18:56
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ

2013-01-09 15:59

Ստամբուլում բարձրացնել հայոց եռագույնը, հնչեցնել հայոց օրհներգը հազվագյուտ մարդկանց է հաջողվում

Ավարտվում է 2012 թվականը, ինչպես և ամեն տարի, եկել է տարին ամփոփելու ժամանակը: Տարին հագեցած էր հասարակական, քաղաքական, սպորտային ու մշակութային բազում իրադարձություններով: «Դե Ֆակտո» հասարակական-քաղաքական ամսագիրն այս տարի ևս «Տարվա մարդ» կոչմանն արժանացրեց հայկական սպորտի հպարտություններից մեկին` Լևոն Արոնյանին: Հիշեցնեմ, որ նախորդ տարի այդ կոչմանն արժանացավ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, իսկ մինչ այդ հինգ տարի շարունակ կոչումը տրվում էր քաղաքական դաշտի կարկառուն ներկայացուցիչներին: Ինչու Լևոն Արոնյան: Մրցանակը հանձնելուց  այն պարզաբանեց ամսագրի գլխավոր խմբագիր Մենու Հարությունյանը. ՙԻ սկզբանե մենք մտածում էինք, որ այս մրցանակը սիմվոլիկ բնույթ է ունենալու, սակայն երբ տարին ամփոփում ես ու ընտրում այդ մրցանակին արժանի անհատին, հասկանում ես, որ դա իրոք արժանի գնահատական է հզոր հայի ազգանվեր գործին: Այս տարի այս մրցանակն անվիճելիորեն քոնն է Լևոն... Ստամբուլում բարձրացնել հայոց եռագույնը, հնչեցնել հայոց օրհներգը հազվագյուտ մարդկանց է հաջողվում: Ես հպարտ եմ, որ ունեմ քեզ պես սերնդակից և մեծ ուրախությամբ հանձնում եմ քեզ այս մրցանակը՚:

Այս տարի սա միակ անակնկալը չէր Արոնյանի համար: Նույն օրերին լույս տեսավ նաև գիրք «Լևոն Արոնյան» վերնագրով, որի հեղինակը Սեդա Ավագյանն է`   տաղանդավոր գրոսմայստերի նույնքան տաղանդավոր մայրը, ով մասնագիտությամբ ինժեներ է, սակայն որոշել է որդու 30-ամյակին որպես թանկարժեք նվեր, գրքի տեսքով ներկայացնել նրա անցած ուղին, տպավորիչ հաղթանակները, հիշարժան պահերն ու փաստագրական տվյալները:

Ստամբուլ 2012, 40-րդ շախմատային օլիմպիադա:

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը երրորդ անգամ վեց տարվա ընթացում հռչակվեց համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն: Շախմատի մեր հավաքականից միշտ էլ մեծ ակնկալիքներ ենք ունենում, և այս անգամ էլ արդարացան մեր սպասումները: Այս կարևորագույն հաղթանակը ապահովեցին Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը և, իհարկե, գլխավոր մարզիչ, աշխարհի լավագույն մարզիչ Արշակ Պետրոսյանը: Մրցաշարն անցավ բավականի լարված: Երբ Հայաստանի հավաքականը պարտվեց Չինաստանին, շատերին թվաց, որ մերոնց  այլևս չի հաջողվի նվաճել ոսկին: Բայց հայ շախմատիստների թիմային ոգին ու կամային հատկությունները մեկ անգամ ևս հիացրին բոլորին: Վերջին տուրում  Սերգեյ Մովսիսյանի հաղթանակը հունգարացի շախմատիստ Զոլթան Ալմաշիի նկատմամբ, ապահովեց մեր հավաքականի հաղթանակը օլիմպիադայում: Փառք ու պատիվ մեր հերոսներին, բոլորն էլ արժանի են գովեստի, սակայն Լևոն Արոնյանի գործոնը միանշանակ էական դերակատարում ունեցավ, և շախմատի արքան իր գործը կատարեց ամենաբարձր մակարդակով: ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի երկրորդ շախմատիստ առաջին խաղատախտակի վրա տասը հնարավորից վաստակեց յոթ միավոր ու արժանացավ անհատական ոսկե մեդալի: 2012-ին Արոնյանը նաև հաղթեց Միխայիլ Տալի հուշամրցաշարում և Վեյկ Այ Զեեի գերմրցաշարում:

Լևոն Արոնյանի հետ զրուցեցինք նաև մրցանակի հանձնումից հետո: Նա սիրով համաձայնեց պատասխանել մեր հարցերին և լուսանկարվել ամսագրի համար «La Galleria» խանութ-սրահում:

