարանի ձեռքբերումները բավականին շատ էին և նշանակալի: Մեզ հաջողվեց տարվա վերջին ավատել բոլոր 4-րդ կարգի վթարային շենքերի վերաբնակեցման գործընթացը և բնակարաններով ապահովել բազում ընտանիքների: Պետք է շեշտեմ, որ այս ծրագիրը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական ծրագրերից էր, ինչը նա պատվով իրականություն դարձրեց:
2015-ին նաև իրականացվել են մեծ ծավալի բակային բարեկարգման, ճանապարհաշինական աշխատանքներ: Երևան քաղաքի ճանապարհների 70-80 տոկոսն այսօր վերանորոգված է:
Աշխատանքներ են իրականացվել նաև ոռոգման ջրի համակարգում: Այս տարի նաև հանձնվեցին շահագործման նոր կանաչ հանգստյան գոտիներ և վերաբացվեցին արդեն բարեկարգված այգիներ և պուրակներ, որոնք զարդարում են մեր մայրաքաղաքը: Ուզում եմ անպայման նշել , որ արդեն մի քանի տարի շարունակական բնույթ կրող ծառատունկերը արդեն տեսանելի են և մեր քաղաքի կանաչապատ տարածքները զգալիորեն ավելացել են:
Ինձ համար շատ կարևոր է վերջին տարիներին երևանցիների գնահատականը քաղաքային իշխանության կատարած աշխատանքներին, նրանց հոգատար վերաբերմունքը քաղաքի մաքրության ու բարեկարգման նկատմամբ: Երևանը նկատելիորեն գեղեցկացել է:
Երկրի կառավարման պառլամենտական մոդելը՝ ժամանակակից աշխարհում կառավարման ամենաարդյունավետ ձեւն է:
2015թ.-ի նշանակալի իրադարձություն էր Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի բացումը: Երկար սպասված այս կառույցը կնպաստի հազարավոր երեխաների ինքնաարտահայտմանն ու կոփմանը, նաև հայ մարզիկների առաջիկա նվաճումներին: 2015թ-ին բացվեցին նաև նոր կինոթատրոններ, զվարճանքի կենտրոններ:
-2015թ. կարևոր իրադարձություններից էր ՀՀ սահմանադրության հանրաքվեն: Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ անցումը կառավարման նոր համակարգի:
-Ես ուրախ եմ, որ ՀՀԿ-ն հանդես եկավ նման նախաձեռնությամբ, որը մեր երկիրը կտանի կայուն զարգացման ուղով: Նոր սահմանադրության ընդունումը մեր պետությունն ավելի դեմոկրատ դարձնելու կարևոր նախապայման է: Երկրի կառավարման պառլամենտական մոդելը, որը ենթադրում է հարցերի լուծման վերաբերյալ կոլեգիալ որոշման ընդունում, ժամանակակից աշխարհում կառավարման ամենաարդյունավետ ձևն է:
Մեր երկրի զարգացման կարևոր նախապայման է արտադրության, արդյունաբերության զարգացումը, ինչպես նաև արտահանման ծավալների մեծացումը և աշխարհագրության ընդլայնումը, որոնց ուղղված լուրջ քայլեր պետք է իրականացնել: Ողջունելի է, որ գյուղատնտեսության ոլորտում որոշակի զարգացում արդեն նկատելի է:
-Դուք նաև ՀՀԿ Գործարար կանանց աջակցման հանձնախմբի ղեկավարն եք, ինչպիսի՞ն է կանանց ներգրավվածությունը ՀՀ գործարար կյանքում, արդյո՞ք նրանց հաջողվում է հասնել տղամարդկանցից ոչ պակաս հաջողությունների:- Տոկոսային քանակությամբ նկատելիորեն ավելացել է կանանց ներգրավվածությունը գործարար դաշտում, ինչը շատ ուրախալի և ողջունելի է: Այսօր կանայք մեծ ներդրում ունեն մեր երկրի տնտեսության զարգացման գործում: Հայ կինն իր կատարելությունն ապացուցում է յուրաքանչյուր օր` յուրաքանչյուր ոլորտում` նա կարող է լինել և՛ լավ մայր, և՛ լավ կին, և՛ հաջողակ գործարար:
-Տիկի՛ն Նահապետյան, հետաքրքիր է, ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում կյանքում:
-Ինձ համար ամենակարևորը մարդկությանը պիտանի լինելն է:
-Դուք ուժեղ, հավասարակշռված, պատասխանատու կնոջ կերպար ունեք, որը շատերը ցանկանում են նմանակել: Հետաքրքիր է, ունենո՞ւմ եք թուլության պահեր, երբեք չե՞ք հանձնվում կյանքում:
-Թուլությունը` նույնիսկ ամենաուժեղ կնոջը բնորոշ հատկանիշ է, սակայն երբեք չի կարելի հանձնվել, պետք է շատ արագ սթափվել, ընթանալ առաջ ` հաղթահարելով դժվարությունները:
Ես փորձում եմ ցույց չտալ իմ թուլությունը, քանզի իմ շրջապատի և գործնկերներիս համար իրավունք չունեմ թույլ լինել:
-Ո՞րն է Ձեր ներշնչանքի աղբյուրը:
-Իմ ընտանիքը, երեխաներս, որոնք իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումներն են:
Իմ ներշնչանքի աղբյուրն իմ ընտանիքն է, երեխաներս, ովքեր իմ ամենամեծ ձեռքբերումներն են կյանքում:
-Մոտենում է Ամանորը, և յուրաքանչյուրս թաքուն երազում ենք հաջորդ տարվա մեր կողմից ակնկալվող հրաշքի մասին: Ինչպե՞ս եք պատրաստվում ամանորյա տոներին, ի՞նչ եք խնդրում Աստծուց ամեն տարի, երբ զանգերն ազդարարում են Նոր տարվա գալուստը:
-Մինչև Նոր տարվա գալուստը, փորձում եմ ամփոփել անցնող տարին, արձանագրել` ինչ հասցրեցի անել, ինչը ոչ և նախանշել հաջորդ տարվա անելիքներս:
Ամանորն ընտանեկան գեղեցիկ տոն է, որը նշում եմ ընտանիքիս հետ` ջերմ ու խաղաղ մթնոլորտում: Ամեն տարի Ամանորին Աստծուց խնդրում եմ խաղաղություն հայրենիքիս, առողջություն և արարելու մեծ պոտենցիալ հայ ժողովրդին:
Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի
Վերադառնալ