01:20
11/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
2013-ը Արմավիրի մարզի համար լինելու է նախորդ տարվա ձեռնարկումների շարունակության և վստահ առաջընթացի տարի

2013-01-09 17:21

 

Մարզպետ լինելը, պաշտոնից ու իշխանությունից զատ, պարտավորություն է, ծառայություն սեփական մարզի բնակիչներին։

 

- Պարո´ն մարզպետ, շնորհավորում ենք Ձեզ «Տարվա պաշտոնյա» կոչմանն արժանանալու համար։ Ի՞նչ կասեք այս մասին։

-Ուրախ եմ և շնորհակալ այս կոչման համար։ Սակայն ես աշխատում եմ ոչ թե կոչումների ու գովասանքի արժանանալու համար, այլ առաջնորդվելով ինքնս իմ և մարզի բնակիչների առջև ունեցած խորին պատասխանատվության զգացումով: Մարզպետ լինելը, պաշտոնից ու իշխանությունից զատ, պարտավորություն է, ծառայություն սեփական մարզի բնակիչներին։ Ես ուժերիս ներածին չափով անում եմ հնարավոր ամենը այդ գործը լավագույնս կատարելու համար։

-Պարո´ն Ղահրամանյան, Ձեր գնահատմամբ, ինչպիսի´ն էր 2012-ը Արմավիրի մարզի համար որպես գյուղատնտեսական տարի։

-2012 թվականը Արմավիրի համար կարելի է համարել առաջխաղացման և ձեռքբերումների տարի։ Չնայած տարին սկսվեց մեզ համար ոչ բարենպաստ պայմաններում, բավականին լուրջ խնդիրներ ունեցանք և´ տարեսկզբին, և´ տարվա կեսերին` կապված ոռոգման ջրի հետ (քանի որ տարին սակավաջուր տարի էր), սակայն այդպիսի սուղ պայմաններում անգամ կարողացանք մեր գյուղացիներին և հողագործներին լիակատար ապահովել անհրաժեշտ ջրամատակարարում։ Արդյունքում, բացի հացահատիկի արտադրությունից, մնացած բոլոր մշակաբույսերի արտադրության գծով 8-25 տոկոս աճ է գրանցվել այս տարի։ ՀՀ նախագահի հանձնարարությամբ Արմավիրի մարզում տեղի ունեցավ վերամշակողների և արտադրողների համատեղ խորհրդակցություն, որտեղ մենք կարողացանք համաձայնության  գալ վերամշակող ձեռնարկությունների սեփականատերերի հետ և նրանք տեխնիկական սորտի խաղողի ողջ բերքը ընդունեցին, նախորդ տարվա համեմատ մոտ 10.000 տոննայից ավել խաղող ընդունվեց։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ տարեցտարի ավելանում է այգեգործությամբ զբաղվողների թիվը և համապատասխանաբար նաև մշակելի տարածքները, քանի որ արմավիրցին արդեն վստահ է, որ ի զորու է լինելու իրացնել ստացված բերքը։ Մեզ մոտ ավելանում են նաև խոտի աճեցման ծավալները, իսկ սա խոսում է այն մասին, որ մեծանում է պահանջարկը, քանի որ զարգանում է անասնապահությունը։ Բացի խոզերի բուծումից, անասնաբուծական մյուս ճյուղերում մեր մարզն առաջընթաց ունի, հետևաբար նաև ավելանում են կաթի, մսի և  ձվի արտադրության ծավալները։ Այս տարվա մեկ այլ կարևոր ձեռքբերում եմ համարում պետական ֆինանսավորմամբ և ՎիվաՍել ՄՏՍ-ի համատեղ ջանքերով մարզում կառուցված ևս 25 հակակարկտային կայանները։ Արդյունքում` մենք այսօր ունենք շուրջ 100 հակակարկտային կայան, ինչի արդյունքում էապես նվազել են կարկտից և հորդառատ անձրևներից ու սելավից տուժող տարածքները։ Սակայն դեռևս կան տարածքներ, որտեղ չունենք հակակարկտային կայաններ` մոտ 750հա, սակայն հուսով եմ, որ մոտ ապագայում այս հարցն էլ կլուծվի։ Եթե դուք տեսնեք, թե ինչպես է գյուղացին առավոտից մինչ ուշ գիշեր հողի հետ կռիվ տալիս, պայքարում բնության տարերքների դեմ, կհասկանաք նրա աշխատանքի ծանրությունն  ու բերքի գինը։ Ես իմ ամենօրյա աշխատանքով փորձում եմ աջակից լինել գյուղացու խնդիրներին, թեթևացնել նրա հոգսը։ ՀՀ նախագահի կոչը` դեմքով շրջվել դեպի գյուղատնտեսությունը, դեպի գյուղացին, արդեն տալիս է իր առաջին պտուղները։

