2015-10-16 14:22
Մնացական Մնացականյան` Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
-Պարո՛ն Մնացականյան, Դուք Ձեր ամբողջ կյանքը նվիրել եք էներգետիկայի ոլորտին, այսօր էլ մեծ եռանդով աշխատում եք, փորձում Ձեր գիտելիքներով հարստացնել երիտասարդ կադրերին: Կխնդրեմ համառոտ ներկայացնեք` ինչ ճանապարհ եք անցել, աշխատանքային ինչպիսի կենսագրություն ունեք:
-Իսկապես, ողջ կյանքս անցել է այս համակարգում` շուրջ 39 տարի, որոնք կարծես ակնթարթի պես են անցել, սիրում եմ իմ աշխատանքը և մեծ ցանկություն ունեմ, որ ՀՀ էներգետիկ համակարգը մշտապես հարուստ լինի լավագույն կադրերով, որոնք իրենց մեծ ներդրումը կունենան ոլորտի զարգացման գործում:
Ինչ վերաբերում է իմ անցած ուղուն, ապա նշեմ, որ 1976թ. ավարտել եմ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, որից հետո գործուղղվել եմ աշխատելու «Հայէներգո» ձեռնարկության Արևելյան էլեկտրացանցերում` սկզբում որպես ցանցի կարգավար, ապա ավագ կարգավար, հետո կարգավարական ծառայության պետ, իսկ 1982թ. տեղափոխվել եմ «Հայէներգո»-ի կենտրոնական դիսպետչերական ծառայություն, աշխատել որպես համակարգի կարգավար, հետո` ավագ կարգավար: 1987թ. նշանակվել եմ դիսպետչերական ծառայության պետի տեղակալ` օպերատիվ գծով, իսկ 1991թ. նշանակվել եմ դիսպետչերական ծառայության պետ:
Մինչև 1995թ. ապրիլը զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ` դիսպետչերական վարչության պետ, գլխավոր ճարտարագետի տեղակալ, «Հայէներգո» պետական ձեռնարկության գլխավոր տնօրենի տեղակալ:
1996թ. մայիսից տեղափոխվել եմ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, աշխատել եմ որպես Էլեկտրական ցանցերի շահագործման և իրացման վարչության պետի տեղակալ, վարչության պետ:
1997թ. տեղափոխվել եմ նորաբաց «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, Կենտրոնական մ/ճ աշխատել եմ որպես գլխավոր ինժեներ: 2002թ., երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն մասնավորեցվում էր, առաջարկ ստացա աշխատելու որպես տեխնիկական տնօրեն:
2007թ. հոկտեմբերին ՀՀ էներգետիկայիև բնական պաշարների նախարարի առաջարկությամբ նշանակվեցի «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն և պաշտոնավարում եմ մինչև այսօր:
-Մի փոքր պատմեք ընկերության ստեղծման, գործունեության մասին:
-Ընկերությունը ստեղծվել է 2003 թ.` «Հայէներգո» ՓԲԸ-ի լուծարումից հետո, երբ դիսպետչերական կառավարման գործառույթները վերապահվեց «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ին: Մեր ընկերությունը գործում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիայով, դրույթներով, կանոնակարգերով և մի շարք այլ փաստաթղթերով:
Ընկերությունը կազմակերպում է երկրի էներգետիկ ռեժիմները, կազմում էլեկտրաէներգիայի հզորության հաշվեկշիռները, ինչն էլ հիմք է հանդիսանում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկման համար:
Մեր աշխատանքը շուրջօրյա է: Ունենք կենտրոնական դիսպետչերական կարգավարման կետ, որտեղ դիսպետչերները շուրջօրյա ղեկավարում են էներգահամակարգի ռեժիմները: Իրականացնում ենք նաև համակարգի տնտեսվար ռեժիմների կարգավորումը, որից կախված է էներգետիկ շուկայի անդամների ֆինանսատնտեսական գործունեությունը: Այդ ռեժիմները կարգավորում ենք այնպես, որ երկրի ներսում արտադրվի էժան էլեկտրաէներգիա և սպառվի, որպեսզի կարողանանք պահպանել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագինը: Միաժամանակ` մենք լուծում ենք մինիմիզացիայի խնդիրները, մեր ռեժիմներն այնպես ենք կարգավորում, որ էլեկտրաէներգիայի անխուսափելի տեխնոլոգիական կորուստները ցանցերում հասցնենք նվազագույնի: Իրականացնում ենք նաև տեխնիկական մի շարք այլ միջոցառումներ:
Մեր ՓԲԸ-ի կազմում կա «Էներգակապ» մասնաճյուղը, որն ապահովում է էնեգրոհամակարգի դիսպետչերական կապը բոլոր կարգավարների` արտադրող կայանների և 13 հանգուցային ենթակայանների: Ընկերությունն իրականացնում է նաև էլեկտրաէներգիայի միջպետական փոխհոսքերը մեր հարևան երկրների՝ Վրաստանի և Իրանի հետ: Եթե կան կոմերցիոն պայմանագրեր երկու երկրների միջև, ապա այդ պայմանագրերը համաձայնեցվում են մեզ հետ, որի հիման վրա մենք կազմակերպում ենք էլեկտրաէներգիայի արտահանումը կամ ներկրումը:
Մեր կարգավարներն իրականացնում են նաև համակարգային վթարների վերացումը: Մեր նպատակն է բոլոր սպառողներին անխափան էլեկտրաէներգիա մատակարարելը:
-Զարգացման ի՞նչ կարևոր փուլեր է անցել ընկերությունը:
- ՀՀ կառավարության երաշխավորմամբ, Ճապոնական բանկի կողմից հատկացված վարկավորման շնորհիվ` 2010թ. կարողացանք իրականացնել նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրում ՀՀ էներգոհամակարգում: Խոսքը «SCADA» համակարգի մասին է, որը թույլ է տալիս իրականացնել ինֆորմացիաների հավաքագրում: Ունենք առանձին օպտիկա-մալուխային գծերով կապ, որի շնորհիվ դիսպետչերները միմյանց հետ կապ են հաստատում, տրամադրում կայաններից և ենթակայաններից եկող ինֆորմացիան:
«SCADA» համակարգը միաժամանակ թույլ է տալիս վթարների ժամանակ դիսպետչերներին կատարել հեռակառավարում:
«SCADA» համակարգի ծրագրի առաջին փուլն ընդգրկել է ամբողջ համակարգի ծավալի 60 տոկոսը, իսկ այժմ` Կառավարության հետ բանակցությունների արդյունքում, Ասիական Զարգացման Բանկի ներդրումներով` 2016-2018 թթ. կիրականացվի «SCADA» ծրագրի երկրորդ փուլը, որի միջոցով կլրացվի մնացյալ 40 տոկոսը, և մենք կունենանք լիարժեք տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցած էներգոհամակարգ:
Մեզ համար կարևոր ձեռքբերում է այն, որ մեր օպերատորի աշխատանքի արդյունավետությունը հասցվել է առավելագույնի, ինչը ապահովում է էլեկտրաէներգիայի անխափան մատակարարում, բոլոր տեսակի վթարների օպերատիվ լիկվիդացում, պլանային բոլոր ցուցանիշերի ապահովում, պրոֆիլակտիկ աշխատանքների ժամանակին կատարում:
-2016թ. ի՞նչ ծրագրեր պետք է իրականացվեն:
-Մի շատ կարևոր ծրագիր պետք է իրականցվի, որի մասին պետք է անպայման նշեմ, խոսքը 2016-2019թթ. ընթացքում ժամանակակից պահուստային դիսպետչերական կետի կառուցման մասին է, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից` մոտ 3.5 մլն ԱՄՆ դոլարի չափով: Այս հարցը բարձրացվել է մեր կողմից և ՀՀ կառավարությունը ընդառաջ է գնացել մեր առաջարկին` համապատասխան քայլեր ձեռնարկելով այդ ուղղությամբ: Ժամանակակից պահուստային դիսպետչերական կետ ունենալով` մենք ապահովագրված կլինենք արակարգ իրավիճակների ժամանակ, կարողանալով այդտեղից կառավարել երկրի էներգետիկ համակարգի աշխատանքը:
Ընդհանրապես, ըստ նորմատիվների` ցանկացած էներգոհամակարգ պետք է ունենա պահուստային դիսպետչերական կետ, որպեսզի ինչ-ինչ պատճառներով դիսպետչերական կետի խափանման ժամանակ համակարգը կառավարելի լինի:
Կարևոր ծրագրեր են նաև իրանական «Սանիր» ընկերության կողմից կառուցվող երկշղթա, 400 կիլովոլտ լարման Իրան-Հայաստան օդային գիծը և գերմանական KFW բանկի կողմից ֆինանսավորված Հայաստան-Վրաստան 400-500 կիլովոլտ լարման կապող գծերը իրենց ենթակայանով: Դրանց կառուցման դեպքում մենք կունենանք ավելի հզոր կապեր և մենք կդարնանք տրանզիտային երկիր, մտնել շուկա, հարևան երկրների հետ ձևավորել շուկայական հարաբերություններ:
-Քանի՞ աշխատակից ունի «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ –ն:
-Ընկերությունն ունի 210 աշխատակից: Նրանցից մոտ 97-ն աշխատում են մեր կենտրոնական ապարատում, 113-ը՝ «Էներգոկապ» մասնաճյուղում: Միաժամանակ Հայաստանի մարզերում ունենք մեր անկախ կապի տեղամասերը, որոնք տեղավորված են հիմնականում «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության տարածքներում և սպասարկում են տեղական էներգոօբյեկտների կապերը:
-ՀՀ էլեկտրաէներգիայի պաշարներն արդյո՞ք բավարարում են ներքին սպառման պահանջները և հետաքրքիր է` արտահանման ի՞նչ պայմանագրեր ունեք:
-Նախ նշեմ, որ ներկայումս աշխատող կայանները բավարարում են ներքին սպառման բոլոր պահանջարկները: Կարող եմ ասել, որ անգամ էլեկտրաէներգիայի ավելցուկ ունենք, որն արտահանում ենք Իրան և Վրաստան. Իրանի հետ կատավում է փոխանակում` էլեկտրաէներգիայի դիմաց (տարեկան 1.1 մլրդ կՎտ/ժ)` գազ, իսկ Վրաստանին վաճառում ենք:
Միաժամանակ Հրազդանի ՋԷԿ-ում և Հրազդանի N5 բլոկում ունենք մոտ 1250 մեգավատ հզորության պահուստային պաշարներ, որպեսզի պահանջարկի դեպքում կարողանանք դրանք թողարկել:
-Ի՞նչ հեռանկար եք տեսնում ՀՀ-ում այլընտրանքային էլեկրտաէներգիայի արտադրության վերաբերյալ:
-Հայաստանի էներգետիկ ռեսուրսները սուղ են, բացի հիդրոռեսուրսներից` մենք ուրիշ ռեսուրս չունենք, որը մեր պահանջարկի 30 տոկոսն է ապահովում: Մյուսը ատոմակայանն է, որը բավարարում է պահանջարկի մոտ 40 տոկոսը, իսկ մնացած 30-35 տոկոսն էլ լրացվում է ջերմակայաններում` օգտագործելով գազ, որ մենք չունենք: Հետևաբար, ինչպես աշխարհի ցանկացած երկիր, մեր երկիրը նույնպես ցանկություն ունի այլընտրանքային էներգիայի աղբյուրների միջոցով ստանալ էլեկտրաէներգիա` օգտագործելով արևի, քամու, երկրի ջերմային էներգիան: Աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ, կան պիլոտային ծրագրեր, հողմային կայաններ, արևային դեռ չկան, բայց անհատական ծրագրերով, դրամաշնորհների հաշվին` արևի էներգիան նույնպես օգտագործվում է:
-Հետաքրքիր է` ՀՀ էներգետիկ ոլորտը որակյալ կադրերի պակասի խնդիր ունի՞:
-Դեռևս խորհրդային տարիներից Հայաստանը ունեցել է լավագույն մասնագետներով հագեցած էներգոհամակարգ: Այսօր կարող եմ ասել, որ ունենք բարձրավոլտ գծերի մասնագետների, ռլեական պաշտպանության ավտոմատիկայի ճարտարագետների խնդիր:
Նոր կադրերի պատրաստման խնդիրներ ունենք: Մեր կրթօջախները ավելի շատ տաիս են տեսական գիտելիքներ, այնինչ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել գործնական գիտելիքներին: Բուհի շրջանավարտը պետք է կարողանա միանգամից անցնել աշխատանքի և կարողանալ աշխատել: Այդ ուղղությամբ ճարտարագիտական համալսարանի հետ աշխատանքներ ենք տանում:
Ինքս արդեն 10 տարուց ավել է՝ Երևանի ճարտարագիտական պետական համալսարանում պետական դիպլոմային պաշտպանության հանձնաժողովի նախագահ եմ: Դիպլոմային պաշտպանության ժամանակ բազմիցս դեպքեր են գրանցվել, երբ լավագույն ուսանողներին հրավիրել եմ աշխատել մեր ընկերությունում:
-Աշխատանքային ի՞նչ սկզբունքներ ունեք:
-Ինձ համար առաջնային կարևորություն ունի անխափան և անվթար աշխատանքը, որպեսզի մեր մեղքով որևէ վթար չլինի և կարողանանք որակյալ ծառայություն մատուցել սպառողներին: Այդ գաղափարը նաև իմ աշխատանքային կոլեկտիվի գաղափարն է, որին ծառայում ենք բոլորս:
Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի
Վերադառնալ