2015-09-16 16:40
«Դե Ֆակտո» N111 (2015թ.)
Երբ աշխատանքը կատարվում է ոլորտի գիտակի կողմից, ձեռագիրը տարբերվում է և նկատելի են դառնում առավելությունները։ “Երևան” ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Մերուժան Ասատրյանը շուրջ 32 տարի աշխատում է ջրային համակարգերի կառավարման ոլորտում և փորձում իր անձնվեր աշխատանքով նպաստել ՀՀ-ում կանաչապատ տարածքների պահպանմանն ու ավելացմանը։
-Պարո՛ն Ասատրյան, Դուք բազմամյա փորձ ունեք այս ոլորտում, ոլորտի գիտակ եք, ինչն էլ արժանացավ բարձր գնահատականի Երևանի քաղաքապետի կողմից. Երևան քաղաքի 2796-րդ տարեդարձի առթիվ Երևան քաղաքին բացառիկ ծառայություններ մատուցելու և նրա բարօրությանն ուղղված երկարամյա ու արդյունավետ գործունեության համար պարգևատրվեցիք Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։ Կպատմե՞ք` ինչ ճանապարհ եք անցել։
-1983թ., ավարտելով Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը ստանալով ինժեներ-հիդրոտեխնիկի որակավորում, աշխատանքի եմ նշանակվել Շահումյանի շրջանի ոռոգման համակարգերի վարչությունում, այնուհետև աշխատել եմ որպես Արտաշատի ջրանցքի տեղամասի պետ։ 1996թ. նշանակվել եմ Երևանի ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկության տնօրեն, իսկ 2004թ. “Երևան” ՋՕԸ գործադիր տնօրենն եմ։
Փաստորեն շուրջ 32 տարի աշխատում եմ այս ոլորտում, իսկ Երևանի քաղաքապետի պարգևատրումն ինձ համար կարևոր գնահատական է, ինչի համար շնորհակալ եմ և հպարտ։
-Կխնդրեմ ներկայացնեք “Երևան” ՋՕԸ-ի գործունեության աշխարհագրությունը։
-”Երևան” ՋՕԸ-ն ոռոգման ջուր է մատակարարում Երևան քաղաքի տասը վարչական շրջաններին և Արարատի մարզի Բարձրաշեն համայնքին։ Մենք սպասարկում ենք 6450 ջրօգտագործողների, որոնց կողմից մշակվում է 3075 հա հողատարածք, նրանց թվում են իրավաբանական (930 հա) և ֆիզիկական (2145 հա) անձինք։ Ընկերության կողմից շահագործվում են 54 կմ միջտնտեսային ջրանցքներ և 415 կմ երկարությամբ ներտնտեսային ոռոգման ցանցեր, ինչպես նաև 10 պոմպակայաններ և 5 խորքային հորեր։
-Որտեղի՞ց են կուտակվում “Երևան” ՋՕԸ-ի ջրային պաշարները և որքա՞ն ջուր է մատակարարվել մինչև այսօր։
-Մենք հիմնականում օգտվում ենք “Սևան-Հրազդանյան-ջրառ” ՓԲԸ-ից, Ստորին Հրազդանի, Արտաշատի, Նորքի, Նորագավիթի, Հին-Դալմայի ջրանցքներից, Երքաղխորհրդի դյուկերից, Արաբկիրի ջրատարից, ինչպես նաև Ազատի 2-րդ և Ազատի 3-րդ աստիճանի պոմպակայաններից։
Օգոստոսի 1-ի դրությամբ ջրօգտագործողներին մատակարարվել է 4.48 մլն խմ, որի հասույթը կազմել է 49 մլն դրամ։ Մատակարարված ջրի դիմաց առայսօր գանձել ենք 28.53 մլն դրամ։
Նախորդ տարի պետության կողմից ստացել ենք սուբսիդավորում, որը կազմել է 62 մլն դրամ, որով վճարել ենք էլեկտրաէներգիայի և ջրառի պարտքերը։