-Խոսեցինք վերամշակող ընկերությունների մասին։ Կխնդրեի առանձնացնել այս տարի կառուցված նոր վերամշակող ձեռնարկության  մասին։

-Այո՛, «Նոյան» հյութերի գործարանի սեփականատիրոջ նախաձեռնությամբ 2012-ի հունվարին սկսվեցին շինարարական աշխատանքները, և սեպտեմբերի 1-ին ՀՀ նախագահի մասնակցությամբ տեղի ունեցավ գործարանի հանդիսավոր բացումը։ Գործարանն իր հզորությամբ ի զորու է տարեկան 30-35.000 տոննա մթերք ընդունելու և վերամշակելու։ Վերամշակողները սերտորեն համագործակցում են գյուղացիների հետ, որպեսզի հասկանան,  բերքի որ տեսակն է առավել արդյունավետ աճեցնել, մթերելու և վերամշակելու տեսանկյունից։

-Կխնդրեի անդրադառնալ նաև մարզում իրականացված մյուս ծրագրերին ևս։

-2012-ի ընթացքում բավականին լուրջ աշխատանքներ են իրականացվել դպրոցաշինության ոլորտում։ 30-ից ավելի դպրոցներ ընդգրկված էին դպրոցաշինության պետական ծրագրում, շինարարական աշխատանքներն  իրականացվել են շատ բարձր որակով`  պահանջվող բոլոր չափանիշերին համապատասխան։ Շատ կարևոր խնդիր եմ համարում դպրոցները ջեռուցմամբ ապահովելու  հարցը։ Արդեն շուրջ 6 տարի է, ինչ Արմավիրի մարզպետն եմ, և այս տարիների ընթացքում վերանորոգվել է 70-ից ավել դպրոց, մարզի 113 դպրոցից ընդամենը 36-ում առայժմ չկա լոկալ ջեռուցում, սակայն առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում այս դպրոցներն էլ կապահովվեն ջեռուցմամբ։ Արմավիր, Մեծամոր և Էջմիածին քաղաքներում 3-ական բազմաբնակարան շենքերի տանիքներ են վերանորոգվել, վերանորոգվել է  2 մանկապարտեզ, մասամբ կատարվել է Հայթայ գյուղի ջրամատակարարման գծերի վերանորոգման աշխատանքները, Երասխահուն գյուղի խմելու ջրի ամբողջ ներքին ցանցը վերանորոգվել է։ Շուրջ 150մլն դրամ ծախսվել է մարզի գազաֆիկացման ծրագրերի իրականացման համար, այն բնակավայրերում, որտեղ նույնիսկ ԽՍՀՄ ժամանակաշրջանում գազաֆիկացում չի եղել, այսօր արդեն այդ տարածքների գազաֆիկացմամբ ենք զբաղվում, հայտնի Ֆերիկ գյուղը, որի բնակչության գերակշռող մասը եզդիներ են, արդեն գազաֆիկացվել է, Արմավիրի 107 և 108 թաղամասերում դեռևս շարունակվում են աշխատանքները։ Մոտ ապագայում նախատեսում ենք գազ հասցնել Ջանֆիդա գյուղի այն հատվածին, որտեղ դեռևս գազ չի հասնում։ Ամփոփելով ասեմ, որ նախորդ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ շուրջ 15 միլիարդ դրամի ներդրում է կատարվել։

-Գյուղատնտեսությունից և արտադրությունից անցնենք մարզի մշակութային և սպորտային կյանքին։

-Տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել թե´ սպորտի, թե´ մշակույթի ասպարեզում։ Ավանդույթի համաձայն` այս տարի ևս գարնանային և աշնանային զորակոչի մեկնարկը տրվեց Սարդարապատ հերոսական հուշահամալիրից, որտեղից մեր նորակոչիկներին ճանապարհում ենք հայոց բանակ, ոգևորում և ոգեշնչում նրանց։ 2012 թվականի աշնանային առաջին զորակոչի ավանդական դարձած  միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Դա հայրենասիրական դաս է և´ զորակոչիկների, և´ ներկաների համար։ Մեր զինվորներին նաև տրամադրում ենք առաջին անհրաժեշտության պարագաներ, որոնք կարող են պետք գալ նրանց։ Ինչ վերաբերում է մշակութային կյանքին, ապա այն ևս շատ աշխույժ է Արմավիրի մարզում։ Մարզի տարբեր համայնքներում կազմակերպվել են փառատոներ, թատերական ներկայացումներ, երաժշտական միջոցառումներ, սպորտային միջոցառումներ։ Դպրոցներում և դպրոցներին կից գործում են ինքնագործ խմբակներ, երեխաները զբաղվում են տարբեր սպորտաձևերով, ունենք նաև արմավիրցի Եվրոպայի փոխչեմպիոն, միջազգային մրցաշարերի մասնակիցներ։ ՀՀ կառավարության կողմից հատկացված 238 միլիոն դրամով հիմնանորոգվեց Արմավիրի պահածոների գործարանի վարչական շենքը, որը սեփականատերը նվիրաբերել էր մարզպետարանին  այն բնակելի շենքի վերածելու նպատակով։ Այսօր արդեն նախկին գործարանի վարչական շենքը վերածվել է նորմալ կենցաղային պայմաններ ունեցող բնակելի շենքի, ուր կտեղափոխվեն 49 ընտանիքներ 2 վթարային շենքերից։ Սա այդ բնակիչների համար կլինի Ամանորի լավագույն նվերը։

- Պարո´ն Ղահրամանյան,  Ձեր կանխատեսմամբ ինչպիսի´ն է լինելու 2013-ը Արմավիրի մարզի համար։

-Նախորդ տարիների փորձից ելնելով` կարող եմ ասել, որ այս տարի նախորդ տարվա համեմատ, եթե ոչ ավել, ապա շուրջ 1000-1200հա ցանքատարածություն կավելանա, հետևաբար կբարձրանա նաև բերքատվությունը, կավելանա գյուղատնտեսության մեջ զբաղվածության կշիռը, սա խոսում է այն մասին, որ մարդիկ գյուղատնտեսության հետ հույս են կապում, սա շատ ուրախալի է, քանի որ գյուղացին մնում է իր տանը, նվազում է արտագաղթի վտանգը։ Իսկ մարզպետարանն իր հերթին ձեռնարկում է ամեն ինչ` սկսած ոռոգման ջրի մատակարարման խնդիրների լուծումից, գյուղտեխնիկայի արդիականացումից և ներկրումից մինչև  բերքի իրացման աջակցությունը։ Մոտ 100 նոր տրակտորներ ներկրելու կապակցությամբ արդեն մի քանի պայմանավորվածություններ ունենք Սլովակիա և Թավրիզ կատարած գործուղումների արդյունքում։ Սլովակիայի հետ կա համաձայնություն 6.5 տարվա վարկային գծի տրամադրման արդյունքում 100-120 տրակտորներ ներկրելու համար։ Սա էապես կթեթևացնի գյուղացու և´ հոգսը, և´ ծախսերը։ Նախնական պայմանավորվածություններ ունենք ևս 2-3 վերամշակող գործարաններ հիմնելու ուղղությամբ, հուսամ  2013-ին այդ նախաձեռնությունները նույնպես կյանքի կկոչվեն` էապես բարելավելով մարզի ազգաբնակչության կյանքի որակը։ Մի խոսքով խնդիրներ շատ կան, աշխատում ենք, ամենօրյա աշխատանքով փորձում ենք լուծել մարզպետարանի առջև դրված բոլոր խնդիրները։ 

-Եվ վերջում, Ձեր ամանորյա բարեմաղթանքը։

-Կցանկանայի, որ 2013-ը և հետագա բոլոր տարիները լինեն խաղաղության ու ձեռքբերումների տարիներ։ Ես սա մաղթում եմ ոչ միայն հայ ժողովրդին, այլև ողջ մոլորակի մարդկությանը, քանի որ  խաղաղությունն է բնականոն զարգացման և առաջընթացի գրավականը։

 

Հարցազրույցը վարեց Թեհմինա Արզումանյանը

«Դե Ֆակտո» N79 (2012թ.)

Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...