Այս` բառիս ամենավեհ իմաստով ՄԱՐԴԸ խաղաղ էր ու համեստ, ինչպես միշտ:

-Լևո´ն, շնորհավորում եմ քեզ մրցանակի առթիվ և մաղթում պարզապես շարունակել բռնածդ հաղթական ճանապարհը:

-Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Ինձ համար շատ անսովոր էր նման մրցանակ ստանալը, քանի որ միշտ ստանում ենք մեդալներ կամ մրցանակներ այս կամ այն մրցաշարում հաղթելու առիթով, սակայն պետք է ասեմ, որ նույնչափ հաճելի էր, ուրախալի և իհարկե պարտավորեցնող: Պետք է աշխատեմ արդարացնել այս մրցանակս:

-Կխնդրեի նաև անդրադառնալ քո մյուս մեծ նվերին` ՙԼևոն Արոնյան՚ գրքին, որը հեղինակել է մայրդ:

- Մայրս այս գրքում գրել է իմ մասին, իմ անցած ուղու, իմ հաղթանակների մասին: Սկսել է գրել 1 տարի առաջ: Սկսել է այն տարիքից, երբ ես սկսեցի շախմատ խաղալ: Իսկ շախմատ խաղացել եմ 9 տարեկանից: Գիրքն ինձ անչափ շատ է դուր գալիս, հատկապես` այն հատվածը, որը նկարագրում է 90-ականների դժվարին տարիները: Մայրս միշտ էլ մեծ ազդեցություն է ունեցել իմ կյանքում: Ես անչափ շնորհակալ եմ նրան կատարած աշխատանքի համար: Այս գրքում կան շատ հատվածներ, որտեղ մայրս գրել է այնպիսի մանրամասներ իմ մանկությունից, որոնք նույնիսկ չեմ հիշում: Հետևել եմ գրքի ստեղծման աշխատանքներին: Ընթերցել եմ, և եթե փաստային վրիպումներ են եղել, փորձել եմ դրանց վրա աշխատել, թեև մայրիկս ինձնից լավ է հիշում իմ մասին ամեն ինչ: (ժպտում է)

Ինձ շախմատ խաղալ սովորեցրել է քույրս

-Ինչպես ինքդ ասացիր, շախմատ սկսել ես խաղալ 9 տարեկանից և խաղալ սովորել ես քրոջիցդ: Այսօր դու աշխարհի լավագույն շախմատիստն ես, իսկ առաջին ՙուսուցի՞չդ՚…

-Այո´, առաջինն ինձ շախմատ խաղալ սովորեցրել է քույրս: Գիտեք, նա շատ տաղանդավոր է, գուցե ինձանից ավելի, մանկուց շատ հետաքրքրություններ ուներ, պրպտող էր, սակայն նա շախմատիստ չդարձավ, չգտավ այդ սերը, իսկ ես, ինչպես տեսնում եք…դարձա, քանի որ ինձ գտա շախմատում և միայն շախմատում: Այսօր քույրս մեծացնում է իր բալիկներին, օգնում է ինձ գործերիս կազմակերպչական հարցերով: Շնորհակալ եմ նրան, որ ծանոթացրեց ինձ շախմատ կոչվող հրաշքին:

-Կյանքու՞մ էլ ես շախմատ խաղում:

-Բնական է, որ մասնագիտությունդ, զբաղմունքդ տարիների հետ դառնում է էությանդ մի մասը և փոխանցվում է առօրյա կյանք: Ե´վ խաղում, և´ կյանքում շատ էմոցիոնալ եմ, բայց միշտ փորձում եմ զսպել էմոցիաներս, ինչպես ասում են, սառեցնել գլուխս, և ավելի հավասարակշիռ լինել:

-Հաճախ ես արտասահմանում լինում: Ի՞նչն ես ամենից շատ կարոտում:

-Կարոտում եմ ամեն ինչ: Անհամբեր սպասում եմ հայրենիք վերադառնալուս ու հանգստանում եմ, երբ քաղաքս եմ տեսնում: Աշխատում եմ ավելի շատ հաղորդակցվել հայկական ամեն ինչի հետ, լսել հայ դասականներին, ոտքով քայլել քաղաքում:

-Ամենակարևոր և անմոռանալի հաղթանակը քեզ համար:

-Առաջին հաղթանակը ամենահիշվողն է ու ամենաքաղցրը. նախ` այն պատճառով, որ առաջինն էր, ապա այն պատճառով, որ 90-ականներն էին, երբ մարդիկ, այդ թվում և մենք, երբեմն նույնիսկ չէինք կարողանում նորմալ սնվել, ուր մնաց թե մրցաշարի մեկնելու գումար ունենայինք: Մայրս մեծ դժվարությամբ, տարբեր դռներ ծեծելով, կարողացավ հովանավորներ գտնել, և ինձ ի վերջո հաջողվեց մեկնել մրցաշարի: Անմոռանալի զգացում էր, աննկարագրելի քաղցր: Դրանից հետո արդեն կամաց-կամաց ընտանիքիս վիճակն էլ սկսեց բարելավվել:

-Լևոն Արոնյանի սիրելի ուտեստը:

-Սիրում եմ մորս պատրաստած ուտեստները: Մայրս արմատներով Նոյեմբերյանից է և պատրաստում է այդ կողմերի խոհանոցին  բնորոշ ուտեստներ: Սիրում եմ իմ ձեռքով քաղել պտուղները և պատրաստել որևէ համեղ բան:

-Նորաձևությանը հետևո՞ւմ ես:

- Կարելի է ասել` հետևում եմ: Սակայն ավելի նախընտրում եմ հարմարավետությունը: Երբեմն նույնիսկ քրոջս կամ ընկերուհուս հետ գնում եմ խանութներ գնումների: Սակայն ասեմ, որ երկար չեմ դիմանում (ծիծաղում է):

-Երբ լրագրողներից մեկը հարցրեց Արիաննե Կաոլին, թե արդյոք հե՞շտ է լինել աշխարհի ամենախելացի մարդկանցից մեկի սիրելի կինը, կյանքի ուղեկիցը, նա պատասխանեց. ՙԴա շատ հետաքրքիր է: Նա միշտ մտովի ինձ մարտահրավերներ է նետում, ինչն ինձ շատ է դուր գալիս՚: Իսկ դու Լևոն, ի՞նչ ես կարծում, հե՞շտ է քեզ հետ, թե՞...

-Նախ` ասեմ, որ ինձ չեմ համարում աշխարհի ամենախելացի մարդկանցից մեկը: Ես խելացի եմ միայն մի ուղղությամբ: Կարծում եմ` ինձ հետ պետք է որ այդքան էլ դժվար չլինի, պարզապես ինձ համար շատ կարևոր է, որ մարդը, ում հետ ես շփվում եմ, ներքուստ ձգտում ունենա սովորելու, միշտ նոր ու հետաքրքիր որոնումների մեջ լինի:

-Բացի շախմատից` որևէ այլ սպորտաձևով զբաղվո՞ւմ ես:

 -Շատ եմ սիրում ակտիվ սպորտաձևերով զբաղվել` ֆուտբոլ, բասկետբոլ, բայց սիրում եմ, որ մտքի ուժը գերակշռի խաղում:

-Ուրիշ զբաղմո՞ւնք...

-Սիրում եմ կարդալ, երաժշտություն լսել, անընդհատ նոր բաներ սովորել:

-Չիրականացած ցանկություն կամ երազանք ունի՞ Լևոն Արոնյանը:

-Երազանք չէի ասի, սակայն ցանկություն` այո, ունեմ: Շատ կուզենայի, որ շախմատին զուգահեռ` ծնողներս ինձ որևէ այլ սպորտաձևի ուղարկեին ու նաև կուզենայի ինչ-որ երաժշտական գործիքի տիրապետել:

-Իսկ գալիք տարվա հետ կապված ի՞նչ ծրագրեր և նպատակներ ունես:

-Անելիքներ և նպատակներ շատ ունեմ, բայց առաջնային նպատակս առայժմ մեկն է: Մարտին շատ կարևոր մրցաշար ունեմ, կցանկանայի հաղթանակով ավարտել այդ մրցաշարը:

-Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար: Եվ վերջում` քո ամանորյա բարեմաղթանքը:

-Կարծում եմ` ամենամեծ երջանկությունը հարազատին, մտերիմին, առհասարակ մարդկանց համար որևէ լավ բան անելն է: Մենք աշխարհ ենք գալիս մեր մտերիմների կյանքը ինչ-որ բանով դեպի լավը փոխելու առաքելությամբ: Թող որ այս տարի բոլորս կարողանանք լավ բաներ անել մեր մտերիմներին ու հարազատներին ուրախացնելու ու երջանկացնելու համար, նրանց կյանքը դեպի լավը փոխելու համար: Շնորհավոր 2013 թվական:

Հարցազրույցը վարեց Թեհմինա Արզումանյանը

 «Դե Ֆակտո» N79 (2012թ.)

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...