-Երևան քաղաքն այսօր հարուստ է կանաչապատ տարածքներով, որոնք գնալով ավելանում են։ Ձեր ներդրումը Երևանի կանաչ գոտիների աճի մեջ նույնպես կա` ոչ մի խոտածածկ տարածք չի չորանում, այլ ժամանակին ջրվում է։ Դժվար չէ՞ աշխատել Երևանի քաղաքապետարանի և մնացած բաժանորդների հետ, ինչպիսի՞ն են Ձեր փոխհարաբերությունները։
-Այո՛, ի պատիվ Երևանի քաղաքապետի` այսօր մեր մայրաքաղաք Երևանը հարուստ է կանաչ գոտիներով, անընդհատ գեղեցկանում և փթթում է, ինչն ուրախալի է և գովելի։ Երևանի քաղաքապետարանը բավականին պահանջկոտ է վերաբերում մեր աշխատանքին, սակայն մենք դրանից միայն ուրախ ենք, քանի որ մենք էլ ենք ձգտում առավելագույնս լավ աշխատել, իսկ իրենք գնահատում են դա։
Մեր փոխհարաբերությունները բաժանորդների հետ բարձր հիմքերի վրա է դրված, աշխատում ենք քաղաքակիրթ շփման պայմաններում, մեր կողմից նրանց նկատմամբ մշտապես դրսևորվում է փոխըմբռնված գործնական հարաբերություններ ձևավորված երկար տարիների ընթացքում, եթե փոքր-ինչ ուշացնում են վճարումները, ապա գտնում ենք փոխշահավետ լուծումներ և ամեն ինչ անում ենք համատեղ արդյունավետ աշխատանքի համար։
-Որպես ոլորտի գիտակ` ինչպե՞ս կգնահատեք ոռոգման համակարգի, մասնավորապես` ներտնտեսային ցանցերի վիճակը, ջրի կորուստների քանակը։
-Ներտնտեսային ցանցերը հիմնականում կառուցվել են Խորհրդային Միության տարիներին և այսօր դրանք հիմնականում քայքայված են, ինչն էլ պատճառ է հանդիսանում ջրի կորուստների մեծացմանը։ Ցանկալի կլիներ ներտնտեսային ցանցերն ամբողջովին նորոգվեին, կարծում եմ` մոտ ապագայում այդ խնդիրներին կտրվի համակարգային և ծրագրային լուծումներ, իսկ այսօր աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։
Նախորդ տարի պետբյուջեի ֆինանսավորմամբ (13.2 մլն դրամ) կառուցվել է մոտ 1395 գծ.մ ներտնտեսային ոռոգման ցանց. Մալաթիա-Սեբաստիայում` 425 գծ.մ, Հաղթանակում` 350 գծ.մ, Ջրաշենում` 620 գծ.մ։
-Կաթիլային եղանակով ոռոգման եղանակն այսօր որքանո՞վ է կիրառվում ՀՀ-ում։
-Մենք 2006թ. ոռոգման համակարգերի ծրագրով եղանք Պորտուգալիայում, Իսպանիայում, որտեղ կիրառվում էր հիմնականում ոռոգման կաթիլային եղանակը, որը շատ արդյունավետ է և խնայող։ Մենք ինքներս տեսանք և համոզվեցինք դրանում։ Ցանկալի կլիներ, եթե Հայաստանում նույնպես անցում կատարվեր այդ եղանակի կիրառմանը, թեև պետք է նշեմ, որ այսօր այդ եղանակով ոռոգելի տարածքներ շատ կան ՀՀ-ում, բայց դրանք ընդհանուրի փոքր մասն են կազմում։
-Ջրագողության դեպքեր լինո՞ւմ են, որքանո՞վ են կանխվում դրանք ջրաչափերի ներդրումից հետո։
-Ջրագողության դեպքերը նվազել են, շատ քիչ են այսօր մարդիկ դիմում նման քայլերի, մենք էլ հետևողական ենք մեր աշխատանքներում և միանգամից բացահայտում ենք նման փորձերը։
Ջրաչափերի կիրառումը մեծ խնդիր է լուծել թե՛ մեր, թե՛ ջրօգտագործողների համար, հարթվել են բոլոր տարաձայնությունները կապված մատակարարված ջրի ծավալի հետ, որը մինչև ջրաչափերի տեղադրումը մշտապես տարաձայնությունների պատճառ էր հանդիսանում։ Մենք արձանագրում ենք ջրաչափի տվյալները, իսկ ջրօգտագործողն անընդհատ տեղեկացված է լինում իր ծախսած ջրի ծավալի վերաբերյալ։
Մենք ձեռք ենք բերել “Взлет” ֆիրմայի ուլտրաձայնային հոսքաչափեր, որոնցով հնարավոր է չափել փակ խողովակաշարերով մատակարարվող ջրի ծախսը և ֆիքսվում է մատակարարվող ոռոգման ջրի ծավալը։ Վերջերս մենք ստացիոնար ջրաչափեր տեղադրեցինք Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում, ինչպես նաև Ազատի 2-րդ աստիճանի պոմպակայանի մղման խողովակաշարի վրա ստացիոնար տեղադրվել է ուլտրաձայնային հոսքաչափ, որը հնարավորություն է տալիս առցանց եղանակով հետևել և վերահսկել մատակարարվող ջրի ծախսը և ծավալը։ Բաց հուների դեպքում ջրաչափությունը կատարվում է շարժական ջրաչափերի միջոցով։
-Ի՞նչ հանգամանքներ են խոչընդոտում “Երևան”ՋՕԸ-ի բնականոն աշխատանքներին։
-Առաջինը, խնդրահարուց է ազգաբնակչության կողմից ոռոգման ցանցերը կենցաղային աղբով լցնելու փաստը, որն ընկերությունից լրացուցիչ, չնախատեսված էական ծախսեր է պահանջում մաքրման և առաջացած խցանումները վերացնելու համար։ Այդ խնդրի վերացման համար, իմ կարծիքով, նպատակահարմար է ԶԼՄ-ներով ներկայացնել կենցաղային աղբով խցանված ջրագծերը։ Երկրորդը, շենքային պայմանների բացակայությունը, քանի որ ներկայումս մենք գործունեություն ենք իրականացնում վարձակալած տարածքում։ Երևանի քաղաքապետի
15.06.2009թ. N 6155-Ա որոշմամբ “Երևան”ՋՕԸ-ի համար վաչական շենք կառուցելու նպատակով Արցախի փողոցին հարող տարածքում 1800 քմ մակերոսով հող է հատկացվել։ Արդեն իսկ առկա է շենքի նախագիծը։ Սեփական շենքային պայմանները կնպաստեն ընկերության բնականոն գործունեությանը։
-Ապագա ի՞նչ ծրագրեր ունեք։
-Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում պետք է վերանորոգվի 1500 գծ.մ ջրագիծ, Շենգավիթում` 300 գծ.մ։ Սպասում ենք ծրագրի հաստատմանը։
Ծրագիր կա, ըստ որի` Նոր Դալմայի ջրանցքից պետք է իրականացվի 1.3 կմ ջրագծի կառուցում, ինչի արդյունքում ցեղասպանության թանգարանի հողատարածքների մոտ 40 տոկոսի ոռոգումը մեխանիկականից կանցնի ինքնահոս եղանակի։
Շատ լավ կլինի, եթե վերակառուցվեր Նորքի ջրանցքը` 8.5 կմ երկարությամբ, այդ դեպքում ինքնահոս եղանակով ջրվող հողատարածքները կավելանային, իսկ մեխանիկական եղանակի կիրառումը կհասցվեր նվազագույնի, հետևաբար նաև կնվազի էլեկտրաէներգիայի և սպասարկման ծախսերը։
Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի
Վերադառնալ